Գորիսը Հայոց ազգային բանակ ճանապարհեց իր 25 զավակին. տարվա առաջին զորակոչը՝ համաժողովրդական տոնախմբությամբ եւ մատաղի արարողությամբ

14.02.2021 15:41
2501

Փետրվարի 14-ի օրը, անտարակույս, երկար ժամանակ կմնա գորիսեցիների հիշողության մեջ. հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Վերիշենի Սուրբ Հռիփսիմե (Սուրբ Գրիգորիս) եկեղեցու բակում, հավաքվել էին Հայոց ազգային բանակ ճանապարհելու Գորիսի տարածաշրջանից 25 երիտասարդի: Եվ քանի որ Արցախյան երրորդ պատերազմից հետո առաջին զորակոչն էր, ուստի եւ արարողությունն էլ յուրահատուկ ընթացակարգ ունեցավ…

Տոնախմբութունը սկսվեց Հայոց ազգային բանակի օրհներգի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազի իմ երկիր հայրենի»-ի հնչյունների ներքո:

Հանդիսավարը՝ Գորիսի մշակույթի կենտրոնի մեթոդիստ Նարինե Մինասյանը, արդարացիորեն ընդգծեց ներկա զորակոչի առանձնահատկությունն ու կարեւորությունը, երախտագիտության խոսքեր ասաց Հայոց նահատակների մասին, որոնց հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ:

Տոնախմբության մասնակիցներին եւ, իհարկե, նորակոչիկ մեր զավակներին ողջերթի խոսք ուղղեցին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը, Գորիսում տեղակայված զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պատվոգրեր հանձեց Արցախյան երրորդ պատերազմի մի խումբ մասնակիցների, ովքեր նոր-նոր են զորացրվել Հայոց ազգային բանակից:

Տոնախմբությունն ուղեկցվում էր Գորիսի մշակույթի կենտրոնի «Սյունիք» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Մելքումյան) եւ «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաների, ինչպես եւ Գորիսի մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի մենակատար Վաչե Մանվելյանի  հրաշալի կատարումներով:

Տոնախմբության մասնակիցներին եւ նորակոչիկներին ուղղվեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը ժամանակին Սպարապետն հղել էր թուրք զավթիչների դեմ մարտի մեկնող սյունեցի քաջերին:

Գորիսյան համաժողովրդական տոնակատարության ուշագրավ բաղադրիչն էր մատաղի արարողությունը, որն իրականացվեց քրիստոնեական կարգին համահունչ:

…Գրիգոր Տաթեւացին նշում է. «Մատաղը՝ նախ զոհաբերություն եւ նվեր է Աստծուն, ինչպես մատուցում էին Աբելը, Նոյը եւ Աբրահամը:

Երկրորդ՝ փրկության հույս է եւ մեղքերի թողություն:

Երրորդ՝ աղքատասիրություն է եւ ողորմություն:

Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակի համար է:

Նաեւ՝ մատաղը ստվեր եւ օրինակ է ճշմարիտ պատարագի…» (Գիրք հարցմանց, էջ 807):

Ահա այս խորհուրդները նկատի  ունենալով՝ 2021թ. առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ, որը սկսվեց աղի օրհնությամբ (այն կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ  Տեր Մակար վարդապետ Հակոբյանը):

Աղի օրհնությունը եւ դրան հաջորդած պատարագը կատարվեց, ինչպես նշեցինք, Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որ նաեւ Սուրբ Գրիգորիս է կոչվում:

Քրիստոնեական այդ ուխտատեղին գոյություն է ունեցել 4-5-րդ դարերից. կա հիմնավոր կարծիք, որ այն կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում: Եվ բուն եկեղեցին իր տեսակի մեջ, իբրեւ միանավ կառույց, ամենամեծն է Հայաստանում:

Գորիսի տարածաշրջանի 25 երիտասարդին Հայոց բանակ ճանապարհելու արարողությունը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու սրբազան տոներից մեկին՝ Տեառնընդառաջին, որ նշվում է փետրվարի 14-ին:

Այդ օրն ավանդաբար տոնում ենք Տիրոջ քառասնօրյա գալուստը Տաճար (ըստ ծննդյան տոնի, որ հունվարի 6-ն է):

Սուրբ Գրիգոր Տաթեւացին պատմում է, որ «Տեառնընդառաջի տոնի համար Հուստինիանոս կայսրը երեք անգամ Երուսաղեմ առաքեց մեծաքանակ զորք…Այն օրը…սքանչելի հրաշքներ եղան. առաջին տարին ջուր բխեց մատուռի սյան մոտ, երկրորդ տարում Աստվածածնի պատկերը երեւաց սյան վրա՝ քառասնօրյա մանուկը գրկում, երկուսի ձեռքում էլ բոցագույն խաչ…» (Գիրք հարցմանց, էջ 609):

2021թվականի փետրվարի 14-ին, կարծեք, սքանչելի հրաշք տեղի ունեցավ նաեւ Գորիսում. մեկնարկեց ծնկաչոք եղած Հայաստանի զինված ուժերը վերստին համալրելու ու երիցս զորացնելու սրբազան գործընթացը…

Համաժողովրդական տոնախմբությունն ավարտվեց պատարագով՝ նվիրված Տեառնընդառաջին եւ նորակոչիկների օրհնությանը: Պատարագիչը՝ Գորիս քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ, արժանապատիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը, պատարագի ընթացքում կատարեց կրոնական բնագրերի ընթերցումներ, աղոթքներ, որոնք ուղեկցվոմ էին երգեցողությամբ, երաժշտությամբ, խնկարկումներով եւ ծիսական այլ արարողություններով:

Տեր Ահարոն քահան Մելքումյանն իր աղոթքներով  Բարձրյալից խաղաղություն էր հայցում Արցախյան երրորդ պատերազմում նահատակված մեր զավակների հոգիների հանգստության համար, նաեւ Տիրոջից խնդրում էր հայ ժողովրդի կորսված արժանապատվության վերականգնում, հայոց բանակի վերածնունդ, հայ գերիների վերադարձ, անհետ կորած հայ զինվորների ճակատագրերի որոշակիացում, հայոց բանակ մեկնող մեր որդիների բարեհաջող ծառայություն…

Միանանք այդ աղոթքներին եւ մեր՝ Հայոց ազգային բանակ զորակոչվող զավակներին մաղթենք խաղաղ պայմաններում ծառայություն…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37