Հանդիսավոր ցերեկույթ՝ նվիրված Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակին

12.10.2024 14:41
547

Սյունյաց աշխարհի գեղեցկուհի Գորիսը հոկտեմբերի 11-ին տոնական տրամադրության  մեջ էր. նշվում էր երկրամասի հնագույն եւ վաստակաբեռ մասնագիտական ուսումնական  հաստատության 100-ամյակը, որը, հիրավի, տոն էր ամբողջ Սյունիքի համար:

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հավաքվել էին կրթօջախի ուսանողներ, դասախոսներ, նախորդ տարիների շրջանավարտներ, քոլեջի գործընկեր եւ գործատու կազմակերպությունների, մտավորականության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, հյուրեր մայրաքաղաք Երեւանից, մարզի շրջաններից, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Արարարտ Լալաբեկյանի գլխավորությամբ:

Հանդիսավոր ցերեկույթը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո:

Օրհնության խոսքով հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Այնուհետեւ ելույթներ ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, տարածաշրջանում ճանաչված մտավորական եւ հասարակական գործիչ Գագիկ Հայրումյանը, Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Դիաննա Առաքելյանը:

Ելույթ ունեցողները հարգանքի տուրք մատուցեցին այն մանկավարժներին, ովքեր իրենց նվիրական աշխատանքով կերտել են քոլեջի մեկդարյա՝ հիրավի սխրական ուղին:

Նշվեց այն մեծ դերը, որ կատարել է կրթօջախը Սյունիքի ու Վայոց ձորի շրջանների, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կադրերի պատրաստման գործում:

Գորիսի մանկավարժական ուսումնարանի հարյուրավոր շրջանավարտներ կրթությունը շարունակել են մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ շատերը դարձել  նշանավոր դեմքեր մեր ազգային կյանքում՝ հայ արձակում, կերպարվեստում, կառավարման համակարգում, գիտության ոլորտում, ոմանք էլ բարձրացել են Գիտությունների ակադեմիայի անդամի պատվավոր պատվանդան:

Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց հոբելյանի առիթով պատրաստված վավերագրական ֆիլմը՝ 20 րոպե տեւողությամբ, որը հիմնականում արտացոլում էր կրթօջախի ներկայիս գործունեությունը (ֆիլմը պատրաստվել է Geographic.tv «Գործարար Հայաստան» հաղորդաշարի կողմից):

Տոնական միջոցառումը համեմվեց երաժշտական գեղեցիկ ելույթներով. Արկադիա Մարդյանը կատարեց Հովիկ Գեւորգյանի «Ալպիական մանուշակը» նորաստեղծ երգը, «Մեծ Հայք» պարային համույթը հանդես եկավ Սայաթ-Նովայի «Նազանի» ստեղծագործության մեղեդու ներքո պարային համարի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Համլետ Իսախանյան), իսկ քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Վանուհի Խաչատրյանը կատարեց Հայոց մեծ գուսան Աշոտի «Լուսնի շողը» երգը:

Օրը նաեւ գնահատանքի խորհուրդ ուներ, գնահատանք քոլեջի ներկայիս գործունեությանը, ներկայիս ղեկավարությանն ու դասախոսական անձնակազմին, մյուս աշխատակիցներին: Նշվեց, որ վերջին տարիներին մեր հասարակությունը, այդ թվում կրթական հաստատություններն անցել են հայտնի փորձությունների միջով: Եվ, այդուհանդերձ, քոլեջը կարողացել է պահպանել սեփական դիմագիծը, կարողացել է մնալ պահանջված: Պատահական չէ, որ ամեն տարի հանրակրթական դպրոցի 150 շրջանավարտ (միջին հաշվով) նախընտրում է սովորել Գորիսի պետական քոլեջում:

Գնահատանքի որոշակի դրսեւորում էր փաստը, որ քոլեջի բազմաթիվ դասախոսների, նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռամբ, հանձնվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրեր եւ շնորհակալագրեր:

Դասախոսներն արժանացան նաեւ Գորիսի համայնքապետարանի պատվոգրի:

Քոլեջի 100-ամյակի հանդիսավոր նշումը, սակայն, անցած փառավոր ուղին ոգեկոչելու եւ դրանով հպարտանալու միջոցառում չէր սոսկ: Տոնական արարողությունը նաեւ կրթօջախի ներկա ընթացքը ներկայացնելու եւ ապագային միտված գործունեությունն ավելի հաստատուն ու հստակ դարձնելու, տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին առավել համահունչ դարձնելու ստույգ նպատակ ուներ: Դա արտահայտվեց մասնավորապես ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթում: Նախարարը ներկայացրեց միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ հատկապես կատարվող բարեփոխումները, որոնց արդյունավորությունն արդեն իսկ նկատելի է:

Օրվա խորհուրդն այդ տեսանկյունից իմաստավորեց ու անցնելիք ճանապարհը կարեւորեց նաեւ քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը՝ նշելով. «Անցյալի գործերով հպարտանալով, անցյալից մեզ փոխանցված ժառանգության հանդեպ պատշաճ պատասխանատվություն կրելով, այդուհանդերձ, կենտրոնացած ենք մեր ներկա ընթացքի ու խնդիրների վրա: Նշանավոր այս օրը վերաձայնում եմ շատերիս երազանքն ու համոզվածությունը՝ Գորիսի պետական քոլեջը դեռ տասնամյակների անցնելիք ճանապարհ ունի, քանզի նրա լուսառատ գործունեության կարիքը Սյունյաց աշխարհում եւ առաջին հերթին Գորիսի տարածաշրջանում զգացվում է այսօր, զգացվելու է նաեւ վաղը»:

Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը հրաշալիորեն վարեցին Արկադիա Մարդյանը եւ Նելլի Արզումանյանը: Նրանք ոչ միայն առաջնորդում-ուղղորդում էին արարողության ընթացքը, այլ դրվագ առ դրվագ ներկայացնում կրթօջախի 100-ամյա տարեգրության առավել ուշագրավ էջերը, ներկայիս ընթացքի ուշարժան իրողությունները:

Հանդիսավոր ցերեկույթն իրենց մասնակցությամբ պատվեցին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ Աժ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետարանի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ճանաչված գործարարներ Սենիկ Ջուլհակյանն ու Ժորա Ալեքսանյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Լեւոն Սահակյանը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Վրեժ Բադալյանը, Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հրանուշ Բաղդասարյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանը, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անուշ Հակոբյանը, Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Տոռոզյանը, Գորիսի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, ՆՈՒՀ-երի եւ Գորիս քաղաքի  մշակութային հաստատությունների տնօրեններ:

Հոբելյանի շեմին ծնվել է Գորիսի պետական քոլեջի օրհներգը: Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի խոսքով եւ կոմպոզիտոր Անուշ Ալեքսանյանի երաժշտությամբ արարված օրհներգի առաջին կատարողը եղավ ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը:

Ահա եւ օրհներգի տեքստը, որը, իրավամբ քոլեջի անցած ուղին համապարփակ արժեւորելու եւ անցնելիք ճանապարհն ուղենշելու մի գեղեցիկ ստեղծագործություն է.

Վաղնջական հայ դպրության

Դու նորօրյա մեր մի ջա՛հն ես,

Դու Գորիսի ուսումնական

Ամենահին մի օջախն ես...

 

Դու աշխարհին շա՜տ աննման

Կերպարներ ես մատուցանել,

Քո սաները՝ նվիրական,

Մեծ դեմքեր են կյանքում դարձել...

 

Դու մարդկային ոգի թրծող

Մեր հայահո՜ւնչ դարբնոցն ես,

Սերունդներին կյանք ուղեկցող

Մաշտոցաշունչ մեր հնո՛ցն ես...

 

Թող ընթա՛ցքդ հավերժ լինի,

Դու՝ փառապանծ մեր սո՜ւրբ օրրան,

Ուսման կարոտ սերունդների

Դու՝ Նաիրյան մեր օրորան...

Տոնական օրը, բնականաբար, շնորհավորանքների պակաս չկար…

Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին՝ շնորհավոր տոնդ՝ Գորիս, շնորհավոր տոնդ՝ Սյունիք, շնորհավոր հոբելյանդ՝ Գորիսի պետական քոլեջ։

«Սյունյաց երկիր»

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31