Բացահանքը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի առանցքային օղակ

26.09.2022 15:53
2338

Աշխարհաքաղաքական փոփոխությունների մեր օրերում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է փորձությունների ենթարկվել: Դրա հերթական վկայությունը սեպտեմբերի 13-14-ին մեր հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան էր:

Ռազմաքաղաքական ներկա մարտահրավերներին դիմակայելու ուղղություներից մեկն էլ, անտարակույս, երկրի տնտեսության հնարավորինս կայուն ընթացքի ապահովումն է, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների անխափան գործունեության կազմակերպումը:

Ուսումնական գործընթացը՝ մանկապարտեզից մինչև բուհ, պետք է շարունակվի թույլատրելի որևէ ձևով, գյուղացին աշնանային ցանքսը պետք է կատարի՝ որտեղ հնարավոր է, ձմռանն ընդառաջ ճանապարհների նախապատրաստումը չպետք է կանգ առնի, այլապես...

Այդ ամենի տեսանկյունից չափազանց կարևոր է Զանգեզուրի կոմբինատի անխափան գործունեության ապահովումը, որը ոչ միայն հանրապետության թիվ 1 հարկատուն է, այլև Սյունիքի մարզի խոշորագույն գործատուն, երկրամասի սոցիալ-տնտեսական հավասարակշռության և անցնցում ընթացքի կարևոր երաշխավորը:

Օրեր առաջ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը (մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ) ԶՊՄԿ-ի պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու առաջացած խնդիրների լուծմանը, ինչը, անշուշտ, դրվատելի է:

Իսկ ինչպե՞ս են գործերը Զանգեզուրի կոմբինատում...

Հարցի պատասխանը ստանալու համար սեպտեմբերի 20-ին մեր ստեղծագործական խումբն այցելեց ընկերության առանցքային օղակներից մեկը հանդիսացող բացահանքը, որը 3708 մ բարձրության Ալուկ լեռնագագաթի հյուսիսահայաց ստորոտում է, 2100 մ և ավելի բարձրության վրա:

Գրեթե մի ամբողջ օր Քաջարանի հանքավայրում շրջագայելուց, արտադրական գործընթացներին ծանոթանալուց և բացահանքի աշխատակիցների հետ շփումներից հետո մեր պատկերացումն ավելի ամբողջացավ հանքարդյունաբերական հսկայի մերօրյա գործունեության մասին:

Հանքագործների հետ բազմաթիվ հանդիպումներից, զրույցներից առանձնացնենք Բացահանքի պետ Արմեն Հարությունյանի հետ ունեցած զրույցը, որ ներկայացնում ենք ստորև:

***

- Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 13-14-ին մենք ազգովի, և հատկապես Սյունիքում, նոր փորձության ենթարկվեցինք, որի հետևանքները դեռ շարունակում ենք կրել...

Արդյո՞ք այդ օրերին և հիմա բացահանքի աշխատանքներում դադար կամ պարապուրդ է եղել, արդյո՞ք խուճապի դեպքեր են նկատվել, թե՞...

- Լարված այդ օրերին և դրանից հետո մեր աշխատանքների ռիթմը չի խախտվել:

Բնականաբար, շատ մտահոգված ենք եղել և մնում ենք մտահոգ, բայց խուճապի ոչ մի նշան:

Մեր աշխատակիցներից շատերն առաջին իսկ օրը կամավորագրվեցին ու մեկնեցին պաշտպանելու Սյունիքի սահմանները. նրանց աշխատավարձերը, բնականաբար, կպահպանվեն: Կարողացել ենք նրանց փոխարինողներ գտնել, որպեսզի աշխատանքը չտուժի:

Իհարկե, պետք է աշխատենք ամենալարված պայմաններում անգամ, քանզի երկրի համար ներկայիս ծանր վիճակում տնտեսությունն է, որ կարող է մեր դիմադրության հիմքերի հիմքը լինել, և դա գիտակցում են բոլոր լեռնագործները:

- Հիմա՝ արտադրական գործընթացի մասին. նախ՝ ներկայացրեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բացահանքը:

- Քաջարանի բացահանքը զբաղեցնում  է 7 քառակուսի կմ տարածք:  Մեր  խնդիրն է`ապահովել հանքաքարի անխափան մատակարարումը հարստացուցիչ  ֆաբրիկա:

Դեպի հանքաքարի  բլոկներ  հասանելիություն  ստանալու  համար,  պարբերաբար  անհրաժեշտություն  է  առաջանում  հեռացնել  օգտակար հանածո  չպարունակող,  այսպես  կոչված  «դատարկ»  ապարները. դրանք  ուղարկում  ենք  «դատարկ»  ապարների  լցակույտեր, իսկ  հանքանյութը՝  ջարդման տեղամաս:

- Ինչպե՞ս է որոշվում՝ ապարը դատա՞րկ է, թե՞ հանքանյութ է պարունակում:

- Հանքավայրի ամբողջ տարածքը հասցեագրված է՝ ամեն մի քառակուսի մետրի կտրվածքով:

Աշխատանքները սկսում ենք հետախուզական-որոնողական գործողություններից՝ կատարելով հետախուզական հորատումներ, որի արդյունքում ամեն մի հորատանցքից վերցված նյութն ուղարկվում է լաբորատորիա, հետազոտվում և ճշտվում, թե որտեղ ինչ կա: Ընդ որում՝ լաբորատորիան կոմբինատի կառույցներից է և համալրված է բարձրակարգ մասնագետներով:

Միայն դրանից հետո են պայթեցման համար նախապատրաստական աշխատանքներ տարվում և պայթեցումներ կատարվում:

Պայթեցումից հետո էլ, ասենք, A հատվածից ստացված հանույթն ուղարկում ենք հետագա մշակման, B հատվածից ստացվածը՝ լցակույտ:

Այդ ամենը կատարվում է ժամանակակից բարձող մեխանիզմներով, որոնցից ամենափոքրի շերեփը 6, ամենամեծինը՝ 22.5 խորանարդ մ տարողություն ունի:

- Բարձող մեքենաներ, էքսկավատորներ..., դրանք, որքանով տեսնում ենք, բավականին ժամանակակից են:

- Խորհրդային տարիներից մնացած էքսկավատորներ էլ կան, բայց հիմնականում ամերիկյան «Կատարպիլլեր» ֆիրմայի արտադրանք են՝ հակադարձ շերեփով և ուղղահայաց շերեփով: Ունենք և՛ անվավոր, և՛ թրթուրավոր բարձող մեքենաներ:

Իսկ հանքանյութը տեղափոխելու համար ունենք երեք տեսակի մեքենա՝ 90, 130 և 180 տոննա բեռնատարողությամբ:

Եղանակային պայմանները մեզ չեն խանգարում. մառախուղ կլինի, թե անձրև ու ձյուն, աշխատում ենք. օգտագործվող մեքենաներն այդ հնարավորությունը տալիս են:

- Տարիներ շարունակ հանքանյութի տեղափոխման հիմնական միջոցը «Բելազ» մակնիշի մեքենաներն էին...

- Հիմա էլ բելառուսական արտադրության «Բելազ»ներ ունենք, բայց մեծամասամբ ամերիկյան ֆիրմայի մեքենաներ են, որոնք ավելի հուսալի են:

- Կարելի՞ է ենթադրել, որ այդ մեքենաները տվյալ ոլորտի վերջին խոսքն են:

- Ամենավերջինը չեն, բայց լավագույններից են:

Հորատման տեխնիկաները, օրինակ, ավելի շատ ռուսական արտադրության են: Հիմնականում  օգտագործում  ենք «СБШ-250», քանզի դրանք աշխատում  են  հոսանքով և սպասարկումը  բավականին  էժան  է:  Օգտագործում ենք  նաև «Атлас копко» ֆիրմայի արտադրանք,  որն ավելի արագաշարժ է:

- Մենք հիմա կանգնած ենք հանքավայրի ամենաբարձր կետերից մեկում՝ դիտակետում, և տեսնում ենք անթիվ անհամար հանքաճյուղեր, ճանապարհներ՝ ճյուղավորված... Այդ ճանապարհների պահպանվածության բարձր մակարդակը չէր կարելի չնկատել:

- Հանքավայրի ներսի ճանապարհների երկարությունը մոտ  42 կմ է, որի 80 տոկոսն օգտագործվում  է  անընդհատ: Իսկ մեզ մոտ շուրջօրյա աշխատանք է: Դա նշանակում է, որ ճանապարհները պետք է որևէ դժվարություն չհարուցեն: Ընդ որում՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են՝ հանքուղիների փոփոխությանը համահունչ:

- Մենք բավականին երկար շրջեցինք բացահանքի տարածքում, ճանապարհներին՝ ամենուրեք ջուր էր ցանված, փոշու ոչ մի հետք... Կարծում ենք՝ հանքում աշխատողի համար այդ հանգամանքն ամենևին էլ երկրորդական չէ:

- Վեց ջրցան մեքենա ունենք, որոնք աշխատում են՝ պայմանավորված եղանակային պայմաններով: Ավելի շոգ եղանակներին ջուրը ցանում ենք 20 րոպեն մեկ և հետևում, որ փոշի չլինի: Դա, ճիշտ նկատեցիք, կարևոր է մարդկանց առողջության պահպանման համար:

- Մենք արդեն խոսեցինք բացահանքում օգտագործվող մեքենաների մասին, որոնք՝ եթե անգամ գիտության և տեխնիկայի վերջին խոսքը չեն, ապա ամենաարդիականներից են: Դա նշանակում է, որ բախվում եք կադրերի պատրաստման խնդրին: Ավելի պարզ արտահայտվենք՝ «Բելազ»ի վարորդը, օրինակ, դժվար թե կարողանա միանգամից վարել 180 տոննա տարողության ամերիկյան արտադրության բեռնատարը: Ի՞նչ անել:

- 90, 130, 180 տոննա տարողության մեքենաները վարելու համար վարորդը պետք է ունենա թույլտվություն: Անգամ 90 տոննա տարողության մեքենայի վարորդը չի կարող վարել 130 տոննա տարողության մեքենան, իսկ 180 տոննա տարողության մեքենայի վարորդը կարող է վարել ավելի ցածր բեռնատարողության մեքենաներ: Պետք է քննություն հանձնել և ստանալ թույլտվություն...

Իսկապես, այդ մեքենաները վարելն ամեն վարորդի բանը չէ: Նստել 5-6 մ բարձրության վրա գտնվող ղեկի մոտ և վարել 360 տոննա ընդհանուր քաշով (բեռնված լինելու դեպքում) մեքենա՝ ցեխ կլինի, ձյուն կլինի, սառույց կլինի... Ընդ որում՝ այդ մեքենաների ավտոդողերը կապրոնից են, ռետինե չեն... Մի խոսքով՝ չափազանց բարդ և պատասխանատու գործ է:

- Եվ որտե՞ղ են վարորդները պատրաստվում, դասընթացներ անցնում:

- Ե՛վ դրսից են դասընթացավարներ գալիս, և՛ մեզ մոտ կան...

Այդ ամենը միայն խոշոր բեռնատարների վարորդներին չի վերաբերում, այլ նաև բոլոր բարձողներին՝ հակադարձ կլինի, թե՝ ուղղահայաց, բոլորն են անցնում դասընթացներով:

Ի վերջո դա բավականին պատասխանատու գործ է՝ մարդը 8 ժամ գործի մեջ է, ինքը պիտի կարողանա չվնասել վստահված տեխնիկան, դիմացի տեխնիկան, պիտի չափազանց ուշադիր լինի, մի փոքր «ատամը» կարող է հանքանյութի հետ հասնել ջարդման արտադրամաս և խնդիրներ առաջացնել ու արտադրությունը կանգնեցնելու պատճառ հանդիսանալ:

Պատահական չէ, որ, օրինակ, տասը հոգի կարող է մասնակցել փորձաշրջանի, բայց երկուսը կամ երեքն արդարացնեն  ու դառնան մեքենավար կամ օպերատոր:

- Եվ որպեսզի բացահանքի մասին մեր պատկերացումն ամբողջանա՝ այսպիսի հարցի պատասխան կուզենայինք իմանալ՝ օրական որքա՞ն հանքաքար եք արդյունահանում:

- Դատարկ ապարների հետ միասին՝ խոսքն օրական 100 հազար տոննայի մասին է:

- Հսկայածավալ այդ աշխատանքը կատարելու համար քանի՞ մարդ է ընդգրկված:

- Բացահանքում ներկայումս աշխատում է 402 հոգի, բայց կան և առանձին ծառայություններ՝ ճանապարհային տեղամաս, փոխադրամիջոցների վերանորոգման ավտոհավաքակայան, բուժսպասարկում, որոնք իմ ղեկավարության ներքո չեն:

Մի ուշագրավ փաստ՝ աշխատողների մոտ 10 տոկոսը կանայք են՝ բուժքույրեր, օպերատորներ, հանդերձապահներ, հավաքարարներ...

- Աշխատանքների անվտանգության ապահովման հարցին կուզենայինք անդրադառնալ. հարյուրավոր մարդիկ, մեծաքանակ տեխնիկա, պայթեցումներ, լեռնազանգվածներ... Այդ ամենը, անտարակույս, ենթադրում է կարգապահություն, անվտանգության հստակ կանոններ և այդ կանոնների անվերապահ պահպանում:

Կարողանո՞ւմ եք գլուխ բերել:

- Հանքարդյունաբերության մեջ առաջին խնդիրն անվտանգությունն է: Մեր բոլոր աշխատանքները կատարվում են անվտանգության աշխատակիցների հսկողությամբ: Արտադրական անվտանգության աշխատակիցները հանքում են ամեն օր: Մենք նույնիսկ մեր անվտանգության ինժեներն ունենք հանքում, ով ամեն րոպե տեղում է...

Այստեղ, իսկապես, անվտանգ աշխատանք չկա՝ սկսած հորատումներից, պայթեցումներից, բարձելուց մինչև հանքանյութի փոխադրում... Բոլոր այդ աշխատանքներն իրական վտանգ են ներկայացնում, ինչի համար էլ պարբերաբար հրահանգավորումներ ենք կատարում՝ ամիսը մեկ անգամ, եռամսյակը մեկ անգամ, նայած թե որ աշխատանքի մասին է խոսքը: Կա նաև ամենօրյա հրահանգավորում. աշխատակիցը եկավ գործի, ստանում է հրահանգավորում և նոր միայն անցնում իր պարտականությունների կատարմանը:

- Մեծ թվով տեխնիկա, աշխատանք լեռնազանգվածի հետ... Հավանաբար մեքենաների սպասարկման խնդիր էլ ունեք: 24 ժամ աշխատող մեքենան, բնականաբար, նորմալ սպասարկում է պահանջում:

- Օպերատորների, մեքենավարների աշխատանքով էլ շատ բան է պայմանավորված... Նույն մեքենան ես էլ կվարեմ, Դուք էլ կվարեք: Մեկիս մեքենան շուտ կփչանա, մյուսինը չի փչանա կամ ուշ կփչանա. դա կախված է մեքենավարից, նրա վարպետությունից: Նաև այդ հանգամանքն ենք հաշվի առնում նրանց վարձատրելիս: Այո, շատ կարևոր է, թե ոնց է պահպանվում մեքենան, ոնց է կատարվում բարձումը...

Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգումներին, ունենք փոխադրամիջոցների ավտոհավաքակայան, որն էլ զբաղվում է այդ հարցերով:

- Դուք նշեցիք վարձատրության չափորոշիչներից մեկը, ուրիշ ի՞նչ կարող եք ասել վարձատրության վերաբերյալ, չէ՞ որ խոսքը ոչ սովորական պայմաններում աշխատող մարդկանց վարձատրության մասին է:

- Մենք այս պահին գտնվում ենք 2150 մ բարձրության վրա: Վարորդներից յուրաքանչյուրն օրական 22-23 անգամ 180, 260 կամ 360 տոննանոց մեքենայով բարձրանում է 400 մ և նույնքան էլ իջնում... Բազմաթիվ ռիսկեր կան՝ ճնշման հնարավոր բարձրացում, անվտանգության հարցեր, ծանրաբեռնվածություն, եղանակային պայմաններ...

Իհարկե, այդ մարդիկ պետք է լավ վարձատրվեն:

Իհարկե, բացահանքում աշխատողը պետք է ավելին ստանա, քան գրասենյակային աշխատողը:

Ի վերջո մարդը ստանում է այնքան գումար, որքան աշխատում է:

- Բնութագրեք, խնդրեմ, ընկերության նոր սեփականատիրոջը, նոր թիմին և նրանց որդեգրած գործելաոճը, ռազմավարությունը: Ձեր կարծիքն իսկապես հետաքրքիր է, քանզի առանցքային տեղամաս եք ղեկավարում:

- Այո, բացահանքն առանցքային օղակ է կոմբինատում, գնահատելու չափանիշներն էլ կոնկրետ են, առարկայական...

Առաջացած խնդիրներն այսօրվա ղեկավարությունը լուծում է օպերատիվորեն, հետևողականորեն. դա շատ կարևոր հանգամանք է, այլապես դժվար կլինի խոսել որևէ հաջողության մասին:

Կամ հոգատարությունը լեռնագործների հանդեպ, աշխատող մարդու, նրա հոգսերի հանդեպ. դա նույնպես չափազանց կարևոր է, որին ականատես ենք:

Այդ ամենն արդեն իսկ խոսում է և՛ նոր սեփականատիրոջ, և՛ նոր թիմի որդեգրած արժեհամակարգի ու նկարագրի մասին:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Ձեզ և Ձեր գլխավորած աշխատանքային կոլեկտիվին՝ հաջողություններ:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի և Մարի Նավասարդյանի

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Իսրայելյանին, նույն բաժնի ավագ թղթակից-համակարգող Հայկ Թադևոսյանին, ինչպես և բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանին՝ մեր ստեղծագործական խմբի աշխատանքներին լավագույնս աջակցելու, ընկերակցելու և անհրաժեշտ լուսանկարչական աշխատանքներ կատարելու համար:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53