Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. նախարար

30.07.2026 22:45
464

 Եթե կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ապա Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։

«Հարավկովկասյան երկթաուղին» ռուսական ընկերության անվճար ակտիվը չէ, այլ ձեռնարկություն, որտեղ ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի (շուրջ 130 մլրդ դրամ)։ Գնել ենք նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքը պայմանագրային պարտավորությունների հիման վրա։ Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք դրա փոխհատուցումը պահանջելու հիմքեր կունենանք։ Այն հարցադրումը, թե Ռուսաստանը նման իրավիճակում պետք է ինչ-որ բան վճարի Հայաստանին, անհիմն է»,- ընդգծել է նախարարը։

Ռեշետնիկովը հավելել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» մասին առիթ են հիշեցնելու այն առավելությունների մասին, որոնք ստանում է ՀՀ տնտեսությունը ԵԱՏՄ-ին անդամակցության և մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցության ընթացքում հայկական արտահանումը միության երկրներ (2015 - 2025թթ.) աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 մլն դոլարից հասնելով 3,2 մլրդ դոլարի։ Հայաստանից արտահանվող ապրանքների (պարենային, գյուղատնտեսական, ալկոհոլ) ավելի քան 80 տոկոսը մատակարարվում է ԵԱՏՄ երկրներ:

«Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին. որակի և լոգիստիկայի նկատմամբ միասնական պահանջների շնորհիվ այդ ապրանքները պահանջված են մնում միության ներսում։ Մինչդեռ այլընտրանքային շուկաներ դուրս գալը պահանջում է արտադրական շղթաների երկար վերակառուցում և առևտրային մեծ ռիսկեր ունի»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համախառն ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9 տոկոսը։ ԵԱՏՄ մյուս երկրների համար այդ ցուցանիշն ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0,3%, Ղազախստանի համար՝ 0,05%, Ղրղզստանի համար՝ 0,02%), ուստի Ռեշետնիկովի խոսքով՝ իրենց համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարն անդրադարձել է նաև ռուսական գազի մատակարարումներին՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։

«Եթե համեմատենք գազի ներկայիս եվրոպական գների հետ, դրանք գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը, հետևաբար դա չի կարելի անվանել այլ կերպ, քան սուբսիդավորում։ Տարեկան գումարը մոտ 1 մլրդ դոլար է։ Դժվար թե ԵԱՏՄ շրջանակներից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել»,- նշել է Ռեշետնիկովը։

Նա հավելել է, որ փորձագիտական գնահատականներով` եթե Հայաստանը զրկվի ԵԱՏՄ շուկա մուտք գործելուց՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ, արտահանումը միության երկրներ կնվազի ավելի քան 60 տոկոսով: Իսկ գազի համար նվազեցված մաքսատուրքերի (30%) շնորհիվ Հայաստանը տարեկան 120 մլն դոլար է խնայում։

Ընդ որում, Ռեշետնիկովը նշել է, որ ԵԱՏՄ-ն հաջողությամբ զարգանում է, 2015-2025թթ․ ընթացքում միության երկրների փոխադարձ առևտուրն աճել է ավելի քան 2 անգամ՝ 45,6 դոլարից մինչև 95,1 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին միության երկրների փոխադարձ առևտուրն ավելացրել է ևս 8 տոկոսով՝ հասնելով 39,3 մլրդ դոլարի:

Հայաստանի մասնաբաժինը միության երկրների փոխադարձ առևտրաշրջանառության մեջ չի գերազանցում 3,4 տոկոսը (3,2 մլրդ դոլար)։

«Ուստի, տնտեսական տեսանկյունից, այն թեզը, թե առանց Հայաստանի չի լինելու ԵԱՏՄ- ն, մեղմ ասած` չափազանցություն է։ Եթե հետհայացք նետենք պատմությանը, ապա պետք է ընդգծել, որ եվրասիական ինտեգրացիոն նախագիծը հաջողությամբ գոյություն է ունեցել և զարգացել առանց Հայաստանի՝ միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության ձևաչափով, որոնք ստեղծվել են 2010 թվականին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ուղեգծի իրականացման դեպքում էլ միությունը գոյություն կունենա և կզարգանա առանց նրա»,- հայտարարել է Ռեշետնիկովը։

arm.sputniknews.ru

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08