ԲՀԿ-ի քարոզարշավին հետեւում են կտուրներից ու խոտի դեզերի ետեւից

27.10.2017 11:45
1481

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել լրագրող, «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանին: Կին թեկնածուի առաջադրումը Սիսիանում ոչ միանշանակ ընդունվեց՝ ողջունողներ էլ եղան, չողջունողներ էլ: Գրիգորյանին, ով մինչ այդ՝ 2012-ի ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամ էր ընտրվել, չհաջողվեց սիսիանցիներին համոզել, որ կին քաղաքապետ ունենալն ավելի լավ է: Նրան վստահեց ընդամենը 173 հոգի: Ս. Գրիգորյանը «Ելքի» ցուցակում մասնակցում էր նաեւ ԱԺ վերջին ընտրություններին, սակայն ստացած ձայները բավարար չեղան պատգամավորի մանդատ ստանալու համար: Արդեն խոշորացված Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Գրիգորյանը որոշել է չառաջադրվել: Ինչո՞ւ, ի՞նչ խանգարող հանգամանքներ են ետ պահել նրան այս անգամ:


Նա նախ ի մի բերեց ընտրություններին մասնակցության իր փորձը՝ նշելով, որ սիսիանցիներն ընտրություն կատարելիս հաշվի չեն առնում մարդու կատարած աշխատանքը, արժանիքները: «Մենք տուն առ տուն այցելեցինք, ներկայացրինք ավագանու անդամի պաշտոնում իմ կատարած աշխատանքը, համայնքի վերաբերյալ իմ ծրագիրը: Առանց որեւէ մեկին փնովելու, սեւացնելու՝ քարոզարշավ իրականացրեցի, սակայն պարզվեց, որ փոքր համայնքներում ընտրությունն այլ սկզբունքով է կատարվում: Օրինակ՝ այսպիսի արձագանք եղավ՝ դե, էն մարդը շատ փող ունի, արդեն կերել-կշտացել է, նրան ընտրենք: Նման թյուր կարծիք ունեցողները պիտի իմանան, որ ախորժակը նաեւ ուտելիս է բացվում: Մենք շատ մեծ աշխատանք ունենք անելու ընտրողի հետ, բացատրել, որ պետք է ընտրել ոչ թե նրան, ով թայֆայական մտածելակերպ, շատ փող ունի, այլ արժանիքներ, ծրագիր ունեցողին»,- ասաց նախկին թեկնածուն: Նա նաեւ նշեց, որ բարդ աշխատանք է սպասվում նրան, ով կընտրվի համայնքի ղեկավար, եւ ով էլ ընտրվի, պետք է շատ ուժեղ թիմ հավաքի՝ արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Նաեւ հավելեց, որ ինքը բարդությունից չի վախենում եւ, որպես համայնքի խնդիրներով մտահոգ մարդ, պատրաստ է ներգրավվել համայնքային կառավարման աշխատանքներում:


Որպես չեզոք դիտորդ՝ Գրիգորյանին խնդրեցինք գնահատել Սիսիանում տիրող նախընտրական իրավիճակը: Պարզվեց՝ մեզ արդեն քաջածանոթ իրավիճակ է․ համայնքի ղեկավար՝ «սուլթանի» համբավ ունեցող Արթուր Սարգսյանը բոլոր լծակները, այդ թվում եւ՝ վարչական, օգտագործում է՝ վերընտրվելու համար: Մի երեւույթ, որը նորություն չէ եւ մշտապես կիրառվել է նախորդ ընտրություններում: Գրիգորյանը չմոռացավ նշել նաեւ ընտրակաշառքի մասին, որը բաժանվել է նախորդ ընտրությունների ժամանակ՝ չբացառելով, որ նույն մեթոդը կկիրառվի նաեւ առաջիկա ընտրություններում: Նրա տպավորությամբ՝ երկու թեկնածուներն էլ հավասար շանսեր ունեն ընտրվելու, քանի որ երկուսն էլ ճանաչված են եւ ազդեցություն ունեն համայնքում՝ մեկը նախկին քաղաքապետ Լ. Սարգսյանի որդին է, մյուսը՝ նախկին քաղաքապետ Ա. Հակոբջանյանի փեսան:


«Ընտրություններով հետաքրքրվողները կարող են գալ կանգնել երկու թեկնածուների գլխավոր շտաբների մոտ եւ կտեսնեն ելումուտը, արդեն ամեն ինչ պարզ կլինի: Շա՜տ հետաքրքիր պայքար է սպասվում: Չեմ կարող ասել, որ այս կամ այն թեկնածուն շանս չունի: Ես ամեն օր ուշիուշով հետեւում եմ նախընտրական պրոցեսներին, եւ երկուսի նժարներն էլ վերեւ-ներքեւ են տատանվում»,- ասաց քաղաքապետի նախկին թեկնածուն եւ նշեց, որ իր համակրանքը, որպես ընտրող, Կարեն Համբարձումյանի կողմն է: «Մենք խոսել ենք ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Համբարձումյանի հետ: Վերջինս շատ ավելի դեմոկրատ հայացքներ ունի, իր ընտրվելու պարագայում, կարծում եմ, Սիսիանում հնարավոր կլինի քայլ-քայլ ճանապարհ բացել ժողովրդավարության համար: Իսկ դա ամենակարեւոր հանգամանքն է արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Ցանկացած համայնքում, եթե ժողովրդավարությունը քիչ տեղ ունի, այդ համայնքը չի կարող զարգանալ: Անկեղծ եմ ասում՝ եթե երրորդ թեկնածու լիներ՝ մի քիչ ավելի փորձառու, տարիքով մի քանի տարի ավելի մեծ, ես գուցե նախապատվությունս նրան տայի: Հետեւում եմ նաեւ ավագանու անդամ առաջադրվածների գործողություններին․ մարդիկ, ընկած դռնեդուռ, ձայն են հավաքում՝ առանց ծրագրի: Եվ եթե մեկի տոհմը մեծ է, շատ հնարավորություններ ունի շատ մարդու դուռ ծեծելու, համոզելու արվեստին տիրապետում է, ինքն ընտրվելու է: Բայց դա չի նշանակում, որ ինքը լինելու է ավագանու լավ, օրինակելի անդամ»:


Առաջադրված երկու թեկնածուներից ով ինչպիսի ընտրապայքար է տանում: Գրիգորյանի խոսքով՝ երկու թեւերն էլ արդեն իսկ գյուղական համայնքներում սկսել են նախընտրական հանդիպումները: «Նախօրեին տեղեկություն ստացա, որ Կարեն Համբարձումյանին պաշտպանող թիմը, մասնավորապես՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, քարոզարշավի շրջանակներում եղել են մի քանի գյուղերում, սակայն գյուղապետերը տեղում չեն եղել, այսինքն՝ փախել են: Կոնկրետ Ախլաթյան համայնքում մարդիկ նույնիսկ չեն հավաքվել լսելու, թե ինչ է քարոզում ԲՀԿ-ական թիմը: Մարդիկ կտուրներից, խոտերի դեզերի ետեւից են հետեւել տեղի ունեցածին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ վախի մթնոլորտ է տիրում, որն անընդունելի է: Հավատացած եղեք, որ եթե «Ելքն» էլ թեկնածու ունենար, նույն վերաբերմունքն էր լինելու: Փաստ է, որ գործող գյուղապետերից շատերը ՀՀԿ-ական են եւ խնդիր ունեն սիրաշահելու կուսակցության վերնախավին՝ այսպիսով լուծելով իրենց հետագա պաշտոնավարման հարցը: Չէ՞ որ նրանք արդեն չեն ընտրվելու, այլ նշանակովի պաշտոն է լինելու իրենցը»: Իսկ թե ինչից կամ ումից են վախենում գյուղացիները՝ Գրիգորյանի համար նույնպես անհասկանալի է։ «Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ գյուղացին ինչի՞ց պիտի վախենա, նա իր անասունն է պահում, դաշտավարությամբ զբաղվում: Պետք է լուրջ աշխատանք տարվի հասարակության հետ, որովհետեւ, եթե իրենք չվախենան, իրենց չեն վախեցնի: Մեծ գործ կա մեր ուսերին՝ փոխել հասարակության մտածելակերպը, հոգեբանությունը, որը կարծրացել է այսքան տարիների ընթացքում՝ կախված լինել գյուղապետից, մարզպետից, սոցապբաժնից, որտեղից որ նպաստ են ստանում: Մտածելակերպը եթե փոխվի, ընտրության պատկերն էլ կփոխվի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
hraparak.am
26 հոկտեմբերի 2017թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25