Թող Աստված լուսավորի Յուրի Ջավահիրյանի հոգին

10.03.2024 10:48
3254

2024 թ, մարտի 9-ի օրվա վերջն էր, երբ Գորիսում տարածվեց վատ լուր՝ մահացել է Յուրի Գուրգենի Ջավահիրյանը՝ տարածաշրջանում ճանաչված մանկավարժը, կազմակերպիչը, մշակութային գործիչը, մեր եզերքի նվիրյալը...

Ծնվել է 1946 թ. հուլիսի 31-ին Թուրքմենիայի մայրաքաղաքում:

Պապը, խույս տալով 1930-ականների մղձավանջի հնարավոր հետեւանքներից, ընտանիքով տեղափոխվել էր Աշխաբադ: Այդտեղից էլ նրա որդին՝ Գուրգեն Ջավահիրյանը, 1941-ին մեկնում է Մեծ հայրենականի ռազմաճակատ: 1943-ին ծանր վիրավորվում է, այնտեղ թողնում աջ ձեռքն ու զորացրվում: Ամուսնանում է Գորիսում հայտնի Մալինցյաններ գերդաստանի դուստր Քնարի հետ: Եվ առաջնեկը լինում է Յուրին: Շուտով վերադառնում են Գորիս ու սկսում նոր կյանք...

Յուրի Ջավահիրյանը սովորել եւ ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգը: Նրա գործունեության մեջ, կարելի է ասել, սովորելն ու աշխատելը միահյուսված են եղել: Աշակերտական նստարանին էր, բայց ղեկավարում էր դպրոցի փողային նվագախումբը: Ինքն ավելի պատկերավոր էր արտահայտում այդ տարիների իր գործունեությունը՝ «Ես ե՛ւ աշակերտ էի, ե՛ւ ուսուցիչ»:

Հետագայում էլ՝ մանկավարժական ինստիտուտում սովորելիս, ղեկավարում էր Գորիսի գիշերօթիկ դպրոցի փողային նվագախումբը:

Սովորելը, ուսումնառությունը Յուրի Ջավահիրյանի կյանքում յուրահատուկ տեղ են ունեցել. համարյա ամբողջ կյանքում սովորում էր:

Սովորել է Կրասնոդարի ծխախոտագործության բարձրագույն դպրոցում, երբ աշխատում էր Գորիսի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանում:

Այնուհետեւ սովորել եւ ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ֆակուլտետը:

Գորիսի հատուկ գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասի վարիչ աշխատելու ընթացքում սովորել  եւ ավարտել է նույն ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը:

Գորիսի շրջանային մշակույթի տան տնօրեն աշխատելու տարիներին էլ սովորել եւ ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան ժողովրդական համալսարանը:

Իսկ երբ գլխավորում էր Որոտանի միջնակարգ դպրոցը, սովորեց նոր տիպի հանրակրթական դպրոցի կառավարման արվեստը, որը լավագույնս ստացվեց նրա մոտ՝ դառնալով ընդօրինակման արժանի ղեկավար:

Այդ ընթացքում կամ մինչ այդ... Կոոպերատիվ շարժման տարիներին Գորիսում հիմնադրեց «Երազ» ՍՊ ընկերությունը՝ 70 աշխատատեղով, որը զբաղվում էր տրիկոտաժեղենի արտադրությամբ:

Այնուհետեւ եղել է Գորիսի քաղկոոպի վարչության նախագահ, Գորիսի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ առողջապահության բաժնի վարիչ, Գորիսի պետական թատրոնի տնօրեն:

Կենսաթոշակի անցնելուց հետո տեւական ժամանակ աշխատում էր էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ Որոտանի հէկերի համակարգում: Վերջին աշխատավայրը Գորիսի պետական համալսարանն էր:

Թվարկված բոլոր աշխատանքներն էլ կատարել է պատվով ու բարձր պատասխանատվությամբ, ինչի մասին մինչեւ հիմա դրվատանքով են արտահայտվում նրա գործընկերները:

Յուրի Ջավահիրյանը, այդքանով հանդերձ, առանձին հպարտությամբ էր հիշում Գորիսի շրջանային մշակույթի տան տնօրենի եւ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնավարումները:

Գորիսի շրջանային մշակույթի տունը գլխավորել է 1974-78 թվականներին. դա, առանց չափազանցության, վերելքի տարիներ էին Գորիս շրջկենտրոնի եւ շրջանի գյուղերի մշակութային կյանքում: Նրա նախաձեռնությամբ նոր մակարդակի բարձրացվեց ժողգործիքների համույթը, ինչի արդյունքում նվաճվեց «ժողովրդականի» կոչումը: Այդ տարիներին համույթի հետ համագործակցում էր Գուսան Աշոտը եւ ավելի ջերմ դարձավ Յուրի Ջավահիրյանի ու Հայոց մեծ գուսանի բարեկամությունը:

1995-98 թթ. Յուրի Ջավահիրյանը գլխավորում էր Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Հետպատերազմյան շրջանի դժվարությունների հաղթահարումը հենց նրան էր վիճակված: Կարողացավ նոր կյանք հաղորդել թատրոնին՝ համոզված լինելով, որ մեր ժողովրդի թեւածումը դեպի լույս ու գեղեցկություն՝ անցնում է բեմարվեստով: Իրեն նեցուկ եղան մայրաքաղաքից հրավիրված անվանի շատ դերասաններ եւ ռեժիսորներ՝ մեծահամբավ Երվանդ Մանարյանի գլխավորությամբ:

Իր հարցազրույցներից մեկում այսպես է ամփոփել այդ տարիներին կատարած աշխատանքը՝ «...Իմ կյանքի ընթացքում բազմաթիվ ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել, բայց ոչ մի տեղ այդքան սեր ու նվիրում չեմ դրել, որքան թատրոնում, ուղղակի անմնացորդ էի նվիրված»:

Յուրի Ջավահիրյանի կերպարը մեզ համար թանկ էր մեկ այլ առումով եւս: Հայ մարդու համար սովորաբար բացառիկ արժեք է ընկերությունը: Ինքն այդ արժեքի երդվյալ կրողներից էր: Հենց այդ ընկերությունն էր Գորիսում 1980-ականների վերջին ձեւավորված ինքնապաշտպանական շարժման առանցքը՝ գլխավորությամբ Համլետ Մկրտչյանի: Քաջերի այդ սերունդն էր, որ սկիզբ դրեց հայոց Արցախն ադրբեջանական գերությունից ազատագրելու դարակազմիկ գործին եւ բազմաթիվ նահատակությունների ու զոհողությունների գնով կերտեց հայ ժողովրդի երազած հաղթանակը:

Թող այն տպավորությունը չստեղծվի, որ Յուրի Ջավահիրյանի կյանքում ամեն ինչ ընթացել է հարթ ու խաղաղ: Ժամանակի ալեբախումները քանիցս նրան առել են իրենց ջրապտույտի մեջ, եւ այդ ամնեը հաղթահարելու համար շատ ջանքեր է գործադրել: Մի պահ նույնիսկ ամբողջ ընտանիքով տեղափոխվեց Երեւան, բայց նորից Գորիս վերադարձավ՝ հայրենի հողի կանչով:

Յուրի Ջավահիրյանը լավ ծնող է եղել իր հինգ զավակի համար, լավ պապ՝ ինը թոռան համար:

33-ամյա դստեր մահը 2020-ին մեծ հարված էր նրան, կարծեք հենց դրանից հետո ի չիք դարձան նրա բազմաթիվ ծրագրերն ու երազանքները:

Ճակատագիրը նրան ուրիշ հարվածներ էլ հասցրեց, այդ թվում՝ երկու կրտսեր եղբայրների կորուստը:

Մոտ մեկ տարի առաջ Յուրի Ջավահիրյանի առողջական վիճակը վատթարացավ. հիվանդանոցային բուժումներ, վիրահատություն... Հարազատներն ու մերձավորները հնարավոր ամեն ինչ արեցին, բայց նրա կյանքը փրկել չկարողացան:

***

2017-ին, Գուսան Աշոտի 110-ամյակի առիթով «Սյունյաց երկիրը» հատուկ համար էր պատրաստում. Յուրի Ջավահիրյանն էլ հուշեր պատմեց: Վերջում խնդրեցինք ներկայացնել Գուսանի՝ իրեն առավել սրտամոտ երգերից որեւէ հատված: Սիրով ներկայացրեց՝ նշելով, որ դա երգ չէ սոսկ, այլ պատվիրան այսօրվա եւ վաղվա սերունդներին, ում համար թանկ է Գորիսը:

Ահա.

Աշկ ենք պացալ, շափաղ առալ էս ծյորան,

Սեր ենք առալ, շափաղ առալ էս ծյորան,

Սաս սասի տանք, սրտեր պանանք կուրունքվա տըես,

Հազար սրտի խաղ եմ կապալ էս ծյորան,

Հռանանք վըեչ մըեր նախշարար էս ծյորան...

Ինքը՝ Յուրի Ջավահիրյանն ամբողջ կյանքում հավատարիմ մնաց Հայոց մեծ գուսանի այդ պատգամին ու իր եռանդը, գիտելիքիները նվիրեց հայրենի Գորիսին: Այսօր էլ նրա խոնջացած մարմինը գնում է ձուլվելու այդ հողին, որը սրբություն էր նրա համար:

Եվ ուրեմն՝ թող Աստված լուսավորի Յուրի Ջավահիրյանի հոգին ու երկնքի կամարներից ներս ընդունի նրան:

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48