Հարցազրույց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ

10.07.2017 11:24
1691

Կենսագրություն

Սենոր Ռաֆայելի Հասրաթյան. ծնվել է 1963թ.  հուլիսի 16-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում: 1988-ին ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Նույն թվականին աշխատանքի է անցել ԼՂ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: Լրագրողական աշխատանքին զուգահեռ, 1989-ից մինչեւ 1991 թվականը դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: 1993թ. սեպտեմբերի 1-ից ծառայության է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում նախ` որպես ՊԲ զինանձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի լրատվական բաժանմունքի, իսկ 1994-1995թթ..` ՊԲ լրատվական ծառայության պետ: Այդ ընթացքում հիմնադրել է ՊԲ «Գոյամարտ» զինվորական հեռուստածրագիրը: 1995-ից մինչեւ 1999 թվականը զբաղեցրել է ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչության պետի տեղակալի պաշտոնը` միաժամանակ կատարելով ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի Արցախի թղթակցական կետի պետի պարտականությունները: 2001թ. հունվարին նշանակվել է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ:

Հեղինակ է «Ներշնչանքի ավազան» բանաստեղծությունների ժողովածուի (1991թ.), «Գոյամարտ» (հայերեն, ռուսերեն, 1998թ.), «Ղարաբաղյան պատերազմ» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2001թ.), «Մարտանցում» (2001թ.), «Գեներալ Իվանյան» (հայերեն, ռուսերեն, 2004թ.), «Գաղափարի զինվորը» (հայերեն, անգլերեն, 2006թ.), «Մենք` հայերս…» (2007թ.), «ՊԲ պաշտպանական շրջանները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում» (2008թ.), «ՊԲ զորատեսակները, ծառայությունները եւ առանձին ստորաբաժանումները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում» (2010թ.), «Ոսկե արծիվ շքանշանի ասպետները» (2011թ.), «ԼՂՀ պաշտպանության բանակ» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2012թ.), «Հաղթող բանակի զորահանդեսը» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2013թ.), «Վարանդայի հովտի պաշտպանները»  (2014թ.), «Հայացք դրսից. օտարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2016թ.)  մենագրությունների, ռազմական թեմաներով տասնյակ հոդվածների ու տեսաֆիլմերի:

Պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» (2002թ.), «Մայրական երախտագիտություն» (2003թ.), ԼՂՀ «Արիության համար» (2004թ.), «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի (2004թ.), «Գարեգին Նժդեհ» (2004թ.), «Դրաստամատ Կանայան» (2006թ.), «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի (2007թ.), ՀՀ «Մարտական ծառայություն» (2008թ.), «Զինվոր Հայրենյաց» (2011թ.), «ՀՀ ԶԻնված ուժերի 20 տարի» (2011թ.), «Հայրենյաց պաշտպան» (2011թ.), «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի (2012թ.), «Երախտագիտություն» (2013թ.), «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի պետական ու գերատեսչական մեդալներով:
    
- Պարոն Հասրաթյան, հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ եւ գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ կավելացնեիք այս առիթով:

- Տպավորություն կա, որ Ադրբեջանի ռազմատեղեկատվական ու քարոզչական համակարգը գործում է իր համար հատուկ ստեղծված մի վիրտուալ տարածքում, որտեղ հորինված յուրաքանչյուր «տեղեկություն» նախատեսված է ոչ այնքան ներկայացնելու իրականությունը, որքան ապակողմնորոշելու սեփական եւ միջազգային հանրությանը: Պետք է ասեմ, որ հունիսի 21-ի հետ կապված հաղորդագրությունը եւս այդ վիրտուալ տարածքից է եւ  ուներ, նախ՝ ներքին լսարանի պարզունակ հետաքրքրությունը բավարարելու նպատակ: Ասել է թե՝ սեփական ժողովրդին ցույց տալ, որ տարիներ շարունակ ադրբեջանական բանակի հզորացմանը նպատակաուղղված միլիարդավոր նավթադոլարններն իրենց գործն անում են եւ նման հատկացումներն արդարացված են հենց այսպիսի «հերոսական» գործողություններով: Երկրորդ՝ միջազգային հանրությանը ցույց տալ Հայաստանի ագրեսոր լինելը, որ Հայաստանը ոչ միայն Արցախն է բռնազավթել, այլեւ հատուկ նշանակության ուժերով փորձում է ոտնձգություն կատարել անգամ հայ-ադրբեջանական սահմանին: Եվ երրորդ ու, թերեւս մեր համար ամենագլխավորը՝ նման ապատեղեկատվություններով հոգեբանական բացասական ներազդեցություն թողնել հայ հասարակության վրա: Մի հանգամանք, որը հաճախ նրանց մոտ ստացվում է եւ, որ շատ ցավալի է, ոչ առանց մեր որոշ լրատվամիջոցների չմտածված օժանդակության: Արտատպելով նման ապատեղեկատվությունները, հայրենական զանգվածային լրատվամիջոցները, կամա թե ակամա, ընդլայնում են Բաքվի ագիտպրոպի հասանելիության շրջանակները եւ այդ կերպ նպաստում նրա հորինվածքների տարածմանը: Իսկ նման ճանապարհով ապահովել սեփական հասարակության տեղեկացվածության իրավունքը, ինչպես ոմանք են իրենց այդօրինակ կատարածը հիմնավորում, եթե ոչ սխալ, ապա առնվազն անհեռանկար գործելաոճ է մեր պաշտպանության ճիշտ կազմակերպման տեսանկյունից:

- Կարծես թե ինֆորմացիոն պատերազմը նոր մակարդակի է հասել՝ ներառելով տեղեկատվական տեխնոլոգիաները:

- Արդի աշխարհաքաղաքական գործընթացների դինամիկայից պարզ երեւում է, որ 21-րդ դարի, եթե ոչ թիվ մեկ, ապա գոնե կարեւորագույն զենքերից մեկը տեղեկատվությունն է՝ իր բաղադրիչներով հանդերձ: Եթե ուշադիր հետեւեք երկրագնդի տարբեր հատվածներում տեղ գտնող զարգացումներին, դրանց բնույթին ու հաջորդականությանը, ապա կհամոզվեք, որ ամեն ինչ սկսվում է խոսքից, դրա օգտագործման ձեւից ու բովանդակությունից: Տեղեկատվության ճիշտ ու նպատակային կիրառումն, առավել քան կարեւոր է այն երկրների համար, որոնք գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Մեր տարածաշրջանն աշխարհի հենց այդ կետերից մեկն է, ինչն էլ ենթադրում է հաշվարկված գործողությունների համալիր տեղեկատվական պայքարի ոլորտում:

- Եթե օբյեկտիվ լինենք, տեղեկատվական պատերազմում ուժերի հարաբերակցությունն ո՞ւմ օգտին է:

- Հարաբերակցությունը միանշանակ հայկական կողմի օգտին է, եւ սա ոչ միայն այն պատճառով, որ մեր տեղեկատվական համակարգը լավ է աշխատում, այլ նաեւ պայմանավորված այն հանգամանքով, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, մենք առավել օբյեկտիվ եւ իրականությանը հնարավորինս համահունչ ենք ներկայացնում իրողությունները: Ասվածը չընդունեք որպես դեկլարատիվ հայտարարություն: Իրողությունն այն է, որ անցած 23 տարիների ընթացքում Ադրբեջանը չկարողացավ նավթադոլարներով, խավիարով համաշխարհային հանրությանը երբևէ համոզել իր ճշմարտացիության մեջ: Այսօր, անգամ նրան առերես պաշտպանողները ներքուստ համոզված եւ գիտակցում են, թե որ կողմում է արդարությունը: Եվ հենց դա է պատճառը, որ միջազգային համապատասխան կազմակերպությունները ձեռնպահ են մնում, քաղաքական նկատառումներից ելնելով, գնալ որեւէ կտրուկ քայլի: Այնպես որ, գրագետ տեղեկատվական քաղաքականության շնորհիվ է նաեւ, որ  միջազգային հանրությունը հստակ պատկերացնում է հիմնախնդրի էությունը եւ, ըստ այդմ, գործում բավականին զգույշ…

- Մեր տպավորությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անընդհատ հավասարության նշան են դնում հակամարտող երկու կողմի միջեւ. վերջերս մի բացառություն արվեց:

- Ես կասեի, որ նման գործելաոճը բխում է հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ զբաղված յուրաքանչյուր միջազգային կառույցի համար սահմանված կանոնակարգային պահանջներից: Ակնհայտ է, որ հակամարտող կողմերի միջեւ առկա հակադրությունները հարթելուն ուղղված անհասցե հայտարարություների մարտավարությունը դիվանագիտության  նախընտրելի մեթոդն է, որն էլ կիրառում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն տվյալ մեթոդի կիրառման ընթացքում հնարավոր է արվեն նաեւ այնպիսի հայտարարություններ, որոնք առաջին հայացքից կարծես թե չունեն հասցեական մեսիջներ, բայց ենթատեքստում կոնկրետ  հղումներ են պարունակում: Ի դեպ փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում դիվանագիտական լեզվով արված նման հղումներն ավելի լուրջ հետևանքներ կարող են թողնել, քան բացահայտ հասցեական մեսիջները:

- Դուք հանգամանալից ներկայացրիք ադրբեջանական ռազմատեղեկատվական քարոզչությունը, որեւէ բան կավելացնեի՞ք ասվածին:

- Կցանկանայի համառոտ անդրադառնալ եւս մեկ հարցի, որը բավականին հաճախ է շոշափվում իմ հայ գործընկերների կողմից: Խոսքը բանակի մամուլի ծառայության գործառույթներին է վերաբերում: Ոմանց կարծիքով բանակային տվյալ համակարգը կոչված է  ապահովելու հանրային իրազեկվածությունը զինված ուժերի մասին եւ այն պարտավոր է ականջալուր լինել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած հարցի: Թերեւս ոմանց մոտ ձեւավորված հենց այս թյուրըմբռնումն է պատճառը, որ հաճախ հեռախոսազանգեր եմ ստանում ռազմական գատնիք պարունակող ամենատարբեր հարցերի շուրջ: Հաշվի առնելով այս հանգամաքը եւ ընձեռված հնարավորությունը, կցանկանայի ներկայացնել հետեւյալը. ռազմական գերատեսչության մամուլի ծառայության առաջնահերթ խնդիրն է մշակել եւ իրականացնել համակարգված եւ նպատակային տեղեկատվական քաղաքականություն, այլ ոչ թե, ինչպես որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են պնդում, իրենց միջոցով ապահովել հանրային տեղեկացվածությունը բանակային գործընթացների շուրջ: Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարեւոր բաղադրիչներից  է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմական նշանակության հարցերի լուծման այն գործառույթներն, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լիարժեք լուծումը: Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06