Բաքվում ավարտվել է հայ գերիների դատաքննությունը․ դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով

04.11.2025 15:03
551

Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ ավարտվել է դատաքննությունը, տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ճառով են հանդես եկել մեղադրող դատախազները։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նշել է․ «Հարցաքննվել են մեղադրյալները, տուժողները և վկաները։ Դատական ​​նիստերի ընթացքում համակարգված կերպով ուսումնասիրվել են նախաքննության ընթացքում հավաքված ապացույցները, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված ապացույցները։ Որպես մեղադրանքի կողմ՝ մենք կարծում ենք, որ ներկայացված ապացույցների հիման վրա հաստատվել է ներկայիս գործով մեղադրյալների մեղքը 1988 թվականից ի վեր կատարված բազմաթիվ հանցագործությունների համար»։

Նշվել է, որ դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները կվերանայվեն։ Հայ գերիները մեղադրվում են 1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը, իբրև թե, «հայկական պետության և նրա ստեղծած հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցության մեջ»։ Մեղադրանքը բաժանված է 15 գլուխների, մեղադրական եզրակացությունը բաղկացած է վեց մասից։

Հիշատակվել են հայ քաղաքական-հասարակական գործիչների անուններ՝ Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի, Իգոր Մուրադյանի, Վազգեն Մանուկյանի, Արկադի Մանուչարովի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մելիք-Շահնազարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վիտալի Բալասանյանի, Արկադի Կարապետյանի, Գեորգի Պետրոսյանի և ուրիշների։ Նշվել է, թե իբր նրանք միավորվել են «հանցավոր կազմակերպության մեջ, որը հիմնված է եղել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ազգային-էթնիկական ատելության և թշնամանքի գաղափարների վրա, որը նրանք անվանել են «Միացում»»:

Դատախազները մեղադրել են Հայաստանին՝ համարելով ագրեսոր և մեղադրելով Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Նշվել է, թե իբր 1988-1994 թվականներին «օկուպացվել է Ադրբեջանի 12 քաղաք, 18 ավան և 895 գյուղ՝ ընդհանուր առմամբ 925 բնակավայր»։

Ընդգծվել է, որ չնայած Բաքվի դատարանում հայտնված հայ գերիները ներկայացվում են որպես հերոսներ, իրականում, իբրև թե, նրանք «միջազգային իրավունքի տեսանկյունից  անհատներ են, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09