2010թ. հոկտեմբերի 16-ին Գորիսում նշվեց «Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի» կառուցման աշխատանքների ավարտը: Բուժհաստատության կառուցման նախաձեռնությամբ հանդես էր եկել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» եւ Ֆրանսիայի Բոշ դյու-Ռոն նահանգի վարչակազմը: Ծրագրի նվիրատուներից է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Զգալի գումար է հատկացրել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը` կտակի համաձայն: Ծրագրի արժեքը կազմել է ավել քան 432 միլիոն ՀՀ դրամ: Արդեն երեք ամիս է, ինչ սրտաբանական կենտրոնն իր ողջ հնարավորություններով աշխատում է: Արդեն սպասարկել է մոտ 300 հիվանդի, կատարել 10 զոնդավորում եւ 5 ստենդավորում, բուժել սրտանոթային տարբեր հիվանդություններ: Բուժանձնակազմը համալրված է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնից պարբերաբար ժամանող լավագույն բժիշկ-բուժքույր մասնագետներով, տեղի վերապատրաստված, շնորհալի բուժքույրերով:
Քանի որ կենտրոնը դեռ առաջին քայլերն է կատարում տարածաշրջանում եւ մեծ կենսագրություն չունի, ուստի նրա գործադիր տնօրենի հետ հարցազրույցը կներառի բուժհաստատության սոսկ կառուցվածքային եւ նրա առաքելության խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:
– Պարոն Սարգսյան, փոքրիկ անդրադարձով ներկայացրեք կենտրոնի հիմնադրման պատմությունը, նրա կարեւորության, ընտրության վայրի մասին: Ինչպիսի՞ կառուցվածքային ամբողջականությամբ են այսօր իրականացվում բժշկական աշխատանքները:
– Սկսեմ նրանից, որ տարածաշրջանում սրտաբանական կենտրոնի բացման կարեւորության մասին առաջինը շեշտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` այցելելով բուժհաստատություն: 2013թ. հունվարի 22-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված «Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի» բացումը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆրանսահայ բարերարներ: Երկհարկանի բուժհաստատությունում նախատեսված են էխոկարդիոգրաֆիայի, էլեկտրակարդիոգրաֆիայի, ռենտգեն, սթրես-թեստավորման, զոնդավորման, ստենդավորման, վերակենդանացման կաբինետներ, արյան լաբորատորիա, շտապ օգնության սենյակ, ինչպես նաեւ ութ հիվանդասենյակ` երկուական մահճակալով: Ֆրանսիական կողմը կենտրոնին տրամադրել է նաեւ շտապ օգնության չորս մեքենա: Բացարձակ խնդիր չունենք ամբուլատոր հիվանդներին զննելու համար` նորագույն սարքավորումներով: Հիվանդանոցն ունի կենտրոնական ջեռուցում եւ անհատական ջրամատակարարում, այն կահավորված է արդիական բուժտեխնիկայով եւ սարքավորումներով: Իսկ թե ինչու հիվանդանոցը Գորիսում կառուցվեց, այս հանգամանքը Երեւանի Նորք-Մարաշ հիվանդանոցի սրտի վիրաբույժ Մհեր Սուսանին, ով համակարգում էր բուժհաստատության հիմնադրման աշխատանքները, այսպես էր բացատրում. «Ֆրանսիական կողմը, մասնավորապես «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» մասնագետները, ուսումնասիրեցին մարզերի աշխարհագրական դիրքը, բուժսպասարկման հնարավորություններն ու եղանակները եւ հանդես եկան Սյունիքի մարզում սրտաբանական կենտրոն կառուցելու կարեւոր նախաձեռնությամբ: Ընտրվեց Գորիս քաղաքը, քանի որ այն մոտ է մարզի մյուս քաղաքներին եւ Արցախին»: Թեեւ Գորիսի քաղաքային հիվանդանոցում ներկայումս գործում է սրտաբանական բաժանմունք, մասնագետները որոշեցին, որ սրտի հիվանդությունների առանձնահատկություններից եւ տարածվածությունից ելնելով, անհրաժեշտ է այստեղ ունենալ առանձին մասնագիտացված հաստատություն, որտեղ կիրականացվի սրտի ամբողջական բուժումը: Ըստ սոցիոլոգիական հաշվումների, ասեմ, որ տարածաշրջանում տարեկան 40-50 հոգի սրտի խնդիրներ է ունենում: Մասնագետների բացահայտմամբ` սրտի հիվանդությունների եւ հատկապես կաթվածի վտանգի դեպքում զոնդավորում պետք է կատարել առաջին վեց ժամվա ընթացքում: Ուշացումը հիվանդի համար կարող է ճակատագրական լինել: Մինչդեռ, բոլորիս հայտնի է թե՛ մարզի կտրվածությունը մայրաքաղաքից եւ թե՛ ձմռան ամիսներին ճանապարհների հաճախակի անանցանելիությունը:
Նոր պայմաններում հիվանդանոցում հնարավոր է կատարել վեց զոնդավորում եւ սպասարկել 16 ստացիոնար եւ 20 ամբուլատոր հիվանդի: Կարեւորելով կենտրոնի նշանակությունը տարածաշրջանի բնակչության առողջության համար, հատուկ ուշադրություն է դարձվել բուժանձնակազմի ընտրությանը. այստեղ աշխատում են Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում վերապատրաստված եւ համապատասխան աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետներ: Սպասարկումը պատշաճ որակով եւ արդիական եղանակով իրականացնելու նպատակով հիվանդանոցը համագործակցում է Ֆրանսիայի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» բժիշկների հետ:
– Վերջերս կենտրոնը կատարեց քառօրյա «Բաց դռների օր» միջոցառում: Դա նրա առաջին լուրջ նախաձեռնությունն էր. ինչպիսի՞ն էր պատկերը տարածաշրջանում` սրտանոթային հիվանդությունների, այցելությունների, նաեւ` սպասարկման արդյունավետության տեսանկյունից:
– Այո՛, ապրիլի 19-ից 23-ը մեր նորաբաց հիվանդանոցում կազմակերպվեց «Բաց դռների օր» միջոցառում, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանը, Ֆրանսիայի Բոշ-դյու-Ռոնի փոխմարզպետ Ք.Մասսը, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ա.Մատիկյանը, Վայոց ձորի մարզի եւ ԼՂՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, բուժաշխատողներ: Այդ օրը հիվանդանոցը մարզի տարբեր քաղաքներից ընդունեց 95 հիվանդի: Կատարվեցին հետազոտություններ, զոնդավորումներ եւ ստենդավորումներ, ինչպես նաեւ` ամբուլատոր բուժումներ: Կազմակերպվեց շրջայց հիվանդանոցում, հյուրերին ծանոթացրինք հաստատության նորագույն սարքավորումներին: Մի շարք քննարկումների շնորհիվ` ամրապնդվեց կենտրոնի հանդեպ վստահությունը, հետագա համագործակցության համար ստեղծվեցին կայուն նախադրյալներ: Հայաստանի, Սփյուռքի, Արցախի սրտաբանների համագործակցության համար խթան հանդիսացավ նաեւ ՀՀ սփյուռքի եւ առողջապահության նախարարությունների, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպած սրտաբանության Եվրակովկասյան երեք համաժողովը: Ընդհանուր առմամբ «Բաց դռների օրը» մեկ անգամ եւս հավաստեց տարածաշրջանում կենտրոնի բացման կարեւորությունը, նրա առաքելությունը` սպասարկելու ոչ միայն Սյունիքի ազգաբնակչությանը, այլեւ` Արցախի, Վայոց ձորի սրտանոթային խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին: Ուրախալին նաեւ այն է, որ նրանք բարձրակարգ բուժում են ստանալու Ֆրանսիայում որակավորում ստացած, ստենդավորման տեխնիկային տիրապետող հայ եւ ֆրանսիացի մասնագետների կողմից:
– Պարոն Սարգսյան, բնականաբար, բուժհաստատության սպասարկումներն անմատչելի են լինելու հասարակ քաղաքացու համար: Մինչդեռ, խոսեցինք մարզում սրտանոթային հիվանդությունների վտանգավոր աճի մասին: Շատերին կհետաքրքրի ծառայությունների մոտավոր արժեքը… Նախատեսվա՞ծ են, արդյոք, զեղչեր, պետպատվերներ, առանց որոնց, խոստովանենք, հաստատությունը սոսկ բիզնես-ձեռնարկության տպավորություն կթողնի, որի առաքելությունը կսահմանափակվի սոսկ ազգի հարուստ խավին սպասարկելով: Ինչպիսի՞ք են կենտրոնի առաջիկա ծրագրերը: Ձեր խոսքը` տարածաշրջանի ազգաբնակչությանը:
– Ցավոք, տարածաշրջանում, իրոք, մեծ տոկոս են կազմում սրտանոթային հիվանդությունները, եւ այս առումով չափազանց կարեւոր էր սրտաբանական կենտրոնի բացումը: Մյուս կողմից էլ` այսօրվա անմատչելի բժշկական ծառայությունները եւ ազգաբնակչության անվճարունակությունը: Իհարկե, բոլորը չեն կարող այս կամ այն գործարար անհատի կամ կազմակերպության հովանավորությամբ տարաբնույթ բուժումներ ստանալ: Ավելին, երեւի մեկ տոկոսին հազիվ թե դա հաջողվի: Մեր երկիրն էլ դեռ այնքան զարգացած չէ, որ տարբեր ապահովագրություններով օգնի անապահով խավին: Հույս ունենանք, որ այսպես չի մնա: Ինչ վերաբերում է ծառայությունների գներին, դրանք ամրագրված-փակցված են մեր միջանցքի պատի վահանակների վրա. ամբուլատոր հետազոտությունը շուրջ 15 հազար դրամ է արժենում, զոնդավորումը` 260 հազար, իսկ ստենդավորումը` 1,5-2,2 միլիոն ՀՀ դրամ: Վերջիններիս դեպքում կենտրոնը դեղորայքը տրամադրում է անվճար: Առայժմ զեղչեր, պետպատվերներ չունենք: Առաջիկա մեր ծրագրերի մեջ են մտնում նաեւ այս հարցերը: Իսկ ընդհանրապես, առաջիկա տարիներին կենտրոնը կընդլայնի իր տարածքն ու գործունեությունը` իրականացնելով նաեւ սրտի վիրահատություններ: Այստեղ կմշակվեն անոթային վիրաբուժության հետ կապված բուժման նոր եղանակներ: Արդեն իսկ հրատապ է տեղական կադրերի պատրաստման խնդիրը. մշտապես Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցի կադրերով հնարավոր չէ կայուն գործունեություն ունենալ:
Մեր ամենամեծ ձգտումը որակյալ եւ արդյունավետ սպասարկման շնորհիվ ճանաչում եւ հեղինակություն ձեռք բերելն է ոչ միայն Հայաստանում, այլեւ` նրա սահմաններից դուրս: Տարածաշրջանի ազգաբնակչությանն ուզում եմ շնորհավորել, հիրավի, այսպիսի անհրաժեշտ եւ բարձրակարգ բուժհաստատություն ունենալու համար: Ոչ ոք լրջորեն չի հիվանդանա, եթե ժամանակ առ ժամանակ հետազոտվի, հարկ եղած դեպքում ամբուլատոր բուժումներ ստանա եւ այդպիսով` կանխարգելի հետագայում բարդացող հիվանդությունը: Ամենակարեւորը. մարդիկ պետք է առողջ ապրելակերպ վարեն, իրենց զերծ պահեն բացասական սթրեսներից, ավելորդ հուզական ծանրաբեռնվածությունից, ալկոհոլից, ծխախոտից. առանց այն էլ` բարձր լեռնային գոտին սրտանոթային հիվանդությունների համար տեղով մեկ բարենպաստ չէ:
Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ