«Էս գյուղը փակելու են»,- ասում է պոչամբարի հարեւանությամբ գտնվող Գեղանուշի բնակիչը

19.07.2018 18:07
1481

Կապանով անցնող Երեւան-Մեղրի միջպետական մայրուղուց ընդամենը 800 մետրի վրա է գտնվում ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի խոշորագույն պոչամբարներից մեկը: Գեղանուշի պոչամբարի ընդհանուր մակերեսը, համաձայն 2015 թ. տվյալների, 180 հազար քմ էր, ինչը հավասար է 25 ֆուտբոլային դաշտի: Այս ընթացքում այն ավելի է մեծացել եւ կշարունակի մեծանալ: Որքան պոչամբարը խոշորանում է՝ թափոնների տակ թողնելով նոր հողեր, այնքան հարեւան Գեղանուշ գյուղի բնակիչների շրջանում շատանում են մտահոգություններն ու գյուղը լքելու խոսակցությունները:  

«Շահումյանի օրն ենք ընկնելու, չե՞ք տեսնում, թե պոչամբարը որտեղ է հասել»,- ասում է Գեղանուշ գյուղի բնակիչ, 61-ամյա Արտուշ Կոստանդյանը՝ ցույց տալով նույնանուն պոչամբարի կողմը, որը, ըստ նրա, այնքան է բարձրանալու, որ գեղանուշցիները հեռանան իրենց բնակավայրից:

Շահումյանը Կապանի բանավաններից է, որի բնակիչները 2000-ականներին հեռացան տարածքից, քանի որ Կապանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործող «Դինո Գոլդ Մայնինգ» (հետագայում՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան», այժմ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ընկերությունը որոշել էր այստեղ հանք բացել ու այդ նպատակով գնել էր շահումյանցիների հողերը: Հետո հանքարդյունաբերողի ծրագրերը փոխվեցին՝ որոշվեց հանքը շահագործել փակ եղանակով, արդյունքում այսօր Շահումյանը դարձել է ամայի տարածք ու ավերականոց, որտեղ արդեն ռուսական «Պոլիմետալին» պատկանող լեռնահարստացման կոմբինատը դատարկ ապարների լցակույտեր է ստեղծել: Հեռացած շահումյանցիների այգիները անհայտ անձանց կողմից ոչնչացվել են, հիմա մնացել են միայն հաստաբուն ծառերի հատված բները, որոշ տեղերում տեսանելի են տների կիսավեր պատերը:   

Պոչամբարի մակերեսը 25 ֆուտբոլային դաշտի չափ է

Գեղանուշ գետի նախկին հունի վրա գտնվող պոչամբարը պատկանում է նույն կոմբինատին: Այստեղ են կուտակվում կոմբինատից դուրս եկող պոչերը՝ արդյունաբերական գործընթացում առաջացող թափոնները: Գեղանուշի կենտրոնից ուղիղ գծով դրա հեռավորությունն ընդամենը 1,6 կմ է, իսկ հարեւան Գոմարան գյուղից՝ 900 մ:

Պոչամբարը սկսել է շահագործվել 1962-ից: Նախագծային ծավալը եղել է 8,7 մլն խմ, սակայն 1978-ին, երբ արդեն 4,6 մլն խմ կուտակված պոչանք կար, փակվել է, եւ Կապանի կոմբինատն իր թափոնները սկսել է լցնել Արծվանիկի պոչամբար, որը շահագործում էր նաեւ Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետությունը որոշել էր փակել պոչամբարը՝ հաշվի առնելով բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումն ու շրջակա տարածքների ընդհանուր էկոլոգիական վիճակը: «Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պոչամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի տարածումը շրջակա միջավայրում: Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոստացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը»,- ասում է Հ. Սանասարյանը՝ նկատի ունենալով դրա վերագործարկումը:

Պոչամբարի հյուսիսային պատնեշի պոչատար խողովակից թափվող պոչանքները

2006-ին «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն «Դինո Գոլդի» պատվերով սկսել է պոչամբարի ընդլայնման եւ հակադարձ ջրամատակարարման կառուցման աշխատանքները, որոնք ավարտվել են 2007-ին: Հանքարդյունաբերողը, ըստ մամուլի հրապարակումների, 4 մլն դոլար վարկ էր վերցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:

Գեղանուշի պոչամբարն աշխատում է փակ շրջանառու համակարգով. այսինքն՝ պարզվածքի ջուրը ոչ թե թափվում է Գեղանուշ գետը, այնտեղից էլ՝ Ողջի, այլ ուղարկվում է կոմբինատ՝ արտադրական նպատակներին ծառայեցվելու:

Հեռվում՝ հարավային պատնեշն ու պոչատարը

Ընդլայնման նախագծով ծրագրվել է բարձրացնել պոչամբարի պատնեշը, ինչի շնորհիվ դրա ծավալը խորհրդային ժամանակների 8,7-ից պիտի դառնա 11,37 մլն խմ: 2015-ին պոչամբարի հայելու մակերեսը 108 հազար քմ էր, իսկ ընդհանուր մակերեսը՝ 180 հազար քմ: Այս վերջին թիվը հավասար է 25 ֆուտբոլային դաշտի մակերեսի: Պոչամբարն ու ենթակառուցվածքները, 2015-ի տվյալներով, զբաղեցնում էին 32 հա տարածք, ինչն էլ հավասար է 45 ֆուտբոլային դաշտի: Եվ այս թվերը դեռ մեծանալու են:  

«Գիլաս բառը Գեղանուշից վերացել է»

Երբ գեղանուշցի Արտուշ Կոստանդյանին«միամիտ» հարց ենք տալիս, թե պոչամբարը նախկինի համեմատ մեծացել է արդյոք, զարմանում է. «Վայ, քո տունը շինվի, գնա Արծվանիկի պոչամբարը նայի, աշխարհում ամենամեծն է, բայց էս տեմպով որ աշխատում են, Գեղանուշինը գալու է խփի, անցնի»:

Մտահոգ գյուղացին մի քիչ չափազանցնում է, բայց նրա անհանգստությունը հիմնավոր պատճառներ ունի: «Առավոտը մի անգամ եկեք պավարոտի վրա կանգնեք, տեսեք, թե ինչ սուր հոտ ա փչում: Գիլաս բառը Գեղանուշից վերացել է, իսկ էն ժամանակ ծառերը կոտրատվում էին, տեղ ու դադար չկար, բայց հիմա մի հատ գիլաս չկա: Խնձոր, տանձ կար առաջ, շլոր կար, ինչ ասես կար,- մի տեսակ կարոտով ասում է Ա. Կոստանդյանն ու հավելում,- էս տարի պոպոկն ա բոլ, մեկ էլ մոշը»:

«Մտնում ենք այգի, չենք կարող մի միրգ պոկենք, ուտենք, պիտի անպայման ջրի տակ դնենք. անձրեւը որ գալիս է, սաղ ցեխի մեջ կորում է, փոշին բերում է գյուղը,- իր հերթին նշում է 74-ամյա գեղանուշցի Ելենա Գասպարյանը,- էդպիսի մարդ չկա, որ հիվանդ չլինի՝ ինսուլտ, ինֆարկտ, հարյուր տեսակի հիվանդ կա»:

Գյուղը նոսրանում է

2001-ի մարդահամարի արդյունքներով Գեղանուշ համայնքն ունեցել է 356 մշտական (հաշվառված) բնակիչ, որից 280-ը՝ Գեղանուշ գյուղում, 76-ը՝ Գոմարանում: 2011-ի մարդահամարը մեծ փոփոխություններ չի գրանցել, բայց առկա է նվազում. 324 մշտական բնակիչ, 253-ը՝ Գեղանուշում, 71-ը՝ Գոմարանում: Սակայն ներկա վիճակը հետեւյալ կերպ է նկարագրում Արտուշ Կոստանդյանը. «Գյուղում մարդ չի մնացել, գիշերը մի քանի լույս է վառվում»: Գեղանուշի ս. Հռիփսիմե եկեղեցու մոմավաճառ Լարիսա Սաֆարյանն էլ ասում է, թե եկեղեցի մտնողները շատ քիչ են, մոմ վառողներին կարելի է մատների վրա հաշվել: 

2017-ին Կապանի տարածաշրջանի 38 բնակավայր՝ Կապան քաղաքն ու 37 գյուղ, խոշորացվեցին՝ դառնալով մեկ համայնք՝ Կապան կենտրոնով: «Գյուղում ապագա կա՞,- հռետորական հարց է տալիս խոշորացումից դժգոհ Ելենա Գասպարյանը,- գյուղապետ չկա, մի լիազոր է ու կոմպյուտերի վրա մի աշխատող, գյուղում դա են թողել»:

Բայց կարելի է ասել, որ Գեղանուշի բախտը, ի տարբերություն, խոշորացված շատ այլ բնակավայրերի, բերել է այնքան, որ Կապանից ընդամենը 4 կմ է հեռու: Գյուղը քաղաքի հետ կապվում է ավտոբուսով, որի համար վճարում է կոմբինատը:

«Էս գյուղը քոչելու է էստեղից»

Եթե 2006-ին Գեղանուշի պոչամբարում եղել է 4,6 մլն խմ պոչանք, ապա, ըստ կոմբինատի, 2007-2015 թթ. այստեղ է տեղափոխվել եւս 2,1 մլն խմ թափոն, այսինքն՝ ծավալը հասել է 6,7 մլն-ի: Սակայն, համաձայն նախագծի, դեռ 4,7 մլն էլ պիտի լցվի:

Գեղանուշցիների շրջանում աստիճանաբար ավելի են ակտիվանում գյուղից հեռանալու խոսակցությունները: 

«Դուք ինձնից ջահել եք, ես  61 տարեկան եմ, կարող է չտեսնեմ, բայց դուք կտեսնեք, որ էս գյուղը փակելու են,- ասում է Արտուշ Կոստանդյանը,- 10 տարի կտեւի, 20 տարի կտեւի՝ էս գյուղը քոչելու է էստեղից: Գալու են կոպեկներով առնեն էս հողը. օրինակ, ասեն՝ 5 հազար դոլար ենք տալիս, դուրս եկեք էստեղից»:

«Բա ի՞նչ եք անելու, եթե գան ասեն»,- հարցնում ենք մենք:

«Ի՞նչ պիտի անենք, ճարներս կտրած պիտի համաձայնենք, ոչ կարանք թվանք վերցնենք, կրակենք, ոչ էլ մի բան անենք»,- պատասխանում է գյուղացին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մարինե Մարտիրոսյան

Վահե Սարուխանյան 

hetq.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25