Էլեկտրոնային դեղատոմսերի մոդուլը վաղուց թեստավորված է, համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի բաղադրիչի ներդրմանը: Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակի է ծառայում: Այս ու մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է համակարգը ներդնող «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ Ընկերությունը, կառավարության հետ 2017թ-ին կնքված կոնցեսիոն պայմանագրով, պարտավորվել է ապահովել համակարգի ներդրումը, պահպանել, սպասարկել և բարելավել այն։ Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրի նախագծում նշվում է էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման մասին։
-Պարոն Մանուկյան, ի՞նչ փուլում է համակարգի ներդրման գործընթացը, ի՞նչ է արվել, ի՞նչ նպատակների է այն ծառայում։
-Նպատակը, ինչպես նշվել է պետության կողմից, առողջապահության ոլորտի թափանցիկ և օպտիմալ կառավարումն է, ծախսերի օպտիմալ բաշխումը, վերջնական արդյունքում՝ քաղաքացու համար մի շարք գործընթացների հեշտացումն ու առողջապահության որակի բարձրացումը։ Էլեկտրոնային առողջապահության համակարգը պատկանում է պետությանը, իսկ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն իրականացնում է համակարգի պահպանումը, սպասարկումը և բարելավումը։ Օպերատոր ընկերության կողմից համակարգը շահագործվում է 2017 թվականից, այս պահի դրությամբ համակարգին արդեն միացած է հանրապետության բուժհաստատությունների մեծ մասը՝ 471 բուժհաստատություն, անցյալ տարի համակարգի միջոցով սպասարկվել է ընդհանուր առմամբ 4,283,290 այց՝ հիմնականում պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող այցերն են, որից 3,943,916-ը՝ ամբուլատոր, 339,374-ը՝ հիվանդանոցային։ Կան նաև մի քանի մասնավոր կլինիկաներ, որոնք կամավոր միացել են համակարգին և իրենց վճարովի ծառայությունները նույնպես սպասարկում են համակարգի միջոցով։
-Համակարգի ներդրումն ինչո՞վ է թեթևացնելու սովորական քաղաքացիների կյանքը, ովքեր ամեն պահի կարող են պացիենտ դառնալ ու բուժծառայություններ ստանալու կարիք ունենալ։
-Նախ արձանագրենք, որ համակարգի հիմնական շահառուն հենց քաղաքացին է, այն պատրաստված է քաղաքացու համար։ Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքացին իրեն վերաբերող էլեկտրոնային առողջապահական տեղեկատվությունը տեսնի և կառավարի մի կետից։ Այս պահին մեր համակարգում առկա է 2.9 մլն քաղաքացու էլեկտրոնային առողջապահական քարտ, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական քարտը կարող է տեսել իր անձնական էջ (account) մուտք գործելու միջոցով։ Առողջապահական քարտերն առայժմ տեղեկատվություն են պարունակում այն մասին, թե տվյալ քաղաքացին որ պոլիկլինիկայում և պոլիկլինիկայի որ բժշկի մոտ է կցագրված։ Պետպատվերով և սոցփաթեթով սպասարկված քաղաքացիների դեպքում, իհարկե, ավելի շատ տեղեկատվություն կա՝ այցի, ստացած բուժման մասին։
Ինչպես եվրոպական զարգացած երկրներում, որտեղ էլեկտրոնային առողջապահության համակարգերը բավականին արդյունավետ գործում են, այնպես էլ մեզ մոտ, համակարգի միջոցով անհրաժեշտ տեղեկատվությունը պացիենտի թույլտվությամբ հասանելի կարող է լինել բուժող բժշկին և օգնել թե՛ հիվանդի ախոտորոշման, թե՛ բուժման փուլերում առավելագույնս ճշգրիտ որոշումներ կայացնելուն։ Համապատասխան տեղեկատվության առկայությունը կարող է բժշկին օգնել իմանալ հիվանդի ալերգիաների, քրոնիկ հիվանդությունների, նախորդ բուժումների, օգտագործվող դեղամիջոցների, հակացուցումների և այլնի մասին, խուսափել կրկնակի հետազոտություններից, ճիշտ հետազոտությունների ուղարկել՝ զերծ պահելով քաղաքացուն ավելորդ ծախսեր կատարելուց, և ճիշտ ախտորոշել։ Վերադառնալով ձեր հարցին՝ համակարգն օգնելու է, որ քաղաքացին ստանա առավելագույնս որակյալ բուժում։ Անկախ իրավիճակից, թե հետագայում ինչ հիվանդությամբ ու որ բժշկի մոտ կհայտնվի հիվանդը, բուժող բժշկի համար պետք է հասանելի լինի հիվանդի բուժման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
-Օրինակ, ես ինչպե՞ս կարող եմ օգտվել իմ անձնական հաշվից, իմանալ, թե որտեղ եմ կցագրված, ինչ ծառայություններ կարող եմ ստանալ։
-Համակարգը թույլ է տալիս ցանկացած քաղաքացու էլեկտրոնային նույնականացման քարտի (IDքարտ) և նրա գաղտնաբառի՝ PIN-ի միջոցով մեր ընկերության կայքով մուտք գործել անձնական էջ, որտեղ քաղաքացին ոչ միայն կարող է տեսնել որտեղ և որ բժշկի մոտ է կցագրված, այլև տեսնել բուժհաստատություն կատարած իր այցելությունները և համակարգի միջոցով նոր այց գրանցել։ Մենք ներկայումս աշխատում ենք էլեկտրոնային ընդունարանների վրա, այն գործարկման փուլում է։ Դա ենթադրում է, որ բուժհիմնարկի աշխատակիցը, առավոտյան բացելով այցերի օրվա ցուցակը, կտեսնի ձեր կողմից գրանցված այցը։ Բայց դա առաջին շրջանում վերաբերելու է բոլոր այն բուժհիմնարկներին, որոնք կցանկանան օգտվել այդ՝ e-booking կոչվող ծառայությունից։
Անդրադառնամ համակարգի մյուս նախատեսված հնարավորություններին, եթե բուժհաստատությունը տեղեկատվություն է տրամադրում իր բժիշկների աշխատաժամերի մասին, քաղաքացին կկարողանա տեսնել իր ընտրած բուժհաստատության ժամանակացույցը և հարմար այցելության ժամ ընտրել մասնագետ բժշկին այցելելու համար՝ խուսափելով հերթերից ու անհարմարություններից։ Քաղաքացին կարող է նաև տեսնել իր անձնական էլեկտրոնային քարտի պարունակությունը՝ իր հիվանդությունների, նշանակված բուժումների և այլնի մասին։ Այս տեղեկությունը հասանելի է միայն քաղաքացուն և ինչպես նշեցի, նրա գրավոր թույլտվությամբ՝ բուժող բժշկին։ «Խնամքի պլան» կոչվող հատվածում հնարավոր է, օրինակ, տեսնել որևէ բուժման հետ կապված խնամքի պլանը՝ երբ դեղեր ընդունել, ինչպիսի գործողություններ կատարել և այլն։ Եվ վերջապես, քաղաքացին տեսնում է իր էլեկտրոնային պատմություն մուտք գործած բժիշկներին, թե երբ են մուտք գործել, ինչ նպատակով։
Մուտք գործելու համար անհրաժեշտ է անպայման նույնականացման քարտը, քանի որ մեր երկրում ընդունված՝ քաղաքացու նույնականացման միակ տարբերակը դա է։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին առաջին անգամ մուտք գործելիս մուտքագրի իր նույնականացման քարտի PIN-ը, ինչն արվում է տվյալների պաշտպանության և անվտանգության տեսանկյունից։ Եթե քաղաքացին չի պահպանել իր նույնականացման քարտի PIN-ը, ապա ցավոք հնարավոր չի լինի մուտք գործել անձնական էջ: Այդ դեպքում պետք է դիմի ու ստանա նոր քարտ։ Դա, այո, դժվարություն է ստեղծում, բայց այս պահին միակ լուծումն է։ Մենք դիմել ենք իրավասու մարմիններին՝ օրենքի շրջանակում այլընտրանքային տարբերակի հարց քննարկելու համար, բայց մեզ համար տվյալների պաշտպանության հարցը գերակա է։
-Ինչպես հասկացա, Ձեր նկարագրած մի շարք հնարավորություններ դեռ լիարժեք չե՞ն գործարկվում։
-Այո, իրականում համակարգի հնարավորությունների կամ գործառույթների մի մասը դեռևս գործարկված չէ Հայաստանում։ Մի շարք այլ երկրներում, որտեղ ներդրված է մեր նույն էլեկտրոնային առողջապահության համակարգը, դրանք հաջողությամբ գործում են։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո հուսով ենք, որ համակարգը կգործարկվի և կօգտագործվի պետության կողմից՝ նախատեսված ողջ հնարավորություններով։
-Այս պահին եթե քաղաքացին պետպատվերով բուժում է ստանում, նրա այցը բուժհաստատությունում գրանցվո՞ւմ է։
-Այո, ընդունարանում նրան գրանցում են, դեպքն են ֆիքսում՝ ինչ նախնական ախտորոշում է եղել, ինչ վերջնական ախտորոշում է դրվել, ինչ ծառայություն է մատուցվել, ինչ ծածկույթով են այդ ծառայությունը ծածկել, այսինքն, պետպատվերի որ խմբից է։ Ինչպես նաև ֆիքսվում է, թե ինչ դեղանյութեր են օգտագործվել, ինչ պրոցեդուրաներ են արվել։ Այդ ամենը հիմա կատարվում է։ Նույնը՝ սոցփաթեթի դեպքում, անգամ մի փոքր ավելի, քանի որ սոցփաթեթն ապահովագրական ընկերություններն են վճարում, և ավելի մանրամասն տեղեկատվություն են ստանում՝ բուժհաստատության և ապահովագրական ընկերությունների միջև փոխհարաբերությունները էլեկտրոնային տեսքով կարգավորելու համար։
-Այդուհանդերձ, բուժհաստատությունները բողոքում էին, որ համակարգը սպասարկման համար իրենցից լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում՝ համակարգիչ, մասնագետ։ Իսկ փոքր, օրինակ, ստոմատոլոգիական ծառայություններ մատուցողների համար դա, ընդհանրապես, բեռ է։ Ինչպե՞ս է լուծվել այս խնդիրը։ Արդյո՞ք նրանց պատճառվող դժվարություններն արդարացված են։
- Իրենց բողոքը միանշանակ արդարացի էր. հասկանում ենք, որ իրենց համար շատ ավելի հեշտ է պարզապես քաղաքացուն ընդունել, սպասարկել, ճանապարհել։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ դրա արդյունքում չի ֆիքսվում հետագայում քաղաքացու և հաջորդ բժշկի համար անհրաժեշտ ինֆորմացիան։ Պետք է ընդունենք, որ այն ծառայությունը, որը քաղաքացուն մատուցվել է և որի դիմաց նա կամ պետությունը կամ ապահովագրականը վճարել են, պետք է անպայման իր էլեկտրոնային հետքը թողնի, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկ այլ բուժող բժիշկ կարողանա այդ քաղաքացուն առավելագույնս արդյունավետ ու ճիշտ ծառայություն մատուցել։ Ա՛յս նպատակն է գերակա, ու սրա համար աշխարհում այլ տարբերակ չի գտնվել, քան էլեկտրոնային կամ թվային առողջապահության համակարգը։
Օրինակ, շատ հաճախ ենք լսում, որ Գերմանիայում բուժծառայությունների մատուցման որակը շատ բարձր է։ Ու դա այդպես է, քանի որ այնտեղ էլ. առողջապահությունը բավական արդյունավետ է գործում։ Մենք չենք կարող ետ մնալ զարգացումներից, եթե ուզում ենք ունենալ որակյալ առողջապահություն։ Ինչ վերաբերում է ստոմատոլոգիական կլինիկաներին, պարզաբանեմ մեկ անգամ ևս, որ իրականում մենք փորձում էինք ավելի շատ օգնել, հեշտացնել նրանց գործը՝ օգնելով ազատվել ավելորդ թղթաբանությունից, մտածում էինք, որ կհանդիպենք նրանց աջակցությանը, բայց եղավ հակառակը, և գործընթացը դադարեցվեց։
Պետք է հաշվի առնել, որ ոլորտի քաղաքականությունը որոշում է պետությունը, մենք, որպես այս ոլորտում մասնագիտացած ՏՏ ընկերություն, իրականացնում ենք բոլոր ծրագրային ապահովումները։ Այսինքն, մենք ընդամենը գործիք ենք, որը ծառայում է այս կամ այն ռազմավարությանը կամ նպատակին։ Մեզ պետք է դիտարկել այդ պրիզմայի մեջ։ Մենք ինքներս որոշում չենք կայացնում, քաղաքականություն չենք որոշում, մեր նպատակն է օգնել կառավարությանը՝ հասնելու իր նախանշած նպատակի կամ ռազմավարության իրականացմանը, և փորձում ենք դա անել ամենաօպտիմալ, ամենաարդյունավետ ձևով՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ստեղծելով հնարավորինս արդյունավետ գործող համակարգ։
-Կցանկանայի խոսենք շատ քննարկված էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման բաղադրիչի մասին, որը, եթե չեմ սխալվում, նույնպես ձեր համակարգի միջոցով է արվելու։ Այն անցած տարի ամռանը հետաձգվեց մեկ տարով, այսինքն՝ պետք է որ մեկնարկի այս տարի ամռանը։ Համակարգը տեխնիկապես պատրա՞ստ է այնպիսի սպասարկում ապահովել, որ խնդիրներ չառաջանան։
-Այո, միանշանակ պատրաստ է։ Էլեկտրոնային դեղատոմսերի մոդուլը վաղուց թեստավորված է։ Այն գործում է մի շարք երկրներում, նոր բան չէ։ Պարզապես ամեն երկիր ունի իր դեղերի ցանկը, դեղատոմսերի դուրսգրման կարգը։ Մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել, տեղայնացրել ենք այն, որպեսզի մեր օրենսդրության և հաստատված կարգերի համաձայն աշխատի։ Հիմա նույնպես շարունակում ենք համագործակցել Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ, իրենց ցանկերի հետ ենք աշխատում, ստանդարտացնում, ստեղծում այսպես ասած դեղերի ռեգիստր համակարգի կազմի մեջ, որը պարտադիր է դեղատոմսերի մոդուլի համար։ Անցած տարվա դեկտեմբերին հինգ դեղատներում մենք նաև պիլոտային ծրագիր իրականացրեցինք՝ հասկանալու համար իրավիճակը, և արդյունքները դրական էին։
-Ժամանակ առ ժամանակ նաև քննադատություններ են լինում ընդհանրապես համակարգի սակագների բարձր լինելու մասին։ Ինչպե՞ս են սահմանվում սակագները։
- Պարզապես նշեմ, որ սակագները մենք չենք որոշում, դա որոշվում է կառավարության հետ։ Այսօր դեղատոմսի գնից խոսելն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ մինչև այն չշահագործվի, ոչ ոք դեղատոմսերից գումար չի կարող գանձել։ Ի միջի այլոց, պետք է հաշվի առնել, որ դեղատոմսերի մոդուլի ներդրումից հետո մեր ընկերությունը պարտավորվել է երկու ամիս անվճար սպասարկել բոլոր դեղատները՝ դեղատոմսերի իրական քանակը պարզելու համար։ Դրա հիման վրա կառավարության հետ կորոշվի նոր գին, որն ավելի իրատեսական կլինի, քան նախնական ֆիքսված սակագինը։
Եվս մեկ հանգամանք՝ հավաքագրված գումարների արդյունքում արվող բոլոր ներդրումները՝ տեխնիկայի ձեռքբերում, ծրագրային ապահովման թարմացումներ, համարվում է պետության սեփականություն և մնում է պետությանը, ոչ թե օպերատոր ընկերությանը։ Մենք չենք որոշում մեր ծառայության դիմաց հավաքագրված գումարների ծախսման ուղղությունները, կապիտալ ներդրումների տարեկան պլանը որոշում է պետությունը։
-Խոսենք նաև օգտագործվող ծրագրային ապահովման մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ հսկայական ազդեցություն ունեն տեղեկատվական և մյուս բարձր տեխնոլոգիաներն առողջապահության ոլորտի համար։ Հետևո՞ւմ եք զարգացումներին ու նորարարություններին։
-Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահության համակարգի ծրագրային ապահովումը՝ սոֆթը, մշակված է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության կողմից, իսկ մեր օպերատոր ընկերության հիմնադիրներից մեկը հանդիսացող «Սայլեքս» («Sylex SARL») ընկերությունը «Էրիքսոն Նիկոլա Տեսլա»-ի հետ ունիգլոբալ գործընկերության պայմանագիր, նրա մատակարարն է ողջ աշխարհում։ «Էրիքսոն Նիկոլա Տեսլա»-ն իր էլեկտրոնային առողջապահության համակարգերում օգտագործում է«Սայլեքս»-ի հայ ծրագրավորողների կողմից պատրաստված ՝ համակարգի համար կարևոր կոմպոնենտները։ Մենք նաև կարող ենք ինչ-որ տեղ հպարտ լինել նրանով, որ այսօր աշխարհում, քանի որ «Էրիքսոն Նիկոլա Տեսլա»-ի սոֆթը տեղադրված է մի շարք երկրներում, միլիոնավոր մարդկանց առողջությունը պաշտպանվում է նաև մեր երկրում արտադրված խելացի ծրագրային ապահովման միջոցով։ Ծրագրային այս ապահովումը բավականին մրցունակ է միջազգային շուկայում։ Այն ավելի նոր սերնդի համակարգ է համարվում, մշակված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։
Մենք, իհարկե, հետևում ենք աշխարհում առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացումներին, ձգտում ենք նորին, ավելի բարձրին։ Այս տարի «Սայլեքս»-ն առանձին տաղավարով մասնակցելու է Միացյալ Նահանգներում կայանալիք հեղինակավոր «HIMSS 19 Health IT Conference» միջազգային ֆորումին։ Այստեղ ներկայացվում են առողջապահության ոլորտի տեխնոլոգիական նորությունները, մասնակցում են համաշխարհային հսկաներ։ Համաժողովի ցուցահանդեսային հարթակում «Սայլեքս»-ը ներկայացնելու է էլեկտրոնային առողջապահության ոլորտի իր նոր լուծումները, այդ թվում՝արհեստական բանականության կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող համակարգերը։ Մենք ամեն տարի որպես այցելու ենք մասնակցել, ու այս տարի հպարտ ենք, որ կունենանք մեր տաղավարը։
-Ի՞նչ արդյունքի եք ձգտում էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրումով։
-Համակարգի ներդրման նպատակը, ինչպես արդեն ասացի, թափանցիկությունն է, օպտիմալ կառավարումը, առողջապահության որակի բարձրացումը։ Դրան հասնելու միջոցներից մեկն այսպես կոչված բժշկական ուղեցույցներն են՝ պրոտոկոլները։ Դրանք, ըստ էության, նկարագրում են, թե կոնկրետ հիվանդության պարագայում ինչպիսի բուժում պետք է նշանակվի՝ հաշվի առնելով պացիենտի ընթացիկ վիճակը, նախկին հիվանդությունները,չափումների տվյալները և այլն։ Օրինակ, Գերմանիայում, որ բուժհաստատություն էլ պացիենտն այցելի, բուժման սխեման կամ պրոտոկոլը նույնն է։ Եթե հիվանդն ախտորոշված է կոնկրետ հիվանդության կոդով, կան ստանդարտացված պրոտոկոլներ, որոնցով նրանք կոնկրետ պարագայում առաջնորդվում են։ Իհարկե, առանձին դեպքերի համար դրանցում կարող են փոփոխություններ կատարվել, ու դրանք նույնպես կարձանագրվեն։ Անկախ նրանից, պացիենտը որտեղ կսկսի բուժումը, հետո՝ որտեղ կշարունակի, բուժման սխեման նույն կետից շարունակվում է։ Հենց դա է բուժման որակ ապահովում։ Մենք ևս փորձում ենք օգնել, որ նմանատիպ համակարգ ներդրվի Հայաստանում, որը կդառնա էլեկտրոնային առողջապահության բաղադրիչ։ Իհարկե, պրոտոկոլները պետք է որոշվեն փոքր խմբերից կազմված նեղ մասնագետների կողմից։ Մենք կարող ենք ապահովել դրանց թվայնացումն ու համակարգի մաս դարձնելը։ Այսինքն, մենք գործիքակազմ ենք առաջարկում, բայց գիտելիքը պետք է «լցվի» մասնագետների կողմից։
-Այս պահին շատ է քննարկվում առողջապահության համապարփակ ապահովագրության հարցը։ Ի՞նչ դեր կարող է ունենալ էլեկտրոնային առողջապահության համակարգն այս գործում։
-Տեսեք, վերը նշված պրոտոկոլների դերը կարող է անփոխարինելի լինել առողջապահության համապարփակ ապահովագրության դեպքում։ Դա նաև բազմաթիվ մասնագետների կարծիքն է։ Պրոտոկոլի և առկա վիճակագրական տվյալների համադրմամբ հնարավոր է ստանալ ծախսերի վերաբերյալ բավականին ճշգրիտ գնահատական։ Քանի որ եթե խոսում ենք ապահովագրությունից, պիտի խոսենք նաև ռիսկերի կառավարումից։ Միանգամայն հնարավոր է մեր համակարգի օգնությամբ ծախսերի կանխատեսում ունենալ։ Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա բոլոր գործառույթների իրականացումը, անշուշտ, կարող է նպաստել ապահովագրության արդյունավետությանը։ Ապահովագրական ընկերությունների կամ ֆոնդերի համար խիստ էական է, որ ակտուարները կարողանան հաշվել ռիսկերը, ինչը կարևոր է ապահովագրավճարների որոշման առումով։ Այդ հաշվարկները հնարավոր է անել էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ստացվող տեղեկատվության հիման վրա։ Մասնավորապես, հատուցման ռիսկը կարող է հաշվարկվել պրոտոկոլի միջոցով. եթե չկա պրոտոկոլ, հայտնի չէ բուժման ինչ սխեմա է գործելու, չկա համապատասխան վիճակագրություն, դժվար կլինի ծառայության ինքնարժեքը հաշվել։ Այսինքն, դինամիկ գնագոյացման հաշվարկները պետք է հնարավորինս ճշգրիտ լինեն, մաքսիմալ արդար և թափանցիկ թե ՛ֆինանսավորողի, թե՛ ծառայություն մատուցողի համար՝ հիմնված բուժման պրոտոկոլների վրա։ Այս տարբերակն է հենց կիրառվում լավագույն բժշկությունն ունեցող երկրներում։
-Ու մի հարց էլ ընկերության մասին։ Չգիտեմ, տեղյակ եք թե ոչ, բայց ձեր ընկերության հետ տարբեր անուններ են կապվում։ Մասնավորապես նշվում է, որ սերտ կապեր ունեք առողջապահության նախկին նախարարի հետ և կոնցեսիոն կառավարման մրցույթում հաղթել եք հենց նրա աջակցությամբ։
-Դա, իհարկե, զավեշտալի է։ Մենք առաջին մրցույթները շահել ենք 2013 թվականից, աշխատել ենք դրանից հետո եղած բոլոր կառավարությունների, այդ թվում՝ ներկա կառավարության հետ, և մեզ գրեթե բոլորի հետ ասոցացրել են։ Ավելորդ է ասել, որ այդ լուրերը բացարձակ կեղծ են։ Մենք բաց գործող ընկերություն ենք, որևէ նախկին կամ ներկա պաշտոնյայի շահ չենք սպասարկում, բացառապես հարգում ենք կոնցեսիոն պայմանագրով պետության առջև ստանձնած մեր պարտավորությունները և շատ թանկ ենք գնահատում «Էրիքսոն» ընկերության հետ մեր գործընկերությունը, ինչը բացառում է որևէ մեկից կախվածություն ունենալու հանգամանքը:
Աննա Գզիրյան