«Եվս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու»

08.01.2016 15:26
2370

Մտորումներս մեր փոքր ժողովրդի հոծ խմբերի շարժի (ներգաղթի ու արտագաղթի), դարձյալ ու դարձյալ կրթության, մասնավորապես «կայացած» դպրոցի, երկրի կառուցվածքի ու հայրենասիրության, մեր առօրյա կյանքում հանդիպող դժվարությունների մասին են:

Առաջին հայացքից թվում է, թե թվարկած հարցերն իրար հետ կապ չունեն: Է, չէ, կապ ունեն, կապված են, եւ այն էլ ամուր թելերով, նույնիսկ կարելի է ասել՝ դրանք միահյուսված են:

Հայ ժողովուրդն իր բնօրրանից ունեցել է առնվազն չորս մեծ արտագաղթ: Առաջինը Շահ Աբասի «մեծ սուրգունն» էր 17-րդ դարասկզբին:

Երկրորդը եղել է Անիի կործանումից հետո: Պատմական փաստեր կան այն մասին, որ այդ ժամանակներում տուն ու տեղից, հայրենիքից հեռանում էին նույնիսկ ամբողջական իշխանական տոհմեր` իրենց շարժական ինչքով: Դրա պատճառը կամ մեղավորները թուրք-սելջուկներն էին:

Երրորդ արտագաղթը սկսվել է 19-րդ դարի վերջերին, սուլթան Համիդի օրոք եւ շարունակվել մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները: Սրա մեղավորներն էլ սելջուկներից սերվածներն էին` թուրքերը:

Չորրորդը, որ սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներին, շարունակվում է ցայսօր:

Առաջին երեքի ժամանակ մենք հայրենիք ունեինք, բայց պետականություն, պետություն` ոչ: Այսօր արտագաղթը պետականություն ունեցող մայր հայրենիքից է: Բա սրա մեղավորներն ովքե՞ր են:

Մտորումների ընթացքում արտագաղթի հարցին հպանցիկ էլի կանդրադառնանք: Այժմ մի երկու խոսք ներգաղթի մասին:

Խորհրդային տարիներին մի քաղաքական անեկդոտ էին պատմում: Կուսակցության համագումարներից մեկի ժամանակ Ստալինն իր զեկուցման մեջ նշում է, որ խորհրդային երկրի ժողովուրդն օր-օրի ավելի լավ է ապրում: Դահլիճում նստածներից մեկը հարցնում է` եթե լավ ենք ապրում, ապա ինչո՞ւ խանութներում միս, կարագ, բրինձ ու շաքար չկա, ուտելու բան չկա: Նախագահությունից` հարցին կպատասխանենք ընդմիջումից հետո: Ընդմիջումից հետո հարց տվողի հարեւանն է ոտքի կանգնում, թե` ինձ չի հետաքրքրում՝ ինչու խանութներում ուտելիք չկա: Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որտե՞ղ է ընդմիջումից առաջ հարց տվող իմ կողքի ընկերը:

Հիմա, ես ուզում եմ իմանալ, որտե՞ղ է Ադրբեջանի մոտ կես միլիոնանոց հայկական գաղութը: Նախ, համառոտ տեղեկանք հայկական այս գաղութի, մասնավորապես Բաքվի համայնքի առաջացման մասին:

Այն անխզելիորեն կապված է եղել նավթարդյունաբերության զարգացման հետ:

19-րդ դարի վերջերին դա արտագաղթ համարել չէր կարելի, որովհետեւ նավթարդյունաբերությունը  հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին, եւ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունն էլ հայեր էին: Մեր հայրենակիցների շարժը դեպի այդ քաղաք ավելի շուտ եւ ավելի շատ նման էր արտագնա աշխատանքի մեկնման: Բաքվի հայկական համայնքի շարքերը պարբերաբար լրացվել են Արցախից եւ Զանգեզուրից: Այդ պրոցեսը շարունակվում էր մինչեւ անցած դարի 70-ական թվականները: Առիթից օգտվելով ընթերցողներիս տեղյակ պահեմ, որ մասնավորապես մեր երկրամասից Բաքու մեկնածներն ամուր էին պահում կապը հայրենի եզերքի հետ` համայնքի ներսում իրենց փոքր համայնքներն ըստ գյուղերի ստեղծելով: Այսպես՝ 1965 թվականին Բաքվում 180 ընտանիք կար Խանածախից, 300 ընտանիք՝ Շինուհայրից (Ժ.Մանուցյան, «Շինուհայրի պատմությունը», 2004թ.), 260 ընտանիք՝ Խնձորեսկից (Ա.Ծատրյան, Խնձորեսկի պատմությունը, անտիպ): Մի խոսքով, այսօրվա Սյունիքի տարածաշրջանում չկա մի բնակավայր, որտեղից այդ քաղաքում գաղթօջախ չլիներ, նույնիսկ Տանձատափ փոքր գյուղից 22 ընտանիք կար: Համեմատության համար ասենք, որ այսօրվա Մեղրու տարածաշրջանի գյուղական ամենամեծ համայնքը Լեհվազն է, որն ունի 627 բնակիչ, իսկ Կապանինը` Սյունիքը, որն ունի 961 բնակիչ: Այո, երեկվա գյուղացիները երբեք չկտրվեցին իրենց հայրենիքի հասարակական, տնտեսական կյանքից: Երեք գյուղի բաքվեբնակներից շինուհայրցիներն ու խանածախցիները նախաձեռնեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հուշարձանների կառուցումը գյուղերում, իսկ նախկին խանածախցիները դեռ մինչեւ Հայրենական մեծ պատերազմը բաղնիք կառուցելու համար  սարքավորումներ ձեռք բերեցին եւ ուղարկեցին գյուղ: Հետագայում էլ խմելու ջրատարի 5 կմ խողովակաշար ձեռք բերեցին գյուղի համար: Նմանատիպ ամուր կապերով իրենց փոքր հայրենիքի հետ կապված էին բոլոր նախկին զանգեզուրցիները: Ցավով եմ արձանագրում, որ ներգաղթածների չնչին մասն ի վերջո հանգրվանեց Զանգեզուրում, բայց հետագայում նրանց մեծ մասն էլ գնաց: Գնացին, էլ հետ չեն դառնալու: Հիշո՞ւմ եք, 90-ական թվականներին նրանք գալիս էին ավտոբուսներով, գնացքներով, նույնիսկ ոտքով: Նրանց դիմավորում էինք եղբայրական ջերմությամբ: Հայրենիքը նրանց տրամադրում էր հնարավոր ամեն ինչ: Հյուրանոցների մեծ մասը, հանգստյան տները, առողջարանները լեփ-լեցուն էին: Հազարավորներն էլ տեղավորվել էին հարազատների մոտ: Հետո հայրենիքի, հայրենակիցների կարոտակեզ սերը սկսեց մարել, ուշադրությունը կամաց-կամաց խամրել, փոխվել անտարբերության, մեր խոսակցական լեզվում, նաեւ պաշտոնական փաստաթղթերում սկսեց արմատավորվել «փախստական» տերմինը:
20-րդ դարի սկզբների փախստականներին էլ էինք նմանատիպ մի տերմինով կնքել` գաղթական, իսկ ավելի ուշ հայրենադարձվածներին մինչեւ այսօր էլ «ախպար» ենք անվանում: Նշված բոլոր տերմինների մեջ էլ վիրավորական ինչ-որ  բան կա: Թե՞ սխալվում եմ: Հիմա այդ «փախստական» անունը, գումարած  հայրենիքի օր-օրի աճող անտարբերությունը կանաչ լույս դարձան Ադրբեջանից ներգաղթածների համար, ովքեր տեղները չտաքացրած ձեռքներն առան թափառականի ցուպը: Պատկերն ամբողջական դարձնելու համար սրան էլ ավելացնենք այն, որ արեւմուտքում մշտական բնակություն հաստատելու համար մեկնարկի կանգնած, այստեղ ծնված ու մեծացած մեր հայրենակիցներից շատերը, ինչպես ընդունված է ասել, «փախստական» տերմինն  «իրենցով արեցին»:

Մեր քաղաքական, հասարակական գործիչներից շատերը հայտարարում են՝ Արցախի անկախացումը  «դե ֆակտո» է: Դժվար թե խելահաս մեկը գտնվի մեր շարքերում, որ կասկածի տակ առնի այս պնդումը:

Բայց «դե ֆակտո է» նաեւ այն, որ Ադրբեջանի հայկական գաղութը ցրվեց, աշխարհով մեկ եղավ, այսինքն՝ սփռվեց: Սփյուռք էր, նորից սփյուռք դարձավ: Ցրվեց, տարանջատվեց ոչ միայն համայնքը, հանգամանքների բերումով, իրենց կամքից անկախ մասնատվեցին, երբեմն նաեւ քայքայվեցին հազարավոր ընտանիքներ` մեկ այս, մեկ այն երկրում թողնելով իրենց հարազատների շիրիմները: Հազարների են հասնում այն ընտանիքները, որոնց անդամներից յուրաքանչյուրը մեկ ուրիշ երկրում է ապրում: Դժվար է հավատալ, որ նրանք երբեւէ նորից իրար գլխի կհավաքվեն, առավել դժվար է հավատալ, որ դա կլինի մայր հայրենիքում: 

***

Ցանկացած երկրի ապագան կախված է այդ երկրի այսօրվա դպրոցից: Ինչպիսին է այն, այդպիսին էլ լինելու է վաղվա մեր երկիրը: Դպրոցին շատ թե քիչ ծանոթ որեւէ մեկը չի կարող այս մասին առանց մտահոգության մտածել: Ներկան տեսնում ենք: Այս ակնոցներով ապագան էլ այնքան պայծառ չի երեւում: Ցանկանում  եմ կանխել այլ կերպ ներկայացնողներին: Ես ամենեւին էլ չեմ խտացնում գույները: Որպես միջնակարգ դպրոցի կայացած լինելու նշան այս կարեւորագույն բնագավառը ղեկավարող չինովնիկներն աշխարհով մեկ փողհարում են միջազգային մրցույթներում մեր երեխաների շահած մրցանակները: Այո, մրցանակներ, մեդալներ կան, բայց դրանք, մի անգամ էլ եմ ասել,  բոլորովին էլ մերօրյա դպրոցի շնորհիվ չէ, այլ մի քանի  տասնյակ՝ իրենց գործին անմնացորդ նվիրված ուսուցիչ-մանկավարժների, տաղանդավոր երեխաների  ու նրանց հետեւողական ծնողների:

Սեփական երեխաների համար մեկ-երկու էլիտար դպրոց բացելով պրոբլեմը չես լուծի: (Բա մեղք չե՞ն նրանք: Եվ հետո, բա մի 15-20 տարի հետո ո՞վ պետք է ղեկավարի Հայաստանը, մեր երեխաներին: Հետո էլ ասում ենք, թե մեր ղեկավարները հեռատես չեն): Իսկ որ այդ դպրոցները բացվում են հատուկ մարդկանց առանձնահատուկ երեխաների համար, փաստ է: Ասացեք խնդրեմ, որ ուսուցիչը, բժիշկը կամ շարքային ինժեները կարող է ամսական 150 հազար դրամ աշխատավարձով (դա էլ լավագույն դեպքում) իր երեխայի ուսումը Դիլիջանի 2,5 «միլիոնական» (Հ. Մաթեւոսյան) հայտնի դպրոցում կազմակերպել: Իսկ իրական դպրոցը շատ է տարբերվում ինչպես հիշյալ, այնպես էլ ԶԼՄ-ում այս բնագավառը ղեկավարող բարձրաստիճան չինովնիկների ելույթներում ներկայացվող դպրոցներից: Ասածներիս ճշմարտացիության մեջ կասկածողներին խնդրում եմ բացել համացանցի info.edu.am էջը: Այստեղ շատ հետաքրքիր տվյալներ կան: Մասնավորապես իմանում ենք, որ հանրապետությունում կա 1457 դպրոց, որից 80-ը՝ ավագ: 41757 ուսուցչից 0,25-0,5 դրույքաչափով  զբաղվածները 4825 հոգի են, որից  527-ը՝ Սյունիքում, մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունի  8771 հոգի, որից 456-ը՝ Սյունիքում: 100 աշակերտից պակաս աշակերտ ունեցող դպրոցների թիվը 419 է, որից 77-ը՝ Սյունիքում: Ասում ենք՝ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոց: Գորիսի տարածաշրջանի  Բարձրավանի, Տանձատափի, Սվարանցի, Արավուսի, Որոտանի 5 դպրոցում միասին վերցրած սովորում է 89 աշակերտ: Պարզ չէ՞, որ նմանատիպ դպրոցներում նորմալ դասապրոցես իրականացնելն ուղղակի անհնար է: Մյուս կողմից էլ թերբեռնվածության պատճառով բարձր որակավորում ունեցող ուսուցիչները գյուղական դպռոցներ չեն մեկնում: Նախարարության կողմից խստիվ արգելված է համատեղությունը: Դա նշանակում է, որ ֆիզիկայի ուսուցիչն իր դասաժամերից բացի այլ դասաժամ  պարապել չի կարող: Սա օրինակ է: Նույնը վերաբերում է նաեւ մյուս առարկաներին: Մեկական դասարանով միջնակարգ դպրոցում  ֆիզիկայի դասաժամերը 9 են, քիմիայինը՝ 8,5, աշխարհագրությանը՝ ավելի քիչ: Պատկերն ավելի ամբողջական ու հասկանալի դարձնելու համար  ուսուցիչների թափուր տեղի համար տրված մի հայտարարություն եմ վկայակոչում՝

«Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Տանձավերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հասարակագիտություն (2 ժամ), համաշխարհային պատմություն (1,25 ժամ), հայոց պատմություն (4,75) ժամ ուսուցչի թափուր տեղերի համար»:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման...» (Սյունաց երկիր, 3.10.15, թիվ 26): Հետո բերվում է պահանջվող փաստաթղթերի ցուցակը (8 փաստաթուղթ), նկարագրվում մրցույթի կարգը:

Ասացեք խնդրեմ, ով կմեկնի գյուղ 4,5 դասաժամ պատմություն կամ այլ առարկա պարապելու «ըստ դասաբաշխման» վարձատրությամբ: Հասկանալի է, ոչ ոք: Գործող օրենքի համաձայն դիմողներ չլինելու դեպքում դպրոցի տնօրինությունը որոշ միջոցներ կծախսի հայտարարությունը կրկնելու համար: Հասկանալի է նաեւ, որ արդյունքը կլինի նույնը: Նույն սանդը, նույն ջուրը: Ինչքան ուզում ես ծեծիր, բան դուրս չի գա: «Ինչ լավ է, չէ՞»:

Մի առիթով էլ եմ խոսել մերօրյա ուսուցիչների մասնագիտական որակավորման մասին: Նպատակ չունեմ որեւէ մեկին վիրավորել, բայց փաստ է, որ այն ընդհանուր առմամբ հեռու է բավարար լինելուց: Ավելին, առանձին մասնագիտությունների գծով ուղղակի շատ ցածր է: Դրա պատճառը, ըստ իս, ուսուցչի կարեւորագույն առաքելության նկատմամբ պետական մարմինների քամահրական վերաբերմունքն է: Խորհրդային տարիների հետ համեմատած մանկավարժական բուհերի թիվը, որ այժմ համալսարան բարձրագոչ անունն են կրում, ութ անգամ մեծացել է: Այսօր այդպիսիք 16-ն են (տես edu.am … էջը): Քանակը պետք է որակ բերեր, բայց այս դեպքում ճիշտ հակառակ էֆեկտն է ստացվել: Բանը միայն մանկավարժական համալսարանների նյութատեխնիկական բազայի եւ դասախոսական կազմի որակավորման մեջ չէ (չնայած դա էլ կա), այլ ուսանողական կազմի: Որպես կանոն մանկավարժական բուհեր սովորելու դիմում են ներկայացնում դպրոցները մի կերպ ավարտած շրջանավարտները: Այդպես էլ մի կերպ բուհն են ավարտում եւ գնում դպրոց:

Իսկ ինչու միջնակարգը բարձր առաջադիմությամբ ավարտածները  մանկավարժական բուհ չեն դիմում: Նրանք առավելությունը տալիս են տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությանը, որովհետեւ ակնհայտ երեւում է, որ նման մասնագիտության կրողները վերեւում հիշատակված պետական հովանավորչության տակ են: Մեր աղքատ պետությունը, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով բարձրացնի իրավական դաշտի աշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանց աչքը, ինչպես ասում են, անաշխատ եկամուտների վրա չլինի. վիրավորական է, շատ վիրավորական, որպեսզի կարողանանք  իրավական երկիր կառուցել, բայց... բայց երկիրը դժվար է երկիր դառնում, էլ չեմ ասում  իրավական: Երբեմն փորձում եմ հասկանալ «իրավական երկիր, իրավական պետություն» հասկացությունների իմաստը: Հումորեսկ է թվում, բայց մտածում եմ՝ իրավական երկիր, նշանակում է շատ իրավաբաններ ունեցող երկիր: Դատավորի, դատախազի, այս բնագավառի մյուս պատասխանատու աշխատողների աշխատավարձը հասնում է մի քանի հարյուր հազարի: Նմանատիպ թվերով են հաշվվում նաեւ նրանց կենսաթոշակները: Իմ ծանոթ նախկին դատավորներից մեկը, որի կենսաթոշակը մոտենում է մեկ միլիոն դրամի, կատակում է, թե մտադիր է դիմելու համապատասխան մարմիններին՝ վերահաշվարկելու իր կենսաթոշակը, որովհետեւ իր կարծիքով իրեն պակաս են վճարում: Իմ բարեկամի հումորը հասկանալի է: Բայց այդ ֆոնին հումորի նման է հնչում, որ նվաստս, որ նախկինում ուսուցիչ է եղել, այսօր ստանում է 41 հազար դրամ կենսաթոշակ: Ինձ նման նվաստացած տասնյակ հազարավոր նախկին ուսուցիչներ կան: Կարծում եմ, որ որոշ չափով պարզվեց, թե ինչու լավ սովորող երիտասարդն  ապագա մասնագիտություն ընտրելիս  առավելությունը տալիս է ոչ մանկավարժական մասնագիտություններին: Եվ այս իրականության պտուղները պետք է ճաշակեն մեր սերունդները:

Ասում են՝ պահանջարկն առաջարկ է ծնում: Ի՞նչ է, իրավաբանների այդքան մեծ պահանջ կա՞ հանրապետությունում, որ նրանց պատրաստման գործում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի համալսարաններ: Խորհրդային տարիներին իրավաբանական կրթության միակ օջախը` պետական համալսարանը, տարեկան ընդունում էր 25-50 հոգի (այսօր` 250 հոգի), բայց չեմ հիշում, որ դատավորի կամ դատախազի որեւէ հաստիք թափուր մնար մասնագետ չլինելու պատճառով: Եթե պահանջարկ-առաջարկ փիլիսոփայությամբ նայենք այս հարցին, պետք է հետեւություն անել, թե մեր երկրում հանցագործություններն են շատացել: Գուցե եւ շատացել են, բայց մի՞թե այդքան…

Այսօր մեր կյանքի, առօրյայի բոլոր հոգսերի, դժվարությունների առկայությունը շատ հեշտ բացատրություն ունի` «դեֆակտո» պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիր ենք, բա ի՞նչ եք ուզում:

Վեց հարյուր տարուց ավելի պետականությունը կորցրած մեր ժողովուրդը վերստին այն նվաճելուց հետո մայր հայրենիքի մի բուռ հողի վրա ապրում էր մոտ 800 հազար բնակիչ` սովի ու հիվանդության ճիրաններում: Հեռու եմ անցյալը գունազարդելու եւ ներկան փնովելու մտքից, քավ լիցի: Բայց եւ կողմնակից չեմ նրան, որ հայտնի թռչունի օրինակով գլուխներս թաղենք ավազի մեջ, իբր ոչինչ չենք տեսնում (այն, ինչ չեմ տեսնում` գոյություն չունի փիլիսոփայությամբ): Երկրորդ հանրապետության գոյության առաջին տասը տարիների ընթացքում (1920-1930, անցումային շրջան) կառուցվեցին ջրանցքներ, գործարաններ, հաղթահարվեցին սովն ու հիվանդությունները, եւս տասը տարի, եւ վերացվեց անգրագիտությունը, Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին երկրի բնակչությունը հասավ 1,5 մլն-ի:

«Հիշողության սանդուղքով» (այս արտահայտությունն իմը չէ) իջնում եմ անցած դարի 70-ական թվականները: Եթե այսօրվա չափանիշներով մոտենանք ժամանակի այս հատվածին, ապա այն համընկնում է Հայրենական մեծ պատերազմից հետ «անցումային շրջանին»: Դրանք մեր երկրի ծաղկման ու մեր ժողովրդի աստվածատուր տաղանդի բացահայտման տարիներն էին: 1970-ին երկրի բնակչությունը մոտենում էր 4 մլն-ի: Աննախադեպ վերելք էր ապրել գիտությունը, մշակույթը, գրականությունը: Լուծվում էր մարդու համար ամենակենսական հարցերից մեկը` գլխին տանիք ունենալու հարցը: Լավ թե վատ մեր երկրի այսօրվա քաղաքացիների 90 տոկոսն ապրում է խորհրդային երկրից ստացած մի քանի տասնյակ քառ.մ մակերեսով բնակարաններում: Ճիշտ է, բնակարաններ այսօր էլ կառուցվում են, բայց «էլիտար» (նշանակում է ոչ սովորական մահկանացուների համար): Կամ էլ պարիսպների մեջ առնված միջնադարյան դղյակների տեսքով տներ, որոնց մակերեսը քառ.մ-երով չես հաշվի, այլ միայն հեկտարներով: Ընդ որում՝ որպես կանոն դրանք կառուցվում են դժվարությամբ աճեցված այգիների կամ արհեստական անտառների հատված մակերեսների վրա: Տեսնես դրանց տերերը հասցնո՞ւմ են յուրաքանչյուր սենյակում գոնե մեկ անգամ լինել: Այս թեմայով զրույցը շարունակել պետք չէ: Ինչպես ասում են ռուսները` и так все ясно.

Եվ դարձյալ արտագաղթի մասին:

Վերջին տարիներին արտասահման, հատկապես արեւմուտք մշտական բնակության մեկնողների թիվը զգալիորեն կրճատվել է: Դրա պատճառը նախ նման հնարավորություն ունեցողների թիվն է կրճատվել եւ հետո էլ` երկրում բնակվողների: Ասելս այն է, որ քչացել ենք, այդ պատճառով էլ քիչ էլ մեկնում-գնում են: Նման երեւույթի հետ կարծես համակերպվել ենք: Զարմանալիորեն հարմարվել ենք նաեւ պետական մարմինների անտարբերությանը: Հասկանալի է, որ պետությունը չի կարող բռնություն կիրառել մեկնողների նկատմամբ, ստիպել նրանց չլքել հայրենիքը, թե չէ եվրոպաներում կասեն՝ սահմանափակում եք անհատի ազատությունը: Մեր պետությունն այս իմաստով իրոք իրավական պետություն է: Գնացողներին չենք արգելում, բայց եկողներին ինչպե՞ս ենք դիմավորում: Ինչպես ասում են` էլ դու սուս: Մանավանդ, երեկվա մեկնածներին, մանավանդ, եթե նրանք սիրասուն հայրենիք են վերադառնում հյուրախաղերի: Հեռուստաալիքների տերերը շտապում են նրանց հետ հարցազրույցներ անց կացնել` չմոռանալով անպայման հարցնել, թե փոփոխություններ տեսնո՞ւմ են, արդյոք, հայրենիքում, մայրաքաղաքի լավագույն դահլիճներն են տրամադրվում նրանց: Դե նրանք էլ գոհ իրենց արած-չարածից, մեր կենսաթոշակի կեսի արժեքով տոմս են վաճառում, հայրենասիրության մասին մեզ դասեր տալիս, սիրասուն հայրենիքի մասին երգեր երգում ու ասում, որ մեզ շատ են սիրում, շատ են կարոտում հայրենիքը, գնում են, որ հետ գան: Բա՞:

Չգիտեմ, չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել Հ.Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը, բայց լավ եմ հիշում, որ ամեն անգամ այն լսելուց մարմնիս միջով դող էր անցնում, մեջքիս սառնություն էի զգում: Չեմ կարծում, թե այդ իմաստով ես եզակի եմ եղել: Հավանաբար ինձ նման հարյուր հազարներն են եղել: Մեղքս չեմ թաքցնում, բայց այսօր բավականին անտարբեր եմ դարձել: Վատ է, բայց հավանաբար վերեւում հիշատակված հարյուր հազարների մեջ ինձ նմաններ էլի կան: Եվ դրա մեջ հայրենիք-արեւմուտք ճանապարհը ջրաղացի ճամփա սարքածների ու նրանց հովանավորողների մեղքն էլ կա:

Գնում են, ճիպոտը թողնում են կամին ու գնում: Գնում են քաղաքներից, գնում են իրենց հայրենի գյուղից, իրենց երազած հայրենիքի ազատագրված տարածքները թողած՝ գնում են օտարի հողի վրա վար ու ցանքս անելու, օտարի ջաղացին ջուր լցնելու եւ ի վերջո խառնվելու, ձուլվելու նրանց: Հիշում եք, մեր մեծ բանաստեղծուհին ասում է` թե մորդ հանկարծ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չոմռանաս: Հայրենիքի կորուստը սկսվում է լեզվի մոռացումից, բայց դե մոռանալ կարելի է մի բան, որը գիտես: Չիմացած բանն ինչպե՞ս մոռանաս: Նա, ով ընտանիքի օրվա հացը հոգալու համար է թողել հայրենիքը, դժվար թե կարողանա նման հարցերի մասին մտածել: Այս պրոբլեմը զգալի է հատկապես Ռուսաստան մեկնածների շրջանում: Որպես կանոն այս երկիր է մեկնում մեր հասարակության ամենակարիքավոր մասը, եւ դարձյալ որպես կանոն, մայրենի լեզվի պահպանության դրվածքն էլ հենց ամենաանբավարարը մեր ամենամեծ գաղութում է` Ռուսաստանում: Այսօր արեւմուտքում մեծանում է եղեռնից փրկվածների 4-րդ, 5-րդ սերունդը, ի հեճուկս չկամների, նրանց զգալի մասը պահել-պահպանել է մայրենին: Իսկ Ռուսաստան մեկնած, զտարյուն հայկական ընտանիքներում ծնված երեխաները, որոնց ծնողները դույզն իսկ ասած ռուսերեն չեն կարողանում հայտնի կենդանու գարին երկու տեղ բաժանել, հայերեն խոսել չգիտեն:

Այն, ինչի մասին ես մտածում եմ, համոզված եմ, իմ ընթերցողները վաղուց են իրենց մտքի աղացով անց կացրել, գուցե նաեւ ինձնից լավ:

Մեղքս ինչ թաքցնեմ, մեկ-մեկ մտածում եմ, «անցումային շրջան» ասածն ախր շատ է երկարում: Սա (անցումային շրջանը), ինչպես նաեւ մտորումներիս մեջ ակնարկված թերությունները միայն մեզ համա՞ր են, թե՞ ուրիշ ազգեր էլ են դրանք ապրել: Աչք եմ ածում չորս բոլորս, վայ թե միայն մեզ մոտ է այն երկարում: Մեր հարեւան վրացիները (սատանայի ականջը խուլ) քաղաքացիական պատերազմ տեսան, երկիրը մասնատվեց (սատանայի երկու ականջը խուլ), բայց ասում են, թե լավ են ապրում, եւ երկրում կարգ ու կանոն է:

Ասված խոսք է, թե չի կարելի հարեւանի դժվարություններով ուրախանալ: Ասել է թե՝ պետք է ուրախանանք նրանց հաջողությամբ: Ի վերջո, երբ ազնիվ անունով հայտնի կենդանին թավալ է տալիս, նրա բարձրացրած փոշին նստում է նաեւ մեզ վրա: Այնպես որ «եւս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու»:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10