Գեղանուշի պոչամբարի շուրջ սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք հանրային քննարկումներն առիթ են դարձել հիշելու խնդրո առարկայի վերաբերյալ նախկին հրապարակումներից մի քանիսը

08.09.2015 17:14
3315

1. Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում (3)

Գեղանուշի պոչամբարը տեղադրված է Ողջի գետի վտակ Գեղանուշ գետի հունում: Այդ պոչամբարը փակվել է 1978 թ., երբ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքը սկսել են թափել Արծվանիկի պոչամբարը: Փակելիս պոչամբարում կար 4,6 մլն խմ պոչանք: 2008 թ.-ից Գեղանուշի պոչամբարում իր թափոններն (պոչանք) է լցնում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (այժմ դրա սեփականատերն է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը):

Նաեւ հաշվի առնելով Գեղանուշ գյուղի բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումը եւ շրջակա տարածքներում ընդհանուր էկոլոգիական իրավիճակը` 1978 թ. այդ պոչամբարը պետականորեն փակվեց, չնայած այն բանին, որ այդտեղ, ըստ նախագծի, պետք է լցվեր 8,7 մլն խմ պոչանք:

Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պոչամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի տարածումը շրջակա միջավայրում:

Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոստացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը:

«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված ներկայացրեց աղետալի իրավիճակից դուրս գալու բնապահպանական միջոցառումների ծրագիր: Հետագայում պարզվեց, որ դա ընդամենը պոչամբարի մեծացման եւ այն նորից շահագործելու ծրագիր է: Իրականում «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բարձրացրեց պոչամբարի հողաշեն պատվարը եւ այդ նույն պոչամբարը 2008 թ. նորից սկսեց շահագործել:

Արդյունքում` օրեցօր մեծանում է պոչամբարի ծավալը: Մեր օրերում ահա թե ինչպես են արձագանքում բնակչության բողոքներին:

Հանդիպեցի Գեղանուշի համայնքապետ Կամո Ավանեսյանին, եւ նա ասաց, որ «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը խոստացել էր պոչամբարը շահագործելուց առաջ ծառատունկ կազմակերպել, սակայն իր խոստումը չկատարեց: Պոչամբարի տակ են մնացել գյուղացիներին պատկանող այգիների զգալի հատվածներ, ինչի դիմաց նրանք գոնե հատուցում չեն ստացել:

Ամենաաղետալին այն է, որ տարեցտարի առավել անկում է ապրում հողի բերրիությունը: Փոխվել է անգամ հողի տեսքը. հողը, չգիտենք ինչու, սեղմվել, ասես կուչ եկել, կարծրացել է:

Նույն գյուղի բնակիչ Հովիկ Էլչյանն ավելացրեց. «Մեր գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անիմաստ է դարձել, քանի որ ցանածից բերք չենք ստանում, հողը մի անսովոր ձեւով կարծրացել է, ցանած դաշտը չորանում է, ծառերը չորանում են, իսկ դեռ չչորացածներն էլ բերք չեն տալիս: Մեզ ի՞նչ օգուտ են տալիս կանգուն հարյուրավոր ընկուզենիները եւ մյուս մրգատու ծառերը, որոնք բերք չեն տալիս, պարապ կանգնած են: Ես լավ եկամուտ ունեի ընկույզ ու լոբի վաճառելուց, սակայն ոչ ընկույզ է լինում, ոչ լոբի:

Այժմ իմ տան համար շուկայից եմ լոբի գնում: Բերք չեն տալիս ոչ միայն պտղատու ծառերը, այլեւ հացազգիները, նաեւ` պոմիդորը, վարունգը… Օրինակ՝ վարունգի թուփը, դեռ լրիվ չձեւավորված, սկսում է դեղնել ու չորանալ: Բերքազրկվել են անգամ անտառի մրգատու ծառերը: Պոչամբարից զզվելի հոտ է փչում, գլխավորապես առավոտյան: Օդում փոշին այնքան շատ է, որ անձրեւից հետո մեքենաները, լվացքը կեղտոտվում են` ծածկվելով սպիտակավուն փոշով: Անցյալ տարի (2009 թ.) իմ կովերից 8-ը ծնեցին, հորթերից 3-ը չէին կարող ոտքի կանգնել` սատկեցին, իսկ այս տարի 16 կովերից ծնեցին միայն 3-ը: Անասունները չեն բեղմնավորվում: Բացի դրանից, տնային բոլոր կենդանիների մոտ շատ մեծ է նաեւ վիժումների թիվը:

Իմ հարեւանի խոզը օրերս միայն մի խոճկոր ծնեց: Պատկերացնո՞ւմ եք, հսկա մերուն մի խոճկոր է ունենում, երբ ժամանակին մեր գյուղում խոզերը միջինը մոտ 10 խոճկոր էին ծնում, պատահել է` անգամ 16 խոճկոր: Այժմ, եթե խոզը ծնում է 4-5 խոճկոր, հենց առաջին օրերին դրանց մոտ կեսը սատկում է: Այծն ու ոչխարը նույնպես աստիճանաբար վերանում են, աճ չկա: Ինչո՞ւ ոչխար պահեմ, երբ գառ չի ծնվում: Նույնն է նապաստակների, հավերի մոտ: Մեղվապահությունը նույնպես անիմաստ է դարձել: Ես հողի աշխատանքն ու անասնապահությունը շատ եմ սիրում, սակայն երկուսն էլ դարձել են ոչ շահութաբեր:

Ծննդաբերությունը նվազել է, իսկ երեխաներն արդեն հիվանդ են ծնվում: Երկու օր առաջ երեխա ծնվեց. այժմ մայրը Կապանի հիվանդանոցում է, իսկ երեխային տարել են Երեւան` հիվանդությունը ճշտելու, ասում են՝ արյան պակասություն ունի: Ինչքան ես եմ հասկանում, այս պոչամբարը չարիքի բույն է, դրանից պրծում չկա», - եզրափակեց Հովիկ Էլչյանը:

Ինչպես պարզ երեւում է, պոչամբարների հարեւանությամբ ապրողների բողոքները համընկնում են` վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները…

Այս առումով նպատակահարմար է կարդալ գրականությունից քաղված ստորեւ ծանոթագրությունը, որտեղ խոսվում է պոչամբարներում առկա` պարունակվող նյութերից միայն մի քանիսի վտանգավոր հատկությունների մասին:

Ողջի լեռնային գետը, փաստորեն, կոյուղատար է դարձել: Հետագայում այդ գետի աղտոտվածության մեծացումը կասկած չի հարուցում. միայն Քաջարանի հանքավայրը միլիարդավոր տոննա հանքաքար է պարունակում, նոր հանքավայրեր են շահագործվելու, նաեւ առկախ է ուրանի հանքավայրի շահագործման հարցը, որի շահագործումը կործանարար կլինի ոչ միայն Սյունիք մարզի համար...

Կարծես որոշ բան հասկանալի է դառնում: Արտոնյալները օրը ցերեկով վերցնում-կողոպտում են հայ ժողովրդի ունեցվածքը՝ նույնիսկ ամենաչնչին չափով հարկ չվճարելով:

Օրինակ՝ տարեկան միլիոնավոր տոննա վերը նկարագրված պոչանքները լցնում են գետերի հուներն ու կիրճերը, տարեկան հարյուրավոր միլիոն տոննա մակաբացման ապարներ եւ ոչ մետաղական հանքերի թափոնները նույնպես թափվում են գետերի կիրճերը, հուներն ու այլուր, սակայն ոչինչ չեն վճարում դրա համար, քանզի ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով նշված թափոններն ազատված են հարկումից: Նույնիսկ խոսակցություն կա, որ կառավարության առաջարկով օրենսդիրը պետք է սահմանի, որ պոչամբարները հետայսու համարվեն տեխնածին հանքեր:

Հայաստանը՝ հանքավայր… Կյանքի համար տանելի պայմաններ ապահովելու փոխարեն արդեն հայերն իրենց երկրից արտագաղթում են միջպետական պայմանագրով…

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

hetq.am

31 հունվարի, 2011

2. Մոխրագույն լճի չբացահայտված վտանգները

ONEArmenia կազմակերպությունը հոկտեմբերի 3-14-ը հանրային դրամահավաք է իրականացնում, ինչի շնորհիվ Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի մասնագիտական խումբը կձեռքբերի անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ` Հայաստանի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերության հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակն ուսումնասիրելու, մարդկանց առողջության վրա ազդեցությունը պարզելու նպատակով:

«Հայաստանում ավելի քան 400 գործող հանքերից 22-ը մետաղական հանքեր են, որոնք ծանր մետաղյա աղտոտող նյութեր են արտանետում միջավայր: Վատ վերահսկողության եւ կանոնակարգման արդյունքում այս համայնքները կանգնած են թունավոր աղտոտման խնդրի առջեւ: Անկախ մոնիթորինգը թույլ կտա այս համայնքներին անել առաջին քայլը դեպի ավելի հաշվետու եւ պատասխանատու հանքարդյունաբերություն», - նշում են նախաձեռնողները:

ONEArmenia կազմակերպության մենեջեր Նորա Կայսերյանի փոխանցմամբ` ուսումնասիրություններ են նախատեսվում իրականացնել Հայաստանի 22 բնակավայրերում, այդ թվում նաեւ Կապանի տարածաշրջանում գտնվող Գեղանուշի պոչամբարի հարակից տարածքում: Նոյեմբերի 12-ի դրությամբ 29 հազար դոլար է արդեն հավաքագրվել:

Հայաստանի հարավում գտնվող Կապանի տարածաշրջանում վաղուց են լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվում:

Ներկայումս տարածաշրջանում մի քանի հանքավայր է գործում, որոնց պատկանող պոչամբարները տարբեր կողմերից շրջապատում են քաղաքը: Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհին է գտնվում պոչամբարներից մեկը` «Գեղանուշի» պոչամբարը, որը շահագործում է կանադական «Dundee Precious Metals Kapan» ընկերությունը: Կապան քաղաքից մի քանի հարյուր մետր անցնելով` տեղ հասանք. պատկերը նախանձելի չէր. գեղեցիկ բնության տեսարանին զուգահեռ մեր առջեւ բացվեց մոխրագույն, դեղնականաչավուն գորշ տեսք ունեցող մի հսկայական լիճ, որից եկող սուր հոտը պարբերաբար զգալ էր տալիս: Հետո շարժվեցինք պոչամբարից 3.5 կմ հեռավորության վրա գտնվող Գեղանուշ գյուղ:

Գյուղացիների պատմելով` ժամանակին գյուղի ճանապարհը պոչամբարի տարածքով էր անցնում, այնտեղ մարդիկ այգիներ էին մշակում, բայց այսօր տարածքը վերածվել է թունավոր թափոններով լի պոչամբարի, որի շրջակա հողատարածքները սեփականատերերը անվտանգությունից ելնելով չեն մշակում:

Գյուղի հնաբնակ Աիդա Սարգսյանը ասում է` վերջին տարիներին անասունների մոտ ծնելիությունը պակասել է, վիժումները շատացել են, բերքը որակազրկվել է, բերքատվությունը` նվազել, մարդկանց մոտ ինքնազգացողությունն է վատացել, տարբեր հիվանդություններով են տառապում:

Բնակիչները միայն ենթադրում են, որ հնարավոր է պոչամբարը դերակատարում ունենա, բայց խուսափում են պնդել` նշելով, որ հաստատող ապացույցներ չունեն: 287 բնակիչ ունեցող Գեղանուշ համայնքի ղեկավար Իվան Կոստանդյանը մեր զրույցում նշեց, որ մինչեւ օրս գյուղում մարդկանց առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության վերաբերյալ որեւէ հետազոտություն չի արվել, միայն իր ձեռքի տակ ունի 2013թ.-ին Կապանի բժշկական կենտրոնի կողմից տրամադրված հիվանդանոցում գրանցված 144 բնակիչների հիվանդությունների ցանկը:

«Երեխաների մոտ առկա են էպիլեպսիկ, սուր շնչառական հիվանդություններ, ցիստիտը, սուր մազոֆարենգիտը, մեծահասակներից 3-ի մոտ՝ չարորակ նորագոյացություն եւ 23-ից ավելի այլ հիվանդություններ: Եթե մյուս գյուղերի տվյալները լինեին, կկարողանայինք համեմատել ու եզրակացություն անել», - ասաց գյուղապետը:

Կոմբինատը վարձակալած 21 հա տարածքի համար տարեկան 3 մլն դրամ գումար է վճարում համայնքին, նաեւ սոցիալական ծրագրեր իրականացնում գյուղում: Ժամանակին գյուղի 134 բնակիչ ստորագրահավաք էր կազմակերպել` դեմ արտահայտվելով պոչամբարի կառուցմանը, սակայն ընկերությունը այն հաշվի չառավ:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հ/կ նախագահ Արթուր Ղազարյանի խոսքով` «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ /նախկին «Դինո գոլդ մայինգ»/ կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարը կառուցվել է 2007թ.-ին հին պոչամբարի տարածքում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տրամադրված 4 միլիոն դոլար վարկային միջոցներով: Այն շահագործման հանձնելուց ընդամենը 3 տարի անց վթար է տեղի ունեցել:

«ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն՝ Գեղանուշի պոչամբարի նոր ջրատարը կառուցվել է թերություններով եւ նախագծային շեղումներով», - ասաց նա:

Թեեւ ընկերությունը հավաստիացրել էր, որ Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումներն անելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը, սակայն նրա առանձին հատվածներում միայն 2012թ.-ին երեք անգամ վթար է արձանագրվել, ինչի հետեւանքով պոչերն արտահոսել են շրջակա միջավայր:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տվյալներով` գրանցված վթարների հետեւանքով ընկերությունը շրջակա միջավայրին հասցրել է ընդհանուր 19 մլն 534 հազար դրամի վնաս, որն ընկերությունն ամբողջովին վերականգնել է: Սյունիքի մարզի դատախազությունն էլ 2012թ.-ին տեղի ունեցած դեպքերից մեկի առթիվ ընկերության դեմ քրեական գործ էր հարուցել: Բնապահպանության նախարարության «2002թ. շրջակա միջավայրի վիճակի մասին» ազգային զեկույցի համաձայն` ‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերությանը պատկանող` պղինձ, կապար, ցինկ եւ ոսկի պարունակող Գեղանուշի պոչամբարը գնահատվել էր առաջին դասի վտանգավորության:

2013թ.-ին «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանը Գեղանուշի պոչամբարի խնդրով դիմել էր EBRD-ի բնական ռեսուրսների տնօրեն Էրիկ Ռասմուսենին, պարզելու, թե նախագծի վերաբերյալ բանկը մոնիթորինգ անցկացրե՞լ է: Վերջինս պատասխանել էր, որ նախքան վարկի տրամադրումը, բանկի աշխատակազմը համապատասխան ստուգումներ է անցկացրել տեղում: «Բանկն ունի անկախ խորհրդատու, ով աշխատանքների մշտադիտարկում է իրականացնում, որը էական բարելավում է գրանցել», - նշված է պատասխան նամակում:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ Կապանի մասնաճյուղի համակարգող Հրայր Խաչատրյանը հայտնեց, որ 2013թ.-ին «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը իրենց հարցմանը պատասխանել է, որ Գեղանուշի պոչամբարի աշխատանքային նախագծին 2006թ.-ին տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն, ինչը զրուցակիցս զարմանալի է համարել: «Պոչամբարի խնդրով պետք է միջազգային անկախ փորձագետներից ձեւավորված հանձնախմբեր լինեն, որպեսզի մարդիկ իրական պատկերն իմանան»:

Ըստ «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ` պոչամբարի ջրատարի վթարների մի մասը սաբոտաժի, ոչ թե տեխնիկական վթարի հետեւանք է եղել: Իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու նպատակով` ընկերությունը մի շարք բարելավման աշխատանքներ է իրականացրել. «Մշակվել եւ հաստատվել է պոչատարի կոմպենսատորներից վթարային արտահոսքերի ավտոմատ հավաքման եւ պահեստավորման համակարգի նախագիծ, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ամբողջությամբ խուսափել կոմպենսատորների վթարների դեպքում շրջակա միջավայրի պոչերով աղտոտումից», - փոխանցեցին ընկերությունից:

Պարզ է, որ հանքարդյունաբերական ընկերությունները աշխատատեղերի խնդիր են լուծում գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանում, բայց անընդունելի է, երբ կոմբինատները շահույթ են ստանում մարդկանց առողջությունը վնասելու եւ շրջակա միջավայրն աղտոտելու հաշվին:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

aravot.am

13 նոյեմբերի, 2014

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25