Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51
102

Կապանից մոտ 10 կմ հարավ-արեւելք գտնվող այդ գյուղը հին ժամանակներում մտնում էր Սյունյաց աշխարհի Կովսական (Գրհամ) գավառի մեջ:

Գյուղի կենտրոնում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (կառուցվել է 1880 թ.):

Դեռեւս 2002-ին է վերականգնվել տասնամյակների անտարբերությունից խոնարհված այդ տաճարը:

Այդ թվականին էլ տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմեի վերաօծումը՝ ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Ծավալուն հողային աշխատանքներ կատարելու շնորհիվ բարեկարգվել ու ակնահաճո տեսքի է բերվել նաեւ եկեղեցու շրջակայքը, հողային ծածկույթից ազատվել են հնամենի տապանաքարերը, որոնք գյուղի պատմության հավելյալ վկայարաններ են:

***

2019 թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման հերթական տարեդարձի օրը, գյուղի հարավ-արեւմտյան բարձունքում՝ անտառի բացատում, կանգնեցվել է երկաթակուռ մի խաչ՝ 6 մ x 3 մ չափսերով:

Խաչի օրհնությունը կատարել են արժանապատիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը եւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:

***

Ճակատենում կա հրաշալի մեկ այլ ուխտատեղի եւս: Դա Սուրբ Հովհաննես մատուռն է՝ գյուղից մոտ 3 կմ հարավ՝ Ծավ տանող ավտոմայրուղու աջ մասում՝ բարձունքի վրա:

Մատուռը 2009-ին հիմնել է Ճակատեն գյուղի երախտավոր զավակ Արշավիր Սարգսյանը:

Այն օծվել է Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի կողմից:

Առաջին իսկ օրվանից  Սուրբ Հովհաննեսն ուխտատեղի է ոչ միայն ճակատենցիների, այլև տարածաշրջանի հավատավոր բնակչության համար:

***

Գյուղից Շիկահող ձգվող ճանապարհի (Ճակատենից 3 կմ հեռավորությամբ) աջ կողմում՝ բարձունքում է գտնվել Գեղեցու խութը գյուղատեղին՝ Աստծո տաճարով։

Այդ վայրը, ըստ գյուղացիների, նաեւ այլ անուն ունի՝ Ղուզուն արտ։

Գյուղի սկզբնական անվանումը հավանաբար եղել է Եկեղեցու խութ։

Պատմում են՝ 1960-70-ականներին, տարածքը մելիորացնելու ժամանակ, փորձ է արվել հողի երեսից մաքրել դեռեւս կիսականգուն եկեղեցին։

Պատմում են նաեւ՝ այդ աշխատանքն իրականացնող եւ եկեղեցու մի մասն արդեն իսկ քանդած տրակտորիստի որդին հանկարծակի մահանում է, եւ ոչ մեկն այլևս չի համարձակվում շարունակել եկեղեցու պատերի քանդումը։

Պահպանվել է եկեղեցու հյուսիսային պատի մի մասը (հաստությունը՝ 1.20 մ), կան բազմաթիվ խաչքարեր։

Ներսում հինգ ծառ է աճել՝ փռշնի եւ հացենի։

Գյուղի վարչական ղեկավար Էդուարդ Խաչատրյանը նախնիներից լսած զրույցն է մեզ փոխանցում՝ «Գեղցու խութի եկեղեցին նշանավոր հոգեւոր կենտրոն է  եղել ժամանակին, նաեւ նշանավոր կառույց. եկեղեցու տարածքից թունել է ձգվել դեպի հարավ»։

***

Ճակատենից 5 կմ հարավ–արևելք է գտնվում Իրիգիս գյուղատեղին. Ծավ տանող ճանապարհի ձախ կողմում՝ բարձրադիր տեղում։

Պահպանվում է թաղակապ եկեղեցին, որը, ցավոք, այնպես է պատվել թփուտներով եւ մոշուտներով, որ անհնար է մոտենալ։

Տարածքում նկատվում են ջրանցքի, կավե խողովակների, գերեզմանների, խաչքարերի հետքեր։

Ենթադրվում է, որ Իրիգիսը Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Երերիք գյուղն է։

***

Ճակատենից հարավ–արեւելք (մոտ 3 կմ հեռավորությամբ), Գիրվին քարից հյուսիս Մարուր գյուղատեղին է։

Կովսական գավառի այդ գյուղը, ըստ հին հարկացուցակի (13-րդ դար) Տաթեւի վանքին տալիս էր 8 միավոր հարկ, ըստ նոր հարկացուցակի՝ 1100 դահեկան պտղի հարկ։

Գյուղի տարածքում պահպանվել է  կանգուն, թաղակապ եկեղեցի։

Ցավոք, մենք չկարողացանք այցելել այդ սրբավայր, քանզի գյուղատեղին 2020-ի պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո։

***

Ճակատենից 6-7 կմ հարավ՝ բլրի վրա է գտնվում Շնդռեն գյուղատեղին (մատենագիտության մեջ՝ նաեւ Շինդիրյան, Շնդրեն)։

1897-ին ուներ 10, 1926-ին՝ 32 հայ բնակիչ։

Ապաբնակեցվել է 1930-ականներին՝ բնակավայրերի խոշորացման պատճառով։

Շինությունների հետքերը մինչեւ հիմա պահպանվում են։

Գյուղը նաև եկեղեցի է ունեցել, որը գիտական գրականության մեջ երբեմն սխալմամբ Շինդոնի եկեղեցի է կոչվել։

Այդ գյուղատեղի ևս չհաջողվեց այցելել, քանի որ գտնվում է հայ–ադրբեջանական շփման գծում. պետք է ունենայինք սահմանապահ զորամասի հրամանատարության թույլտվությունը։

***

Իրիգիսից հարավ–արևելք է գտնվում Թումբի տարածք կոչվող վայրի մատուռը՝ չորս կողմը մելիորացված։

Այդ սրբավայրից մի խաչքար է բերվել ու դրվել Գեղեցու խութի պահպանված հյուսիսային պատի մերձակայքում։

Գյուղում պատմում են, թե Թումբի տարածքի մատուռը քանդել են դեռևս այն ժամանակ, երբ կառուցում էին Ճակատենի Սուրբ Հռիփսիմեն (1870-ականների վերջ), և մատուռի քարերն օգտագործել են այդ տաճարը կառուցելիս։

***

Ճակատենի մերձակայում կան այլ գյուղեր ևս։

Սուրբ Հովհաննես մատուռի հյուսիսային կողմով դեպի արևմուտք ձգվող ճանապարհով բարձրացանք Գլմեշ (Գրմեշ) գյուղատեղի, որտեղ գրեթե ոչինչ չի պահպանվել։

Չի պահպանվել նաև գյուղի եկեղեցին։

Ճակատենից հարավ–արևելք է գտնվում Սուսանի գյուղը։ Տարեցները պատմել են, որ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին գյուղը կանգուն էր ու հայաբնակ։

Դա Սուսանի լեռան ստորոտն է, որը մտնում է Բարգուշատի լեռնաշղթայի համակարգի մեջ։

Ճակատենից մոտ 3 կմ հարավ–արևելք է գտնվել Շինաթաղ գյուղը, որի շինությունների հետքերը նույնպես պահպանվում են։

Ըստ պատմական գրականության՝ ճակատենի տարածքի ամենահին ու խոշոր բնակավայրը Վարոս գյուղն է եղել, որտեղ էլ գտնվում էր Վարոսի վանքը։

Անտառում ծվարած այդ գյուղում, որտեղ պետք է որ լինեն եկեղեցու ավերակներ, ճակատենցիներին հայտնի չէ, ուստի և չկարողացանք տեղորոշել ու այցելել։

Այդ գյուղի մասին նշում է Ստեփանոս պատմիչը՝ իբրև Տաթևի վանքին 10 չափ հարկ վճարող բնակավայր։

Վարոսի վանքի մասին հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ Կովսականի գյուղերի մեջ։

Գլմեշից (Գրմեշից) արևմուտք, Ճակատենից 3 կմ հարավ–արևմուտք է գտնվում Թաթումարգ գյուղատեղին, որը գրականության մեջ հիշատակվում է նաև Թաթու մարագ, Թարումարք, Թութամերիկ անվանումներով։

Խորհրդային տարիներին այդտեղ էր գտնվում Ճակատենի անասնապահական ֆերման։

Եվ, այդ բոլորով հանդերձ, Ճակատենի  տարածքի ամենանշանավոր մշակութային ժառանգությունը Սյունյաց աշխարհի եւ առհասարակ Մեծ Հայքի ամենանշանավոր ամրոցներից մեկն է՝ Գրհամը:

Ճակատենից հարավ-արեւելք գտնվող այդ բերդ-ամրոցի մասին առաջինը  հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը:

Ըստ երեւույթին Գրհամը գոյություն է ունեցել 9-10-րդ դարերից:

Հիշատակվում է 1104 եւ 1166 թթ. թուրք-սելջուկների արշավանքի կապակցությամբ:

Տեսակետը, որ հենց դա է Գրհամը, հաստատել է նաեւ մեր հայրենակից, հայագետ Թ. Հակոբյանը:

Ըստ նրա՝ Գրհամը գտնվում է Ղափան-Մինջեւան երբեմնի երկաթգծի Շաիբլու կամ Շարիբլու կայարանի դիմացի լեռան գագաթի վրա (մենք նույնպես այդ կարծիքին ենք):

***

Ճակատեն անվանումը, որը լուսահոգի Ռոբերտ Էջանանցու կարծիքով պահլավերեն սկիզբ ունի, գագաթ իմաստն է պարունակում:

Գյուղանունը ոմանք էլ բացատրել են որպես արեւելահայաց կողմ՝ Բաղքի ճակատամաս:

Գյուղը նաեւ այլ կերպ է անվանվել՝ Ճաքատեն, Ճգտեն, Ճըկետեն, Ճըկտեն, Ճըքատեն, Ճկատեն, Ճկտեն, Չաքիդին, Չըքադեն, Չիկադեն, Չքատեն, Չքտեն:

Գյուղն ըստ նոր հարկացուցակի՝ Տաթեւի վանքին վճարում էր 1200  դահեկան  հարկ:

***

Ներկայիս Ճակատենը, ըստ ավանդույթի, հիմնադրվել է 17-րդ դարավերջին:

Բնակատեղին նախ եղել է Իրիգիս կոչվող հանդամասում (այդ գյուղի մասին քիչ առաջ նշեցինք), հետո՝ 19-րդ դարասկզբին տեղափոխվել է ներկայիս տեղը:

Գյուղի առաջին բնակիչները եղել են Իրանից տեղահանված Մելիք-Աղագյուլյան եւ Կարախանյան տոհմի ներկայացուցիչները:

Դեռեւս 1967 թ. գյուղում հավերժացվել է Մեծ հայրենականում զոհված 99 ճակատենցիների հիշատակը:

Անկախության տարիներին գյուղի կենտրոնում կառուցվել է մի համալիր, որն իր մեջ ամփոփում է նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված համագյուղացիների հիշատակը:

Զարմանահրաշ բնություն ունեցող գյուղը, որի հարավային մասով հոսում է Ճակատեն (Ջաղացի) գետը՝ սակավաջուր դարձած, հարուստ է դաշտային  սառնորակ աղբյուրներով:

Հ.Գ.

Ճակատենի սրբավայրեր ուխտագնացություն կատարեցինք 2026 թ. սեպտեմբերի 25-ին։

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբում էին Սամվել Ալեքսանյանը, Շուշաննա Հարությունյանը, Արմինե Մարգարյանը։

Մեզ ընկերակցում էր գյուղի վարչական ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում։

Գյուղում հանդիպեցինք նաև նշանավոր ճակատենցի Յուրա Բալասանյանին, ով հավելյալ տեղեկություններ հայտնեց տարածքի սրբավայրերի մասին։

Գյուղի սրբավայրերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս մեզ աջակցեց նաև Գագիկ Կարախանյանը։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

 

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51

Армянский след в культуре России: Фридрих Согоян, скульптор с болью в сердце

06.10.2026 11:08

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ

06.10.2026 10:21

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00