Եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին

01.10.2020 17:18
728

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանը:

Հարց. Պարոն նախագահ, Մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Այս ամենը կարո՞ղ եք մեկնաբանել որպես լայնամասշտաբ պատերազմ:

- Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսեց հրետակոծել և ռմբակոծել ոչ միայն սահմանը, այլև ավելի խոր՝ այդ թվում՝ դպրոցներ և այլն: Մեծ թվով քաղաքացիական անձինք վիրավորվեցին՝ տատիկներից մինչև փոքր երեխաներ, ոչնչացվել են տարբեր շինություններ, ամեն օր հսկայական վնասներ են հասցվում: Եվ այսքանից հետո ես թողնում եմ Ձեզ որոշելու՝ սա լայնամասշտաբ պատերա՞զմ է, թե՞ ոչ:

Հայկական կողմը չի սկսել այս ամենը, ընդ որում, հայկական կողմն այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախը: Սա մի փոքր երկիր է 150 հազար բնակչությամբ, որն այստեղ է հազարավոր տարիներ: Իոսիֆ Ստալինի կողմից նրան պարտադրվել է լինել Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ ժողովուրդը որոշեց, որ իրենք են սեփական ճակատագիրը տնօրինողները, քանի որ Լեռնային Ղարաբաղում բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին: Նրանք հանրաքվեի միջոցով վճռեցին ապրել անկախ պետությունում:

Մյուս կողմից՝ Ադրբեջանն է, որն ունի ֆինանսներ և ուժ, 10 մլն բնակչություն և Թուրքիայի նման բարեկամ: Նրանք փորձում են ստիպել հայերին լքել այն տարածքը, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ Ադրբեջանը որպես պետություն գոյություն չուներ: Իմ բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում՝ ստիպել մարդկանց հեռանալ միայն այն պատճառով, որ նրանք այլ էթնիկ պատկանելություն ունեն, չեն համապատասխանում այս կամ այն որակավորմանը: Արդյո՞ք դա լայնամասշտաբ պատերազմ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Սա արյունահեղ պատերազմ է, փոքրաթիվ, բայց հպարտ ժողովրդի պատերազմ: Ժողովուրդ, որն ապացուցել է, որ կարող է կռվել և երբեք չի կարող պարտվել: Նրանք այն ժամանակ հաղթեցին Ադրբեջանի դեմ պատերազմում: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը բանակցելու և միջազգային բանակցությունների սեղանի փոխարեն որոշել խնդիրը լուծել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի էթնիկ զտման միջոցով:

ՀարցԻնչպե՞ս եք դուք վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարմանը:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին 26 տարիներին՝ 1994 թվականի հրադադարից հետո հսկայական և շատ կարևոր դերակատարում է ունեցել: Նախևառաջ, այն մեծ հարգանք վայելող միջազգային կազմակերպություն է երեք համանախագահներով՝ Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Նրանք տքնաջան աշխատում են երկու կողմերի հետ՝ խնդիրը վերջնական դիվանագիտական կամ քաղաքական լուծման հանգեցնելու համար: Ուստի ես շատ բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը: Իհարկե, ցանկացած բանակցություն այս աշխարհում՝ քաղաքական, ռազմական թե բիզնես բանակցություն, չես կարող մշտապես ծրագրել, որ հաջող անցնի, և կկարողանաս հասնել նպատակիդ: Բանակցություններում լինում են վերելքներ ու վայրէջքներ: Սակայն այս բանակցություններում պետք է լինել համբերատար: Երբեմն քեզ բավարարում է բանակցությունների մի կողմը, երբեմն էլ՝ ոչ, երբեմն մտածում ես, թե կորցնում ես և՝ հակառակը: Պետք է բանակցությունները վերջնական ավարտին հասցնել վերջնական փաստաթղթի միջոցով, ստորագրել այն, ու դրանից հետո էլ մեծ ջանքեր գործադրել, որ ստորագրածը կյանքի կոչվի:

Բացարձակ ոչ մարդկային և ոչ նորմալ ձև է՝ լքել բանակցությունների սեղանը և փորձել լուծել խնդիրը ռազմական ուժի միջոցով:

Հարց. Դուք շատ լավ խոսեցիք և բարձր գնահատեցիք ԵԱՀԿ-ն, սակայն դուք շարունակում եք մերժել Ռուսաստանի նախաձեռնությունը՝ վերջացնելու այս լարվածությունը:

- Չգիտեմ, թե ով է ձեզ այդ միտքը տվել, այդ միտքը ճիշտ չէ: Ռուսաստանը դիմել է երկու կողմերին միջադեպերը դադարեցնելու և հրադադարի համար, ինչը նորմալ է: Սակայն չկա որևէ մեխանիզմ: Որևէ ռազմական գործողություն կամ պատերազմ դադարեցնելու համար պետք է ունենաս հստակ մեխանիզմներ: Սա բարդ գործընթաց է: Սա՝ մեկ: Այն դեռևս գործողության մեջ չէ:

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Ֆրանսիան, շատ երկրներ են դիմել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին՝ դադարեցնելու պատերազմը: Սակայն դադարեցնելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա, այս դեպքում՝ այս ռազմական գործողությունները և պատերազմը սկսել է Ադրբեջանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ նա որևէ ցանկություն չունի ևս մեկ պատերազմ սկսելու: Ճիշտ չէ դիմել երկու կողմերին, քանի որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, և ճնշումը պետք է գործադրել նրանց վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Այն պահին, երբ նրանք դադարեցնեն, հայկական կողմը ևս դա կանի:

Հարց. Թուրքիան ասել է, որ կաջակցի Ադրբեջանին: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը ևս կփորձի արտաքին ռազմական աջակցություն փնտրել:

- Կրկին ուզում եմ ընդգծել՝ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ է, Հայաստանի հետ չէ: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Անկեղծ ասած, շատ կցանկանայի, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցի կրթության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների, հարաբերություններ կառուցելու ոլորտներում: Կցանկանայի, որ Թուրքիան հիշի իր պատմությունը, փորձի ճանաչել այն, որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ: Փորձի հարաբերություններ ձևավորել կամ դրանք բարելավել Հայաստանի հետ: Այդ ամենն անելու փոխարեն նրանք ուղղակի հրաժարվում են ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Քանի որ նրանք դա ժխտում են, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Թուրքիան ոչ թե աջակցում է Ադրբեջանին, այլ դարձել է հակամարտության մաս, քանի որ նրանք ռազմական տեխնիկա, խորհրդականներ, ֆինանսներ, զենք են ուղարկել Ադրբեջան: Անշուշտ, ինչպես միշտ, Թուրքիան փորձում է ինչ-որ առումով հիմարեցնել միջազգային հանրությանը: Դա շատ է արել` Սիրիայի, Իրաքի, Լիբիայի դեպքում, և մշտապես պատմել է PKK մարտիկների պատմությունը: Մեր դեպքում ասում են, թե իրենք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն միջազգային էներգետիկ սահմանը: Սա ամբողջովին անհեթեթություն է: Այս միջազգային էներգետիկ խողովակաշարերը, որը Բաքվից Ջեյհան են հասնում, կառուցվել են 20 տարի առաջ: Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը կամ Հայաստանը ցանկանային դրանց ուղղությամբ կրակել, ապա դա կանեին 20 տարի առաջ, այլ ոչ թե հիմա: Եթե մենք 20 տարի առաջ այդ գազատարի շահագործումը դադարեցնեինք, ապա Ադրբեջանը հաջորդ 20 տարիներին միլիարդավոր դոլարներ չէր վաստակի և զինամթերք չէր գնի ու կրակի հայերի վրա՝ սպանելով նրանց: Սակայն մենք դա չարեցինք: Լեռնային Ղարաբաղի հայերը չկրակեցին այդ գազատարի վրա, քանի որ մենք հարգում ենք միջազգային օրենքները:

Սա հակամարտություն է Ադրբեջանի և հայերի միջև, որոնք մտածում են, որ ինքնորոշման իրավունք ունեն, ճիշտ այնպես, ինչպես ունեն մնացած բոլոր ազգերը, ինչպես նախկին Հարավսլավիայի պետությունները, Շոտլանդիան: Լեռնային Ղարաբաղի հայերն ասում են, որ օրենքի համաձայն հանրաքվե են անցկացրել: Այս ամենին Ադրբեջանի պատասխանը միջնադարյան պատասխան է՝ պատերազմ, փոխանակ լիներ այդ մարդկանց կամքը հարգելը:

Հարց. Ինչպիսի՞ ապագա եք տեսնում: Ինչպե՞ս է Հայաստանը կապված Լեռնային Ղարաբաղի հետ, պատասխանատվություն ունե՞ք նրանց նկատմամբ:

- Իհարկե: Եթե Թուրքիան ասում է, որ որոշակի էթնիկ կապեր ունի Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում ապրում են նույն հայերը. պատմականորեն Հայաստանն ավելի մեծ է եղել: Նրանք հայեր են, որոնք ապրում են այնտեղ հազարավոր տարիներ: Ոչ միայն Հայաստանում ապրող հայերը, այլ ամբողջ աշխարհի հայերը պատասխանատվություն ունեն, քանի որ եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին, երբ հայերն ուղղակի ոչնչացվեցին և քշվեցին իրենց պատմական հայրենիքից: Նրանց տները, եկեղեցիները, քաղաքները ոչնչացվել են, և չկա հայկական մշակույթ: Ոչ միայն 1,5 միլիոն մարդ է մահացել, այլ նաև հսկայական մշակութային ժառանգություն, մշակույթ է ոչնչացվել: Կարո՞ղ ենք արդյոք թույլ տալ, որ այդ պատմությունը նորից կրկնվի:

ՀարցԿընդունե՞ք արդյոք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը հրադադարի մասին:

- Այդ հարցը 26 տարվա պատմություն ունի: Մշտապես քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հարցը: Սակայն երկու կողմերը 26 տարվա ընթացքում քիչ թե շատ հասցրել են ապրել հրադադարի պայմաններում, որը մի քանի առիթներով խախտվել է: Երկու կողմերն ընդունակ են նստել և բանակցել: Եթե դա չլիներ, կասեի, որ բանակցել հնարավոր չէ, Ռուսաստանին կամ այլ ուժերին կասեինք՝ եկեք կանգնենք նրանց միջև: Այս պահին կա միջազգայնորեն ճանաչված կազմակերպություն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կա նաև ՄԱԿ-ը: Եթե այս կազմակերպությունները հանդես գան առաջարկներով, ապա առաջին հերթին պետք է դիմեն ադրբեջանական կողմին, որը վերսկսել է այս ռազմական գործողությունները: Հայերը նույնիսկ չեն էլ մտածել նման գործողություններ սկսելու մասին: Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում սեպտեմբերի 27-ին ոչ ոք չէր մտածում Ադրբեջանի հետ պատերազմելու մասին: Այդպիսով, եթե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, հայերը կլինեն առաջինը, որ կհամաձայնեն դրան:

- Շնորհակալություն, պարո՛ն նախագահ։

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25