Գիտության եւ աշխատանքի երախտավորը

31.10.2013 16:30
3121

Բոլորեց ականավոր գիտնական, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Վաղինակ Ոսկանյանի ծննդյան 100 տարին:

Ծնվել է 1913թ. նոյեմբերի 13-ին Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում: 1929թ. ընդունվել եւ 1932թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) կաթնաարդյունաբերական տեխնիկումը: 1932թ. աշխատանքի է անցել Հայյուղարդի Դիլիջանի բաժանմունքում` արտադրական հրահանգիչ, որտեղից տեղափոխվել է հայրենի Կապանի շրջան եւ մինչեւ 1935թ. աշխատել հողբաժնի գլխավոր անասնաբույժ:

1935թ. ընդունվել եւ 1939-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը` ստանալով բարձր որակավորման անասնաբույծի կոչում:

Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է յոթ տարի, այդ թվում` մասնակցել Հայրենական մեծ պատերազմին`առաջին օրից մինչեւ ավարտ, արեւմուտքում` գերմանական, ապա արեւելքում` ճապոնական բանակների դեմ մղած մարտերին:

Զորացրվելուց հետո գվարդիայի մայոր Ոսկանյանը 1947թ. հունվարից աշխատանքի է անցել Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կենդանիների բուծման ամբիոնում: 1949թ. պաշտպանել է թեկնածուական գիտական թեզ եւ ստացել դոցենտի կոչում: 1952-54, այնուհետեւ 1956-64թթ. աշխատել է ինստիտուտի տնօրենի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով տեղակալ, ապա` գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր:

1961թ. պաշտպանել է դոկտորական գիտական թեզ, իսկ 1963թ. ստացել պրոֆեսորի կոչում: 1964-87թթ. եղել է Հայկական անասնաբուծության եւ անասնաբուժության (1980 թվականից` Հայկ. անասնաբուծության եւ կերարտադրության) գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: 1987 թվականից մինչեւ իր վախճանը (1997թ.) աշխատում էր Հայկ. գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբիոնում:

Վաղինակ Ոսկանյանի ավելի քան կեսդարյա գիտական գործունեությունն ընդգրկում է հանրապետությունում անասնաբուծության զարգացման տեսական եւ գործնական նշանակություն ունեցող մի շարք կարեւոր հիմնահարցեր: Դրանց թվին են պատկանում Հայաստանի տեղական եւ խառնացեղ տավարի համակազմվածքի, նրա կենսաբանական եւ մթերատու հատկությունների, մսացու մատղաշի ինտենսիվ աճեցման եւ բտման, կովկասյան գորշ ցեղի կովերի եւ մսատու ցեղերի արտադրող ցուլերի արդյունաբերական տրամախաչման, տավարի սեւաբղետ ցեղի` հանրապետության պայմաններում բուծման արդյունավետության եւ այլ հարցերի ուսումնասիրությունները, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց տեսական եւ գործնական արդիականությունը Հայաստանի տավարաբուծության վերականգնման եւ հետագա զարգացման համար: Գիտնականի գրչին են պատկանում 250-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում` մի շարք մենագրություններ, 20-ից ավելի գրքույկ եւ հանձնարարական: Նա հեղինակ է ավելի քան 50 լրագրային հոդվածի, համահեղինակ` 2 գյուտի:

Վաղինակ Ոսկանյանի առաջին գիտական աշխատանքները նվիրված էին հայրենի Կապանի շրջանի տեղական եւ խառնացեղ տավարի կենսաբանական եւ մթերատու հատկությունների ուսումնասիրությանը, որն ամփոփվել է նրա թեկնածուական թեզում: Առավել կարեւոր գիտական աշխատություններից են նրա դոկտորական դիսերտացիան եւ նույն թեմայով գրված «Հայաստանի խառնացեղ տավարի կոնստիտուցիան եւ մթերատվությունը» մենագրությունը, գիտարտադրական բազմասերիանոց փորձերից ստացված նյութերով գրված «Մսացու մատղաշի ինտենսիվ աճեցումը եւ բտումը» աշխատությունը եւ հատկապես «Հայաստանի տավարաբուծությունը» ծավալուն մենագրությունը (1987թ.), ուր հեղինակն ընդհանրացրել եւ ամփոփել է վերջին 40 տարում հանրապետությունում տավարաբուծության մեջ կատարված քանակական եւ որակական տեղաշարժերը, սեփական ուսումնասիրությունների եւ բազմաթիվ այլ հեղինակների աշխատությունների վերլուծության հիման վրա լուսաբանել սելեկցիոն-տոհմային աշխատանքների, կաթի եւ տավարամսի արտադրության, կերակրման, կերարտադրության եւ բազմաթիվ այլ հարցեր: Նրա ղեկավարությամբ եւ մասնակցությամբ մշակվել են բազմաթիվ առաջարկություններ եւ հանձնարարականներ, որոնք լայն ճանաչում են գտել ու արմատավորվել արտադրության մեջ:

Պրոֆ. Վաղինակ Ոսկանյանը մշտապես կապ է ունեցել եւ պարբերաբար հաճախել է հանրապետության շրջաններ (մարզեր): Երկար տարիներ գիտամեթոդական եւ մասնագիտական օգնություն է ցույց տվել Աբովյանի (այժմ Կոտայքի) շրջանի Կոտայք գյուղի, Շահումյանի շրջանի Շահումյանի անվան, Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի տնտեսություններին: Նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Հրազդանի, Ապարանի, Տաշիրի, Կապանի, Թումանյանի եւ այլ շրջաններում կազմակերպվել են անասնաբուծական գիտելիքների տարածման երկամյա ժողովրդական համալսարաններ, որոնք նպաստել են անասնաբուծության տարբեր ճյուղերում աշխատող մասնագետների որակավորման բարձրացմանը:

Վաղինակ Ոսկանյանը ծավալել է նաեւ հասարակական եւ գիտակազմակերպչական լայն գործունեություն: Եղել է Երեւանի քաղաքային խորհրդի ութ գումարումների պատգամավոր, Հայկական հանրագիտարանի 2-4 հատորների խմբագրական կոլեգիայի եւ բոլոր հատորների խմբագրական խորհրդի անդամ, գյուղատնտեսական մասնաճյուղային խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ նախարարների խորհրդի գիտության եւ տեխնիկայի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, գենետիկների եւ սելեկցիոներների հայկական ընկերության խորհրդի անդամ, շուրջ 30 տարի ղեկավարել է գյուղնախարարության անասնաբուծության սեկցիան: Նա նաեւ «Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր» եւ «Հայաստանի գյուղատնտեսություն» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ էր, ինչպես եւ համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Անդրկովկասյան բաժանմունքի բյուրոյի անդամ, մի շարք գիտական եւ գիտական աստիճան շնորհող խորհուրդների անդամ:

Տասնյակ տարիների ընթացքում գիտնականը ներկայացրել է Հայաստանի անասնաբուծական գիտությունը Մոսկվայում, Լենինգրադում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մյուս երկրների բազմաթիվ քաղաքներում, ինչպես եւ իր գիտական այցելությունների ժամանակ` Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Շոտլադիայում եւ այլուր: 1974 եւ 1978թթ. գիտական խորհրդատու է եղել Կուբայում: Նրան ճանաչում եւ բարձր էին գնահատում ռուս եւ այլազգի գիտնական գործընկերները:

Աններելի է չհիշատակել նրան նաեւ իբրեւ բուհական դասախոս: Ոսկանյանի դասախոսություններն առինքնում էին ուսանողներին մասնագիտական նյութի մատուցման խորությամբ ու հագեցվածությամբ, միաժամանակ` հարուստ ու գեղեցիկ լեզվամշակույթով:

Վաղինակ Ոսկանյանի մարտական, գիտա-մանկավարժական, գիտակազմակերպչական եւ արտադրական ծառայությունները նշված են բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով եւ այլ պարգեւներով: Նա պարգեւատրված է Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով, 10 մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու դիպլոմներով:

Կյանքի վերջին տարիներին հրապարակած հոդվածներում գիտնականը մեծ տագնապով է գրում հանրապետությունում անասնաբուծության մեջ ստեղծված աղետալի վիճակի մասին եւ անում կոնկրետ առաջարկություններ դրանից դուրս գալու համար: «Փրկենք Հայաստանի անասնաբուծությունը կործանումից» («Հայաստանի Հանրապետություն», 26 հունվարի 1991թ.), «Նորացման ճանապարհով» («Հայաստան», 12 փետրվարի 1992թ. ) եւ այլ հոդվածներում առաջարկում է որոշակի ուղիներ` ճյուղը կործանումից փրկելու համար, դատապարտում «չմտածված եւ հապճեպ սեփականաշնորհման հետեւանքով անասունների արժեքավոր նախիրների ոչնչացման, նյութատեխնիկական բազան փլատակների վերածման» համար:

Թերթելով մեր մեծ հայրենակցի` Վաղինակ Ոսկանյանի բազմաբովանդակ ու հայրենանվեր կյանքի էջերը, կարող ենք ասել, որ այդպես կարող էր ապրել ու գործել անշահախնդիր եւ ազնիվ քաղաքացին, գիտության մեծ կազմակերպիչը, ով իր կյանքի 60 տարին նվիրեց անասնաբուծական գիտության զարգացմանը:

Հոդվածը գրված է ըստ Երեւանի անասնաբուծական-
անասնաբուժական ինստիտուտի թողարկած
«Պրոֆեսոր Վաղինակ Ոսկանյան» գրքույկի

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04