Գիտության և մշակույթի երկօրյա տոն Սյունիքում. «Կյորես»-ի մեկնարկը

25.08.2025 17:34
684

Օգոստոսի 15-16-ին Գորիս համայնքում անցկացվեց «Կյորես․ գիտամշակութային օրեր-2025» երկօրյա գիտամշակութային ծրագիրը։ Միջոցառման նպատակն էր Սյունիքում համախմբել գիտական և մշակութային հետազոտություններ իրականացնող մասնագետներին, նոր լույս սփռել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վրա և համայնքում աշխուժացնել գիտական-մշակութային կյանքը։

Բացման հանդիպումը կայացավ Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանն իր զեկուցման մեջ ներկայացրեց փաստագրական նոր նյութեր Բակունցի կենսագրության շուրջ։ Նա անդրադարձավ գրողի մտերմությանը ծագումով  խոտորջուրցի Գևորգյան եղբայրների՝ Արտաշեսի, Թորգոմի և Սերոբի հետ ու Խոտորջուրի կոմունայի հիմնադրման գաղափարական փորձին՝ ցույց տալով, թե ինչպես էր այդ միջավայրը ձևավորում Բակունցի աշխարհայացքը և անձնական, հասարակական կապերը։ Ներկայացված վավերագրերը գիտական շրջանառության մեջ դրվեցին առաջին անգամ։

Վերիշենում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում գործող մշակույթի կենտրոնում, վիմագրագետ Սաթենիկ Խուրշուդյանը խոսեց եկեղեցու հնագիտական և վիմագրական պեղումների նորահայտ արդյունքների մասին՝ ընդգծելով տապանաքարերի և հնագույն արձանագրությունների կարևորությունը: Ապա ճանաչողական ու բացատրական շրջայց կատարվեց եկեղեցու տարածքում:

Հարթաշենի կիսավեր և այժմ չգործող մշակույթի տանն ազգագրագետ Արգամ Երանոսյանը և ժամանակակից վավերագրող-լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը ներկայացրին զեկուցում, որի առանցքում լուսանկարների յուրատեսակ համադրությունն էր։ Ցուցադրվեցին 20-րդ դարասկզբի վավերագրող լուսանկարիչ Գուրոսի հանրահայտ գործերը, որոնք վերլուծվեցին դրանք ուսումնասիրած մասնագետի՝ Երանոսյանի մեկնաբանությամբ և համադրվեցին Խալափյանի ստեղծած ժամանակակից արտապատկերների հետ։ Այսպիսով՝ հին ու նոր Սյունիքը դիտվեց տարբեր լուսանկարիչների աչքերով՝ մարդկանց, բնության և կենցաղի պատկերումը դնելով պատմական ու արդի համատեքստի մեջ։

Օգոստոսի 16-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հայագետ Համլետ Մարտիրոսյանը հանդես եկավ «Անհաղթ ու հավերժական Սյունիք. մարդիկ և աստվածները» զեկուցումով։ Նա անդրադարձավ Սյունիքի դարավոր դիմադրողականությանը, ժողովրդի կերպարին և այդ ամենի դիցաբանական ու պատմական խարիսխներին։

Նույն օրը «Անգղ» մարզակրթական ՀԿ-ի համահիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կնյազյանը և «Անվտանգ Գորիս» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Արտակ Խոջաբաղյանը ներկայացրին զեկուցում՝ «Անօդաչու թռչող սարքեր. գիտելիքահեն կրթություն և կիրառություններ» թեմայով։ Նրանք խոսեցին տեխնոլոգիական նորությունների դերի մասին՝ Սյունիքի կրթական ու համայնքային կյանքում՝ ընդգծելով անօդաչու սարքերի կիրառական և ռազմավարական կարևորությունը։

Երկօրյա ծրագիրը եզրափակվեց Կոռնիձորում՝ «Վարը վարենկ» կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած ազգային պարերի բաց դասով, որը միավորեց մասնակիցներին հայկական ավանդական մշակույթի շուրջ։

Միջոցառման նախաձեռնողներն էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներ Արա Զարգարյանը, Արամ Խաչատրյանը, Սիրանուշ Փարսադանյանը և Քրիստինե Մելքումյանը։ Նրանք ընդգծեցին, որ ծրագիրը կդառնա ամենամյա և տեղի կունենա յուրաքանչյուր օգոստոսին՝ Գորիսում և շրջակա գյուղերում։

«Կյորես․ գիտամշակութային օրեր»-ի առաջին հանդիպումները ծառայեցին հիմնական նպատակին․ մի կողմից՝ գիտական նոր բացահայտումների ու մշակութային մեկնաբանությունների ներկայացում, մյուս կողմից՝ համայնքի ներգրավում ու Սյունիքը որպես գիտության և մշակույթի կենսունակ կենտրոն տեսնելու հնարավորություն։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40