Երեւանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները

04.05.2026 11:05
488

Երեւանը մայիսի 4-ին և 5-ին հյուրընկալում է միջազգային նշանակության երկու խոշոր քաղաքական իրադարձություն։ Մայիսի 4-ին տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին մասնակցում է 47 բարձրաստիճան պատվիրակություն՝ պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով (Հայաստանը ներառյալ՝ 48 երկիր)։ 

Գագաթնաժողովին մասնակցում են գրեթե բոլոր եվրոպական երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Թուրքիան՝ ի դեմս նախագահ Զելենսկու և փոխնախագահ Յըլմազի: Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան, Երեւանում նա երեկ՝ մայիսի 3-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Սթորի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Հայտնի է, որ Երեւան չի ժամանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանական DPA գործակալությանը կառավարության խոսնակն ասել է. «Կանցլերը չի կարող մեկնել՝ այլ աշխատանքային զբաղվածության պատճառով»։ 

Որպես հատուկ հյուր գագաթնաժողովին մասնակցում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին (սա առաջին դեպքն է, երբ ոչ եվրոպական երկիր է մասնակցում ԵՔՀ հանդիպմանը)։

Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովին ներկա է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հենց նրա նախաձեռնությամբ 2022-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո տեղի ունեցավ ԵՔՀ առաջին հանդիպումը եւ այդուհետ անցկացվում է տարին երկու անգամ՝ ԵՄ անդամ և ոչ անդամ պետություններում՝ եվրոպական աշխարհամասի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու համար։

Մինչ այս, գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան, Երևանից հետո հաջորդ հավաքը կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։

Գագաթնաժողովի շրջանակում քննարկվելու են ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև տրանսպորտային կապերի զարգացումը։ 

Հայաստան-ԵՄ գագաթնաժողով

ԵՔՀ հավաքից զատ, մայիսի 4-5-ը Երեւանում անցկացվում է նաեւ Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։ Այս երկկողմ գագաթնաժողովին ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նաև՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Հայկական կողմից բանակցությունները վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներն են.

  • Երկկողմ հարաբերությունների խորացում և վիզաների ազատականացում։
  • Համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և թվային ոլորտներում։
  • Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ընթացքը։

Գագաթնաժողովի ավարտին կհրապարակվի համատեղ հայտարարություն, տեղի կունենա մի շարք ստորագրված փաստաթղթերի փոխանակում, որոնք կարևոր են ԵՄ–Հայաստան գործընկերության խորացման համար։

ԵՄ–Հայաստան հարաբերությունները հիմնված են ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որի առաջնահերթությունները սահմանված են ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում։

CEPA-ի միջոցով, որը գործում է 2021 թվականից, Հայաստանը պարտավորվել է իրականացնել համապարփակ բարեփոխումներ՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության վրա։ Մասնավորապես՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բարեփոխել դատական համակարգը և բարձրացնել դրա հաշվետվողականությունը քաղաքացիների առաջ, ինչպես նաև ապահովել հավասար տնտեսական, զբաղվածության և սոցիալական հնարավորություններ բոլորի համար։

2025 թվականի դեկտեմբերին ընդունված նոր ռազմավարական օրակարգը համագործակցության ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ սահմանեց բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ուղղությամբ։

ԵՄ աջակցությունը Հայաստանին

Եվրոպական միությունը Հայաստանի ամենամեծ դոնորն է եւ անկախացումից ի վեր զգալի աջակցություն է տրամադրել։

Դիմակայունության և աճի ծրագիր

Հայաստանի համար նախատեսված դիմակայունության և աճի ծրագիրը, որի արժեքը կազմում է 270 միլիոն եվրո 2024-2027 թվականների համար, նպատակ ունի խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը և զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը։

Ներդրումներ

Եվրոպական միությունը նաև աջակցում է Հայաստանին ներդրումներով, որոնք ուղղված են հայաստանցիների կյանքի բարելավմանը, տնտեսական աճի խթանմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

«Global Gateway» ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում նախատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ նպաստելով ներառական աճին և կապակցվածության զարգացմանը։

Անվտանգություն և պաշտպանություն

2026 թվականի ապրիլի 21-ին ԵՄ Խորհուրդը համաձայնեց Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական գործընկերության առաքելություն (EUPM Armenia)՝ ԵՄ-ի ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է՝ իր նախնական երկամյա մանդատի ընթացքում, բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և ճգնաժամերի կառավարման կարողությունները։

Առաքելությունը կաջակցի Հայաստանին բազմաշերտ սպառնալիքներին դիմակայելու գործում, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), կիբերհարձակումները և ապօրինի ֆինանսական հոսքերը՝ տրամադրելով ռազմավարական խորհրդատվություն, կարողությունների զարգացում և գործառնական աջակցություն։ Այն նաև կունենա նախագծային բաժին։

EUPM-ը Հայաստանում ԵՄ-ի երկրորդ, առանձին քաղաքացիական առաքելությունն է։ Առաջինը՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA), ստեղծվել է 2023 թվականին և զբաղվում է տեղում իրավիճակի դիտարկմամբ ու զեկուցմամբ՝ նպաստելով վստահության ձևավորմանը և մարդու անվտանգության ապահովմանը հակամարտությունից տուժած տարածքներում։

Բացի այդ, 2024 թվականից ի վեր Եվրոպական միությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով հատկացրել է 30 միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերին, զարգացնելու ԶՈՒ լոգիստիկ կարողությունները և նպաստելու ճգնաժամերի ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը։

Գագաթնաժողովին ընդառաջ, «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, գնահատելով այս իրադարձությունը, ասել է, որ Երեւանում անցկացվող գագաթնաժողովը ցույց է տալիս, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն աննախադեպ մակարդակի են հասել և հիմնված են ընդհանուր արժեքների ու Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հարգանքի վրա։

Իրադարձությունը Հայաստանի համար կարևոր է, որովհետև այն ոչ միայն քաղաքական աջակցություն է նշանակում, այլև կոնկրետ ներդրումների և գործնական արդյունքների հնարավորություն, որոնք ուղղված են տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության զարգացմանը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ նշվում է, որ սա նշանակալի քայլ է հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ը (երկուշաբթի) Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ պատվիրակությունների տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ 

Տրանսպորտային սահմանափակումներ կան Երևանի կենտրոնում և դեպի օդանավակայան տանող ճանապարհներին։

Մայիսի 5-6-ին տեղի է ունենալու «Երևանյան երկխոսություն» (Yerevan Dialogue) ֆորումը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի 6 թեմատիկ ուղղությունները։ Դրանք են՝ 

  • «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»
  • «Գլոբալ փոխկապակցվածություն»
  • «ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»
  • «Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»
  • «Կանաչ փոխակերպում»
  • «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն»։

 

hetq.am

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46