(Հարցազրույց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ)
- Պարոն Գասպարյան, Դուք այն եզակի գրականագետներից եք, որ հետեւողականորեն զբաղվում եք բակունցագիտությամբ՝ արձակագրի անտիպ գործերի ճակատագրով, մանավանդ Բակունցի կյանքի վերջին շրջանը միշտ Ձեր տեսադաշտում է։ 1937-ի հուլիսի 8-ին Բակունցի գնդակահարությունից հետո բազում վարկածներ են շրջանառվել նրա գերեզմանի տեղի մասին։ Բայց իրողությունն այն է, որ չգիտենք, թե որտեղ է ամփոփված մեծ գրողի աճյունը։ Ի վերջո, երբ պիտի լույս սփռվի այդ կնճռոտ հարցի վրա։
- Նախ` ես Սյունյաց աշխարհի երկու խոշորագույն դեմքերի մասին մենագրությունների հեղինակ եմ` Ակսել Բակունց եւ Համո Սահյան։ Այդ երկու գրքերը վաղուց սպառվել են եւ այսօր բացառիկ պահանջարկ ունեն: Հենց վերջերս «Համո Սահյան» գիրքը ցանկացավ ունենալ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանը, պահանջարկ ներկայացրեց Կապանի գրախանութը, Բակունցին նվիրված գրքի պահանջարկ կա ոչ միայն Հայաստանում, այլեւ Խարկովում, որտեղ այս տարի հայկական համայնքի հետ մեկտեղ նախատեսում ենք նշել գրողի ծննդյան 120-ամյակը եւ հուշաքանդակ փակցնել այն հաստատության պատին, որտեղ նա ուսանել է:
Գիտեմ, որ Սյունիքն ունի պատվախնդիր հայորդիներ, ովքեր «Սյունյաց երկիր» թերթի միջնորդությամբ պատրաստ են մեկենասության։ Ցանկությունս է՝ այդ երկու գրքերը վերահրատարակել. ընդ որում՝՝ լրացումներով եւ նոր խմբագրությամբ։ Մի ավարտուն բան եմ ուզում անել, թողնել եւ ամբողջ տպաքանակը նվիրել ձեզ։ Սյունիքում բաժանեք դպրոցներին, գրադարաններին, ընթերցասեր ժողովրդին, ինձ կպահեմ տասնհինգ-քսան օրինակ։
Հարգելի մեկենասներ, այս գրքերի համար գումար մի՛ խնայեք` պահածը կորած է։
Սա որպես մեր զրույցի նախաբան, հիմա պատասխանեմ Ձեր հարցին։
Մենք տարօրինակ ժողովուրդ ենք՝ պատմական հայրենիքի հիշողությունը, ազգային արժանապատվությունը, հայրենիքում ժողովրդի համախմբման հեռանկարը, նոր սերունդի վաղվա հույսն անգամ կորցնելով, առանց ետ նայելու, ուզում ենք առաջ գնալ։ Երկիր ենք կորցրել, պատմական հայրենիք ենք կորցրել, մոտակա անցյալի հետ կապն ենք կորցնում, բարոյական ու հոգեւոր արժեքներ ենք կորցնում եւ առանց հիշողության առաջ նայում։ Այսպիսի ժողովուրդը կարող է գոյատեւել, բայց ոչ առաջընթաց ունենալ. ընդամենն ապրել ու դիմանալ, բայց ոչ այն բարձր որակով, որով առաջանցիկ ժողովուրդներն են ապրում։ Մեր վիճակը շատ ծանր է, դա նաեւ անցյալի արժեքների հանդեպ ունեցած անփույթ վերաբերմունքից է։ Գերմանացիները Երկրորդ համաշխարհայինում պարտվեցին Խորհրդային Միությանը, բայց երբ կյանքը փոխվեց, դիմեցին Ռուսաստանի Դաշնությանը` պատերազմի այն վայրերում, որտեղ շատ գերմանացի զինվորներ էին սպանվել, թույլատրել հուշակոթողներ տեղադրել նրանց հիշատակին։ Զինվորն իր պարտականությունն է կատարել եւ կատարում, անկախ նրանից` ո՞վ է ղեկավարը` Ադոլֆ Հիտլե՞րը, թե՞ Անգելա Մերկելը։ Եվ Ռուսաստանը թույլատրեց զանգվածային սպանության վայրերում հուշաքարեր տեղադրել։
Իսկ մենք մեր հանճարների` Չարենցի, Բակունցի գերեզմանի տեղն անգամ չգիտենք:
1988 թվականից սկսած` տարիներ շարունակ, Չարենցի գերեզմանի տեղն էի որոնում. բահերն առած, նվիրյալների խումբը ետեւիցս գցած, ոստիկանների հետապնդող հայացքներից թաքնվելով` Չարենցի աճյունի հետքերն էինք ուզում գտնել։
Ընդ որում՝ Չարենցի մասին գրած հուշերում Մորուս Հասրաթյանը նշում էր, որ ինքը 1950- ականների կեսերից այդ հարցն անընդհատ արծարծել է ` գտնել Չարենցի թաղման տեղը, ասում էր` դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են, ովքեր գաղտնիքներ կարող են գիտենալ, բայց ապարդյուն։
Իմ որոնումներն էլ կիսատ մնալով` արդյունք չտվեցին, որովհետեւ ընտանիքի անդամները՝ առաջին հերթին ավագ դուստր Արփենիկ Չարենցն ասում էր՝ Չարենցի գերեզմանը պետք չէ հայտնաբերել, Չարենցին որոնեք իր ստեղծագործությունների մեջ: Մինչդեռ ինքը՝ բանաստեղծն այլ կերպ էր մտածում.
Քանզի մեռյալների մոխի՛րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը եւ առհավատչյան,
-Եվ նրանո՛վ է դառնում երկիրը– երկիր,
Եվ ժողովուրդը ժողովուրդ, եւ գալիքը – գալիք՝ անհողդողդ ու անճառ…
Մի անգամ ինձ հանդիպեց լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, գիտեր, որ զբաղվում եմ Չարենցի գերեզմանի տեղի որոնմամբ։ Ասաց, գնանք, տեղը ցույց տվեք, տանենք մի խաչքար տեղադրենք։ Այդ օրը միասին գնացինք, եւ հավանական տեղանքը ցույց տվեցի: Խաչքար տեղադրելու հարցով պայմանավորվել էինք հաջորդ օրը հանդիպել, հանդիպումն իր հորդորով չկայացավ, հեռախոսով հարցրի՝ ի՞նչ ենք անելու։ Պատասխանեց, թե ժառանգների հետ զրուցեցի այդ խնդրով, խորհուրդ չտվեցին։ Ահա այդպիսի բաներ։ Ընդ որում՝ ես ինքս Արփենիկ Չարենցին հարցրել եմ՝ գուցե Դուք՝ որպես ժառանգ, գերեզմանի մասին մի բան գիտեք, որ մենք չգիտենք: Ինձ պատասխնեց՝ ո՛չ, ինչ էլ գիտեմ, քո գրածներից գիտեմ:
Որոնումները դադարեցրի: Խմբի անդամները դժգոհ մնացին:
Ամոթ մեզ, որ Չարենցի գերեզմանը չենք գտնում, մի՞թե մենք, որպես մտավորական, ապագային նայելու բարոյական իրավունք ունենք։ Հաջորդ սերունդները մեզ չեն ների:
- Անցնենք Բակունցին, գիտենք, որ նրա գերեզմանի որոնման ուղղությամբ էլ շատ ջանք եք թափել։
- Ես Բակունցի դատական գործը հիմնավորապես ուսումնասիրել եմ եւ հրապարակել երկու տեղ` «Ակսել Բակունց. գործ Nօ 4131» եւ ավելի ամբողջական՝ իմ «Ակսել Բակունց» մենագրության մեջ։ Այդտեղ ըստ վավերագրերի ամեն ինչ մանրակրկիտ ներկայացրել եմ` երբ ձերբակալեցին, ինչպես քննեցին, բանտից ինչ դիմումներ գրեց եւ այլն, եւ այլն։ Բայց գերեզմանի հարցում անհայտություն կար։
Շատ լավ ուսումնասիրել եմ այն բանահյուսական պատումները, որոնք կային։
1969 թվականին նշվում էր Բակունցի 70-ամյակը, «Литературная газета»-ն մի հոդված էր տպագրել։ Ուկրաինայից մի մարդ եկավ Երեւան` ներքին գործերի նախկին զինծառայող, ով կարդացել էր հոդվածը եւ իմացել, թե ո՞վ է Բակունցը, հանդիպեց գրական շրջանակի մարդկանց՝ թե Բակունցին գնդակահարող եռյակի անդամներից մեկը ես եմ եղել: Այն ժամանակ կատարող զինվոր էր, հիմա լուրջ մտավորական մարդ էր, բայց գնդակահարման տեղը չհիշեց։
Զանգու անունը խոսքի մեջ կա՛մ ինքը տվեց կա՛մ մենք, տարանք Զանգվի ձոր` չհիշեց, իսկ նրա հիշածը շատ ընդհանուր էր, մանրամասները մոռացել էր։ Միայն այն էր ասում, թե՝ ստիպեցինք ինքը փորեց իր գերեզմանափոսը, վերջում էլ ծխախոտ ուզեց ու ծխեց մինչեւ վերջ, որպեսզի շրթունքները չայրի՝ կռացավ գետնից վերցրեց երկու չոփ եւ, դրանցով պահած. ծխեց մինչեւ կոթունը գրեթե մինչեւ վերջ սպառվեց:
Ես շատ որոնեցի Բակունցի գերեզմանի տեղի մասին որեւէ վկայություն, այս ու այն կողմ շատ ընկա, շահագրգիռ մարդկանց դիմեցի, բայց ապարդյուն: Հեռու տեղ էի որոնում, ի վերջո գտա ամենամոտիկ մի տեղ, եւ այդ մոտիկ տեղի անունն է` Գուրգեն Մահարի` «Ծաղկած փշալարեր»։ 1988 թվականին գրեցի «Ծաղկած փշալարեր» գրքի առաջաբանը։ Այդ ժամանակ տպագրվեց կրճատված տարբերակը։ Ճշմարիտն ասած` ինքս էլ չգիտեի, որ կրճատված տարբերակն է, քանի որ բնագիրը ձեռքիս չէր, տպագրվում էր նույն թվականին հրատարակված ամսագրային տարբերակից։ Բայց երբ հետո Գուրգեն Մահարու կյանքի եւ ստեղծագործության մասին գիրք էի գրում, նորից կարդացի «Ծաղկած փշալարերը»՝ արդեն ամբողջական տարբերակը։ Եվ ահա Գուրգեն Մահարին գրում է, որ ինքը, երբ Երեւանի քաղաքային բանտում էր, 1936 թվականի օգոստոսի 9-ին նրան էլ էին ձերբակալել, բանտապետը՝ Սահակ Ասլանով անուն - ազգանունով Թիֆլիսից եկած դաժանագույն մի սրիկա, Բերիայի դրածոն մի «գեղեցիկ» օր հայտնվում է իրենց խցում։ Այդ դաժանագույն մարդը գրողներին կանչում է իր մոտ եւ ասում՝ գիտեմ, ինձ կգնդակահարեն, հիմա եկեք ասեմ, թե որտեղ են գնդակահարել Ակսել Բակունցին։ Նախ ասաց, որ գնդակահարող եռյակից մեկն ինքն է եղել, մյուսը` հավանաբար վերը նշած ուկրաինացին, մյուսն էլ կբացահայտվի։ Ասում է` Բակունցին գնդակահարել ենք Թոխմախ լճի շրջակայքում, իրականացրինք գնդակահարությունը, այդտեղ էլ թաղեցինք, եկանք, արձանագրություն կազմեցինք, որ Բակունցի գնդակահարությունն ի կատար է ածվել։ Միջանկյալ ասեմ, որ Թոխմախ լճի անունը եղել է Վարդավառի լիճ։
Ի դեպ, գնդակահարությանը նախորդել է մի ամբողջ օր, եւ Բակունցն իմացել է դատավճիռը՝ իր գլխին գալիքը: Եթե օրերից մի օր Բակունցի մասին վեպ գրելու լինեմ՝ նրա կյանքին այդ գիշերվա միջով պիտի նայեմ, ինչպես ինքը:
Գիտեի, որ Թոխմախ լճի տարածքում ուրիշներն էլ են գնդակահարվել, զանգվածային գնդակահարության տեղ է: Սա նշանակում է, որ եթե այդտեղ որոնումներ կատարվեն, կգտնվեն գնդակահարվածների ոսկորներ։ Այդտեղ կարող ենք դնել մի հուշարձան` 1937 թվականի զոհերի հիշատակին, ես առաջարկել եմ դեռ 1988 թվականին։ Շատերը ողջունեցին այդ գաղափարը, անգամ ճարտարապետների միությունը խոստացավ անվճար անել նախագիծը, բայց պաշտոնական միջամտություն չեղավ։ Իսկ ես միայնակ ի՞նչ կարող էի անել…
Տգետ մարդիկ, այն էլ դպրոցական դասագրքում, Բակունցի գնդակահարության տեղի մասին սխալ տեղեկատվություն են տալիս: Չի՛ կարելի աշակերտին մոլորեցնել…
- Բակունցի եղերական մահով անավարտ մնացին նրա ստեղծագործական մտահղացումները, մասնավորապես «Խաչատուր Աբովյան» եւ «Կարմրաքար» վեպերը։ Դուք միշտ հետաքրքրվել եք դրանց ճակատագրով, նաեւ փնտրտուքներ արել Հայաստանից դուրս գտնվող պահոցներում։
- Իմ «Ակսել Բակունց։ Կյանքը եւ ստեղծագործությունը» աշխատությունը գրելու ժամանակ եղել եմ Մոսկվայի պահոցներում, որովհետեւ, ըստ նախնական լուրերի, «Խաչատուր Աբովյան» վեպը թարգմանվել էր ռուսերեն, թարգմանիչն էլ Մարիետա Շահինյանի ամուսին Հակոբ Խաչատրյանն էր։ Մի խոսքով, այդտեղ արդյունքի չհասա, հետեւողական որոնումների համար ժամանակը կարճ էր։ Եկա եւ նամակ գրեցի Կենտրոնական գրական պահոցի տնօրենին: Պատասխանեց՝ իրենց մոտ Բակունցից որեւէ բան չկա։ Այդ փաստաթուղթը հրապարակված է Ակսել Բակունցին նվիրված իմ հիշյալ մենագրության մեջ։
Բակունցը կորած համարվող մեկ ուրիշ ստեղծագործություն էլ ունի` «Հայկական մանրէ» վերնագրով երգիծական վիպակ, ժամանակին կարդացել են Չարենցը, Խանջյանը, Էդուարդ Չոփուրյանը, շատերի ձեռքով է անցել եւ ներկայացվել պետհրատ։ Բակունցը դատավարության ժամանակ ասել է` գտե՛ք այդ ստեղծագործությունը եւ կցեք իմ մեղադրական գործին։ Սա էլ որոնելու բան է պետհրատի արխիվում՝ պահպանվե՞լ է, չի՞ պահպանվել։ Գործ է, որ պիտի արվի։
Է՛հ, արեւի լույսից ինձ զրկելով, արխիվների փոշիների միջից ինչքան հույժ կարեւոր վավերագրեր գտա, հայտնաբերեցի ու հանեցի, այնքան ինձ վրա հարձակվեցին. ընդ որում` եւ՛ նրանք, ովքեր ապրել էին Բակունցի գնդակահարության ժամանակ եւ համոզված էին, որ ինչպես նա, այնպես էլ Չարենցը, Մահարին եւ մյուսները ժողովրդի թշնամիներ են, եւ՛ նրանք, ովքեր իմ գրքերը կարդալով ու արտագրելով էին մտել գրականություն: Այսպես ինձ միայն մեղադրանք ու հալածանք բաժին հասավ:
Մի՞թե ամոթ չէ, որ Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպների հատորը մինչեւ հիմա կալանավորված է գրողի տուն - թանգարանում: Այս ընթացքում մշակույթի նախարարներ փոխվեցին, բայց մեկը մյուսից մշակույթից հեռու՝ չգիտես ո՞ւմ դիմես։
Շատ կարեւոր վկայություններ կան Ակսել Բակունցի կնոջ` Վառվառա Չիվիջյան-Բակունցի` 1954 թվականին գրված եւ գրողին արդարացնելու կոչված մի նյութի մեջ, որ դարձյալ հրապարակել եմ իմ նշված գրքում, նաեւ «Հայոց լեզու եւ գրականություն» հանդեսում։ Շատ կարեւոր հուշագրություն է։
Այն էլ ասեմ, որ իմ «Ակսել Բակունց։ Կյանքը եւ ստեղծագործությունը» մենագրության մեջ Բակունցից 17 կտոր անտիպ նյութ եմ զետեղել, էլ չեմ ասում դատական գործն ամբողջությամբ եւ բանտից գրած սիրտ մղկտացնող դիմումները։ 1976-1984 թթ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը լույս ընծայեց Ա. Բակունցի երկերի քառահատոր ժողովածուն։ Դրանից հետո մամուլում լույս տեսան բազմաթիվ ուշագրավ նյութեր, որոնք լրացնում են նրա կյանքի ու ստեղծագործության էջերը։ Ժամանակն է` այն չորս հատորյակին ավելացնել հինգերորդ հատորը, որտեղ տեղ պիտի գտնեն նաեւ Բակունցի անտիպները։ Այս նախաձեռնության կապակցությամբ էլ ինձ խոստացան օգնել, բայց ոչինչ չարեցին։ Օգնելը վերաբերում է սոսկ հրատարակչական գործին:
- Բակունցի գերեզմանի տեղի վերաբերյալ Ձեր տեսակետին տեղյա՞կ են պատկան մարմինները, որոնք ի վիճակի են խնդրին ընթացք տալ։
- Ես Չարենցով, Բակունցով, Մահարիով, մյուսներով զբաղվել եմ դեռեւս 1970-ից, 1988 թվականին ամեն ինչ ներքաշել եմ աղբյուրագիտական նոր հայտնագործությունների փուլ. անգամ, երբ Կենտկոմի աշխատակից էի, իմ հարցը դրել էին լուրջ քննարկման` հեռացնե՞լ, թե՞ չհեռացնել, արդյո՞ք գաղափարական շեղում չէ այս մարդու արածը։ Նստած էի իմ աշխատասենյակում, մեկը եկավ, թե` տեղյա՞կ եք, որ ձեր հարցն են քննարկում, ասի` չէ՛։ Իրոք, նման բան եղավ, եւ դրական որոշում կայացրին, այսինքն` ինձ չհամարեցին ժողովրդի հերթական թշնամի: Ժամանակները փոխվել էին, իրենք՝ ոչ։ Իմ փրկությունը պայմանավորված էր հրապարակայնության պահանջով: Իմ դեմ ելավ նաեւ կանանց մատյան գունդը` Անժելա Ստեփանյանը, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, էլի ոմանք. ասում էին` ինչ գիտենք անցյալի մասին, մեզ բավական է, նոր տվյալներ մեզ պետք չեն։ Ա՜յ քեզ բան։
Այնպես որ, այժմ պետք է ի մի բերել ինչ կա, ինչ չկա, հենց ձեր թերթի միջոցով մի գործնական խորհուրդ ստեղծել, եւ դիմել մեր նոր իշխանություններին։ Պիտի դուրս գանք ամոթալի այս վիճակից, չպիտի գերի մնանք այն մարդկանց, ովքեր գործի կարեւորությունը չեն գիտակցում կամ անտարբեր են։
- Իսկ այս ամենի մեջ ո՞րն է Հայաստանի գրողների միության, չեղած մշակույթի նախարարության դերը։
- Ասեմ, որ երկուսն էլ ոչ մի դեր չունեն եւ չեն էլ ուզում ունենալ, եւ եթե վերոնշյալ հարցերով դիմեք նրանց, նրանք այդ հարցերը կդնեն ամենաստորին դարակներում եւ կմոռանան։ Գրողների միությունն այսօր անգամ Թումանյանի, Կոմիտասի հանդեպ խանդ ունի, որովհետեւ ասում են` նրանք անցյալ են, հիմա մենք ենք, մեր մասին գրեք։ Մենք ենք, որ կանք։ Եվ գրում են գավառացի Բելինսկիներն ու Չերնիշեւսկիները՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կենդանի գրականությունը: Իսկ մշակույթի նախարարությունը միայն ամոթալի բաներ է անում, ես նրանց չեմ վստահում։
- Այնուամենայնիվ, մեզ համար հետաքրքիր է մշակույթի նախարարությունը վերացնելու, վերակազմավորելու, այլ կառույցի հետ միավորելու հետ կապված Ձեր դիրքորոշումը։
- Մշակույթի նախարարությունը 1988-ից առ այսօր աչքի չի ընկել ազգաշահ գործառույթներով: Դա այն նախարարությունն է, որ թույլատրեց Երեւանի կենտրոնական հրապարակի հուշարձանի ճարտարապետական գլուխգործոց պատվանդանի քանդումը. Լենինի ժամանակն ավարտվել էր, եւ նա ինչպես եկել էր, այդպես էլ պետք է գնար, բայց պատվանդանն ի՞նչ մեղք ուներ: Դա այն նախարարությունն է, որ տարբեր նախարարների օրոք թալանեց մշակութային արժեքները, յուրացրեց մշակութային կենտրոնները, 2012-ին տպագրված Չարենցի անտիպների գիրքը ձերբակալեց, կալանավորեց եւ առայսօր փակած պահում է։ Դա այն թվականին էր, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել, եւ գիրք ձերբակալեցին այդ մարդիկ։ Հետո եկավ մյուս նախարարը` Արմեն Ամիրյանը։ Հանդիպեցի մեկ-երկու անգամ` ինչ-ինչ հարցեր քննարկեցինք` զրո արդյունք, վերջում ամեն կերպ խուսափում էր հարցի քննարկումից։ Հետո այս նորերը եկան, այլեւս չդիմեցի ոչ մեկին, չհանդիպեցի, ոչ մեկի հետ չքննարկեցի, կարծում եմ` ապարդյուն է:
Ավելացնեմ նաեւ մշակութային եղեռնը, որին ենթարկվեցին շատ արձաններ. օրինակ՝ Սեւանի ճանապարհին՝ Չարենցավանի մուտքի արձանի պղինձը կերան, պառկած կնոջ պղնձե շապիկը հանեցին՝ մնաց բետոնը, այն էլ վերացրին, որպեսզի հետքերը կորչեն: Ո՞վ պիտի պատասխան տա մշակութային այս արժեքների ոչնչացման համար: Ասածս այն է, որ մշակույթի նախարարությունը շատ կարեւոր է, բայց այն գործառույթները, որ նա անում է, թերի է, պակասավոր եւ այնքան վատ, որ եթե նախարարությունն անգամ վերացնեն, բացը չի երեւա։
- Ասենք նաև՝ մշակույթի նախարարությունը եւ մարզերը, գյուղերն իրար հետ ոչ մի առնչություն չունեն, միայն գրադարանների օրինակը վերցնենք։
- Ողբալի է գրադարանների վիճակը, խորհրդային տարիներին ինչ տպագրվում էր, գրադարաններին հատկացնում էին, այս վերջին 30 տարում նման բան չկա, աղքատություն է, խեղճություն, եղած նվազ միջոցների վատնում կամ թալան։
Այնքան ժամանակ այսպես կշարունակվի, մինչեւ ճիշտ ու սրտացավ մասնագետը հայտնվի իր տեղում եւ ոչ թե պատահական մեկը: Դժբախտաբար, այդ պատահականները ոչ միայն գործը չգիտեն, այլեւ շատ հավակնոտ են եւ կառուցելու փոխարեն գիտեն միմիայն քանդել…
Զրույցը` Վահրամ Օրբելյանի