Դավիթ Դանիելյան. «Հորս ստեղծագործությունները ոչ միայն գեղանկարչական գրավչություն և արժեք ունեն, այլև մշակութաբանական»

13.01.2025 14:37
1045

ՀՀ Ազգային ժողովի սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեր լսարանին առավել հայտնի անձնավորություններից է։ Նրա հետ քանիցս զրույց ենք վարել հասարակական–քաղաքական թեմաների կամ մարզին մտահոգող հարցերի շուրջ։ Այսօր, սակայն, մեր զրույցը գեղանկարչության մասին է, ավելի ճիշտ՝ իր հոր՝ Հրանտ Դանիելյանի արվեստի մասին, որին առնչվեցինք 2024 թ. դեկտեմբերի 4-ին՝ Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում՝ «Իմ սիրտը Կապանում է» խորագրով։

– Պարոն Դանիելյան, իրականում այնքան էլ դյուրին չէ որդու հետ հոր ստեղծագործական ժառանգության մասին զրուցելը, բայց փորձենք դա անել...

Նախ՝ դեկտեմբերի 4-ի ցուցահանդեսի մասին. ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ինչպե՞ս կյանքի կոչվեց։

– Հայրս իր 60-ամյակի կապակցությամբ պատրաստվում էր ունենալ «Իմ սիրտը Կապանում է» խորագրով ցուցահանդես: Իրեն հատուկ կազմակերպվածությամբ և շատ մանրակրկիտ կերպով պատրաստվում էր այդ իրադարձությանը: Սակայն 2020 թվականի պատերազմի հետևանքով երկրում ձևավորված դրությունը ստիպեց հետաձգել այդ ցուցահանդեսը: Շատ լավ հիշում եմ մեր զրույցը, երբ հայրս ասաց՝ այդքան երիտասարդ զոհեր ունենալով՝ տեղին չէ իր 60-րդ տարեդարձը ցուցահանդեսով նշանավորելը: Ավա՜ղ, նա չգիտեր, որ հաջորդ տարի իր կյանքը կընդհատվի: Հենց այդ պատճառով որոշեցինք երազանքն իրականացնել, ցավոք, առանց հայրիկիս ներկայության: Կազմակերպեցինք ցուցահանդես Երևանի նկարիչների միությունում, իսկ հաջորդ տարի՝ ցուցահանդեսը բացվեց նաև Կապանում:

– Ցուցասրահում որքա՞ն նկար էր ներկայացված, կարծում ենք ցուցադրվածը Հրանտ Դանիելյանի ստեղծագործական ժառանգության միայն մի մասն էր, թե՞...

Եվ եթե ընտրանի է եղել, ապա ի՞նչ սկզբունքով եք ընտրություն կատարել։

– Այո, իր ստեղծագործությունների միայն մի մասն էր ներկայացված: Հիմնականում վերջին տարիների կապանյան բնապատկերներն են, գյուղական տեսարանները և խուստուփյան էտյուդներ:

– Մենք բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցելու առիթ ենք ունեցել և՛ մարզում, և՛ մայրաքաղաքում, բայց դեկտեմբերի 4-ի ցուցահանդեսի բազմամարդությունը տպավորություն թողեց։

Ձեր գնահատականը՝ դա խելամիտ կազմակերպված նախապատրաստական աշխատանքի արդյո՞ւնք էր, թե՞ Հրանտ Դանիելյանի արվեստի հանդեպ հանրային մեծ հետաքրքրության արտահայտություն։

– Վստահ եմ՝ Հրանտ Դանիելյանի վաստակը և ազնվությունը բոլորին են հայտնի: Նա Կապանին նվիրված, բարի և պարկեշտ մարդ էր: Կապանցիները նրան սիրով և հարգանքով են հիշում, հենց այդ պատճառով էլ ցուցահանդեսն այդքան բազմամարդ էր: Մարդիկ եկել էին իրենց ներկայությամբ պատվելու քաղաքի մի մասը դարձած նկարչի հիշատակը, ինչպես և վերստին ծանոթանալու նրա արվեստին:

– Մինչև դետեմբերի 4-ի ցուցահանդեսը՝ կապանցի արվեստասեր հանրությունը որքանո՞վ էր ծանոթ Հրանտ Դանիելյանի արվեստին, նախկինում (թեև ոչ այդ ծավալով) ներկայացվե՞լ էր իր հայրենակիցներին։

– Հրանտ Դանիելյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Կապանում: Ակտիվ մասնակցել է քաղաքի մշակութային կյանքին, ավելին՝ շատերը կարող են փաստել, որ Կապանում արվեստի կայացման, գեղանկարչության զարգացման և սերունդներին կրթելու գործում առաջամարտիկներից է եղել:

– Ցուցահանդեսում, որքան հասկացանք, ներկայացված գեղանկարների թեմատիկան Կապանն էր՝ իր բնաշխարհով, ուշարժան վայրերով։ Արդյո՞ք ճիշտ է մեր ընկալումը։

– Այո, ճիշտ է:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ կապանյան թեման միակ ասելիքը չէ Հրանտ Դանիելյանի արվեստում։

– Նրա ստեղծագործական կյանքը լի է ոչ միայն կապանյան բնաշխարհով, այլև ազգային մշակույթի տարրերով: Հայրս ունի բազմաթիվ աշխատանքներ հայկական ավանդական կենցաղից, պատկերել է գյուղական կենցաղի տարրեր, ունի շատ հայտնի խուստուփյան ծաղիկների նատյուրմորտներ: Նա կարողացել է աշխատել տարբեր ոճերով, բայց ունի շատ ինքնատիպ ու հստակ ակադեմիական ձեռագիր:

– Փորձեք ընդհանուր գծերով բնութագրել Հրանտ Դանիելյանի արվեստը։ Որո՞նք են նրա ստեղծագործություններին բնորոշ հիմնական գծերը։

– Ընդհանուր կերպով կարելի է ասել՝ ռեալիզմ, որին բնորոշ է յուրահատուկ սիմվոլիզմ: Նրա ստեղծագործությունները ոչ միայն գեղանկարչական գրավչություն և արժեք ունեն, այլև մշակութաբանական: Դրանք վկայություն են, մշակութային կոդեր, հատուկ հիշողություններ, որոնք հասկանալի և հարազատ են կապանցուն:

– Դուք, որպես գեղանկարիչ, արդեն իսկ որոշակի ճանաչում ունեք մեզանում...

Որքանո՞վ է Հրանտ Դանիելյանը և՛ որպես ծնող, և՛ որպես գեղանկարիչ ազդեցություն ունեցել Ձեր մասնագիտական կողմնորոշման վրա:

– Ես ծնվել եմ Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ Կապանը ծանր ու դժվարին իրավիճակում էր, մարդիկ ապրում էին ապաստարաններում: Մեր ապաստարանը հորս արվեստանոցն էր: Ծնված օրվանից այնտեղ եմ եղել, հետո նկարել եմ նրա հետ, նա է եղել իմ ուսուցիչը, վարպետը և ավագ ընկերը: Հենց նրա հետ էլ պատրաստվել եմ և ընդունվել համալսարան: Նա է ինձ ոգևորել՝ շարունակելու կրթությունս մագիստրատուրայում: Հայրս ուներ ակադեմիական կրթություն և շատ էր ողջունում կրթվելու մեր ցանկությունը: Իհարկե, նա ունի հսկայական ազդեցություն իմ մասնագիտական կողմնորոշման գործում:

– Մեր տրամադրության տակ է կապանյան ցուցահանդեսի մասնակիցներին բաժանված բուկլետը, որից տեղեկանում ենք՝ Հրանտ Դանիելյանը մասնակցել է 25 ցուցահանդեսի։ Անշուշտ, դրանցից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն է ունեցել. այդպես ենք կարծում։ Եվ, այդուհանդերձ, ո՞ր ցուցահանդեսն էր ինքը կարևորում առավել շատ. ենթադրում ենք՝ այդ մասին ինքը ժամանակին արտահայտված կլինի։

– Երևանում կայացած անհատական ցուցահանդեսը թերևս իր համար շատ կարևոր էր: Երբ դեռ ինտերնետը՝ որպես ստեղծագործողին բացահայտելու հարթակ, հայտնի չէր, հայրս դեռ չէր պատկերացնում՝ որքան տարածված են իր աշխատանքները: Մարդիկ իր կտավները միմյանց էին նվիրում, շատ աշխատանքներ գտել են հանգրվաններ աշխարհի տարբեր անկյուններում, անհատական հավաքածուներում: Այդ ցուցահանդեսի ընթացքում հայրս ծանոթացավ իր արվեստի սիրահարներին, վերագնահատեց իրեն և շատ դրական արձագանքների արժանացավ: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար լսարանի արձագանքը շատ կարևոր է:

– Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հրանտ Դանիելյանի աշխատանքների մի մասը տեղ է գտել տարբեր մարդկանց մասնավոր հավաքածուներում։ Դուք ունե՞ք ամբողջական տեղեկատվություն նկարչի ստեղծագործությունների և նրանց գտնվելու մասին։

– Ցավոք, ոչ: Ինձ և եղբայրներիս հաճախ են ուղարկում նրա կտավների լուսանկարներն աշխարհի տարբեր անկյուններից: Այդ նկարների հետ ուղարկում են նաև հորս մասին հուշեր, որոնք մեզ համար շատ թանկ են: Ես ուրախ եմ, որ հորս աշխատանքները սիրված են ու գնահատված, և յուրաքանչյուր ոք, ով իր տանն ունի Հրանտ Դանիելյանի կտավները, շատ հարազատ է մեզ:

– Հետագա ծրագրերի մասին՝ Հրանտ Դանիելյանի գեղանկարչական ժառանգությունը պահպանելու և հանրայնացնելու ուղղությամբ։ Որքան տեղյակ ենք, տուն–թանգարան հիմնելու մտադրություն ունեք։

– Հորս հիշատակը վառ ենք պահելու բովանդակային ու մնայուն նախագծերով: Մշտապես տարբեր ձևաչափերով միջոցառումներ ենք կազմակերպելու, ցուցահանդեսներ են կայանալու ԱՄԷ-ում, ԵՄ որոշ երկրներում, ՌԴ-ում: Հրանտ Դանիելյանի արվեստանոցը, որը շատ մարդկանց համար բարի հիշողությունների ու հետաքրքիր զրույցների վայր է, դառնալու է տուն-թանգարան: Հնարավորինս պահպանելու ենք արվեստանոցի սկզբնական մթնոլորտը՝ փորձելով քիչ փոփոխություններ անել: Միևնույն ժամանակ, նպատակ ունենք այդ թանգարանը դարձնել Կապանի ուշարժան տեղերից մեկը, որը կունենա մշակութային գործառույթ:

Հարցազրույցը՝ Մարի Նավասարդյանի

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46