Եվգենի Լանսերեն, ում նկարներն ու էտյուդները՝ Զանգեզուր–Սյունիքում կատարած, շարունակում են հիացմունք պատճառել

21.02.2025 11:10
492

Ռուս խորհրդային նկարիչ, ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ Եվգենի Լանսերեն ծնվել է 1875 թ օգոստոսի 23-ին (սեպտեմբերի 4-ին), կյանքից հեռացել է 1946 թ սեպտեմբերի 13-ին։

Սովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1892-1895), Փարիզի Կոլառոսի և Ժյուլիանի ակադեմիաներում (1895-1898)։ Եղել է «Միր իսկուստվա» խմբավորման անդամ։

20-րդ դարի սկզբին ստեղծել է պատմանկարչական ժանրի աշխատանքներ («Պետրոս 1-ի նավերը», 1911), քաղաքական գծանկարներ (1905-1907 թվականներին հեղափոխական ամսագրերի համար), նկարազարդել գրքեր («Զանգեզուրի տարազով կինը», Լ. Տոլստոյի «Հաջի-Մուրադ», 1912-1916 թվականներ, «Կազակներ», 1917), հաստոցային նկարներ («Զանգեզուր», 1926, «Դաղստանի կարմիր պարտիզանները», 1931), մոնումենտալ-գեղանկարչական գործեր (Մոսկվայի Կազանյան կայարանի, 1945-1946 թվականներ, «Մոսկվա» հյուրանոցի, 1937, դահլիճների որմնանկարները), կատարել թատերական ձևավորումներ։

1926-ին Եվգենի Լասներեն այցելել է Սյունիք–Զանգեզուր՝ երկրամասի մոտիվներով գեղանկար ստեղծելու նպատակով։

1926 թվականին Երևանում բացվել է Լանսերեի Զանգեզուրում կատարած նկարների ու էտյուդների ցուցահանդեսը, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի պետական պատկերասրահում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)։

Եվգենի Լանսերեի Սյունիք– Զանգեզեւր այցի մասին է Սերո Խանզադյանի հոդվածը՝ «Եվգենի Լանսերե» վերտառությամբ։

Հոդվածն ընդգրկված է «Ինչպես հիշում եմ» վերնագրով հուշերի գրքում։

Ներկայացնում ենք Սերո Խանզադյանի հոդվածը։

***

1926 թվականին էր. որքան հիշում եմ՝ ամռանը: Համենայն դեպս թութը հասել էր մեր Շռանի այգում: Ես արդեն տասնմեկ տարեկան էի ու մենք ապրում էինք քաղաքի մեր խրճիթում, որ հայրս էր մի երկու տարի առաջ կառուցել: Մի առավոտ մայրս ինձ ուղարկեց մեր Շռանի այգին:

— Լոբին կջրես, իրիկունն էլ թութ կբերես:

Մեր այգու հարևանն էր մեր Կուճի ամին, իր կնոջ՝ Կուճի զիզայի հետ: Նրանք իրենց այգում նոր տուն էին շինել և ապրում էին այնտեղ: Մեր Կուճի ամին տարեց մարդ էր, երևի հիսունը լրացած: Մեր Գորիսը երկու մաս ուներ՝ Շենը, որ հին, շատ հին Գորիս գյուղն է և Կալին Պաշը, որ քաղաքն է: Գյուղում ու քաղաքում մեր Կուճի ամուն Տռոզին Մաթավեսին Հարաբեդ էին ասում, իսկ մենք Կուճի ամի, քանի որ նա իմ մոր տատի՝ Նանախանում զիզայի ամուսնու եղբոր տղան էր: Փոքր-ինչ շիկավուն, միջահասակ մարդ էր Կուճի ամին: Կատակասեր էր ու բարի: Նրա կնոջ՝ մեր Կուճի զիզայի անունը Շուշան էր: Լիքը-լիքը կին էր, տեղական «հայավարի» տարազով և, ինչպես բոլորն էին ասում, շատ գեղեցիկ: Նրա արխալուղը կարմիր-կապույտ էր, հալավը վարդագույն, գլխին ճերմակ շղարշ: «Հայավարի» կոչված տարազը շատ սովորական էր մեր կողմերում: Եթե տոն օր էր, ապա Կուճի զիզան շքեղ էր հագնվում, գլխին պալտի՝ արծաթե ճակատանոցով, թևքերին արծաթե բոժոժաձև սուրմաներ: Պալտու ճակատին խոշոր ոսկե դրամ էր հագցրած: Արծաթե էին նրա քիթկալի կեռերը, կոլկալի հաստ շղթան, կրծքի կոճակները: Աննման էր, մանավանդ, նրա արծաթե լայն գոտին՝ խոշոր, կումբաձև ճարմանդի վրա զանազան քանդակներ:

Այդ օրը Կուճի զիզունց այգում շատ մարդ էր հավաքվել։ Շատերը Կուճի զիզունց հարևաններն էին՝ մեծ, փոքր: Քաղաքից եկել էր նաև փոստատար հայրս: Արտակարգ ուրախ էր հայրս: Նրա գուլպաները նոր էին, տրեխները՝ մաքուր: Հայրս ռուսերեն խոսում էր վարժ: Հայրս հետը մի ռուս մարդ էր բերել Կուճի ամունց այգին: Ռուսը թխավուն երեսով էր, երևի հիսուն տարեկան կամ մի փոքր ավելի: Նա սև կոստյում ուներ, սև փողկապ: Գլխին շլյապա էր: Երբ շլյապան հանում էր մեկն ու մեկի բարևն առնելու, երևում էր նրա փայլուն ճակատը, որ շատ էր նման հորս գլխին: Հայրս, պարզ է, այդ մարդու հետ խոսում էր ռուսերեն: Ես էլ հատուկենտ բաներ հասկանում էի: (Հայրս աշխատում էր ինձ ռուսերեն սովորեցնել): Ռուս հյուրի հետ խոսելիս հայրս նրան անվանում էր Եվգենի Եվգենիչ:

Թութ էին ուտում այգում, ծառերի տակ, կարճ խուզած կանաչի վրայից: Երբ Եվգենի Եվգենիչը կռանում էր թութ ուտելու, նրա փողկապը կախ էր ընկնում, հասնում գետնին: Մենք՝ փոքրերս թաքուն ծիծաղում էինք:

* * *

Թթենու տակ սեղան գցեցին՝ հյուրին հաց տալու:

Այգի մտած մարդիկ հարգանքով բարևում էին հյուրին, հորս հարցնում.

- Էդ ռուսդ ո՞վ ա, Նիկոլայ:

- Էս մարդը խուդոժնիկ-պատկերահան է,— հպարտ ասում էր հայրս։— Սա Լանսերե Եվգենի Եվգենիչն է: Եկել է Մոսկվայից:

- Բա՜,— զարմանում էին մերոնք: — Մոսկվայի՞ց։

- Հա՛։

- Ինչի՞ ա եկել:

- Եկել ա, որ մեր Շուշանին նկարի:

Լանսերեն սև, փոքրիկ բեղեր ուներ: Ինչպես ինձ թվաց, նա շատ բարձրահասակ էր: Նա զրուցում էր հորս հետ, իսկ հայրս նրա ասածներ թարգմանում էր հայերեն՝ հավաքվածների համար: Ռուսերեն քիչ-միչ խոսում էր նաև մեր Կուճի ամին: Մի քանի տարի աշխատել էր Ռուսաստանում: «Սարու ուռուսի արևը կծեմ,— հաճախ ասում էր նա:— Օրը օխտը մարդի գործ ա անում»:

Հենց որ «խուդոժնիկը» բերանը բաց էր անում, մերոնք դառնում էին դեպի հայրս։

- Էդ ի՞նչ ասաց, Նիկոլայ:

- Եվգենի Եվգենիչն ասում ա ինքը շատ ա հավանում մեր Գորիսը:

- Այ շա՜տ ապրի...

- Ասում ա, թե էս մեր կնանոնց շորերը Հիսուս Քրիստոսի ժամանակից էլ հին են, շատ լավն են ու շատ գեղեցիկ։

Լանսերեն հետը եռոտանի փայտյա հարմարանք էր բերել և մի արկղ, որի մեջ ներկեր կային: Նա այդ հարմարանքի վրա սպիտակ կտավ քաշեց և սկսեց գույներ իրար խառնելով՝ պատրաստվել նկարելու: Մենք՝ փոքրերս շունչներս պահած հետևում էինք նրա յուրաքանչյուր շարժմանը: Ես իմ կյանքում նկարիչ չէի տեսել:

Կանչեցին մեր Կուճի զիզուն: Սա եկավ զուգված-զարդարված: Լանսերեն ինչ-որ բան ասաց հորս: Հայրս դիմեց մեր Կուճի զիզային.

- Շուշան, էդ քուլքդ- բանդ հանի, կապադ կեց: էն շորերը կեց, որով գործ ես անում՝ բաղում, արտում, տանը:

Կուճի զիզան քաշվեց.

- Վու՜յ, բա համու՞թ չի:

- Չէ՜, տան շորերդ կեց:

Կուճի զիզան մտավ տուն ու քիչ հետո եկավ տնային, աշխատանքային զգեստով, որ թեև նույնպես «հայավարի» էր, սակայն համեստ էր: Լանսերեն նրան խնդրեց գուլպա գործել:

Կուճի զիզան կանգնեց ծառի տակ: Լանսերեն թևքերը հետ ծալեց, ուշադիր-զննող նայեց Կուճի զիզուն և ձեռքը թափով շարժելով՝ սկսեց նկարել...

Կուճի զիզայի կապան կապույտ էր, գոգնոցը՝ ևս, կապայի թևքերը ծալած էին, որոնց տակից երևում էին կարմիր հալավի ծայրերը: Գեղեցիկ էր Կուճի զիզան, մանավանդ ճակատանոցով, գլխի սև շալով, որի տակից երևում էր նաև սպիտակ չարղաթը (շղարշը): Շատ գեղեցիկ էր նրա արծաթե գոտին՝ կլոր կումբով ու հաստ ճարմանդով: Լանսերեն հորս միջոցով խնդրեց հավաքվածներին, որ հեռանան, գնան իրենց տները: Մեկը զարմացավ.

- Ինչի՞, մենք մարդ օտու՞ղ ենք: Թող թամաշա անենք:

- Լավ չի, — ասաց հայրս։ — Գնացեք ձեր բանին, ա՛յ մարդիկ: Որ կշտին մարդ ա լինում, խուդոժնիկը կարում չի նկարի: Ձեռքերը կուղվարում են:

Լանսերեն շատ խնդրեց, որ հավաքվածները հեռանան:

Կուճի զիզան կանգնել էր խոնարհ, հանդարտ ու գուլպան էր գործում սև թելից: Նրա գեղեցիկ, կարմիր դեմքը շողում էր հպարտ ամոթխածությունից: Պակաս հպարտ չէր նաև նրա ամուսին Կուճի ամին: Նա նույնիսկ բարկացավ հավաքվածների վրա:

 - Դե ռադ իլեք, ա՛յ մարդիկ: Արջ են պար ածու՞մ, որ հավաքվել եք գլխներիս: Գնացեք, թե չէ հիմի շունը բաց կթողնեմ, հա՜…

Հավաքվածները չկամ ու դժգոհ հեռացան: Ես էլ գնացի դեպի մեր այգին: Բայց Կուճի ամին ինձ կանչեց.

- Այ տղա, դու եկ մնա խուդոժնիկի կիշտին: Ե՛կ... Նա ու հայրս մտան տուն: Ես թռա նրանց մոտ:

— Ընդեղ կաղնի,— ասաց Կուճի ամին: — Մարդ ա, ջուր-բան կոզի, կտաս:

Ես նստեցի «խուդոժնիկից» մի փոքր հեռու, հենց կանաչ խոտերին ու սկսեցի նայել նրա ձեռքի շարժումներին: Նա վրձինը թափով քաշում էր կտավին, գծեր անում, ապա մի պահ սևեռուն նայում էր մեր Կուճի զիզային: Սկսեց խոսել ինձ հետ՝ առանց գործից կտրվելու: Ես միտքս լարեցի, որ հասկանամ նրա ասածը: Հասկանում էի: Նա ասաց, որ ինքը եղել է Փարիզում, Հռոմում ու էլի շատ տեղեր: Դրանք ինձ համար հեռավոր երազանքներ էին: Ես ընդամենը տասնմեկ տարեկան էի և նոր էի լսել հեռավոր աշխարհների այդ անունները:

Կուճի զիզան խիստ ձգվել էր: «Խուդոժնիկը» նրան ինչ–որ ասաց, սակայն Կուճի զիզան միայն շիկնում էր՝ բան չհասկանալով: Ես հասկացա «սպակոյնո» բառը և Կուճի զիզուն ասացի, որ «խուդոժնիկն» ասում է դինջ կանգնի, այսինքն՝ հանգիստ կանգնի: Կուճի զիզան ծիծաղեց:

- Ախր հունց հանգիստ կենամ, ա՛յ բալա։

Կտավի վրա հետզհետև գծագրվում էր Կուճի զիզայի գլուխը: Կուճի զիզան ինձ հարցրեց.

- Ինձ նման ա նկարու՞մ: Ես տեսնում չեմ:

 - Չէ։

- Բա խե՞:

Ես ինչ իմանամ խե՞: Լանսերեն հետաքրքրվեց, թե ինչ է ասում զիջան: Ես կարողացածիս չափ նրան հասկացրի, որ նկարը նման չի Կուճի զիզուն: Նա ծիծաղեց, ասաց, թե անպայման նման է լինելու։

***

Երեք օր «խուդոժնիկը» եկավ Շռանի ձորը: Երեք օր նա նկարեց մեր Կուճի զիզուն:

Երբեմն նա ինձ ուղարկում էր ջուր բերելու։ Կուճի զիզան ասում էր.

- Թան պեր, այ բալա: Հրեն հըցատան օշնակի մեջ: Թան պեր, ասի մեր ճուրը լավը չի, թող թան խմի:

Լանսերեն հաճույքով էր թան խմում: Ես նրա համար նաև սև թութ էի հավաքում, գետափից հյութալի քեղ բերում: Քեղ նա երբեք չէր տեսել ու շատ սիրեց:

- Յոդի համ ունի, չէ՞, — հարցնում էր նա:

Այնքա՜ն բարի մարդ էր: Նա ինձ մի մատիտ նվիրեց՝ «նականեչնիկով»: Դա մեր քաղաքի համար եզակի բան էր: Նկարելիս պատմում էր հեռու աշխարհների մասին: Հեքիա՞թ էր, թե՞ հրաշք...

Կեսօրին հայրս գալիս էր Կուճի ամու և «խուդոժնիկի» հետ «աբեդի»: Նստում էին ծառերի տակ, ճաշում։ «Խուդոժնիկը» միայն կում-կում փորձում էր մեր ձորի հռչակավոր թթի օղին:

- Բա՜յ, բա՜յ, — ոգևորվում էր հայրս։ — Արա՛, այ բալա,— ասում էր ինձ։ — Գիտե՞ս էս մարդը հինչ մեծ մարդ ա՞: Սաղ աշխարհս վենդին տակն ա տուալ:

Երեք օր հետո նկարը պատրաստ էր: Երբ դա դրին Կուճի ամունց բալկոնում, նորից ժողովուրդ հավաքվեց: Բոլորը զարմանքից բերանները բաց էին արել։

- Տես է՜, լափ Կուճի զիզան ա, որ կա...

Այո, նկարի Կուճի զիզան շատ նման էր իսկական Կուճի զիզային: Կուճի զիզան փքվել էր աշխարհով մեկ:

Լանսերեն սկսեց հրաժեշտ տալ իր բնորդուհուն, Կուճի ամուն, հորս, բոլորին: Ես տխրեցի, որ ինձ հրաժեշտ չի տալիս, երևի բանի տեղ չի դնում: Բայց ահա նա ցույց տվեց իր փոքրիկ ճամպրուկը:

- Դե, սինո՛կ: Մնացինք ես ու դու. էս «չեմոդանս» վերցրու: Գուցե ծա՞նր է:

Ես ցնծացի, ճամպրուկը թռցրի գետնից: Լանսերեն բոլորին նորից ու կրկին շնորհակալություն հայտնեց: Մենք ձորից բարձրացանք դեպի քաղաք: Ճանապարհին զրուցում էր հետս, հարցուփորձ անում:

- Եթե գաս Մոսկվա, ապա ինձ գտիր: Գուցե դու էլ «խուդոժնիկ» դառնաս, ա՞: Այս աննման բնության մեջ, այս մարդկանց մեջ ծնված-ապրողը ի ծնե նկարիչ է:

Քիչ հետո ասաց.

- Ձեր այս քաղաքի ու այս գյուղի մարդիկ անկրկնելի են, սինո՛կ: Բնությունը անվերջ կրկնություն է, մարդը՝ երբեք: Այս մարդիկ հին նշխարներ են, կգան և նրանց նմաններն այլևս աշխարհ չեն գա, չեն լինի: Լավ հիշիր սրանց. չմոռանաս:

Եվգենի Եվգենիչն ապրում էր մեր քաղաքի հյուրանոցում: Դա Յոլուն Սեդրակինն էր, գետի մոտ, երկհարկանի շենք:

Դեռ չէինք հասել հյուրանոց, երբ մեր դեմը դուրս եկավ մի բարձրահասակ, հայավարի շքեղ հագնված կին՝ վեհ ու հպարտ, կարծես լեռների թագուհի: Լանսերեն ինձ ասաց.

- Ճանաչու՞մ ես այս կնոջը:

- Դա: Էտո Մանիշակ ակեր: Ակեր:

- Ա՜... Ակեր... վաղը կգաս ինձ կտանես նրանց տուն: Ես պետք է նկարեմ այս «ակեր»:

Լանսերեն էլի նկարներ արեց Գորիսում:

Կաթրինին քերծերում ապրող Շալուն Արտեմին նկարեց իր կնոջ և երեխաների հետ: Հետո նկարեց Վսկանին Թամամ բաջում: Նկարեց նաև մեր թաղի դարբնոցը:

1960, թե 1961-ին մենք նշեցինք մեր համաքաղաքացի Մանիշակ Ջավահիրյանի հարյուրամյակը՝ Երևանում: Նա իմ հին բարեկամ Սուրեն Բակունցի եղբոր՝ Չոփչուն Եղոյի զոքանչն է: Ինձ էլ էին հրավիրել աքոր հարյուրամյակին: Գնացի: Ապրում էին Թումանյան փողոցի մի նոր շենքում: Երբ ներս մտա, շատ մարդ տեսա հրավիրված: Հարյուրամյա աքերը թագուհու պես, առոք-փառոք նստած էր թախտին՝ գորգերի վրա. ես համբուրեցի նրա ձեռքը:

- Է՜, ա՜յ խոխա, մտի՞դ ա, որ էն խուդոժնիկին բերիր մեր տուն...

Ես ցնցվեցի: Ես դա վաղուց էի մոռացել: Աքոր աղջիկը, Եղո դայու կինը՝ Աշխենը, օգնեց ինձ.

-  Լանսերե խուդոժնիկը նկարեց մորս: Լավ հիշում եմ, այս էլ նրա նկարածը:

Պատից կախված էր Մանիշակ աքոր դիմանկարը՝ սքանչելի դիրքով, վեհ կեցվածքով: Ես ասացի, թե պետք է ստորագրություն լինի: Աշխենն այլ բան ասաց.

- Չկա: Սա բուն նկարի պատճենն է. նկարը գտնվում է Երևանի պատկերասրահում: Եղբայրս է պատճենը հանել տվել:

Հին հուշերը նորից կենդանացան: Մանիշակ աքերն ասաց.

- Իրեք օր եկը, պատկերս քաշեց: Ապրու՞մ ա, չէ՞... Ջահել էր: Էնքան էլ նախշուն մարդ էր...

Ահա այն, ինչ ես հիշում եմ «խուդոժնիկ» մարդու մասին, որ անմոռանալի հայտնություն էր մեր ձորերում...

                 

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53