«Երջանիկը ոչ թե մահացավ, այլ սպանվեց Կապանի համապատասխան բժիշկների տգիտության, անպատասխանատվության եւ անփութության հետեւանքով»

22.12.2017 17:38
2930

«Սյունյաց երկիր» թերթում գնահատելի մի ավանդույթ կա՝ հրապարակել մեր հեղինակած հոդվածների վերաբերյալ ստացված արձագանքները, պատասխանները, հերքումները, եթե դրանք նույնիսկ վիրավորանք ու զրպարտություն են պարունակում հոդվածի հեղինակի կամ լրատվամիջոցի հանդեպ: Ասել է թե՝ մենք չենք թաքնվում եւ չենք խուսափում որեւէ բանավեճից, հակառակ կարծիքից, բացախոսությունից եւ հրապարակայնությունից:


Ս.թ. դեկտեմբերի 11-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվեց մտահոգիչ մի հոդված՝ կառուցված եւ շարադրված Աշոտ Սուքիասյանի հայտարարության հիման վրա՝ «Երջանիկը ոչ թե մահացավ, այլ սպանվեց Կապանի համապատասխան բժիշկների տգիտության, անպատասխանատվության եւ անփութության հետեւանքով»:


Հոդվածը հրապարակվեց նաեւ «Սյունյաց երկիր» թերթի 2017թ. դեկտեմբերի 15-ի համարում:


Դեկտեմբերի 22-ին խմբագրության էլեկտրոնային փոստով ստացվել է թերթի խմբագրին ուղղված բաց նամակ, որն էլ առանց միջամտության, իբրեւ պատասխան խոսք, ներկայացնում ենք ընթերցողին:


                                                                  ***


Բաց նամակ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը իր խորը վրդովմունքն է հայտնում 11.12.2017թ. Ձեր ինտերնետային կայքում տեղադրված «Աշոտ Սուքիասյան. «Երջանիկը ոչ թե մահացավ, այլ սպանվեց Կապանի համապատասխան բժիշկների տգիտության, անպատասխանատվության եւ անփութության հետեւանքով» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ։ Տվյալ հոդվածում տեղ գտած անհիմն մեղադրանքները եւ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունը ստվեր են գցում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմի բարի համբավի վրա։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ է պրոֆեսիոնալ Ձեր մոտեցումը, երբ կայքում տեղադրում եք հոդված քաղաքացու բանավոր տեղեկության հիման վրա, առանց լրագրողական հետաքննություն անցկացնելու եւ պարզելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում նշված տեղեկությունը։ Նման մոտեցումը խոսում է կամ Ձեր ոչ պրոֆեսիոնալիզմի կամ ուղղորդված հոդվածներ գրելու գործելաոճի մասին։

Հույս ունենալով, որ Ձեր հրապարակած հոդվածը ամեն դեպքում հանդիսանում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք եւ նպատակ չեք ունեցել տարածել կեղծ տվյալներ, Ձեզ ենք ներկայացնում այն փաստերը, որոնք դուք կարող էիք ստանալ, եթե հարցին մոտենայինք իբրեւ բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ լրագրող։ Այսպիսով, Երջանիկ Սարգսյանը 25.11. 2017թ. -ի ժամը 19:30 «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել ինքնուրույն՝ գանգատվելով զարկերակային ճնշման բարձրացումից։ Ըստ անամնեստիկ տփալների նա երկար տարիներ տառապել է հիպերտոնիկ հիվանդությամբ եւ ըստ հարազատների խոսքերի իր աշխատանքային զարկերակային ճնշումը 180/120-նն է, որը եւ գրանցվել է ընդունարանում վերջինիս զարկերակային ճնշումը չափելուց հետո։ Երջանիկ Սարգսյանը եւ իր հարազատները հայտնել են բժիշկներին, որ 25.11.2017թ֊ի առավոտյան Երջանիկն ունեցել է գիտակցության կարճատեւ կորուստ եւ ընկել է, սակայն «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նա դիմել է երեկոյան (ժամը 19:30– ին), եւ ոչ ընկնելուց 2-3 ժամ հետո ինչպես նշված է ձեր հոդվածում։

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել են Երջանիկ Սարգսյանի առաջնային զննումը եւ անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր եւ գործիքային-ախտորոշիչ հետազոտությունները։ Զննման ժամանակ հերթապահ բժիշկն ուշադրություն է դարձրել քթի դեֆորմացված տեսքի վրա, ինչի կապակցությամբ հիվանդը եւ հարազատները պարզաբանել են, որ 2 տարի առաջ Երջանիկը վիրահատվել է քթի միջնապատի ծռվածությունը ուղղելու համար։ Քթի թարմ վնասվածք արտաքին զննման ժամանակ չի հայտնաբերվել։ Հիվանդի գիտակցությունը եղել է պարզ, հարցերին պատասխանել է ադեկվատ, խոսքի խանգարում չի եղել։

Հիվանդի վիճակը կարգավորելուց հետո, ի հակառակ Ձեր հոդվածում նշվածի, հերթապահ բժիշկ Գ.Քոչարյանը հիվանդի հարազատներին բացատրել է հիվանդի՝ բժշկական կենտրոնում հոսպիտալացման եւ բժշկի հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությունը (հիվանդը եւ հարազատները գերադասում էին տուն գնալ)։ Հերթապահ բժիշկ Քոչարյանի պնդմամբ հիվանդը հոսպիտալացվել է եւ տեղափոխվել է թերապեւտիկ բաժանմունք, որտեղ կազմակերպվել է բժիշկ- մասնագետների անհրաժեշտ խորհրդատվությունը եւ նշանակվել է համապատասխան բուժում, որի վերաբերյալ գրառումն առկա է Երջանիկ Սարգսյանի հիվանդության պատմության մեջ։

Թերապևտիկ բաժանմունքում 00:30-ին հիվանդի վիճակը կտրուկ վատացել է եւ հիվանդն ունեցել է գիտակցության կորուստ, որի պատճառով նա անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի անհրաժեշտ բուժումը կազմակերպվել է հերթապահ բժիշկ-ռեանիմատոլոգ Ա.Շահբազյանի կողմից («Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր բաժանմունքներում կան շուրջօրյա հերթապահող բժիշկներ)։ Բժիշկ Շահբազյանի կողմից հիվանդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր (այդ վիճակում խիստ ռիսկային է հիվանդի տեղափոխությունը Երեւան)։ Այս մասին տեղեկացվել են հիվանդի հարազատները, սակայն նրանք պնդել են հիվանդի՝ Երեւան տեղափոխման համար, ինչի նպատակով «Աստղիկ» ԲԿ-ից հրավիրվել է ռեանիմացիոն անձնակազմ։ Հրավիրված բժիշկ֊ռեանիմատոլոգը վերահաստատել է, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկը նշել է, որ տեղում իրականացված բոլոր բուժական միջոցառումները կատարվել են ճիշտ եւ տեղափոխությունը խիստ վտանգավոր է նման վիճակում գտնվող հիվանդի համար, սակայն, հիվանդի հարազատները պահանջել են, այնուամենայնիվ, կազմակերպվել Երջանիկի տեղափոխությունը։ Նշենք նաեւ, որ բոլոր վճարումները կատարվել են բացառապես «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դրամարկղում։

Երջանիկ Սարգսյանի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մուտք գործելուց մինչեւ նրա Երեւան տեղափոխվելը կատարված բոլոր միջոցառումները վերահսկվել են անձամբ ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի կողմից։

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը իր խորին ափսոսանքն է հայտնում Երջանիկի կյանքը փրկելու նպատակով ձեռնարկված բոլոր գործողությունների ապարդյուն լինելու համար։ Ցավոք, կան դեպքեր, երբ բժշկությունն ուղղակի անզոր է։ Զորակցություն ենք հայտնում Երջանիկի հարազատներին եւ կիսում նրանց վիշտը։

Հ.Գ. Մարդկանց վիշտը սեփական շահերին ծառայեցնելու միջոցը, հավանաբար ամենաստոր քայլերից է, որին ընդունակ է միայն բարոյականությունից զուրկ անձնավորությունը։

Այնուամենայնիվ հուսով ենք, որ Դուք կունենաք խիզախություն ընդունելու Ձեր սխալը՝ իրողությունը ճիշտ եւ փաստարկված ներկայացնելու հանրությանը եւ ներողություն խնդրելու «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-֊ի ողջ անձնակազմից (եթե, իհարկե, չեք ունեցել ապա տեղեկատվություն տարածելու նենգ միտում)։    


Տնօրեն՝ Կարեն Մելքոնյան, բուժ գծով տեղակալ՝ Վիրաբ Մանասյան, մանկական բաժ. վարիչ՝ Արարատ Հարությունյան, վնասվածքաբանական բաժ վարիչ՝ Սարիկ Աթաջանյան, վիրաբուժական բաժ. վարիչ՝ Նորայր Հարությունյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ Սերգեյ Դասպարյան, ախտորոշիչ բաժ. վարիչ՝ Վլադիկ Արզումանյան, թերապեւտիկ բաժ. վարիչ՝ Գայանե Այվազյան, ինֆեկցիոն բաժ. վարիչ՝ Աիդա Բադալյան, վիրաբույժ՝ Արտակ Հայրապետյան, բժիշկ-թերապեւտ՝ Ալինա Առաքելյան, մաշկավեներոլոգ՝ Վիկտոր Սարգսյան, մաշկավեներոլոգ՝ Վահիկ Հովհաննիսյան, ուրոլոգ՝ Միշա Գրիգորյան, վնասվածքաբան՝ Ասատուր Ասատրյան, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Շողեր Սահակյան, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Անուշ Բալասանյան, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Լեո Գրիգորյան, մաշկավեներոլոգ՝ Վահիկ Հովհաննիսյան, ֆիզոթերապեւտ՝ Անահիտ Գրիգորյան, թերապեւտ՝ Մարինե Քոչարյան, նյարդաբան՝ Աշխեն Խաչատրյան, մանկաբույժ՝ Լարիսա Զհանգիրյան
                                                        

                                                                   ***


Խմբագրության հետգրությունը

Քսանհինգ հոգի, ինչպես տեսնում եք, ստորագրել են պատասխան խոսքը:

Նրանց մեջ են նաեւ հանրության մեջ շատ թե քիչ հեղինակություն վայելող անձնավորություններ, ուստի եւ առավելագույն հստակությամբ ու պատասխանատվությամբ ենք ներկայացնում մեր դիտարկումները նամակի վերաբերյալ:

Նախ՝ զարմանալի է հիվանդանոցի ռեակցիան: Մարդ է մահացել, հանգուցյալի հարազատը վշտացած եկել է թերթի խմբագրություն, ներկայացրել իր նկատառումները եւ փորձել լրատվամիջոցի օգնությամբ իշխանությունների, հանրության ուշադրությունը հրավիրել դեպքի վրա, պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, մարդն իր ոտքով հասել է հիվանդանոց եւ ժամեր անց հայտնվել մահվան ճիրաններում:

Բա ուրիշ ի՞նչ անեին հանգուցյալի հարազատները. գնային եւ շնորհակալությո՞ւն հայտնեին հիվանդանոցի տնօրենին ու բժիշկներին:

Ուրիշ ի՞նչ աներ խմբագրությունը, երբ քաղաքացին եկել է խմբագրություն՝ հույս կապելով լրատվամիջոցի եւ ոչ թե հիվանդանոցի տնօրենի կամ պետական ու տարածքային իշխանության հետ:

Ինչեւէ, Կապանի բժշկական կենտրոնում, ինչպես տեսնում եք, «բարի» ավանդույթ է ձեւավորվել՝ առկա կոնկրետ հարցերին լուծում տալու փոխարեն ստորագրություններ հավաքել վերադասի հրահանգով եւ այդկերպ հանրությանն ինչ-որ բան ասելու պատրանք ստեղծել:

Դարեր շարունակ բժիշկներին ճանաչել են իրենց պրոֆեսիոնալիզմով, հմտություններով, մարդկանց կյանքը փրկելուն միտված հրաշագործություններով: Իսկ հիմա Կապանի հիվանդանոցում, այդ ամենի փոխարեն ու այդ ամենն անտես անելով, վարպետացել ու մասնագիտացել են նամակներ գրելու, ուրիշի գրած նամակի տակ (առանց ընթերցելու) ստորագրելու «հիպոկրատյան» գործում:

Դա էլ վատ չէ. գոնե մի գործով մեր հարգելի բժիշկները պիտի՞ զբաղվեն, թե՞ ոչ:

Սակայն, նամակ գրելու համար էլ, այն էլ՝ բաց նամակ, անկեղծ լինենք, մի քիչ էլ բարոյականություն, պատասխանատվություն, քաղաքացիական հստակ դիրքորոշում, սեփական դեմք-դիմագիծ ունենալ է պետք:

Երբ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետն աշխատանքից ազատեց Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանին, ով հանրապետությունում ճանաչված բժիշկ է եւ մեծ վաստակ ունի, ում պաշտոնանկության օրինականությունը մինչեւ հիմա վիճարկվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բժշկական կենտրոնի մոտ հարյուր աշխատակից (նաեւ այս ցուցակում ընդգրկվածների մեծագույն մասը) նամակ հղեց երկրի բարձր ղեկավարությանը՝ Սյունիքի մարզպետին մեղադրելով կամայականության եւ տնօրենին անհիմն պատճառաբանությամբ ազատելու մեջ: Մեկ օր հետո նույն մարդիկ (երկու-երեք բացառությամբ) մեկ այլ թուղթ ստորագրեցին եւ հայտարարեցին, որ հրաժարվում են նախորդ նամակից, որ իրենք ստորագրել են՝ չիմանալով, թե ինչ է գրված այնտեղ: Իսկ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ գրեթե բոլորը ներողամտություն հայցեցին Սմբատ Օրբելյանից՝ պատճառաբանելով, որ իրենց աշխատանքից հեռացնելու սպառնալիք են ներկայացրել, ինչից դրդված էլ հրաժարվել են առաջին նամակից:

Հիմա… Ամոթալի այս նախադեպը հիմք ընդունելով կարո՞ղ ենք ենթադրել, որ սույն նամակը գրվել է ինչ-որ տեղ, իսկ բժիշկներն էլ ստորագրել են հրահանգով, հերթական սպառնալիքի ներքո՝ չիմանալով նույնիսկ, թե ինչ է գրված այդ թղթում:

Ստորագրություններն ընթերցելիս կեղծավորությունն աչք է ծակում. մաշկավեներոլոգ Վահիկ Հովհաննիսյանը, օրինակ, նամակի տակ երկու անգամ է ստորագրել:

Այդ բոլորով հանդերձ՝ քանի որ խոսքը կոնկրետ մարդու ողբերգական վախճանի մասին է, հարկ ենք համարում քննարկել «բժիշկների» նամակի մի քանի դրվագ:

Այսպես՝ ինչո՞ւ են Կապանի բժշկական կենտրոնում դժգոհում իրենց հաստատությանը՝ հանգուցյալի հարազատի կողմից տրված բացասական գնահատականից, արժանապատվության զգացումի այդ ի՞նչ ուշացած հրավառություն է:

Մոտ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետը նույն ստորագրողների աչքերին ուղիղ նայելով ամենավերջին խոսքերով անվանարկեց ե՛ւ Կապանի բժիշկներին, ե՛ւ հիվանդանոցի ողջ անձնակազմին: Բժիշկները մեղադրվեցին ամեն ինչում՝ էլ անբարեխղճություն ու ոչ պրոֆեսիոնալիզմ, էլ ցինիկ ու ղասաբ, էլ գող փիսո ու քաչալ շուն… Նույնիսկ սպառնաց՝ բոլորիդ կհեռացնեմ եւ Երեւանից մասնագետներ կբերեմ:

Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցներից եւ ոչ մեկը չհամարձակվեց հակադրվել Վահե Հակոբյանին: Ընդհակառակը՝ մարզպետի հոխորտանքին ի պատասխան շատերը փայլատակեցին բժշկին անվայել հեզությամբ ու անարժանապատիվ կեցվածքով:

Հարց Կապանի բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իսկապե՞ս վիրավորած եք եւ անհանգստացած հանգուցյալի հարազատի հնչեցրած գնահատականներով, չէ՞ որ նա ընդամենը կրկնել է մարզպետի՝ մեկ տարի առաջ հնչեցրած խոսքերը:

Այնուհետեւ՝ նամակում նշվում է, որ մեր հեղինակած հոդվածը ստվեր է գցում հիվանդանոցի ողջ անձնակազմի բարի համբավի վրա:

Հետաքրքիր իրավիճակ է. գոնե նամակի հեղինակները հասկանում-գիտակցում են, որ բարի համբավ ասվածը սովորաբար առարկայանում-ամբողջանում է բացառապես ժամանակի մեջ:

Այսինքն՝ բարի համբավը (ուզենք-չուզենք) այս դեպքում եւս ձեւավորվել է տարիների ընթացքում:

Ու եթե իսկապես Կապանի հիվանդանոցը բարի համբավ ունի, ապա գոնե ուշացումով պետք է երախտագիտություն հայտնենք Սմբատ Օրբելյանին, չէ՞ որ երկար ու ձիգ տարիներ ինքն է ղեկավարել այդ հաստատությունը:

Նամակում խոսվում է բարոյականությունից եւ մեր հրապարակումն այդ առումով խոցելի համարելու վարժանք արվում. իրենց իրավունքն է:

Բայց… Այդ դո՞ւք եք բարոյականությունից խոսում: Գոնե ուշացումով անկեղծացեք՝ եթե հենց հիմա ձեզ հանձնարարվի մեկ այլ թղթով հերքել ժամեր առաջ գրված նամակը, կկարողանա՞ք դիմադրել, հրաժարվել…

Այդ դո՞ւք եք բարոյականությունից խոսում: Ուղիղ մեկ տարի առաջ տարածքային իշխանության ներկայացուցիչները (վճարովի հիմունքով) ցույց կազմակերպեցին ընդդեմ հիվանդանոցի տնօրենի՝ ձեռքեր տաքացնելով ինչ-որ մեկի ծով վշտի եւ ողբերգության վրա, իսկ դուք ծպուտ չհանեցիք:

Այդ Կարեն Մելքոնյան անհա՞յտն է բարոյականությունից խոսում՝ կարմրելու եւ գետինը մտնելու փոխարեն: Գոնե հանրությանը ներկայացներ, թե ի՞նչ հանգամանքների շնորհիվ է դարձել Կապանի բուժկենտրոնի տնօրեն, երբ Կապանում իրենից մի քանի գլուխ բարձր պրոֆեսիոնալներ եւ կազմակերպական առավել հմտություններով օժտված մասնագետներ կան: Գոնե ասեր, թե ինչո՞ւ է հակառակ գործող օրենքի մեկտեղում երկու ՓԲ ընկերությունների տնօրենների պաշտոնը, թե ինչու է շաբաթական երկու օր փախչում աշխատանքից:

Եթե իսկապես դուք՝ հարգելի բժիշկ-ստորագրողներ, կապ ունեք բարոյականության հետ եւ դատապարտում եք սեփական շահով առաջնորդվելու գործելակերպը, ապա գոնե խոսքով դատապարտեիք այն մարդուն, ով համարձակվել է մահվան ճիրաններում հայտնվածի հարազատներից գումար շորթել ռենտգեն հետազոտության համար:

Եթե մեր հոդվածին արձագանքելու անկեղծ նապատակ ունեիք (եւ ոչ թե հերթական անգամ խաղեր տալու խնդիր էր դրված), ապա պարտավոր էիք նկատել մեր հրապարակման գլխավոր եզրահանգումը՝ «Իհարկե, դժվար է գնահատական տալ Կապանի հիվանդանոցի բժիշկների գործունեությանը՝ կապված Երջանիկի մահվան հետ. ճի՞շտ են մոտեցել, սխա՞լ են թույլ տվել: Միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներն իմանալուց հետո կարելի է տեղի ունեցածին մասնագիտական եւ իրավական գնահատական տալ»:

Ողջամիտ ու սթափ այդ եզրակացությունը շրջանցելով՝ փորձ է արվում խաղալ մեր գրվածքի ու հանգուցյալի հարազատի բնական ու մարդկային զգացմունքների հետ:

Եթե իսկապե կապ ունեք ձեր իսկ նշած բարոյականության հետ, ապա նամակ գրելու փոխարեն պաշտոնական մի պարզաբանում ներկայացնեիք հանրությանը եւ մանրամասն բացատրություն տայիք Երջանիկ Սարգսյանի հարազատներին՝ փորձելով մխիթարել նրանց:

Երկու-երեք հավելյալ ու անկեղծ հարց եւս նամակ ստորագրողներին:

Գոնե կարդացել եւ հետո՞ եք ստորագրել նամակը, թե՞ այս անգամ նույնպես ստորագրել եք՝ չիմանալով, թե ինչ թղթի տակ եք ձեր ստորագրությունը դնում:

Նամակում պնդում եք՝ «… բոլոր վճարումները կատարվել են բացառապես «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դրամարկղում»:

Իսկապե՞ս, չե՞ք ստում արդյոք, որտեղի՞ց գիտեք այդ մասին, չէ՞ որ միայն ականատես-վկան կարող է դա հաստատել:

Նամակում մանրամասն շարադրված է հիվանդի վիճակի բարելավմանը միտված քայլերի մասին:

Որտեղի՞ց գիտեք այդ մասին, որ հաստատում եւ ստորագրում եք: Այդ ինչո՞ւ եք հավատացել բժշկի պատմածին, իսկ մեզ մեղադրում եք հիվանդի հարազատին լսելու եւ ասվածը վերարտադրելու մեջ:

Նամակում, որքան էլ զարմանալի է, տեղ են գտել նաեւ զավեշտալի պարբերություններ. հրապարակման հեղինակները մեզ մեղադրում են ինչ-որ մեկից ուղղորդվելու, նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:

Եվ ովքե՞ր են տողերիս հեղինակին նման նախատիք տալիս:

Աշխարհի ամենահեղինակավոր մասնագիտությունը կրող անձինք թղթեր են ստորագրում վայ տնօրենի հրահանգով ու առանց ընթերցելու, իսկ մեզ մեղադրում ուղղորդվելու մեջ: Ամոթ է…


Նաեւ խոստովանենք՝ մեր հոդվածում արտահայտված առավել հույժ մտահոգությունների մի մասին նամակագիրները չեն պատասխանել. չէ՞ որ մահվան դեպքից բացի բարձրացվել էին նաեւ գործող օրենսդրությանը հակասող երեւույթներ:

Նամակի հեղինակները (ովքեր, ըստ մեր համոզման՝ ստորագրողները չեն) շեղվել են կոնկրետ հարցերին պատասխան տալուց եւ ասելիքը տեղափոխել հուզական դաշտ: Տպավորություն ունենք, որ Երջանիկ Սարգսյանի կյանքի վերջին ժամերին նրա հետ գործ ունեցած բժիշկներին եւ հիվանդանոցի տնօրենին հերոսացնելու փորձ է արվում տեղացի բժիշկների ձեռամբ: Ըստ երեւույթին բաց նամակը, որքան էլ ցավալի է, ոչ թե Երջանիկի մահվան հանգամանքների քննությանն է միտված, այլ եկվորներին արդարացնելուն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ

03.05.2024 11:25

Արկադիա Ղազարյան. մարզիչը և մանկավարժը

03.05.2024 11:05

ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

03.05.2024 10:24

Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

03.05.2024 10:14

Շնորհավորական` Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար վրդ. Հակոբյանի ձեռնադրման 20-ամյակի առթիվ

02.05.2024 21:19

ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

02.05.2024 20:01

Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը

02.05.2024 17:58

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

02.05.2024 17:55

Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է. թուրք վերլուծաբան

02.05.2024 17:19

ԿԱՊԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

02.05.2024 17:13

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

02.05.2024 16:01

Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

02.05.2024 15:53