Գեւորգ Փարսյան. «Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին»

04.06.2021 16:56
14400

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թեւակոխում են վճռորոշ փուլ. հունիսի 7-ից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։

Սոցիոլոգները տարբեր կանխատեսումներ են անում ընտրական մարաթոնի ելած 26 քաղաքական ուժի, ընտրողների տրամադրությունների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ մեծ թիվ են կազմում չկողմնորոշված ընտրողները, ովքեր, ամենայն հավանականությամբ, նախընտրական քարոզարշավի օրերին կհստակեցնեն իրենց դիրքորոշումը։

Այդ դիտարկումը կարելի է տարածել նաեւ Կապան մարզկենտրոնի վրա։

Բայց Կապանում կա մեկ առանձնահատկություն եւս

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք վերստին, որ Սյունիքի մարզկենտրոնում ընտրողների զգալի մասը սպասում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի դիրքորոշմանը։

Դա էլ պատահական չէ. պաշտոնավարման մոտ երկու եւ կես տարվա ընթացքում, հատկապես  համաճարակի դժվարին ու անորոշ ժամանակներում, Արցախյան երրորդ պատերազմի ողբերգական, բայց եւ հերոսական օրերին, նաեւ հետպատերազմյան ընթացքում իրեն դրսեւորել է մեր հողուջրի արժանապատիվ տիրոջ վարքով։

Գեւորգ Փարսյանի դիրքորոշումը պարզելու նպատակով հունիսի 4-ին զրույց ունեցանք նրա հետ։

- Պարոն Փարսյան, հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություն տեղի կունենա հանրապետությունում։

Այդ կապակցությամբ մի քանի հարց ունենք. նախ՝ 26 քաղաքական ուժից ո՞ր մեկին եք սատարելու։

Իհարկե, կարելի է եւ ենթադրություններ անել այդ առումով, բայց դա կլիներ ընդամենը ենթադրություն։

Եկել է Ձեր դիրքորոշումը պաշտոնապես հնչեցնելու ժամանակը։

-Չէի կամենա մեր զրույցը սկսել այդ հարցից, որովհետեւ ինձ համար առաջնահերթն ու ամենակարեւորն այն չէ, թե ում եմ սատարելու կամ ում եմ տեսնում երկրի ղեկավարի դերում։ Ինձ համար առաջնահերթ հարցն այն է, որ  Նիկոլ Փաշինյանն այլեւս չլինի իշխանության ղեկին, բնականաբար, իր թիմի հետ միասին, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, քաղաքական այդ թիմը ձախողել է երկրի կառավարումը: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան չեմ պատկերացնում։

Նման դիրքորոշման համար կան տարբեր պատճառներ: Ասեմ հիմնականը՝ պատերազմն իր ծանր հետեւանքներով, մարդկային անդառնալի կորուստներով եւ օր օրի ահագնացող բացասական ու վտանգավոր, նաեւ անորոշ զարգացումներով։

Նիկոլ Փաշինյանին գնահատում եմ որպես թույլ մարդ, թույլ ղեկավար, ով անկարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում հայտնվել ենք:

-Եվ, այնուամենայնիվ, նորից ենք կարեւորում Ձեր դիրքորոշումը…

-Ելնելով նրանից, որ մեր երկրում ծանր իրավիճակ է, որ տեսնում ենք թշնամու կողմից մեր երկրից անընդհատ ինչ-որ տարածքներ պոկելու նկրտումները, մեզ պետք է ուժեղ եւ կամային բարձր հատկանիշներով օժտված պետական գործիչ, ով ունի փորձ, նաեւ հնարավորություններ, կապեր, գիտելիքներ: Այդպիսի պետական գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է արժանապատվորեն ղեկավարել մեր ժողովրդին պատմության դժվարագույն այս հանգրվանում։

-Դուք մասամբ պատասխանեցիք մեր հաջորդ հարցին, բայց ասվածին չի կարող չհաջորդել դրա շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, ասել է թե՝ Ձեր դիրքորոշման հիմնավորումները փոքր-ինչ հանգամանալից:

-Գլխավոր կողմնորոշիչն առաջնորդի անհատականության գործոնն է. եթե մի դեպքում ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար չեմ պատկերացնում, Քոչարյանի պարագայում՝ տեսնում եմ ուժեղ եւ փորձառու անհատականություն:

Որեւէ քաղաքական ուժից կախվածություն չունեմ, իմ դիրքորոշումը հիմնվում է նաեւ հստակ իրողության վրա. բոլոր թեկնածուների մեջ, ովքեր կուսակցությունների կամ դաշինքների միջոցով ներկայացել են ընտրողներին, միակ անձնավորությունը, ով, իմ խորին համոզմամբ, կարող է երկրի արժանապատիվ ղեկավարումը ստանձնել բախտորոշ մեր օրերում եւ դրական տեղաշարժեր ապահովել, Ռոբերտ Քոչարյանն է։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, կարող եմ ասել հետեւյալը՝ բավականին հետաքրքիր դաշինք է ստացվել՝ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների համագործակցության շնորհիվ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում ընդգրկված են մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իմ ընկերներն են: Նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հայրենասեր, յուրաքանչյուրն իր համայնքի հոգսերով ապրող ու մտահոգ մարդիկ են, ունեն դրական հատկանիշներ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի հետագա զարգացմանը։

Կցանկանայի նշել նաեւ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է մեր համաքաղաքացի Աննա Գրիգորյանը, ով կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ դրսեւորեց իրեն Ազգային Ժողովում՝ Սյունիքի հետ կապված խնդիրները բարձրաձայնելով ու մտահոգություններ արտահայտելով: Խելացի անձնավորություն է ու սրտացավ. կցանկանայի նրան տեսնել ապագա խորհրդարանում եւս։

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ,  Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի  ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան։

- «Հայաստան» դաշինքն օրերս հանրայնացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, դաշինքի հաղթանակի դեպքում, կարող է եւ դրվել կառավարության ծրագրի հիմքում. համենայն դեպս դաշինքի մի քանի ներկայացուցիչ նման հայտարարություն արեցին։

Ծրագրային դրույթներից ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ։

-Ես լսեցի ծրագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ է, որն ընդգրկում է մեր կյանքի  բոլոր ոլորտները: Տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող է ապահովել երկրի առաջընթացը: Բայց ուշադրությունս հատկապես գրավեցին անվտանգության ապահովմանը միտված անելիքներն ու պատկերացումները ։ Գնահատելի է նաեւ հանգամանքը, որ անվտանգությանն առնչվող հարցերի մասին հիմնավոր  խոսք ասաց  Ռոբերտ Քոչարյանը։

- Իսկ Սյունիքի հարցում ի՞նչ եք ակնկալում «Հայաստան» դաշինքից, թեեւ անվտանգության խնդիրները կարեւորելով՝ Դուք սյունիքյան համընդհանուր մտահոգություն արտահայտեցիք:

- Եկեք Ռոբերտ Քոչարյան ասենք. ակնկալում եմ, որ երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո իր ուշադրությունը կսեւեռի Սյունիքի վրա, եւ ամենակարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կրկնում եմ՝ ամենակարեւորն այսօր մեր քաղաքացիների, մեր երկրամասի անվտանգության ապահովումն է, որը հայտարարված է առաջնահերթություն։

Սյունիքի մարզը երկկողմանի շրջապատված է թշնամիներով. ինձ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, ինչի վերաբերյալ ծրագրում առկա է հիմնավոր տեսլական։

-Պարոն Փարսյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին անձամբ եք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, միգուցե նաեւ համայնքում գլխավորելու եք դաշինքի նախընտրական շտաբը։

- Ոչ, ես քաղաքական թիմի անդամ չեմ, նախընտրական շտաբ գլխավորելու մտադրություն էլ չունեմ, բայց, ինչպես ասացի, դիրքորոշումս հստակ  միտված է դեպի Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման բացառումն է, նոր միայն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն սատարելը։

-Մարզի չորս համայնքապետի մասնակցությամբ հիմնադրվեց կուսակցություն, որը միացավ  «Հայաստան» դաշինքին, բայց Դուք չմասնակցեցիք կուսակցության ստեղծմանը, հիմա էլ անկուսակցական եք, բայց, ճակատագրի կամոք, քաղաքական նույն բեւեռում եք հայտնվել։

Չենք թաքցնի՝ այդ առիթով քննարկումների պակաս չի եղել հանրային ամենատարբեր շերտերում՝ Ձեր ինքնուրույն եւ անկախ հոգեկերտվածքն ընդգծող:

Ինչպե՞ս ստացվեց, որ այս պահին քաղաքական նույն բեւեռում եք, թեեւ անկուսակցական եք, ավելի ճիշտ շարունակում եք մնալ վերկուսակցական ու ազգային հողի վրա։

- Եթե դաշինքը չգլխավորեր Ռոբերտ Քոչարյանը, Դուք այսօր ինձ նման հարց տալու առիթ չէիք ունենա:

-Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում կեղծ ստորագրությամբ մի հոդված էր շրջանառվում՝ իբր արդեն իսկ համայնքապետարանը վարչական ռեսուրս է կիրառում: Կարող եք նույնիսկ չարձագանքել այդ հրապարակմանը, մանավանդ որ հանրությունը Ձեզ լավ է ճանաչում, բայց հետագա անհիմն շահարկումներից խուսափելու համար կուզենայինք լսել Ձեր վերաբերմունքն առհասարակ վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընդհանրապես ոչ թույլատրելի գործելակերպի կիրառման առումով, քանզի  իշխանությունը, որ ցանկանում ենք ազգովի ձեւավորել հունիսի 20-ին, պիտի առավելագույնս օժտված լինի լեգիտիմությամբ։

-Ինքս էլ  հակված եմ այն գործելակերպին, որ ընտրությունն անցկացվի ազատ ու արդար, որպեսզի ձեւավորված իշխանությունը լինի լեգիտիմ։

Ասեմ նաեւ, որ վարչական ռեսուրս իմ կողմից չի կիրառվում եւ չի կիրառվի, պարզապես ունեմ սեփական դիրքորոշում, որի մասին խոսում եմ իմ շրջապատի մարդկանց  հետ.  իմ աշխատակիցներին եւս հայտնել եմ դիրքորոշումս, բայց որեւէ մեկին չեմ պարտադրել կամ ստիպել։

-Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Կապանում կլինի հունիսի 7-ին։

-Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես. հունիսի 7-ին ժամը 18:30-ին  Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու կապանցիների հետ։ Չեմ բացառում նաեւ դահլիճային հանդիպումները, քանի որ «Հայաստան» դաշինքը դիմել է մեզ թե՛ փակ դահլիճ, թե՛ Գարեգին Նժդեհի հրապարակը տրամադրելու համար։

-Պարոն Փարսյան, մեզ հետ զրույցի շրջանակներում Ձեր համակիրներին ինչ-որ կոչ կամ հորդոր ուղղելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա պահում եք քարոզարշավի վերջին օրերի համար։

-Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար։

 

Զրույցը՝

Տիգրանուհի Բադալյանի

 

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16