Դեռեւս վաղ է Մեղրու բժշկական կենտրոնում կատարված դեպքի վերաբերյալ օբյեկտիվ եզրահանգում անելը

19.05.2017 16:26
4367

Մայիսի 10-ին Մեղրու տարածաշրջանի մոտ 300 բնակիչ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի շարժառիթ է հանդիսացել երկու անչափահաս երեխայի հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանի՝ ապրիլի 30-ին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում գրանցված մահը: Նամակում մասնավորապես նշվում է, որ նորակառույց բժշկական կենտոնում նեղ մասնագետների պակասի, եղած մասնագետների թերեւս ոչ բավարար պատրաստվածության հետեւանքով օրերս դժբախտ դեպքը գրանցվեց: Նրանք խնդրում են վարչապետին ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղծված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու՝ ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր կադրային խնդիրները, եւ եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանը», արագ լքում են Մեղրին:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտեց Մեղրի բազմաբնակավայր համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Նա նախեւառաջ նշեց, որ հանրապետության գրեթե բոլոր շրջանային հիվանդանոցներում նեղ մասնագետների կարիք կա: «12 հազար բնակչության սպասարկող առողջապահական կենտրոնը, ֆինանսական վիճակից, այդ համակարգում ներկա կառավարման ձեւից եւ օրենսդրությունից ելնելով, բոլոր պահանջները բավարարելու հնարավորություն չունի»:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, ապա նորակառույց կենտրոնը, որ ստեղծվել է Ագարակի եւ Մեղրու հիվանդանոցների միավորմամբ, իր կահավորմամբ, հագեցվածությամբ, պայմաններով էականորեն տարբերվում է նախկինում գործող բժշկական կենտրոններից:

Բաց նամակ գրելու շարժառիթ ողբերգական դեպքը, բնականաբար, ցավալի իրողություն է ողջ համայնքի համար, բայց, ինչպես նշեց Մխիթար Զաքարյանը, բժիշկները հրաշագործ չեն, եւ երբեմն ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ բժշկությունն անզոր է որեւէ բան փոխելու: «Ինչպես գիտեք, դեպքի առթիվ համապատասխան փորձաքննություն է ընթանում, եւ վերջնական եզրակացությունից հետո միայն կարելի է իրավիճակին ճիշտ եւ օբյեկտիվ գնահատական տալ: Բայց նախնական մասնագիտական գնահատականներով, իմ՝ բժիշկների հետ անձնական զրույցներից հասկանալի է, որ հիվանդի ապրելու հավանականություն գրեթե չկար, եթե նույնիսկ նա այդ պահին գտնվեր սրտաբանական կենտրոնում: Այսպիսի իրավիճակում, մանավանդ երբ ընտանիքը կորուստ է ունեցել, հուզական ֆոնի վրա, առանց մասնագիտական եզրակացության դատողություններ անելը բավականին սուբյեկտիվ կարող է լինել», - նշեց համայնքի ղեկավարը:

Նրա հավաստմամբ՝ կենտրոնի երկու վիրաբույժն էլ՝ Մհեր Աբրահամյանը եւ Արմեն Օհանջանյանը, լուրջ մասնագետներ են եւ փրկել են շատերի կյանքը: «Եթե ստեղծված իրավիճակից հետո վիրաբույժ Աբրահամյանը որոշի հեռանալ Մեղրու բժշկական կենտրոնից, դա համայնքի համար մեծ կորուստ կլինի», - իր մտահոգությունը հայտնեց Մ.Զաքարյանը եւ հավելեց, որ տարիներ առաջ իր կնոջ կյանքը փրկել է Կապանի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչ Սամվել Միկոյանը, ում վերջերս մեղադրում էին ծննդկանի մահվան մեջ:

Ինչպես տեղեկանում ենք «Հրապարակ»-ի «Բժշկի սխալի մեղավորը երկրի տնտեսական վիճակն է» վերտառությամբ հոդվածից. «Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Սուրեն Սարգսյանը մահացել է աորտայի անեւրիզմայի շերտազատումից, որն առաջացրել է սրտի տամպանադա»: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ ասում է. «Սրտի տամպանադան այնպիսի դիագնոզ է, որ եթե անեւրիզման տրաքում է, նույնիսկ եթե մի երեք բրիգադա լվացված-կանգնած լինեն վիրահատարանում, հիվանդին դժվար կլինի փրկել»:

Ինչեւէ, ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց նախքան բժշկին մեղադրելը մի պահ կանգ առնենք եւ հիշենք, որ նա նաեւ բազում կյանքեր է փրկել: Թերեւս այս հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում արտահայտելու համար սպասենք փորձաքննության եզրակացությանը: Բայց այն, որ շրջանային հիվանդանոցները նեղ մասնագիտական կադրերով համալրելու համար կառավարությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, դա լինի օրենքի ուժով կամ աշխատավարձի բարձրացման ու այլ նպաստավոր պայմաններ ստեղծելով, անվիճելի փաստ է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40