Եվս մեկ հիշեցում Հրաչ Ջաբրայանին

19.06.2014 16:55
2544

ԱՆԴՐԱԴԱՐՁ


Հայրենասիրությունը նախեւառաջ գործ ու առինքնող վարք է ենթադրում, իսկ հռետորաբանության վրա կարելի է եւ ժամանակ չվատնել

Ս.թ. ապրիլի 22-ին «Սյունյաց երկրում» հրապարակվեց մեր հեղինակած հոդվածը` «Թե ինչ է լինում հետո, երբ «հայրենասիրություն» բառը դարձնում են ծամոն եւ շիրմա»: Հոդվածը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանին` լրագրողների հետ ապրիլի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում մեր կողմից ուղղված հարցերի ու նրա պատասխանների մասին էր:

Հանդիպմանը հնչել էր նաեւ այսպիսի հարց. «Պարոն Ջաբրայան, ի՞նչ նպատակով կրճատեցիք Ձեր ընկերության ավտոհավաքակայանը: Հետաքրքիր է` այդ «բարեփոխմամբ» ընկերությունը որքա՞ն շահույթ է ստանում ամսական (եւ արդյո՞ք ստանում է), այդ «բարեփոխմամբ» քանի՞ մարդ աշխատանքից զրկվեց»:

Տնօրենն այսպիսի պատասխան տվեց. «Չէ, հաստատ ընկերությունը ոչ մի բան չկորցրեց: Ի վերջո մենք հանքարդյունաբերական ընկերություն ենք: Եվ մեր հիմնարկը պետք է կենտրոնանա անվտանգ հանքարդյունաբերության վրա: Ավտոբուսները, որ տեղափոխում էին մեր աշխատողներին, տարիներ ի վեր գործել են նույն ոճով: Մեր վարորդներն այնքան էին հմտացել, որ նույնիսկ ավտոբուսների տակ ավելորդ բաքեր էին տեղադրել, գալիս էին ընկերության տարածքում դիզվառելիք լցնում, տանում քաղաքում վաճառում, մի բան, որ որեւէ տնօրեն չպիտի հանդուրժեր: Այդ ավտոբուսները մենք վաճառեցինք. գնորդը կապանցի է, Կապանի մեջ ստեղծվեց վեց-յոթ աշխատատեղ: Նույն սերվիսը տասը օրվա ընթացքում կարողացանք տրամադրել մեր աշխատավորներին»:

Մեր ճշտող հարցին` «Արդյո՞ք դա նշանակում է, որ հավաքակայանը վերացնելու պատճառը նաեւ վարորդների գողությունն էր», նա պատասխանեց` «Դա թողնում եմ Ձեր ենթադրությանը»:

…Պարզվում է` մեր հարցուպատասխանի այդ դրվագը շարունակություն է ունեցել բոլորովին այլ դրսեւորումներով, ինչի մասին հունիսի 12-ին պատմեց կոմբինատի այլեւս գործազուրկ վարորդներից մեկը` Վրեժ Առաքելյանը: Վարորդները հանդիպել են Հրաչ Ջաբրայանին եւ բացատրություն պահանջել` իբր վարորդների կողմից դիզվառելիքի շարունակական գողության մասին հնչեցրած ակնարկի վերաբերյալ: Հրաչ Ջաբրայանը, ըստ վարորդի, հրաժարվել է նախկինում ասված խոսքերից եւ հայտարարել, որ ինքը երբեք վարորդներին գողության մեջ չի մեղադրել, որ հայտնի հանդիպման ժամանակ այդ մասին խոսք չի եղել:

Վարորդը, այդուհանդերձ, նաեւ իր ընկերների անունից, անհիմն ու ստահոդ է համարում Հրաչ Ջաբրայանի` ապրիլի 10-ի հանդիպման ժամանակ հնչեցրած անթաքույց ակնարկը` իբր վարորդների կողմից ժամանակին կատարված գողությունների մասին:

Մեր զրուցակցի կարծիքով` գողության կամ գողության դատապարտման մասին ամեն ոք չէ, որ խոսելու բարոյական իրավունք ունի: Հրաչը, ըստ էության, բարոյական իրավունք եւ հիմքեր չունի խոսել վարորդների եւ առհասարակ կապանցիների գողության մասին: Դեռ հարց է, թե ով է Կապանի կոմբինատում օրինականացված գողությամբ զբաղվում:

Ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել Կապանի կոմբինատի ավտոհավաքակայանում:

Ի սկզբանե յոթ վարորդ էր աշխատում ավտոբուսների վրա: Մինչեւ 2013թ. դեկտեմբերի 1-ը երկուսին ազատել են աշխատանքից` իբր դիզվառելիքի գողության համար, թեեւ հրամանագրքում նման ձեւակերպում չի արվել: Չորս վարորդ էլ այս տարվա փետրվարի 17-ին է աշխատանքից ազատվել: Ավելի ուշ աշխատանքից ազատել են եւս մեկին, ով հիվանդության պատճառով փետրվարի 17-ին աշխատանքի չէր ներկայացել:

Վերջին հինգ կրճատվածից մեկը, ըստ զրուցակցի, ինչ-որ ծանոթի նպաստավոր միջնորդությամբ, վերականգնվել է աշխատանքում:

Արդյունքում վեց հոգի կրճատվել ու դարձել է գործազուրկ:

Այդ ընթացքում վեց ավտոբուսից հինգը վաճառվել է, մնացել է մեկ ավտոբուս` երկու վարորդով:

Ավտոհավաքակայանը լուծարվելու կապակցությամբ վարորդներին տրվել է երեք ամսվա վճար:

Աշխատանքը կորցրած եւ գործազուրկ դարձած վեց վարորդից երեքը դիմել է Սյունիքի մարզի  ընդհանուր իրավասության դատարան` Վրեժ Առաքելյան, Նորիկ Բեգլարյան, Միշիկ Կոզմանով (Մարատ Գրիգորյանի եւ Արտուշ Վեզիրյանի հայցադիմումներից տեղյակ չենք):

Ի՞նչ են պահանջում ավտոբուսի վարորդները:

2010 թվականից աշխատել են ամբողջ ամսվա ընթացքում, բայց միշտ էլ վարձատրվել են 20-21 օրվա համար: Հիմա պահանջում են վարձատրություն ամսվա մյուս օրերի համար եւս:

Վարորդներն ասում են նաեւ, որ հանիրավի կերպով կրճատվել է իրենց գիշերավարձը` դրույքաչափի 150 տոկոսից դարձնելով 30 տոկոս:

Վերջին հանգամանքն ընկերության պատասխանատուները բացատրում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 184-ում 2010թ. հունիսի 26-ին կատարված փոփոխությամբ, ըստ որի` ժամային դրույքաչափից բացի վճարվում է հավելում` «գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով»:

Վարորդները, սակայն, Հրաչ Ջաբրայանին հիշեցնում են նույն օրենսգրքի հոդված 12-ի սահմանումը` «Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»: Ասել է թե` Հրաչ Ջաբրայանը, անկախ օրենքի փոփոխությունից, իրավունք չուներ վերանայել գիշերային աշխատանքի համար հավելավճարի չափը, քանի դեռ չէին վերանայվել նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:

Իմիջիայլոց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 184-ում կատարված փոփոխությունից հետո մեկ տարի չորս ամիս (մինչեւ 2012թ. հունվար ամիս) գիշերային աշխատանքի համար վարորդներին վճարվել է դրույքաչափի 150 տոկոսի չափով հավելում:

Վարորդներն ասում են նաեւ, որ իրենք աշխատել են հանգստյան ու ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին, ինչի համար եւս Հրաչ Ջաբրայանն իրենց հավելավճար պետք է տար, բայց չի տվել:

Ի վերջո, վարորդները կարծում են, որ իրենց աշխատանքը չի գնահատվել, որ Հրաչ Ջաբրայանը պետք է վերադարձնի իրենց հասանելիքը, որը, նախնական հաշվարկներով, կազմում է մոտ 40 մլն դրամ:

- Կոմբինատն իրենցն է, իրենք էլ կարող են վաճառել ավտոբուսները, կրճատել աշխատատեղեր, թեեւ ավտոպարկի կրճատումն ու մի խումբ մարդկանց գործազուրկ դարձնելը ո՛չ հիմնավորված է, ո՛չ էլ բարոյապես արդարացված, բայց մեր կատարած աշխատանքի դիմաց չվարձատրելը կամայականություն է ու անօրինականություն, - այդպես է մտածում Վրեժ Առաքելյանը:

Ի դեպ, ըստ զրուցակցի, այդ ընթացքում կրճատվել է «Կամազ» մեքենայի հինգ վարորդ նույնպես:

Եվ ամենատարօրինակը` 10-12 վարորդ կրճատած Հրաչ Ջաբրայանը հպարտությամբ հայտարարում է` ավտոհավաքակայանի կրճատման արդյունքում վեց նոր աշխատատեղ է ստեղծվել կապանյան մեկ այլ կազմակերպությունում:

Մեր օրերի համար, անշուշտ, վերը շարադրվածն այնքան էլ սովորական պատմություն չէ: Նախ` բարեգործի պատվանդանին տեղի-անտեղի ձգտող եւ ժամանակ առ ժամանակ ինչ-որ անհասկանալի ճառեր արտասանող, կապանցիների սոցիալական վիճակով իբր մտահոգ Հրաչ Ջաբրայանը մարդկանց հոգեկան տվայտանքների մեջ գցելու իրավունքը չուներ: Գոնե աշխատավարձի հարցում այսպիսի «ռազբորկաների» տեղիք  նա չպետք է տար:

Երկրորդ, եթե իսկապես գողության համար չեն լուծարել ավտոհավաքակայանը, ապա ուրիշ ի՞նչ հիմնավորմամբ է կոմբինատի ղեկավարությունը դիմել այդ քայլին (չէ՛, մենք չենք հավատում շրջանառվող կարծիքին, որ դա արվել է ինչ-որ մեկին լավություն անելու նպատակով): Միգուցե տնտեսական արդյունավետության ակնկալի՞ք են ունեցել, ինչի համար եւ գնացել են այդ մարդկանց կրճատելու ճանապարհով: Եվ ուրեմն` ինչո՞ւ չբացել փակագծերը: Թե չէ այնքան էլ բարոյական ու տրամաբանական չէ մեր դժվարին օրերում իրենց հայրենի քաղաքում մարդկանց գործազուրկ դարձնելը եւ դրան զուգահեռ ու նրանց հաշվին մեկ ուրիշ ընտանիքի լավություն անելն ու բարձր գաղափարների մասին հռետորաբանելը:

Ինչեւէ, սպասենք դատարանի վճռին: Իսկ ս.թ. մարտին մեկնարկած դատական գործընթացը (նախագահությամբ Անահիտ Թումանյանի) այնքան էլ արդյունավետ չի ընթանում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` պատասխանող կողմը համառորեն չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ինչն էլ առայժմ հնարավորություն չի տալիս ամբողջապես հիմնավորել հայցվորների պահանջի օրինականությունը:

ՍԱՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19