Փետրվարի 10-15-ը մարզում էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը: Նա եղավ մարզի բոլոր քաղաքային համայնքներում, ունկնդրեց մանկական երգչախմբերի կատարումները, վարպետաց դասեր անցկացրեց արվեստի, երաժշտական եւ հանրակրթական դպրոցների երգչախմբերի խմբավարների հետ, ունկնդրեց այդ կրթօջախների երգչախմբերի ելույթները, մասնագիտական խորհուրդներ տվեց:
«Առաջին անգամ, երբ եկա Սյունիք, պատմում է նա, եկա ծանոթանալու, գոնե ինձ համար պարզելու, թե ինչ է մնացել խորհրդային ժամանակներից: Այն համոզմունքն ունեի, որ մարզը վերածնունդ պիտի ապրի, եւ դրա հիմքում պիտի լինի մշակույթը, մշակութային վերածնունդը: Որովհետեւ որեւէ բան չի կարող երջանկացնել մարդուն, եթե գոյություն ունի մշակութային վակուում, եթե կա դատարկ տարածք: Բայց այնքան էլ հիացած չէի իմ անդրանիկ այցից եւ կարելի է ասել. նեղսրտած ու տխուր էի վերադառնում Սյունիքից: Բայց որքան տխուր, այնքան հաստատակամ ու հավատով, որ մի բան պետք է անել եւ շատ կարեւոր բան»:
Բանն այն է, որ շուտով կայանալու է «Երգող Հայաստան» դպրոցական երգչախմբերի փառատոնը, եւ ճանաչված դիրիժորի այս անգամվա այցը մարզ նպատակ ուներ տեղում ծանոթանալ մանկական երգչախմբերի վիճակին: ««Երգող Հայաստան» փառատոնն արդեն որերորդ անգամ անցկացվում է, մի քանի անգամ փորձ է արվել մարզերում եւս անցկացնել, բայց ամեն անգամ խոչընդոտների է հանդիպել տեխնիկական բնույթի, նաեւ սուբյեկտիվ` որոշ մարդկանց անտարբերության ու անկազմկերպվածության պատճառով: Այդպես Սյունիքը չի հայտնվել եզրափակիչ` հանրապետական փուլում: Ինչ կստացվի այս անգամ, չգիտեմ, բայց թաքուն հույս եմ փայփայում, որ գոնե այս անգամ փառատոնի մարզային փուլը կկայանա»:
Տիգրան Հեքեքյանը լրջորեն մտահոգված է հանրապետությունում սիրողական երգչախմբերի պակասով: Նրա փոխանցմամբ` հանրապետությունում գործում է վեց պետական երգչախումբ, ինչը չես հանդիպի զարգացած երկրներում: Իսկ ահա սիրողական երգչախմբեր համարյա չկան: Մաեստրոն վկայակոչեց Հոլանդիայի օրինակը, որ նույնպես փոքր երկիր է, բայց այնտեղ 9 հազար սիրողական երգչախումբ է գործում: Իսկ մեզանո՞ւմ: Երեւույթը ներկայացնելու համար մեջբերեց ժողովրդական խոսքը` անունը կա, ամանումը` չկա: Եվ այս անգամվա այցից եւս տխուր զգացողություններ ունեցավ:
«Հանդիպումներ ունեցա երգչախմբերի խմբավարների, նաեւ այն սովորողների հետ, ովքեր այս ուստարում ավարտում են ուսումնառությունը: Նույն անմխիթար վիճակն է: Տխուր տպավորություններով եմ վերադառնում այստեղից: Շատերը չպիտի զբաղվեն իրենց մասնագիտությամբ, ոմանք դրանից այնքան են հեռացել, որ չգիտես ինչպես մոտեցնել: Հեռացել են ոչ թե մայրաքաղաքի երաժշտական կյանքին չառնչվելու (հեռավորության խնդիր կա), այլ դասական արվեստի հանդեպ վերաբերմունքի պակասի պատճառով: Այսօր նաեւ մասնագիտական ռեսուրսի խնդիր կա: Չկա նվիրյալ վերարտադրողը, այսինքը` սովորեցնողը: Երբ այս մասին խոսում ես հանրապետության մշակույթի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարների, այլ բարձաստիճան իշխանավորների հետ, կարծես պատկերացնում են խնդիրը: Բայց քանի որ մի տեսակ «ներսում» չեն, չեն գիտակցում, որ Երեւանին սպասվելու է նույն այն ճակատագիրը, նույն այն հոգեւոր դատարկությունը, որն այժմ կան մարզերում: Ուղղակի դա մի քանի տարի, գուցե մեկ-երկու տասնամյակ հետո կարող է տեղի ունենալ»:
2011թ. հոկտեմբերի 1-ին Կապան քաղաքի տոնին նվիրված հանդիսությանը մասնակցում էր Տիգրան Հեքեքյանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ: Արվեստի քոլեջում կայացած համերգից հետո դիրիժորը հայտնեց, որ մարզի ղեկավարության հետ նախատեսում են արվեստի քոլեջում կազմակերպել միջազգային փառատոներ` ինչպես երգչախմբային արվեստի, այնպես էլ երգեհոնային երաժշտության: Մանավանդ իր կարծիքով` քոլեջի դահլիճն այդ հնարավորությունն ապահովում է` հրաշալի ակուստիկայով եւ երգեհոնով: «Սյունյաց երկիրը» հետաքրքրվեց, թե որեւէ տեղաշարժ կա՞ այդ ուղղությամբ: Տիգրան Հեքեքյանը փոխանցեց, որ մտահղացումն ուժի մեջ է, բայց դարձյալ խնդրահարույց է մնում ինչպես երգեհոնի, այնպես էլ երգեհոնային դահլիճի նորոգումը:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ