Նրանք մեզ հետ են, մեր սրտերում

13.03.2025 14:39
641

Եկել էին, Ստեփանակերտից, Երևանից, Ղափանից, Քաջարանից, Գորիսից, շրջակա գյուղերից՝ մասնակցելու Հայրենական պատերազմում զոհված կորնիձորցիների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը։

Գյուղսովետի գործկոմի նախագահ Ա. Հովակիմյանի բացման խոսքից հետո Գյուլվարդ Բաբաջանյանը, ով Հայրենական մեծ պատերազմում կորցրել էր ամուսնուն, որդուն և միակ եղբորը, հուշիկ քայլերով մոտենում և դողդողացող ձեռքերով կտրում է հուշարձանի ժապավենը։ Սպիտակ պաստառը սահում է ներքև, և մեր առջև իր ողջ հասակով կանգնում է հուշարձան դարձած արծվաքիթ հայ զինվորը՝ ոտքը դրած վիշապօձի գլխին, ձեռքերի մեջ ամուր սեղմած սուրը, հայացքն ուղղած դեպի Սյունյաց աշխարհի բարձրագագաթ լեռները:

Նվագախմբի նվագի և ծափերի որոտի տակ գյուղի կուսակցականները, կոմերիտականները, դպրոցի աշակերտները և շատ ուրիշներ ծաղկեպսակներ են դնում հուշարձանի պատվանդանին, որի վրա փորագրված է. «ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ»։

Զեկուցման համար խոսքը տրվում է Կորնիձորի կոլտնտեսության նախագահ Ա. Սրապյանին։ Նա հանգամանորեն խոսում է զոհվածների սխրանքների մասին, ովքեր, պատերազմի հենց առաջին օրերին, վերջին անգամ հենց այս նոր գյուղատեղիում ողջագուրվեցին հարազատների հետ ու, մեկնելով ռազմաճակատ, փառքով պսակեցին իրենց անունները։ Սովետական Միության բոլոր ազգությունների գավակների հետ միասին, կորնիձորցիները ևս հերոսական մարտեր են մղել Կովկասի նախալեռներում, Բելոռուսիայի, Ուկրաինայի, մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար։ Եվ նրանք իրենց արյան գնով նպաստել են անարգ թշնամու ջախջախման ու սոցիալիզմի նվաճումների պահպանման գործին։

Թեև արդեն անցել է 23 տարի այդ օրից, ինչ լռել է պատերազմի որոտը, մենք խորին երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքը զոհաբերած և անմահացած մեր մարտիկներին:

Այնուհետև Ա. Սրապյանը կարդում է այն կորնիձորցիների անունները, ովքեր պատերազմից չվերադարձան և որոնց պատվին հայրենակիցները կանգնեցրին այս հիանալի կոթողը:

Գյուղի ութամյա դպրոցի դիրեկտոր Հ. Մովսիսյանը ներկաներին ծանոթացրեց զոհվածների մի շարք նամակներին, որոնք գրվել էին մարտի թեժ պահերին՝ հույսով ու հավատով:

Հուշարձանի բացման առթիվ իրենց խոսքն ասացին Ա. Մելքումյանը (Տեղ գյուղ), Բ. Հովհաննիսյանը, Ա. Սիմոնյանը, Ռ. Խաչատրյանը և ուրիշներ: Հուզիչ ելույթ ունեցան գյուղի պիոներ-դպրոցականները:

Սրտառուչ խոսքով հանդես եկավ նաև կուսակցության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Քր. Պետրոսյանը:

Զինվորի հուշարձանի առջև

Կանգնել ես հպարտ, ժպտում ես կարծես

Ձորից դուրս ելած մեր նոր ավանում,

Կարծես ասում ես. «Երջանիկ եմ ես,

Որ Հայրենիքը ինձ չի մոռանում»։

Քո ոտքերի տակ իր շունչը փչած

Օձ-թշնամուն եմ ես փռված տեսնում,

Եվ հատու սուրդ այդ օձին դրած՝

Մեր գալիքին ես դու անթարթ նայում։

Շուրջդ կանաչ է, արտերի խոր ծով,

Ծաղկով կզուգեն քեզ հետնորդները,

Ու ամեն անգամ հազար անեծքով

Նզովք կստանան նենգ ֆաշիստները։

Դավթի պես խրոխտ կանգնիր, իմ ընկեր,

Դարերին նայիր տեսքով հաղթական,

Թող գան ու կարդան սերունդները մեր,

Թե իրենց կյանքով ում են պարտական:

ՍԱՐԳԻՍ ԽՈԻՐՇՈԻԴՅԱՆ

Կորնիձոր

«Զանգեզուր» թերթ,

21 մայիսի, 1968 թ.

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09