Դավիթ Բեկ. մեր գահերեց զորավարը՝ առասպելացած, մեր անպարտելի ոգու այսօրեական ու մշտնջենական խորհրդանիշը

21.06.2022 10:59
4625

Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 6-րդ համարը, որը նվիրված է Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմի 300-ամյակին:

Համարը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախարար՝ Վահրամ Դումանյան, նախարարի տեղակալ՝ Արայիկ Խզմալյան) և Գորիսի համայնքապետարանի (համայնքի ղեկավար՝ Առուշ Առուշանյան) հովանավորությամբ. նրանց՝ մեր խմբագրակազմի և ընթերցողների երախտագիտությունը: https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_06.pdf

Հանդեսը բացվում է Սամվել Ալեքսանյանի հեղինակած խմբագրականով, որը ներկայացնում ենք ստորև:

 

***

Դավիթ Բեկը, ով հայոց զորականի կերպարին մինչև հիմա վեհություն է բերում, հայրենատիրոջ մեր վարքին՝ արծվենի ճախր...

Սյունիքի հազարամյա պատմության փառավոր էջերից է 18-րդ դարասկզբին (1722-1730թթ.) Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմը:

Ինչպես մատենագիրներն են արդարացիորեն նշում՝ այդ շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես փայլուն, առանձնացված երևույթ, որ իբրև ազգային ազատության մարմնացում՝ չուներ իր նմանը Կիլիկիայի հայոց անկախության խորտակումից հետո (1335թ.):

Երեք հարյուր տարի առաջ տեղի ունեցած՝ հայ ժողովրդի պատմության հերոսական այդ դրվագին է նվիրված «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի սույն՝ 6-րդ համարը:

Պատմական այդ իրադարձությանն անդրադառնալու պատճառը հերթական դարելիցը չէ սոսկ:

Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական կռիվներն աներկբա վկայությունն են Սյունյաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս:

Դավիթ Բեկի հերոսամարտը յուրօրինակ նախապատմություն է մեր օրերում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների. վերստին ընթերցելով այդ ժամանակաշրջանի պատմությունը՝ բազմաթիվ հարցերում համահնչունություն ենք տեսնում:

Մի կարևոր հանգամանք ևս՝ Դավիթ Բեկը զինյալ հայրենասիրության տիպար է: Տեսեք, թե ինչ է գրում այդ առումով մեծ սյունեցի, աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը՝ անդրադառնալով Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպին. «Նրա հայրենասիրությունը նորություն է, անվանենք մի բառով՝ զինյալ հայրենասիրություն: Դավիթ Բեկն իր զինակիցներով մարմնացնում է այդ հայրենասիրության գաղափարը»:

Իսկ դա հայրենասիրության և հայրենատիրության մի տեսակ է, որի կարիքը հայ ժողովուրդը (առավել, քան երբևէ) ունի այսօր:

Դա նշանակում է նաև՝ Դավիթ Բեկը դարձել ու մնում է հայոց արժանապատիվ հարատևության առասպելացած, բայց և իրական, այժմեական ու մշտնջենական խորհրդանիշը:

Դրանում համոզվելու համար մի պահ հետադարձ հայացք ձգենք, օրինակ, Լեռնահայաստանի 20-րդ դարասկզբի հերոսամարտին: Գարեգին Նժդեհն ու նրա զորաշարքերը մարտի էին գնում կարգախոսով՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար» կամ «Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ ոգին»  և այլն:

Վերհիշենք Արցախյան վերջին երեք պատերազմին սյունեցիներիս մասնակցությունը. քանի-քանի օրինակ ունենք, երբ մարդիկ ճակատ էին մեկնում՝ նախապես այցելելով Դավիթ Բեկի զորահրամանատարներ Մխիթար Սպարապետի, Թորոս Իշխանի և մյուսների գերեզմաններ՝ ոգի առնելով նրանց դյուցազնական կերպարներից:

Մի խոսքով՝ Դավիթ Բեկի ու նրա զորականների կերպարը ոգեշնչման աղբյուր էր և́ Լեռնահայաստանի հերոսամարտի, և́ Արցախյան պատերազմների մասնակիցների համար:

Այդպես էր նաև Մեծ հայրենականին մասնակցող մեր ծնողների համար:

Արդյո՞ք պատահական էր, որ Հայրենական մեծ պատերազմի ամենաբախտորոշ պահին՝ 1941-ին, խորհրդային կինեմատոգրաֆիան որոշեց նկարահանել «Դավիթ Բեկ» հերոսապատում-ֆիլմը, որը հաջողությամբ իրականացրեց Համո Բեկնազարյանը: Ի դեպ, Դավիթ Բեկի մոնումենտալ կերպարն էլ ֆիլմում ստեղծեց Հրաչյա Ներսիսյանը, թեմային համահունչ երաժշտության հեղինակն էլ մեր հայրենակից Աշոտ Սաթյանն է՝ Ավետիք Իսահակյանի տեքստերի հիման վրա:

Մի՞թե պատահական էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հրաշալի Արմեն Տիգրանյանը ծնունդ տվեց «Դավիթ Բեկ» պատմահայրենասիրական օպերային:

Ու թեև Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարից անցել է երեք հարյուր տարի,  այդ գոյակռվի դասերը շարունակում են մնալ հույժ այժմեական:

Այսպես՝ մենք հաղթել ենք, երբ մեր արիությանը միացած է եղել մեր միաբանությունը, երբ չի կեղծվել մեր հավաքականությունը:

Սույն համարի առիթով գրված հոդվածում գրականագետ Դավիթ Գասպարյանն այնքա՜ն ճիշտ էր կարևորում ազգային մեր միասնությունը՝ «Բավական է: Պատմությունն ու Դավիթ Բեկը մեզ սթափության են կոչում: Բոլոր մանր անձնական, նեղ կուսակցական շահերը թողնենք մի կողմ և ուժ գտնենք միաբանվելու ու համատեղ ելք որոնելու: Ինչպես ժամանակ առաջ, հիմա էլ հայրենիքը մեզ է կանչում»:

Հաջորդ դասը մեզ համար չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ բարեկամությունը՝ որքան էլ առկա են բազմաթիվ հարցեր և տարակույսներ բազմադարյա մեր հարաբերություններում:

Այնուհետև՝ Արցախի լինելիությամբ է պայմանավորված Սյունիքի արժանապատիվ գոյությունն ու ընթացքը, և ընդհակառակը. ուրիշ ճանապարհ չկա: Վերընթերցեք հայոց այդ երկու երկրամասի պատմությունը և դրանում կհամոզվեք նորից դրա փայլուն վկայությունն է նաև 18-րդ դարասկզբի սյունիքյան ազատամարտը:

***

Ի՞նչ սկզբունքով կառուցեցինք համարը:

Նախ՝ հավատարիմ մնալով հանդեսի տրամաբանությանն ու առաքելությանը, շրջանցեցինք բանավիճային թեմաների քննարկումը, իսկ վիճելի ու հակասական հարցերը քիչ չեն:

Այնուհետև՝ ազատագրական այդ պայքարի պատմությանը հանգամանալից ու բազմակողմանի անդրադառնալու անհրաժեշտություն չտեսանք՝ դարձյալ հավատարիմ մնալով պարբերականի տրամաբանությանը, և ավելի շատ կենտրոնացանք մեր մշակութային տիրույթներում Դավիթ Բեկի կերպարի մեկնություններին:

Պատմական իրադարձությունների վերաբերյալ ընդհանրական պատկերացում կազմելու համար առաջարկում ենք Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի պատմությունը», որը հիմնականում շարադրված է Ստեփանոս Շահումյանի և Տեր Ավետիքի պատումների հիման վրա:

Պատմությանն հատկացված բաժնում առաջարկում ենք նաև Արմեն Այվազյանի հոդվածը՝ «1720-ական թվականների Սյունյաց իշխանապետության տեղագրության մասին», որով ցուցանում ենք Ղափանի իշխանապետության սահմաններն ու ընդգրկված տարածքը:

Անշուշտ, հետաքրքիր են ապստամբության ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները: Այդ առումով կարևորեցինք Հովհաննես Այվազյանի «Դարձյալ Դավիթ Բեկի ծագումնաբանության հարցի շուրջ» հոդվածի հրապարակումը:

Անտարակույս, ապստամբության հերոսների տոհմագրության վերաբերյալ ընթերցողի պատկերացումն առավել հարստացրած կլինեինք, եթե հանդեսում զետեղեինք նաև Նիկողայոս Ադոնցի «Դավիթ Բեկ և Տեր Ավետիքի սերունդը» հոդվածը, ինչպես և Ստեփան Լիսիցյանի հեղինակած «Մելիք Փարսադանյանների տոհմածառի բացատրագիրը», գերդաստանի տոհմական տախտակը: Բայց համարի սեղմ ծավալն այդ հնարավորությունը չտվեց:

Հնարավորություն չունեցանք ներկայացնել նաև ազատագրական պատերազմի վճռորոշ ճակատամարտերը:

Ինչպես արդեն ասել ենք՝ համարում առավելապես կենտրոնացել ենք Դավիթ Բեկի կերպարի մշակութային անդրադարձներին. հերոսամարտն առատ նյութ է տվել բազմաթիվ ու ամենատարբեր ժանրերի գեղարվեստական ստեղծագործությունների:

Այդ առումով ուշագրավ է գեղարվեստական գրականությունը. Րաֆֆու «Դավիթ Բեկ» և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպեր, «Դավիթ Բեկ և Մելիք Ֆրանգյուլ» լեգենդ (հեղինակներ՝ Գրիշա Մանուչարյան, Տիգրան Գրիգորյան), «Զորավար Բալի» պոեմ (հեղինակ՝ Գրիգոր Գևունց):

Դրանցից հատվածներ ենք առաջարկում ընթերցողին:

Հատկապես նշված երկու պատմավեպի գեղարվեստական արժեքը նորովի ենք ընկալում Նիկողայոս Ադոնցի, գրականագետ Դավիթ Գասպարյանի ու երջանկահիշատակ Սևակ Արզումանյանի գրականագիտական անդրադարձումներից:

Րաֆֆու «Դավիթ Բեկ»-ի վերլուծականում Դավիթ Գասպարյանը գտնում է՝ ««Դավիթ Բեկը» մի վեպ է, ինչը պիտի դասագիրք լինի բոլոր ռազմական ուսումնարաններում. այն պարտավոր են կարդալ և ուսումնասիրել շարքային զինվորից մինչև գեներալ, նախարար ու շտաբի պետ: Այստեղ ոչ միայն ոգին է, այլև ռազմական արվեստը, նաև երկրագիտությունն ու տեղագրությունը»:

Դավիթ Բեկի կերպարը պատշաճ  տեղ է զբաղեցրել հայ օպերային արվեստում:

Օպերան նորովի է արժևորվում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հոդվածում: Հեղինակը եզրակացնում է՝ «Շնորհիվ հայ մեծ զորավար Դավիթ Բեկի սխրանքների՝ հայ երաժշտական թատրոնը հարստացավ ևս մեկ անգին գոհարով՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերայով, որը կարևոր հանգրվան դարձավ հայ օպերային արվեստի պատմության մեջ»:

Մենք ականատես ենք Դավիթ Բեկի կերպարի էկրանավորմանը: Խոսքը, ինչպես ասացինք, Համո Բեկնազարյանի հայրենասիրական էպիկական կինոկտավի՝ «Դավիթ Բեկ» ֆիլմի և Էդմոնդ Քեոսայանի «Հուսո աստղ» կինոնկարի մասին է, որի առաջին մասը վերնագրված է «Դավիթ Բեկ»:

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանույշ Գալստյանի հոդվածը՝ այդ կինոնկարի մասին, ներկայացված է համարում:

Գեղանկարչությունը նույնպես արձագանքել է Դավիթ Բեկի թեմային:

Հայկական գեղանկարչության տիրույթում ստեղծվել ու ստեղծվում են բազմաթիվ մեծարժեք գործեր. դրանցում քիչ տեղ չի զբաղեցնում դիմանկարի ժանրը՝ հագեցած կերպարի կոնկրետությամբ, անհատականությամբ, ճշմարտացիությամբ, հոգեբանական խորությամբ ու հերոսականությամբ:

Համարում ներկայացվող մի շարք ստեղծագործություններից առաջինը կուզենայինք նշել Էդուարդ Իսաբեկյանի «Դավիթ Բեկ» կտավի մասին: 1945 թ. ծնված այդ ստեղծագործության առիթով հեղինակը գրել է՝ «... Նկարել եմ «Դավիթ Բեկ»... հրաշալի նկարը, որի ցուցադրության ժամանակ Հրաչյա Ներսիսյանը ճակատս համբուրեց»:

Եթե խոսքը կերպարվեստի մասին է, ապա հնարավոր չէ շրջանցել թեմային առնչվող գրքերի նկարչական ձևավորումները, «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորման էսքիզները (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան):

Գրքային գրաֆիկայում գնահատելի է Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի պատմությունը» գրքի ձևավորումը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի, ինչպես և «Մխիթար Սպարապետ» վեպի նկարազարդումն Էդուարդ Իսաբեկյանի կողմից:

Ճարտարապետություն և մոնումենտալ արվեստ... Այդ ոլորտում ևս հավերժորեն տեղ է գտել Դավիթ Բեկի կերպարը:

Դրա ամենավառ վկայությունը Կապանի հուշարձանն է, որը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի համարձակ մտահղացման արգասիքն է. Դավիթ Բեկի կերպարում ընդգծվում է ոչ միայն խիզախ, անվեհեր զինվորը, այլև զորավարը, դիվանագետը, քաղաքական գործիչը:

Պարզվում է՝ հայ ռազմապարերի շարքում նույնպես «Դավիթ Բեկի» պար ունենք, ինչի մասին իր հարցազրույցում տեղեկացնում է Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանը: Այդ պարը մեզ փոխանցել է պարահավաք, բանահավաք, ազգագրագետ, հայ պարարվեստի երախտավորներից մեկը՝ Արտաշես Կարապետյանը:

Եվ, իհարկե, թատերական արվեստի մասին...

Րաֆֆու «Դավիթ Բեկի» հիման վրա ստեղծված սցենարով առաջին ներկայացումը բեմադրվել է 1942-ին. այդ մասին իմանում ենք «Սովետահայ թատրոնի տարեգրություն» գրքի 2-րդ հատորից: Բեմադրությունն իրականացրել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը:

Այնուհետև՝ մոտ հիսուն տարի առաջ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետթատրոնում Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպի մոտիվներով բեմադրվեց համանուն ներկայացումը:

Խորհրդային ինտերնացիոնալիզմի տարիներին ռեժիսորը համարձակվեց ներկայացման առանցքում դնել կոչը՝ «Հայեր, չհավատաք թուրքերին»:

1980-ականների կեսերին, երբ Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը ղեկավարում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, Կապանում իրականցվեց Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպի թեմաներով մի բացօթյա բեմադրություն, որը մինչև հիմա կապանցիների հիշողության մեջ է:

***

Համարի վերջվածքում՝ առաջին հայացքից հակասական մի քայլի ենք դիմում՝ ցույց տալով, որ Դավիթ Բեկը գերեզման իջավ Վահանավանքի գավթում՝ Սյունյաց արքաների գերեզմանների հարևանությամբ:

Իհարկե, հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է ամփոփվել գահերեց իշխանի աճյունը, և դրա վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան: Այդ հարցը հետաքրքրել է նաև Րաֆֆուն, ով 1881-ին շրջայց է կատարել Սյունիքում՝ Դավիթբեկյան հետքերով:

Եվ ահա, թե ինչ է պատմել վիպասանը (ըստ Արտաշես Ծատուրյանի «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» ժողովածուի)՝ «... Ես շատ փնտրեցի Դավիթ Բեկի գերեզմանը, բայց, ցավոք սրտի, ինձ չհաջողվեց այդ սրբազան դամբարանը տեսնել: Հալիձորի բերդի դարբասի առաջ միտքս գրավեց մի խոշոր դամբարանաքար, սիրտս բաբախեց հուզմունքից, բայց երբ վերծանեցի արձանագրությունը, տեսա, որ կալերցի Մահտեսի Հայրապետի գերեզմանն է, վախճանված 1651 թվականին: Գտա և Մելիք Փարսադանյանի կողակցի՝ Ռեհանի դամբարանը, վախճանված 1741 թվականին: Շատ հետախուզեցի բերդի եկեղեցու ներսն ու գավիթը, նույնպես Հալիձոր գյուղի հին եկեղեցու շուրջը, դարձյալ ապարդյուն: Հետո Վահանավանքում շատ ման եկա, տեսա Սյունյաց իշխանների, հոգևոր հայրերի շիրիմները, բայց փնտրածս չկա ու չկա: Մտածեցի, թե այստեղ մի առեղծված կա. այդպիսի կարծիք հայտնեցին և Բեխի ծերունիները, թե տապանաքարը թաքցված է կամ շրջված հակառակ երեսի վրա՝ գրերը թաքցնելու նպատակով: Ո՞վ էր շահագրգռված այդ բանն անելու. իմ կարծիքով կամ՛ հարազատներն են թաքցրել Դավիթ Բեկի աճյունը՝ թշնամիների պղծումից փրկելու համար, կամ՛ թշնամիները՝ նրա հիշատակը ջնջելու համար, որի հուշարձանը, որպես ազատամարտի դրոշ, կարող էր միշտ խանդավառել սյունեցիների ըմբոստ ոգին: Առանց մարգարեության, համոզված եմ, որ մեզանից հետո էլ մեր հայրենասեր սերունդը կհայտնագործի այդ մեծ սրբությունը»: 

Սակայն... Համարը նախապատրաստելու ընթացքում՝ «Գաւառ» թերթի 1927 թ. № 27-ում (30 յունիսի, Ղափան) գտանք Նիկ. Ա. Պետրոսեանի հոդվածը՝ «Ժողովրդական պարտքը» վերնագրով:

Ահա, թե ինչ է ասված այդ հոդվածում՝ «Քաղաքակիրթ աշխարհը իր ազգային հերոսներին աշխատում է իր պարտքը մատուցանել, յայտնի դարձնել կապել նրանց անձնաւորութիւնը ժողովրդի հետ: Մեզանում սակայն մանաւանդ վերջին տարիներս սառնասրտութիւն է նկատւում դէպի պատմական անձնաւորութիւնները, սրանց յիշատակը: Նման պատմական հերոսներից է նաև Սիւնիքի ԺԸ-րդ դարու հերոս պաշտպան Դաւիթ Բէկը, որի յիշատակը մնում է մի մամռապատ բերդ թողնւած բնութեան ու մարդկային ձեռքի աւերածութիւններին ենթակայ:

Ո՞վ չէ կարդացել Րաֆֆու համանուն գիրքը, ո՞վ չէ ապրել այդ հերոսի հետ, ո՞վ չէ սրտի բերկրանք ու հոգու զօրեղ պարծանք զգացել լսելով Դաւիթ Բէկի քաջագործութիւնների մասին: Սակայն նրա գերեզմանն իրապէս մնում է անխնամ ու անյիշատակ:

Քանի դեռ գերեզմանի տեղը գիտցողներ կան ինչո՞ւ չկատարել հասարակական սրբազան պարտքը, ինչո՞ւ անմոռաց չդարձնել Դաւիթ Բէկի յիշատակը և ապագայ սերնդի համար ոգևորիչ մի կոթող չթողնել նրա շիրմի վրայ մի համեստ  գերեզմանաքար  կանգնեցնելով:

Պատմական Սիւնիքը պարտաւոր է ապրել իւր պապերի յիշատակներով, և սերնդէ սերունդ աւանդ թողնել իւր պատմական յիշատակարաններն ու կոթողները:

Սիրում ենք յուսալ, որ մեր առաջարկն անարձագանք չի մնայ պարտաճանաչ սիւնեցիների սրտում»:

Կյանքը ցույց տվեց, որ հոդվածին հետևողներ չգտնվեցին...

Եվ Սերո Խանզադյանը «Մխիթար Սպարապետ» վեպում խնդրին իր «լուծումը» տվեց՝ հենվելով ոչ թե փաստերի ու պատմական հիմքերի, ոչ թե գեղարվեստական երևակայության, այլ պատմական տրամաբանության վրա: Հալիձորում մահկանացուն կնքած գահերեց զորավարը կարող էր հողին հանձնվել մոտակայքում գտնվող ամենանշանավոր տաճարում՝ Վահանավանքում, ինչը ամենահավանականն է...

Պատմական տրամաբանությունը մենք ողջամիտ համարեցինք...

***

Սյունյաց աշխարհում բազում վայրեր կան՝ նվիրագործված Դավիթ Բեկի անվամբ՝ ամրոցներ (թեև ավերակված), սրբավայրեր, բնակավայրեր, ճակատամարտի վայրեր, քաղաքների թաղամասեր ու փողոցներ և, իհարկե, գերեզմաններ, որոնցում ամփոփված են Դավիթ Բեկի զորահրամանատարների, զինվորների աճյունները:

Բոլոր այդ վայրերը մինչև այսօր էլ իրենց են ձգում ուխտավորների...

Մեր խմբագրակազմը նույնպես (սույն համարի նախապատրաստման ընթացքում) ուխտագնացությունների շարք ձեռնարկեց դեպի Դավիթբեկյան վայրեր...

Այդ այցելությունների ընթացքում և ընդհանրապես համարը նախապատրաստելիս երիցս համոզվեցինք, որ 18-րդ դարասկզբի սյունիքյան ազգային-ազատագրական շարժման պատմությունը հետագա ուսումնասիրման կարիք ունի:

Մենք, ինչպես արդեն նշել ենք, զերծ մնացինք բանավիճային թեմաներից: Նման թեմաների շարքում է Դավիթ Բեկին հաջորդած Մխիթար գահերեց զորավարի սպանության հանգամանքների վերհանումը: Այդ հարցին բազմակողմանի անդրադարձ ենք կատարել «Սյունյաց երկիր» թերթի՝ Խնձորեսկ գյուղին նվիրված բացառիկ համարում, որը, ցավոք, լույս տեսավ միայն էլեկտրոնային տարբերակով  (1 հունիսի 2020թ.): Ուստի և նպատակահարմար չգտանք խնդրին վերստին անդրադառնալ:

***

2020թ. նոյեմբերի 9-ից և հատկապես այդ տարվա դեկտեմբերի 18-ից հետո Սյունիքի շուրջ ստեղծվել է ռազմաքաղաքական նոր իրավիճակ՝ բազմաթիվ հարցականներով և անորոշություններով:

Դրան ավելանում են հակահայկականությամբ մոլագար ադրբեջանական պետության ղեկավարի չդադարող հոխորտանքը, մեր երկրամասի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային պահանջների շքերթ-զառանցանքը...

Կարևորելով տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ազգային մեր երազանքը, բացառիկ նշանակություն ենք տալիս հայրենատեր լինելու ազգային մեր առաքելությանը, այն էլ՝ Դավիթբեկաբար:

Տա Աստված, որ Դավիթբեկյան հայրենատիրության կրողն ի վերջո դառնա հայոց անկախ պետությունը...

Այնպես որ՝ Սյունիքը սպասում է Դավիթ Բեկի գործի մերօրյա շարունակողների հառնումին, ովքեր պետք է գան ու հայոց արևելյան կողմը վերստին լցնեն հաղթանակի աղաղակով ու հայրենատիրության կոնկրետ դրսևորումներով, ինչպես արեց Գարեգին Նժդեհը մեկ դար առաջ, ինչպես արեցին մեր ավագները 1990-ականների սկզբին...

Ասել է թե՝ շատ ամոթ կլինի, եթե Դավիթբեկյան տեսակի առաջնորդներին ու հերոսներին չկանչենք մեր միջից, եթե այդ տեսակի նորօրյա կերտումը չապահովենք...

Եվ ուրեմն՝ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի սույն համարը նաև մեր փառքերը զարթնեցնելու, այգաբացը մոտեցնելու խնդիր ունի:

Ուրեմն և՝ հազար փա՜ռք Դավիթ Բեկին, որ հայոց զորականի կերպարին մինչև հիմա վեհություն է բերում, հայրենատիրոջ մեր վարքին՝ արծվենի ճախր...

Սամվել Ալեքսանյան

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29