Վերջին ժամանակներս Կապանի արվեստի պետական քոլեջում համերգների պակաս չկա: Նոյեմբերի 15-ին հանդիսականը վայելեց փողային երաժշտություն: ««Երևան» փողային նվագախումբը մարզերում» համերգաշարի շրջանակում քոլեջի երգեհոնային դահլիճում հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր՝ հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյան):
Նվագախումբը հիմնադրվել է 1964 թ-ին, իր գործունեության ավելի քան վեց տասնամյակի ընթացքում անցել ստեղծագործական հարուստ ճանապարհ, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային տարբեր բեմերում:
Նվագախումբը տարբեր ժամանակներում համագործակցել է հայ և համաշխարհային երաժշտարվեստի այնպիսի մեծանուն ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Լորիս Ճգնավորյանը, Էդվարդ Միրզոյանը և այլ նշանավոր արվեստագետներ:
Նվագախմբի միջազգային հաջողությունների շարքում առանձնահատուկ տեղ ունեն 1977 թվականին և 1985 թվականին նվաճած ոսկե մեդալները և թագուհու դիպլոմը՝ Չեխիայում և Լյուքսեմբուրգում անցկացված փողային նվագախմբերի միջազգային մրցույթ-փառատոներում:
Նվագախումբը հանդիսականին հրամցրեց հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Անմասն չմնաց նաև պատանի հանդիսատեսը: Նրանց համար նվագախումբը հնչեցրեց սիրելի մուլտֆիլմերից ծանոթ ու սիրված մեղեդիներ: Իսկ տարեց ունկնդիրների հոգիներում արթնացան մանկության ջերմ հիշողություններ:
Համերգը եզրափակվեց երաժշտական երկու պոպուրիներով, առաջինը նվիրված էր մայրաքաղաք Երևանին. երկրորդը՝ մեզ բոլորիս միավորող հայրենիք Հայաստանին:
Համերգի ավարտին նվագախմբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սաքսոֆոնահարուհի Իրինա Գասպարյանը շնորհակալագիր հանձնեց արվեստի քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանին՝ համերգաշարն իրականացնելուն աջակցության և մշակութային կյանքի զարգացման ոլորտում ունեցած ներդրման համար:
Վահրամ Օրբելյան