Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով

06.01.2026 12:25
439

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.

և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին

մահվան երկրի և ստվերների մեջ»

(Մատթ. 4.16):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:

Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37