ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾՉԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

01.06.2020 15:12
1052

Անվանի գիտնական եւ մանկավարժ Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանը դարձավ 90 տարեկան: Ավարտելով Սյունիքի գյուղական դպրոցըՙ նա անցել է փառավոր ճանապարհ. Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան, Երեւանի պետական համալսարան, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, հանրապետության մի շարք այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ գիտահետազոտական կազմակերպություններ:

Հայ մտավորականության եւ, հատկապես, տնտեսագիտական դպրոցի բազմաթիվ ներկայացուցչներ Գ.Ղարիբյանին համարում են իրենց ուսուցիչՙ բարձր գնահատելով նրա վաստակը մարդկային կապիտալի զարգացման եւ երիտասարդ սերնդի կրթության գործում:

Պրոֆեսոր Գ.Ղարիբյանի անցած ճանապարհն արժեւորվում է իր գիտաուսումնական հետաքրքրություններին վերաբերող տնտեսագիտության հիմնախնդիրների խոր իմացությամբ, մարդկային հարաբերությունների նրբություններին տիրապետելու եւ դասավանդելու բնատուր ունակությամբ, ազգային արժեքների պահպանմամբ ու զարգացմամբ մտահոգ հայ մտավորականի նրա տեսակով:

Գ.Ղարիբյանի կյանքի 70 տարիներն անմնացորդ նվիրված են եղել մարդկային կապիտալի զարգացման եւ մեր երկրի բարգավաճմանն ուղղված հիմնախնդիրների լուծմանը:

Գիտակրթական ոլորտում ունեցած անուրանալի ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ.Ղարիբյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Վաստակաշատ մտավորականը եւ պատվավոր սյունեցին արժանացել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, կրթության եւ գիտության նախարարության, Կենտրոնական բանկի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալների եւ մի շարք այլ պարգեւների:

Գիտական գործունեության ասպարեզում հատկապես կարեւորվում է պրոֆեսոր Գ. Ղարիբյանի կողմից դիտարկվող հիմնախնդիրների արդիականությունն ու հետազոտական մտքի խորությունը: Նրա մասնակցությամբ ու ղեկավարությամբ հրապարակված աշխատություններն ու դասագրքերը ուսումնասիրողների եւ երիտասարդների բազմաթիվ սերունդների համար դարձել են տնտեսագիտության հիմունքների յուրացման կարեւորագույն միջոց:

Մեր նորանկախ երկրում պրոֆեսոր Գ.Ղարիբյանը սահուն մուտք գործեց ազատական տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությունների ոլորտ, որն իր դրսեւորումը ստացավ ինչպես կազմակերպչական, այնպես էլ գիտահետազոտական ասպարեզներում:

Գ.Ղարիբյանը աշխատել է ՀՀ գիտակրթական հեղինակավոր կենտրոններում եւ հրապարակել է 100-ից ավելի գիտական աշխատանքներ եւ մենագրություններ: Անկախության տարիներին լինելով համալսարանի ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտորՙ նա մեծապես նպաստեց մի շարք ֆակուլտետների եւ մասնագիտությունների կայացմանը:

Հատկապես մեծ է նրա ավանդը Երեւանի պետական համալսարանի կազմում տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման գործում: Դեռեւս 1984 թ. պրոֆեսոր Ղարիբյանի ջանքերի շնորհիվ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտից տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը տեղափոխվեց Երեւանի պետական համալսարան եւ հետագայում, որպես այդ ֆակուլտետի դեկան, նա ամեն ինչ արեց այն դարձնելու միջազգային ժամանակակից ամենաբարձր պահանջներին բավարարող տնտեսագիտության դարբնոց: Դրա զարգացմանը նպաստեց նաեւ պրոֆեսոր Ղարիբյանի կողմից տասնամյակներ շարունակ ղեկավարվող տնտեսագիտության գծով գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների գործունեությունը:

Գիտնականի հետազոտությունները նվիրված են անցումային տնտեսություններում բնակչության կենսամակարդակի բարձրացման, բաշխման եւ վերաբաշխման գործընթացների կարգավորման, կապիտալի նախասկզբնական կուտակման, աշխատանքի շուկայի ձեւավորման, մարդկային կապիտալի զարգացման եւ այլ հիմնախնդիրներին: Դրանք այն կարեւորագույն հարցերն են, որոնք տարբեր ուժգնությամբ կանգնում են կենտրոնացված կառավարման մոդելից ազատական տնտեսական հարաբերություններին անցնող ցանկացած երկրի առջեւ եւ որոնց լուծումը պահանջում է քրտնաջան ու հետեւողական աշխատանք:

Նշված խնդիրներին զուգահեռ, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանը կանգնեց նաեւ արտագաղթի հիմնահարցի առջեւ, որն, անշուշտ, կարող է ունենալ լուրջ բացասական ազդեցություն երկրի ազգային անվտանգության վրա: Այս հարցերի լուծումը եւս գտնվում է պրոֆեսոր Գ.Ղարիբյանի սեւեռուն ուշադրության կենտրոնում:

Պրոֆեսոր Գ.Ղարիբյանի երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքին, նրա իմաստուն խառնվածքին, մեր համոզմամբ, մեծապես նպաստել է նաեւ ընտանիքը եւ հատկապես երջանկահիշատակ տիկին Գայանեն:

Համալսարանական կյանքի հումանիզացման զարգացումներին Գ.Ղարիբյանի արդյունավետ աշխատանքը հատկապես կարեւորվել է ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի կողմից: Վերջինիս խոսքերովՙ Գրիգոր Ալեքսանդրովիչը, որպես ԵՊՀ պրոռեկտոր, իր պարտականությունները կատարում էր առանց արհեստական բարդացումների, վայելում էր ռեկտորատի եւ համալսարանականների մեծ հարգանքը, չտրվեց ժամանակի կերպարանափոխություններին, մնաց անդավաճան ու ազնիվ: Դրա արդյունքում ընդունվեցին այնպիսի որոշումներ, ինչպիսիք են համալսարանի ֆակուլտետներում հայոց պատմության դասավանդումը, փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի, օտար լեզուների ֆակուլտետների բացումը, տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացումը եւ այլն: Հատկապես նշանակալից է նրա դերը ԵՊՀ կողմից Արցախի ազատագրական պայքարին աջակցության եւ օգնության կազմակերպման գործում:

Գրիգոր Ղարիբյանի դերը համալսարանի ուսումնական աշխատանքների համակարգման գործում բարձր է գնահատվել նաեւ Երեւանի պետական համալսարանի հաջորդ ռեկտորների կողմից:

Գրիգոր Ղարիբյանի բազմակողմանի զարգացվածության վկայությունն է նաեւ, որ նա իր էությամբ ոչ միայն կրթության ու գիտության, այլ նաեւ մշակույթի եւ գեղանկարչության վառ ներկայացուցիչ է: Ինչպես պատկերավոր նշել է արվեստագիտության դկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը , «յուղաներկով արված նրա ստեղծագործությունները կատարված են մասնագիտական հմտությամբ. ասես վաստակաշատ գիտնականը ողջ կյանքում միայն նկարելով է զբաղվել»: Դրա վկայություն պետք է համարել վերջինիս գեղանկարների անհատական ցուցահանդեսները, հատկապես ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրվածը: Նա գույների եւ գծերի կախարդիչ աշխարհի մարդ է, որի նկարներից մեր առջեւ հառնում են հայրենի բնության գեղատեսիլ վայրերը, նրա ժայռերն ու ծաղիկները, ամրոցներն ու հինավուրց կառույցները:

Ակադեմիկոս Յու. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆՙ ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Բ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19