Բաժնետերերի նոր փոփոխություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում. «Քրոնիմետ»-ը սեփականատերերի ցանկում այլևս չկա

03.05.2020 11:12
1696

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 75 տոկոս մասնակցություն ունեցող գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբը որևէ կերպ ընկերության իրական սեփականատերերի ցանկում չի արտացոլվում։ Ըստ ամենայնի՝ գերմանական ընկերությունը դադարել է լինել ԶՊՄԿ բաժնետեր։ Սա պարզ է դառնում ԶՊՄԿ-ի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի ուսումնասիրությունից։ 

Հայաստանի կառավարությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում պարտավորվել էր հրապարակել հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի ռեեստրը։ Այն արդեն հրապարակվել է, և Սիվիլնեթը ուսումնասիրել է Հայաստանի ամենախոշոր ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերի մասին տվյալները։

ՍիվիլՆեթը անցյալ տարվա նոյեմբերի 1-ին հրապարակել էր հետաքննություն՝ ԶՊՄԿ-ում բաժնեմասերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ 75 տոկոս բաժնեմասը պատկանում էր գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբին։ 

Տե՛ս նաև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից

Ըստ ձեռք բերված տվյալների՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի անձինք ԶՊՄԿ-ում տնօրինել էին ընկերության բաժնետոմսերի 12,5  տոկոսը, որը հետագայում անցել էր Walnort Finance Limited ընկերությանը, որն իր հերթին Կիպրոսում գրանցված էր նույն հասցեում, ուր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող Triendotto investment  ընկերությունն էր գրանցված։ 

Մյուս 12,5 տոկոս բաժեմասի սեփականատերը «Սթար դասթ» ընկերությունն էր, որը կապվում էր ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի, նրա տեղակալ Նարեկ Ամբարյանի, ԶՊՄԿ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի հետ։ «Սթար դասթ»-ի հետ կապված ՍիվիլՆեթի տրամադրության տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ ընկերության բաժնետերերից է եղել նաև Սիլվա Դարչինյանը, որը Միքայել Մինասյանի հետ կապվող ձեռնարկության աշխատակից էր։ 

Ինչ կա նոր հայտարարագրում

ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերի հայտարարագրում զարմանալիորեն չենք հանդիպում ոչ ընկերությունում առյուծի բաժին տնօրինող «Քրոնիմետ»-ի, ոչ էլ «Քրոնիմետ»-ի սեփականատեր Պիլարսկիների անվանը։ Նույնիսկ միջանկյալ կազմակերպությունների ցանկում «Քրոնիմետ»-ը բացակայում է։ 2019-ին կոմբինատը ներկայացրել է ընկերության բաժնետիրական կառուցվածքը, որում գերմանական ընկերությունը անուղղակիորեն տնօրինում էր կոմբինատի 75 տոկոսը՝ Գյունտեր, Յուրգեն, Էլկե, Յոակիմ Պիլարսկիների մասնակցությամբ։ Իրական սեփականատերերի նոր ցանկում Պիլարսկիներից որևէ մեկի անունը չկա։ «Քրոնիմետ»-ի խմբի ընկերություններին ևս չենք հանդիպում։ 

Ովքեր են ԶՊՄԿ նոր բաժնետերերը

Կառավարության հաստատած ու կոմբինատի ներկայացրած հայտարարագրով ԶՊՄԿ իրական սեփականատեր-ֆիզիակական անձանց բաժնեմասերի հանրագումարը 32,5 տոկոս է։ Այլ կերպ ասած՝ միայն 32,5 տոկոսին տիրապետող ֆիզիակական անձանց տվյալներն են հասանելի դարձել հայտարարագրում, մնացյալ 62,5 տոկոսի վերաբերյալ ԶՊՄԿ-ն մեկ նախադասությամբ գրել է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հանդիսանում է իր կողմից թողարկված բաժնետոմսերի 62,5 տոկոսի սեփականատեր։ Ֆիզիկական անձանց մասին տվյալներ չկան։ 

Վերադառնանք 32,5 տոկոսին։ Մարտի 27-ից ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր է դարձել Գերմանիայի քաղաքացի Թոմաս Հայլը։ Վերջինս նաև ԶՊՄԿ խորհրդի նախագահն է, եղել է «Քրոնիմետ մայնինգ»-ի տնօրեն։ Թե ումից է բաժնեմասն անցել Հայլին, դեռ պարզ չէ։ 

ԶՊՄԿ-ի մյուս 12,5 տոկոսի բաժնետերը ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է։ Այդ մասին Սիվիլնեթը գրել էր մարտի 25-ին։ Զուրաբովը ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի սեփականատերն է դարձել կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով՝ այս տարվա փետրվարի 3-ին։ Բացի այն, որ Զուրաբովը ռուսական քաղաքական համակարգի հայտնի դեմքերից է ու զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, նա նաև շվեյցարական Exoil group ընկերության տնօրնների խորհրդի անդամ է։ Այս ընկերության տնօրենների խորհրդում է նաև Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը։ 

Տես նաև՝ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր

Պղնձամոլիբդենային կոմբինատում 7,5 տոկոս բաժնեմասի իրական սեփականատեր է ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։ Նա այս բաժնեմասը ձեռք է բերել 2018-ի հունիսի 20-ին։ Նույն օրը 2,5-ական տոկոսներ ձեռք են բերել նրա տեղակալ Նարեկ Ամբարյանն ու Կարեն Հակոբյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը։ 

Ըստ օրենքի՝ իրական սեփականատեր են հանդիսանում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ֆիզիկական անձինք և հենց նրանք են պարտավոր ներկայացնել հայտարարագիր։ Պոլոսկովի, Ամբարյանի ու Հակոբյանի բաժնեմասերը առանձին-առանձին չեն հասել 10 տոկոսի, ու նրանք իրավունք ունեին տվյալներ չներկայացնել։

Որոնք են միջանկյալ ընկերությունները 

ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի սեփականատեր Թոմաս Հայլը, ինչպես վերևում նշեցինք, կապված էր «Քրոնիմետ» ընկերությունների խմբի հետ։ Հայլը, սակայն, իր բաժնեմասը ձեռք է բերել մեկ այլ միջանկյալ՝ գերմանական «Սի 2 քափիթալ» ընկերության միջոցով։ 

Միխայիլ Զուրաբովի համար միջանկյալ ընկերություններ են հանդիսացել Walnort Finance Limited-ն ու «Մուն մեթալս»-ը։ 

Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի ու Նարեկ Ամբարյանի համար միջանկյալ ընկերություն է դարձել «ԱՄՓ հոլդինգ»-ը։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերի հարցը վերջին օրերին հայտնվել էր մամուլի էջերում ու բուռն քննարկման արժանացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ «ԶՊՄԿ-ում Միքայել Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։ Վանեցյանն ի պատասխան հայտարարեց, որ հայտարարությունը իրականության հետ աղերս չունի և ասաց, որ զրպարտության համար դիմելու է դատարան։ 

Մկրտիչ Կարապետյան

civilnet.am

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը ռազմաճակատում

17.12.2025 17:06

Խորհրդարանը 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր է վավերացրել

17.12.2025 16:33

Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ՝ Փարիզում

17.12.2025 16:26

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը

17.12.2025 15:27

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

17.12.2025 15:24

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում է

17.12.2025 15:09

ԵՄ-ն դարձավ փաշինյանական իշխանության աջակից և հարմարավետ տեղավորվեց Փաշինյանի գիրկը

17.12.2025 14:50

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյան

17.12.2025 14:43

Երեկոյի հերոսը կինոյի մոգն էր՝ Փարաջանովը

17.12.2025 12:42

Տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում. Գեղամյան

17.12.2025 12:14

Տաթև-Շինուհայր ճանապարհին ձյուն է տեղում. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

17.12.2025 12:10

Արդյոք հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգո՞ւմ են. ՊՆ-ի պատասխանը

17.12.2025 11:53