ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

10.06.2013 15:13
2791

«Կրթությունն ամեն ինչ է, անգրագիտությունը մեծագույն չարիք է»

Մովսես Խորենացի

Պարզ է` Խորենացին «գրագետ» բառը չի ըմբռնել տառացիորեն` գրաճանաչության իմացության առումով: Խոսքը, այսօրվա արտահայտությամբ, արհեստավարժության,  հմուտ եւ կատարյալ մասնագիտացման, պրոֆեսիոնալիզմի մասին է: Պատմահայրը թվարկում է հայ իրականության բոլոր վճռորոշ բնագավառները եւ ողբում, երբ հայորդիները դավաճանում են իրենց կոչմանը` նախարարը, հոգեւորականը, զինվորականը, դատավորը, ուսուցիչը, սովորողը…
Վիլյամ Սարոյանը մեր ժամանակներում Չարենցին, Հր.Մաթեւոսյանին «մեծ գրագետ» էր համարում` շնորհաշատությունը, գրողական լայնածավալ օժտվածությունը գնահատելու համար:  «Ան մեծ գրագետ մըն է», – ասել է Մաթեւոսյանի մասին «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը դիտելուց հետո:

Անշուշտ, ես Խորենացի, Չարենց, Սարոյան եւ Մաթեւոսյան չեմ, բայց քաջ գիտեմ արդի Հայաստանի կրթության համապարփակ դաշտը`  նախակրթարանից մինչեւ բուհական ուսուցում, քանի որ տասնամյակներ դասավանդել եմ միջնակարգ եւ ավագ դպրոցներում, բուհի նախապատրաստական ֆակուլտետում, իսկ վերջին տասնամյակում Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում մանկավարժական կադրեր եմ պատրաստում նախակրթարանի եւ կրտսեր դպրոցի համար:

Դարերով մեր ազգային  կերտվածքի առանձնահատկություններից են բարեկրթությունը, բազմակողմանի զարգացման բաղձանքը, կրթությունն ուժ եւ հենակետ ընդունելը: Այսօր բարձրակիրթ մտավորականության` համաժողովրդական սեր եւ հարգանք վայելող մեծ սերուցք չունենք, փոխարինող արժանավոր երիտասարդ մասնագետների հզոր բանակ էլ չենք տեսնում  հրապարակում: Առհասարակ մտավորականներն ազգային արժանապատվության կրողներն են եւ մշակույթի ձեւավորողները, ինչպես նաեւ` փոխանցողները: Մերօրյա Հայաստանում մտավորականի կերպարն ինչ-որ տեղ նսեմացված է, երբ հենց մտավորականությունն է կոչված ձեւավորելու արժեքային համակարգ` հայրենասիրություն, մարդասիրություն, օրենքի հավասարություն:
Միշտ էլ կյանքում հերոսանալու տեղ կա, Այվազովսկու, Սարոյանի, Ազնավուրի պես հայ եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ բացահայտվելու, հանճարեղության էտալոն դառնալու հնարավորություն կա: Հայությունը շիրազանալու, անդրանիկվելու, Նժդեհի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Գոհար Գասպարյանի, Արմեն Ջիգարխանյանի եւ այլ փառապանծ զավակների անհրաժեշտությունն ու պահանջներն ունի բոլոր ոլորտներում:

Հայկական կենսափիլիսոփայության, մտահայեցողության լույսը կրող հանճարների արթնացումն ու բռնկումը դանդաղում են, ինչո՞ւ պետք է մեր տիգրաններին, մաշտոցներին, նարեկացիներին միայն հեռավոր անցյալներում որոնենք:

Երկրի վաղվա դեմքը որոշում են կրթօջախն ու կրթողը, կարեւոր չեն ուսումնառության մեթոդները` մոդուլային, կրեդիտային, հեռակառավարման-համակարգչային…
Անկախության, ազատության ինքնորոշումը  կրթության կապիտալի մեր պոտենցիալի հարուստ  հնարավորությունները ճիշտ հայտնաբերելու, ձեւավորելու, տեղաբաշխելու, կիրառելու լայն հեռանկարներ է բացել հայության համար: Բայց մենք ճի՞շտ ենք օգտագործում մեզ ընձեռված առկա շանսերը: Մեր գործընթացում գիտելիքների հաղորդման եւ ուսումնառության մակերեսայնությունն անթույլատրելի է:

Եթե սերունդը խորագետ չէ, նպատակասլաց, վտանգվում է ազգի ապագան` հասցնելով ոգու սովի,  երկնային ամենակուլ սեւ խոռոչների նման աղետների, կաթվածահար լինելու վտանգներ պարունակում իր մեջ: Հայեցի կրթության ակունքները թափոններից ազատել է պետք, վարար ու զուլալ հոսքային աճը խնամքով հասունացնելու կարիք կա, կրթության եւ մտավորականության վարկանիշը բարձրացնել է պետք: Կրթությունն ամեն ինչ է` պետական քաղաքականության եւ ազգապահպանության համատեղելիության ճիշտ եւ անսխալ ուղղորդման առկայության դեպքում, երբ կրթության պահանջմունքը չի ձեւախեղվում, երբ հանրությունը նոր լծակներ պահանջելով դառնում է խիստ պահանջկոտ:

Անկրթությունը հասցնում է ստրկահաճոյության, անդիմության, անհեթեթ , խավարամիտ կենսակերպության, մոլորուն, անկայուն, անհիմն հայեցակետերի, անուժ եւ անհորիզոն գոյատեւության, անարեգակ եւ կենարար անձրեւ չերկնող գորշ թխպամածության ու տխմար, բայց դաժան ու վրիժառու խոժոռության, տատասկոտ ստերջության եւ անպտղության, զեխության, փորի եւ փողի ծառան ու ստրուկը դարձած խամաճիկների առկայության:

Եթե վարորդն ու բժիշկն արհեստավարժ չեն, գերեզմանների ճամփաներն են մարդաշատ դարձնում: Վատ` ծախու իրավաբանն արդարության դռներն է փակում մասսաների առաջ եւ խոտոր ուղիներ բացում անիրավության քողարկման համար: Անճաշակ վարսահարդարն ու դիմահարդարը տգեղացնում եւ հմայքից կորցնում են մարդկային մտքի էպիկենտրոն գլուխն ու դեմքը: Անսեր, անմիաբան, տգետ ընտանիքը հասարակության առողջ բեղմնավորումը կասեցնող մահացած բջիջ է: Մանր մտավորականները  «մեծապատիվ մուրացկաններ» են` անղեկ, անկառավար, մարդկային նեղ գործելակերպի գորշ եւ անազդու ուրվականներ: Անսկզբունք, գաղափարազուրկ, ապիկար, քծնող, շողոքորթող խղճուկ հա՛յ քաղաքացին կործանման, ուծացման եզրին է կանգնած` անդունդի պռնկին` վաղվա օրվա ահասարսուռ վախով, անշեղ դեգրադացիայի ցուրտ քրտինքով պատված:

Բերեմ միայն մի փաստ: Ծնողն իր զավակի բուհական կրթության համար տարեկան միջին հաշվով վճարում է մոտ 500 հազար դրամ (չհաշված սոցիալական մյուս ծախսերը եւս), բայց նույն զավակը լիակատար կրթության ավարտից հետո ընտրած մասնագիտությամբ աշխատելիս նվազագույն աշխատավարձի չափորոշիչներով տարեկան վաստակում է 400 հազար դրամ: Մի՞թե բանական է սա, մի՞թե կեցությունը չի որոշում գիտակցությունը: Մի՞թե իրեն հարգող երիտասարդ մասնագետը  չի բռնելու արտերկրի ճանապարհը` բարձր վարձատրվելու ակնկալությամբ: Կամ լքում է իր սիրած մասնագիտությունն անվերադարձ եւ նախընտրում շահութաբեր գործարարությունը: Որոշներն էլ, ինչպես ցուցամոլ մոդայամոլները, ովքեր ականջների բլթակներին եւ այլուր կրում են բազում օղեր կամ մարմնի տարբեր մասերին խարանում կամ դաջում են խայտանկարներ, գերադասում են մի քանի դիպլոմ ունենալ, անվերջ ուսանողի կարգավիճակում լինել, գուցե պե՞տք կգա հայկական աշխատանքային շուկայում:
Կրթությունը ձեւ չէ, մոդա չէ: Կրթությունն արմատ է, ոգի եւ էություն:

Մտավորականը կարկամած է, բանվորը` դառնացած, գյուղացին` անօգ եւ արհամարհված: Դրանից էլ բարին օրավուր պակասում է մեզանում, մարդասիրությունը վերածվում է անցյալ դարերի բարոյական  ժառանգության: Չարի դեմ մարտնչելը տարօրինակ վայրիվերում է որակվում: Ազատասերը, ազնիվը կրողը տպավորվում են ուղեմոլոր նավակ` գիշերային ալեկոծ մղձավանջում:
Հրատապորեն պետք է ի մի բերենք մեր ներքին, առաքինի կրթության ներուժը` հանուն արժանապատիվ  ապրելակերպի, հզոր ապագայի տեսլականի:  Եսակենտրոնությունը պետք է խարազանվի համընդհանուրին նվիրվածությունն առաջատար ընդունվելու նախապայմանով: Ոչ մի պահ չպետք է մոռանալ Դանիել Վարուժանի կտակը. «Հայ մարդը ձեռքից ցած չպետք է դնի բահը, զենքը, գրիչը»: Անտարբերությունը չպետք է մուտք գործի կրթօջախները, աշակերտը եւ ուսանողը չպետք է հեռանան արարումից, սեփական եսը եւ ճակատագիրը կոփելուց ու կռելուց, նրանց պետք է գրավեն մտքի բոցավառումները եւ հրաբխումները: Ուսումնառությունը պետք  է ենթադրի գիտելիքի ծովացում, արթնացնի հայտնաբերման եւ ճանաչման վայելք, դառնա հոգեկան ամբողջացման երաշխիք, տիրակալություն:

Միշտ էլ առաջնորդող է հնագույն այս ասացվածքը. «Երեխայի ուղեղը ոչ թե անոթ է, որ պետք է խցկել, այլ ջահ է, որ պետք է բոցավառել»:

Այսօր մտքի այս բոցավառման, փայլատակման կարիքն ունի մեր ողջ հանրապետությունը, իսկ դրա համար համընդհանուր, ազգովին համալիր մոտեցման պահանջմունք պետք է աճեցնել բոլոր շրջահայաց , խոհեմ եւ կենսունակ արժեւորողներին համախմբելով` գերատեսչություն, կրթող, կրթվող, ծնող: Ծրագիր, դասագիրք, մեթոդական գրականություն պետք է թարմացվեն, արդիական շնչով կահավորած կրթօջախները, առաջավոր, արդյունավետ փորձի ներդրումը, որակավորման բարձրացմանը նպաստող դասընթացները, չմոռանանք նաեւ ուսուցանողի արժանապատիվ աշխատավարձը, ատեստավորումը իսկապես կստեղծեն աշակերտակենտրոն եւ ուսանողակենտրոն ուսումնական հաստատություններ: Այս դեպքում միայն կարող ենք սովորել սովորեցնել եւ հավատալ, որ մեր ապագան վստահելի ձեռքերում է, իսկ Հայաստանը` գիտության, տնտեսության եւ արվեստի զարգացած երկիր, որ նպատակաուղղված իրագործում է բարգավաճման, օրինապահության երկրի անշեղ առաջընթացը:

Կախյալ քաղաքացին պետք է դառնա ինքնավստահ ձեռներեց, ամեն ինչ` կացությունը եւ կեցությունը, իր մտքով եւ ձեռքով նախաձեռնող, հպարտանա եւ ոգեշնչվի իր եւ երկրի ձեռքբերումներով:  Անշուշտ, կայունացնել է պետք  համազգային ազատ տնտեսությունը, վերացնել արտագաղթը, բոլոր գյուղերը դարձնել դպրության եւ զարգացած տնտեսության կենտրոններ, որպեսզի նաեւ սփյուռքահայության համատարած ներգաղթ գրանցվի դեպի բարեշեն ու ծաղկուն մայր հայրենիքը: Ժամանակին Միքայել Նալբանդյանը զգուշացրել է. «Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա եւ չի կարող լինել լուսավորություն»:

Իսկ Վիլյամ Սարոյանը հայերին եւ Հայաստանին ուղղել է այս պատվիրանները.
«Մա՛հ, մի՛ գնա դեպի իմ երկիրը:
Շատ ցավ մի՛ պատճառեք ծնողներին:
Երեխաներին մի՛ հեռացրեք ընտանիքից»:

Կրթությունն ամեն ինչ է: Նարեկացին էր գովաբանում անձանձիր կրթությունը. «Միշտ ուսանիմ եւ երբեք ի ճշմարտություն գիտության ոչ հասանիմ»:

Ազգային անաղարտ դիմանկարի բյուրեղացած գծերը պահպանենք եւ ընդգծենք այսօր, ինչո՞ւ պետք է արտակարգ լարման գերագույն պահի հիշենք այդ մասին: Մասիսացած իդեալների  ի կատար ածման պահն հենց այսօր է:  Բարոյական է հայրենիքին սիրահարված եւ հայրենիքում սիրով ապրելը եւ սիրուն սիրահարված լինելը:

«Սերը գոյության հանճարն է միակ»: Սերը հասցնում է ուղղափառության եւ փակում չարափառության մուտքը:

Կրթությունն ամեն ինչ է` արեւոտ կապույտ երկինք, քարաժայռոտ հիմքով տուն եւ բերդապարիսպ, սերնդաշար առողջ գոյավիճակ, դեպի կայծկլտուն հրավառությամբ վերելք ու հաղթանակ: Ոչ ոքի իրավունք չի տրված մյուսին բարձրից նայելու, իսկ եթե ստիպված ես նայելու, ապա միայն օգնելու` բարձրանալ: Կրթությունն օգնում է, որ մեր հայրենիքը դառնա բարյացակամության եւ բարօրության երկիր: Հայկազուններին ուզում եմ տեսնել քաղցր աչքերի հանդարտությամբ, զվարթ շրթունքների ժպիտով, բեղմնավոր մտքով եւ կենսագործունեությամբ, բարի հիշատակների պահպանությամբ եւ մեծարմամբ:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25