«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար

06.09.2026 18:03
941

Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։

«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասաց Սուրեն Ամարյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։ «Այլ բնակավայրերում այդքան երկար սահման չկա։ Չորս տարուց ավելի է՝ մեզ մոտ սահմանապահ զորքերն են կանգնած, մեզ համար խաղաղություն է, կրակոցներ չկան՝ ոչ Ադրբեջանի, ոչ մեր կողմից։ Մարդիկ աշխատում իրենց համար ապրում են»,- հավելեց նա։

«Առավոտ»-ի հարցին, թե արդյոք դա խաղաղությո՞ւն է, եթե թշնամին փորձում է առաջխաղացում ունենալ, Սուրեն Ամարյանը պատասխանեց․ «Դե հիմա իրենք ձգտում են առաջանալ, մենք էլ ենք ձգտում։ Բայց փաստորեն առանց կրակոցների է դա տեղի ունենում, միայն լեզվակռիվ է։ Ես հավատում եմ խաղաղությանը, որովհետեւ վարչապետի ասածը ճիշտ է, որ օգոստոսի 8-ից այս կողմ Հայաստանի համարյա բոլոր սահմաններում էլ խաղաղություն է։ Իսկ օկուպացված տարածքների հարցը Կոռնիձորի վարչական ղեկավարի պրոբլեմը չէ, պետության, կառավարության պրոբլեմն է»։ «Մենք չենք վախենում, թշնամին միշտ մեր կողքին է եղել, 30 տարի առաջ էլ այդ թշնամին մեր գերեզմաններից 200 մետր հեռավորության վրա է եղել»,- հավելեց Սուրեն Ամարյանը։

Անվտանգային հարցերը փոխել են կոռնիձորցիների կյանքը, գյուղում գոյատեւելու տարբերակներ են փնտրում, ասում է Սուրեն Ամարյանը։ «Նկատի ունենալով, որ ադրբեջանցին եկել, մեր սահմանին նստել է, մենք մտածում ենք ոչ թե վարելահողերը շատացնել կամ ցորեն ցանել, այլ այնպիսի տնտեսություն վարել, որը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ։ Մարդիկ ոչ թե արոտավայրում պետք է անասուններ պահեն, այլ խելացի անասնագոմերում՝ տոհմային ու ցեղական անասուններ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,- ասաց նա։

Թեեւ համայնքային պաշտոնյան հավաստիացնում էր, թե Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Կոռնիձորից արտագաղթ չի եղել, բայց գյուղացիները «Առավոտ»-ի հետ զրույցում այլ բան փաստեցին։ «Կոռնիձորից արտագաղթ չի եղել, Կոռնիձորը միշտ եղել է այստեղ եւ լինելու է, մենք այստեղ ենք ծնվել, այստեղ էլ ապրելու ենք։ Ոչ մի կոռնիձորցի գյուղից չի գնացել, ընդհակառակը, Արցախից բռնագաղթած ընտանիքներ են ապրում գյուղում․ Կոռնիձորում 27 արցախցի ընտանիք կա։ Հինգ-վեց ընտանիք արդեն իրենց հավաստագրերով բնակարան են գնել»,- ասաց Սուրեն Ամարյանը։

Կոռնիձորում գրանցված է 1239 բնակիչ, այսօր ապրում են մոտ 1000 մարդ։ Գյուղի դպրոցում սովորում է 123 աշակերտ, մոտ 30 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ։ Այս թվերը ներկայացրեց վարչական ղեկավարը։ Կոռնիձորի բնակչուհի Նատաշա Դանիելյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդները կամաց-կամաց դուրս են գալիս գյուղից, քանի որ աշխատատեղ չկա։ Հիմնականում գնում են Կապան, Գորիս ու Երեւան։ Մեծահասակները մտածում են, որ Կոռնիձորում ծնվել են, Կոռնիձորում էլ կմահանա, բայց երիտասարդներն արտագաղթում են։ «Երբ Արցախը կար, ռիսկով անասուններ էինք պահում, բայց անձամբ մենք մեր կովերը ծախել ենք, որովհետեւ վախենում ենք դաշտ տանելուց, թուրքերը սարերի վրա են։ Մեր գյուղում չէ, բայց հարակից գյուղերում դեպքեր են եղել, որ թուրքերն անասուններին տարել են։ Մարդիկ էլ արդեն վախենում են անասուն պահել։ Գյուղում շատ քիչ ընտանիքներ են հիմա անասուն պահում, օրինակ, մեր փողոցում երեւի մի 4 ընտանիք է, որ անասուն է պահում, այն էլ քիչ քանակով։ Գյուղում հսկա դպրոց են սարքում, բայց աշակերտ չկա, դրա փոխարեն թող մի գործարան սարքեին, ջահելներն աշխատեին, դուրս չէին գա գյուղից»,- ասաց նա։

Նատաշա Դանիելյանի խոսքով՝ եթե աշխատատեղ լինի, գյուղի երիտասարդները հիմնականում կմնան գյուղում, թեեւ անվտանգային հարցերը եւս ազդում են արտագաղթի տեմպերի վրա։ «Մենք քնում ենք վախենալով։ Ասում են՝ խաղաղություն է, բայց դա նշանակություն չունի, թուրքը քո կողքին է, ո՞նց կարաս հանգիստ քնես։ Գյուղում պարեկներ չեն շրջում, որ գոնե զգանք, որ հսկում են մեզ»,- նշեց նա։

Տեղ համայնքի հողերը օկուպացված են թշնամու կողմից։ Հարցին, թե ի՞նչ լուծում են տեսնում Տեղ գյուղի դեպքում, Սուրեն Ամարյանը պատասխանեց․ «Տեղ համայնքում պետք է լինի սահմանազատում, որ ժամանակ կճշտվի՝ իրենք են մեր սահմանն անցել, թե մենք։ Առայժմ տեղեկություններ չկան, թե երբ կլինի սահմանազատում»։

Տեղ համայնքում իրենց հողերը կորցրած գյուղացիները, Սուրեն Ամարյանի խոսքով, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Համայնքում կան վարձակալական հողեր, վարձակալությամբ տրամադրում են գյուղացիներին, որպեսզի նրանք մշակեն, մինչեւ, Ամարյանի խոսքով, սահմանազատում կլինի։

aravot.am
 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12