Բաց դռների օր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում

18.04.2016 17:34
2186

Ապրիլի 15-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում Կապանի, Քաջարանի, Մեղրու եւ Ագարակի դպրոցների 2015-16 ուստարվա շրջանավարտների համար կազմակերպվել էր բաց դռների օր, որի ընթացքում ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնաճյուղի մասնագիտությունների ցանկին, պրոֆեսորադասախոսական կազմին, նյութատեխնիկական բազային եւ շենքային պայմաններին:

Ողջունելով ներկաներին՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը նշեց, որ, բացի վերոնշյալ դպրոցներ այցելելուց, ավանդական է դարձել նաեւ մասնաճյուղում բաց դռների օր կազմակերպելը: Այն հնարավորություն է տալիս ապագա դիմորդներին տեղում ծանոթանալ բուհի պայմաններին, համապատասխան մասնագետներից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Մասնագիտական կրթություն ստանալու համար մասնաճյուղը բոլոր հնարավոր պայմանները ստեղծել է: Մեր շրջանավարտն այստեղից դուրս է գալիս հարուստ գիտելիքներով եւ համապատասխան պրակտիկա անցնելով ու ստանում ճարտարագետի որակավորում», - նշեց Լեռնիկ Պետրոսյանը եւ հավելեց, որ նախատեսվում է երկու տարվա ընթացքում մասնաճյուղում նույնպես մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորություններ ստեղծել:      

Մասնաճյուղը 2016-17 ուստարվա ընդունելություն է հայտարարել հետեւյալ մասնագիտությունների գծով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ (առկա եւ հեռակա), Տնտեսագիտություն (առկա եւ հեռակա), Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում (առկա եւ հեռակա), Մետալուրգիա (առկա եւ հեռակա), Շինարարություն (հեռակա):

Շրջայցը սկսվեց հեռահար ուսուցման լսարանից, որ հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ հնարավորություն է ընձեռում լսել ոչ միայն տարածաշրջանի առաջատար, այլեւ արտերկրյա համալսարանների մասնագետների դասախոսությունները: Աշակերտները ծանոթացան ֆիզիկայի, քիմիայի, նյութագիտության եւ մետալուրգիայի, ընդերքաբանության ու շինարարության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների Մոբայլ լուծումների եւ տարածաշրջանի դպրոցականների համար ինժեներական լաբորատորիաներին: Ի դեպ, Մոբայլ լուծումների լաբորատորիայից կարող են օգտվել նաեւ դպրոցականները եւ առհասարակ այն անձինք, ովքեր ցանկանում են համակարգչային գիտելիքներ ձեռք բերել:

Ապագա դիմորդներին ոչ միայն մասնաճյուղի դեկանները, այլեւ համապատասխան ամբիոնների դասախոսները ծանոթացնում էին լսարանների կառուցվածքին, մասնագիտությունների առանձնահատկություններին ու դրանց հեռանկարային զարգացումներին:

Մասնավորապես 19 տարվա գոծունեության ընթացքում Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում մասնագիտությամբ մասնաճյուղը տվել է ավելի քան 450 ընդերքաբան, որոնց մի մասն արդեն զբաղեցնում է ղեկավար պաշտոններ մարզի այդ ճյուղի ձեռնարկություններում: Մարզում լեռնային հանքարդյունաբերության ձեռնարկությունները հնարավորություն են տալիս այս մասնագիտությամբ սովորելու ընթացքում տեսական գիտելիքներն ամրապնդել այդ ձեռնակություններում կազմակերպված պրակտիկաների, գործնական եւ լաբորատոր աշխատանքների կատարման շնորհիվ:

Մետալուրգիա մասնագիտությամբ սովորելու դեպքում շրջանավարտը հնարավորություն ունի իր գիտելիքները ներդնել մետալուրգիական արդյունաբերության ոլորտում, որ ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից է:

Շուկայական տնտեսության պայմաններում չափազանց կարեւոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը, ուստի մասնաճյուղում գործող Տնտեսագիտություն մասնագիտության շրջանավարտը պատկերացում է կազմում տնտեսագիտության տեսական դրույթների, տնտեսական համակարգերի, ազատ շուկայական հարաբերություններում պետության եւ տնտեսվարող սուբյեկտների փոխհարաբերությունների եւ գործառույթների մասին: Շրջավարտները կարող են դառնալ լեռնային եւ մետալուրգիական ձեռնարկությունների ճարտարագետ-տնտեսագետներ, առեւտրային կազմակերպությունների հաջողակ հիմնադիր ու բաժնետեր, հմուտ գործադիր տնօրեն ու մասնագետ, տնտեսական ոլորտի հետ առնչվող պետական գերատեսչությունների (նախարարությունների, մարզպետարանների, հարկային, մաքսային եւ այլ մարմինների) աշխատակից, բիզնեսին աջակցող ոչ առեւտրային կազմակերպությունների փորձագետ:

Մեր հանրապետության զարգացման ամենաարդիական ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որ ունի զարգացման հեռանկար: Այդ իսկ պատճառով մասնաճյուղի Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտություն ընտրելու դեպքում շրջանավարտները հնարավորություն կունենան ձեռք բերել անհրաժեշտ գործնական հմտություններ համակարգչային տեխնոլոգիաների ու ծրագրավորման, դրանց կիրառությամբ մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության հաղորդման, մշակման, պահպանման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի ու ընդհանրապես արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: 2014թ.-ից իրականացվում է նաեւ ընդունելություն մասնաճյուղի հեռակա ուսուցման համակարգում Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության «Ֆինանսաբանկային քոմփյութերային համակարգեր» մասնագիտացմամբ:

2005թ.-ից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում իրականացվում է ընդունելություն Շինարարություն մասնագիտությամբ, որ 2016-17 ուստարում միայն հեռակա ուսուցմամբ կիրականացնի ընդունելություն: Այս տարիների ընթացքում մասնաճյուղի շրջանավարտներն աշխատում են տարբեր շինարարական կազմակերպություններում՝ հաջողությամբ շարունակելով այս բնագավառում  մեր ունեցած հարուստ ավանդույթները:

Հետաքրքիր էր, ոչ իհարկե թվային փաստերով, բայց անզեն աչքով արձանագրել, որ աշակերտների շրջանում հետաքրքրություն կար մասնաճյուղի իրականացրած կրթության նկատմամբ, եւ նրա որոշակի մասն այս ուստարում կդառնա մասնաճյուղի դիմորդ: Մի քանի աշակերտից փորձեցինք ճշտել, թե առհասարակ մասնագիտություն ընտրելիս ինչ սկզբունքով են առաջնորդվում: Կարծիքները տարբեր էին, բայց մի բան ակնհայտ է. ներկայիս սերունդը մասնագիտություն ընտրելիս հաշվի է առնում հետագայում բարձր աշխատավարձ ստանալու հանգամանքը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12