«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի տարեկան հաշվետվությունը

21.12.2015 16:47
2178

Դեկտեմբերի 18-ին Կապանի մշակույթի պալատի փոքր դահլիճում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ: Նախքան դրան անցնելը տնօրենը եւս մեկ անգամ հիշեցրեց այն գործելաոճը, որ տարիներ շարունակ որդեգրել են, այն է՝ թափանցիկ գործունեություն՝ համայնքի ներկայացուցիչների ընդգրկմամբ:

Մի փոքր շեղվելով հանդիպման բուն նպատակից՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ օրը սահմանին զոհված զինվորների հիշատակը:

Հրաչ Ջաբրայանը նշեց, որ քանի դեռ տարին չի ամփոփվել, որոշ տվյալներ կներկայացվեն իննամսյա, որոշները՝ տասնմեկամսյա կտրվածքով:

Անվտանգ աշխատելաոճն աշխատանքի հիմնական նախապայմաններից մեկը համարելով՝ տնօրենը նշեց, որ անվտանգության կանոնների պահպանմանը բավականին մեծ ուշադրություն են դարձրել եւ կդարձնեն: Ըստ այդմ՝ 2015թ. նոյեմբերի դրությամբ ընդամենը վեց լուրջ պատահարի դեպքում է կանգնեցվել ձեռնարկության աշխատանքը, ինը պատահարի մասին զեկուցվել է, բայց աշխատանքը չի կանգնեցվել:

2015թ. առաջին 3 եռամսյակին արտադրված հանքաքարը կազմել է 322 հազար 178 տոննա, վերամշակված հանքաքար` 319 հազար 719 տոննա, դատարկ ապարի գոյացում` 219 հազար 336 տոննա, արտադրված ոսկի` 18 հազար 597 ունցիա, արտադրված արծաթ` 341 հազար 608 ունցիա, արտադրված պղնձի խտանյութը՝ 4265 տոննա, ցինկը` 6901 տոննա:

Առաջին ինն ամսվա դրությամբ ընկերությունը 6 մլն 820 հազար 405 դոլարի վնաս է կրել՝ պայմանավորված միջազգային շուկայում ոսկու եւ պղնձի գների անկմամբ: Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ ոսկու գինը 2015թ. հունվարից մինչեւ նոյեմբեր 21 տոկոսով նվազել է, իսկ 2011թ. մայիսի համեմատ՝ 68 տոկոսով, պղնձի գինը 2015թ. հունվարից մինչեւ նոյեմբեր նվազել է 44 տոկոսով, իսկ 2011թ. մայիսից՝ 216 տոկոսով: 2015թ. առաջին երեք եռամսյակի կտրվածքով խտանյութի վաճառքը տվել է 25 մլն դոլարի նվազում: 2015թ. առաջին 11 ամսվա ընթացքում պետությանը վճարել են 3 մլրդ 170 մլն 228 հազար դրամ հարկ: Ի դեպ, որոշ տվյալներ ներկայացվել են 2011թ. մայիս ամսվա տվյալների համեմատ, քանի որ Հրաչ Ջաբրայանը ընկերությունում սկսել է աշխատել այդ ժամանակահատվածից:

Չնայած դժվարություններին՝ ձեռնարկության համար նաեւ հաջողությունների տարի էր՝ անվտանգության կանոնների խախտման նվազում, բարելավում, որի համար կազմակերպվել են բազում ստուգայցեր, ինչպես նաեւ դասընթացներ, արտադրությունում 15 տոկոս աճ, բայց ոչ թե պղնձի եւ ոսկու խտանյութի արտադրության ավելացում, այլ հանքաքարի մշակման տեխնոլոգիաների կատարելագործում: Որպես հաջողություն նշվեցին նաեւ ձեռնարկությունում միջանձնային հարաբերությունների բարելավումը եւ շահառուների աջակցությունը:

Հրաչ Ջաբրայանի հավաստմամբ՝ երբ 2011թ. նա եկավ այս ձեռնարկություն որպես վարչական տնօրեն, 26 օտարերկրացի աշխատակից կար, այսօր 11-ն է, իսկ ղեկավար անձնակազմում ընդամենը 2 օտարերկրացի է, մնացած 11 հոգին կապանցիներ են: «Ընկերության հաջորդ ղեկավարը ղափանցի պիտի ըլլա», - նշեց Հ.Ջաբրայանը:

Չնայած միջազգային շուկայում մետաղի գների անկմանը՝ այնուամենայնիվ ձեռնարկությունը մեծ թվով աշխատակիցներ չի կրճատել. նոյեմբեր ամսվա դրությամբ ընկերությունում աշխատում է 1185 հոգի, սեպտեմբերին 1206 է, իսկ տարվա սկզբին՝ 1166: Տնօրենը հավաստիացրեց, որ եկող տարում նախատեսվում է այդ թիվը կայուն պահել, այսինքն՝ մոտ 1200: 47 աշխատակցի տարբեր պատճառներով, հիմնականում անվտանգության կանոնների խախտումով պայմանավորված, ազատել են աշխատանքից, 111 հոգի սեփական դիմումի համաձայն է ազատվել, մեծ մասամբ արտագաղթի պատճառով, 177 հոգի այս տարի աշխատանքի է ընդունվել: Միջին աշխատավարձը, ղեկավար անձնակազմի աշխատավարձը չհաշված, կազմում է 243 հազար 616 դրամ, իսկ ստորգետնյա աշխատողների, թվով մոտ 400 հոգի, միջին աշխատավարձը կազմում է 315 հազար 616 դրամ:

2015թ. հունվարից հոկտեմբեր ամիսների ընթացքում կորպորատիվ, սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրերի շրջանակներում նվիրատվության համար հատկացվել է 98 մլն 56 հազար դրամ, անցյալ տարի այդ թիվը կազմել է 180 մլն դրամ, մինչեւ տարվա վերջ այդ թիվը հնարավոր է հասնի մինչեւ 120 մլն դրամի: Համայնքային ենթակառույցներին հատկացվել է 47 մլն 311 հազար դրամ, մշակութային, կրթական եւ առողջապահական աջակցության համար՝ մոտ 16 մլն դրամ, համայնքում իրականացված այլ ներդրումները՝ 35 մլն դրամ: 2015թ. ընկերության իրականացրած ամենամեծ սոցիալական ծրագիրն էլեկտրոնային գրադարանի համար հատկացված 40 մլն դրամն է: 2016թ. սոցիալական ծրագրերից խոսելիս Հրաչ Ջաբրայանը նշեց, որ քաղաքում նոր մանկապարտեզ կառուցելու 200 մլն դրամ արժողությամբ երկամյա ծրագիրն է, որտեղ կհաճախի մոտ 140 երեխա, եւ 33 աշխատատեղ կստեղծվի:

Այս տարի տարվա լավագույն աշխատակից ճանաչված Անդրանիկ Աղաջանյանն ստացավ 1 մլն դրամ, երկրորդ տեղին արժանացած Սլավիկ Պետրոսյանը՝ 500 հազար դրամ, իսկ եւս հինգ աշխատակից էլ՝ 100 հազարական դրամ:

Բացի աշխատանքից՝ տարվա ընթացքում կազմակերպվել են նաեւ տարբեր ժամանցային միջոցառումներ:

Զեկույցի ավարտից հետո հարցեր, առաջարկություններ, երախտագիտության խոսքեր հնչեցին:

Մասնավորապես «Կայուն զարգացում» հկ նախագահ Արմեն Փարսադանյանը հարցրեց աշխատավարձի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ աշխատողների տեղափոխման մասին: Հարցին ի պատասխան՝ Հ.Ջաբրայանը նշեց, որ աշխատավարձն այս տարի 7-8 տոկոսով աճել է, իսկ 2011թ. մայիսից մինչեւ 2015թ. ապրիլ՝ 38 տոկոսով: Ինչ վերաբերում է աշխատողների տեղափոխվելուն, ապա դա մտահոգիչ չէ, քանի որ 4-5 հոգի է գնացել:

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը շնորհակալություն հայտնեց Հրաչ Ջաբրայանի վերաբերմունքի, հոգածության համար եւ նշեց, որ երեխաները միշտ սպասում են նրան: ՀԱՕԿ Սյունիքի մարզային ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը, «Ողջի» հկ նախագահ Կամո Դավթյանը մշտական աջակցության, ուշադրության համար շնորհակալություն հայտնեցին ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին:

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը խոսեց ընկերության եւ քոլեջի միջեւ կնքված համագործակցության պայմանագրի մասին, որ հնարավորություն տվեց 2015-17թթ. բիզնես ծրագրում փոփոխություններ կատարել եւ ներդնել նոր մասնագիտություն՝ հարստացնողի (ֆլոտատոր) որակավորմամբ՝ արտադրական պահանջներին, աշխատաշուկային, այս ձեռնարկության որակավորման պահանջներին համապատասխան: Քոլեջի տնօրենը նշեց, որ այսօր այդ մասնագիտությամբ սովորող 13 ուսանող ունեն եւ հուսով են, որ առաջիկայում այդ թիվը կավելանա, քանի որ մարզում գործող երկու խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններն էլ դրա կարիքն ունեն:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը, բարձր գնահատելով ընկերության գործունեությունը, մարզական գույքով աջակցելու խնդրանքով դիմեց Հրաչ Ջաբրայանին:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արհմիության կազմակերպության նախագահ Արսեն Հայրապետյանը նշեց, որ, անկախ միջազգային շուկայում ստեղծված իրավիճակից, սեփականատեր կանադական ընկերությունն աշխատող չի կրճատել, եւ դա ոչ միայն սեփականատիրոջ խնդիրն է, այլեւ յուրաքանչյուր կապանցու: Նա կոչ արեց ընկերության համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծել եւ թեւ ու թիկունք լինել ընկերության ղեկավարությանը:

««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» հկ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին գալիք տոների առթիվ, մեր տարածաշրջանում երեխաների ամառային հանգստի համար ճամբար բացելու առաջարկով հանդես եկավ՝ խորհրդային տարիների փորձը հաշվի առնելով: Ի դեպ, այդ տարիներին մեր տարածաշրջանում գործում էր յոթ ճամբար, որից միայն մեկն է այսօր առկա՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանի ջանքերի շնորհիվ:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ համայնքի եւ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Գայանե Թադեւոսյանը, ամփոփելով միջոցառումը, շնորհավորեց ներկաներին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առթիվ՝ մաղթելով հաջողություն, առողջություն եւ բարեկեցություն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25