Եթե հարևանը գիշերը՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն, բնակարանում, մուտքում կամ բակում խախտում է լռությունը, առաջին անգամ նրա նկատմամբ կիրառվում է նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 40 000 դրամ տուգանք։ Հրավառության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների օբյեկտների համար տուգանքներն ավելի խիստ են, իսկ 2026 թվականից օրենքում ավելացել են նոր տուգանքներ՝ մինչև 2 միլիոն դրամ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով, որը վերջին անգամ խմբագրվել է 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված և օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած օրենքով։
Ի՞նչ է համարվում լռության խախտում
Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով գիշերային ժամանակ լռության խախտում է համարվում՝
Այս գործողությունները պատասխանատվություն են առաջացնում, եթե կատարվում են բնակարաններում, մուտքերում, բնակելի տարածություններում, բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս։
Նախազգուշացում, թե՞ տուգանք
1-ին մասով նշված խախտման համար առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում։
Իսկ եթե նույն արարքը կրկին կատարվում է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, 3-րդ մասով նշանակվում է 40 000 դրամ տուգանք։
Որքա՞ն է տուգանքը հրավառության համար
Օրենսգրքով սհամանված կարգով գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է 100 000 դրամ տուգանք (2-րդ մաս), իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելը՝ 200 000 դրամ (4-րդ մաս)։
Ի՞նչ է սպառնում ռեստորաններին և սրճարաններին
Առևտրի և ծառայությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների համար լռության ժամերը սահմանում է համայնքի ավագանին՝ ըստ օբյեկտի գտնվելու վայրի. 22:00-ից, 23:00-ից կամ 24:00-ից մինչև 7:00-ն։
Երևանում այդ ժամերը սահմանված են 23:00-ից մինչև 7:00-ն՝ Երևանի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 16-ի N 175-Ն որոշմամբ։
Այդ ժամերին լռությունը չապահովելու համար սահմանված է 200 000 դրամից 300 000 դրամ տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելը՝ 1 միլիոն դրամ։
Ի՞նչ է ավելացել 2026 թվականից
Հուլիսի 3-ին ընդունված օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 7-րդ և 8-րդ մասերով։ Աղմուկի համար օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերից բացի, համայնքի ավագանին կարող է սահմանել լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման պայմաններ և կանոններ։ Դրանք խախտելը՝
Ո՞վ է քննում գործը
Գիշերային լռության խախտման և հրավառության դեպքերը (1-4-րդ մասեր) քննում է ոստիկանությունը, իսկ առևտրի և ծառայությունների օբյեկտների և ավագանու սահմանած աղմուկի չափերի խախտման դեպքերը (5-8-րդ մասեր)՝ տեղական ինքնակառավարման մարմինները։
Ամփոփում
Ամփոփելով՝ ժամը 23:00-ից 7:00-ն լռությունը խախտելու համար առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 40 000 դրամ տուգանք, գիշերային հրավառության համար՝ 100 000 կամ 200 000 դրամ, Երևանում ժամը 23:00-ից հետո լռությունը չապահովող ռեստորանների և այլ օբյեկտների համար՝ 200 000-ից մինչև 1 միլիոն դրամ, իսկ ավագանու սահմանած աղմուկի չափերը խախտելու համար՝ մինչև 2 միլիոն դրամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։