«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Սյունիքի թատերական կյանքին նվիրված համարն առաջին փորձն է՝ հանրագումարի բերելու հայ բեմարվեստի սյունիքյան դրսևորումները:
Սակայն բուն խնդրին անդրադառնալուց առաջ նպատակահարմար գտանք արծարծել մի քանի թեմաներ՝ թատերախոսությանը, ինչպես և թատերագրությանն առնչվող, որպեսզի հիմնական նյութն ընկալվի ամբողջության մեջ ու բազմակողմանի:
Ուստի և կարևոր համարեցինք ընթերցողին հաղորդակից դարձնել (գոնե ընդհանուր գծերով) հայ դրամատուրգիայի ներկա ընթացքին: Ի վերջո առանց բարձրաճաշակ, գեղագիտորեն հագեցած դրամատուրգիայի հնարավոր չէ պատկերացնել թատրոնների բնականոն կյանքը, հնարավոր չէ խոսել թատերական արվեստի զարգացման, անգամ նորմալ ընթացքի մասին:
Այդ ամենի մասին է զրույցն արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ:
- Տիկին Խոդիկյան, կարծում եմ, տրամաբանական կլինի մեր զրույցն սկսել, ինչպես ասում են, արմատներից: Ինչպե՞ս ծնվեց «Դրամատուրգիա» հանդեսի ստեղծման գաղափարը, որով հիմք դրվեց մեր նորագույն գրականության այդ կարևորագույն ժանրի՝ «մեկ տանիքում» հավաքելու գործընթացին:
- Դե եթե «արմատներից», ուրեմն գնամհասնեմ արդեն հեռավոր 1990-ականների վերջերը: 1997 թ. լույս էր տեսել իմ «Պիեսներ»-ի ժողովածուն, և այն օրերին Գ. Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, գիրքը մի լավ գովելուց հետո, առաջարկել էր համագործակցել: Որոշ ժամանակ անց նույն ժողովածուի պիեսներից մեկն առաջարկեցի մեր թատրոններից մեկին (ասեմ, որ այդ պիեսը գրված էր հենց ա՛յդ թատրոնի ու նրա դերասանների համար): Ասացին՝ մեկ ամսից կպատասխանենք: Մեկ ամիս հետո պարզվեց, որ… պիեսը կորել է: Օրեր անց էլի տարա, և՝ մեկ ամիս սպասեք: Երբ այդ մեկ ամսից հետո էլ պարզվեց, որ նորի՜ց է կորել… Իհարկե, անհրաժեշտ հետևությունն արեցի, պիեսը շատ արագ թարգմանեցի ռուսերեն և ուղարկեցի Մոսկվա՝ «Современная драматургия» հանդեսին: Ընդամենը մեկ շաբաթից հետո զանգեցի, և խմբագիրն ասաց, որ պիեսն այնքան անսովոր ու հետաքրքիր էր, որ հաջորդ համարում արդեն պլանավորված է… Փաստորեն, պիեսիս առեղծվածային կորուստներն այլ հանգամանքներով էին պայմանավորված…
Մինչ այդ դրամատուրգ-թատրոն փոխհարաբերության տարածքն ինձ անհայտ էր: Սկսեցի խորանալ խնդրի մեջ, դրամատուրգ ընկերներս էլ «լուսավորեցին», որ մեր թատրոններում հատուկ շեշտված վերաբերմունք կա հայ ժամանակակից դրամատուրգիայի նկատմամբ: Ու ես հասկացա, որ «մեր թագավորությունում ինչ-որ բան սխալ է»: Նախ՝ չկար մասնագիտական մամուլ, իսկ մի երկու ամսագրում հատուկենտ տպագրվող պիեսները «թատերական եղանակ չէին ստեղծում»: Այն օրերին հաճախ կլսեիր՝ «Իսկ ո՞ւր է ժամանակակից հայ դրամատուրգիան» հարց-մեղադրանքը…
Ես արդեն բավական ժամանակ էի աշխատում «Գարունում»՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում խնդրի համակարգային լուծում, և ծնվեց հայ դրամատուրգիայի համար գրական-գեղարվեստական հանդես ստեղծելու գաղափարը:
- Իսկ ինչպե՞ս գաղափարը դարձավ գործ:
- Սկիզբը՝ 1990-ից հետո գրված պիեսների համահավաքն էր: Եվ գիտե՞ք՝ ինչն էր զարմանալին. պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, դռները փակ թատրոններ, իսկ իմ գրչընկերները գրել ու գրել են: Թղթապանակս օր-օրի հարստանում էր, իսկ ես ֆինանսներ էի փնտրում: Այդ օրերին էլ տեղեկացա, որ Սորոսի հիմնադրամը դրամաշնորհ է հայտարարել թատերական ոլորտի համար: Թեև հայտատուները ոչ միայն թվաքանակով, այլև ներկայացուցչական մասով շատ պատկառելի էին, բայց միայն ծրագրեր էին առաջարկվել: Իսկ ես նրանց սեղանին դրեցի «Դրամատուրգիայի» առաջին՝ «սիգնալային» համարը: Դրամաշնորհը երեք համարի համար էր, իսկ շնորհանդեսը Կինոյի տան այգում արեցինք: Հավաքվել էին թատրոնի, գրականության, արվեստի մարդիկ, անկեղծորեն ինձ հետ կիսում էին իմ ուրախությունը, բայց և բոլորը հարցնում էին. «Իսկ երկրորդ համարը կլինի՞»… Այդ օրը չգիտեի, որ դեռ մի քանի տարի պիտի պատասխանեմ այդ հարցին, մինչև կգա օրն ու կլսեմ՝ «Ե՞րբ կլինի հաջորդ համարը» հարցը:
Դրամաշնորհն ավարտվեց (ի դեպ, ոմանց համար և ոմանց ջանքերով Սորոսի հիմնադրամը «բոբոյի» վերածվեց, իսկ ես պարզերես ասում եմ՝ շնորհակալ եմ այդ օժանդակության համար, և առաջին օրվանից մինչև հիմա հանդեսը մեր ազգային դրամատուրգիայի միակ հարթակն է), բայց պիեսները գրվում էին, սեփական միջոցներով համառորեն հանդեսը տպագրում էի, մինչև մշակույթի նախարարությունը «գթաց» և պետական աջակցություն տվեց:
- Ե՞րբ լույս տեսավ «Դրամատուրգիայի» առաջին համարը:
- «Դրամատուրգիա» հանդեսի առաջին համարը լույս տեսավ 2000 թվականի մայիսին, և տարիների ընթացքում երբևէ չի խաթարվել հանդեսի տպագրությունը: 2000ից մինչև հիմա մոտ 500-ից ավելի պիեսներ են տպվել, որոնց 15-20 տոկոսն է թարգմանական, մնացածը հայ ժամանակակից դրամատուրգների գործեր են:
- Բացի Ձեր համառությունից և գործին նվիրվածությունից, էլ ի՞նչն է այսքան երկար և հաստատուն պահում հանդեսի բնականոն ընթացքը:
- Իհարկե՝ իմ գրչընկերների վստահությունը: Շատերի պիեսներն առաջինը «Դրամատուրգիայում» են տպագրվել, իսկ 2018-ից՝ էլեկտրոնային տարբերակում:
Տարիների հեռվից կարոտով եմ հիշում այն օրերը, երբ Աղասի Այվազյանի տուն էի շտապում՝ նրա հերթական պիեսն առաջինը կարդալու և տպագրելու անհամբերությամբ: Երբ Ռաֆայել Նահապետյանը բերում էր իր պիեսն ու խոստանում նորը գրել: Իսկ թե ինչ բծախնդրությամբ էր հետևում սրբագրական աշխատանքին Պերճ Զեյթունցյանը… Զորայր Խալափյանին կարողացա համոզել ու բառի ուղղակի իմաստով ձեռքից խլել նրա «Ասպետն ու Դոն Կիխոտը»… Հանդեսում իրենց առաջին պիեսը տպագրողների հիմնական մասն այսօր արդեն «դրամատուրգիական մթնոլորտ» ձևավորողներից են…
Երբ նոր պիես են բերում և պիեսն իրոք «ստացվել է», ուրախանում եմ որպես հանդեսի հիմնադիր ու խմբագիր, որովհետև միայն լավ պիեսները կարող են ազգային՝ այնքա՛ն անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել մեր թատրոններում, ուրախանում եմ նաև որպես դրամատուրգ, որովհետև ուրիշի լավ պիեսը կարող է խթան դառնալ ինձ համար՝ նոր, ավելի լավ գործ գրելու համար: Տարիներ առաջ մեր գրողներից մեկն անկեղծ զարմանքով հարցրեց, թե ինչո՞ւ ամեն համարում ինձնից բացի այլ կին գրողների պիեսներ եմ դնում… Սարսափեցի այդպիսի հեռանկարից, որովհետև դաշտն ամայացնողն այդ նույն դաշտը ծաղկեցնող չի կարող լինել՝ բումերանգի օրենքն է:
- Դե որ Դուք բացեցիք այդ թեման, ես շարունակեմ՝ կին դրամատուրգների մասին ի՞նչ կասեք:
- Կին դրամատուրգները (թեև արվեստում դեմ եմ նման տարբերակմանը) քանակով զիջում են, բայց միայն քանակով: Աննա Պետրոսյան, Անահիտ Թոփչյան, Անահիտ Աղասարյան, Արմինե Նալբանդյան, Աստղիկ Սիմոնյան, Հասմիկ Չարենց, Սոֆի Միրզոյան, Անահիտ Արփեն, Անուշ Ասլիբեկյան, Արմենուհի Սիսյան… Պարզապես պետք է կարդալ նրանց գործերը (օգտվեմ պատեհ առիթից և տեղեկացնեմ՝ կարող եք կարդալ tatrondrama.am կայքում), և հավատացեք՝ ձեր ոգևորությունն իմ ոգևորությունից պակաս չի լինի:
- Որո՞նք են, ըստ Ձեզ, թատերագրության ներկա փուլին բնորոշ գծերը, նաև դժվարությունները:
- 1990-ականներին բնորոշ էր որոշակի շփոթվածությունն ու ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը. հիշենք այդ ժամանակը: Փլուզվել էր խորհրդային կայսրությունը, նրա փլատակների տակ չհայտնվելը զուգակցվում էր, կոնկրետ մեր դեպքում, Արցախյան առաջին պատերազմով և երկրի տնտեսական կոլապսային իրավիճակով: Ո՞ւր ենք գնում, էլ չասած՝ հիմա՞ որտեղ ենք… Հասարակարգի հետ մարդկային փոխհարաբերություններ էին ձևափոխվում ու ձևախեղվում, համայնական վարքականոնին փոխարինելու էր եկել «վայրի կապիտալիստական ջունգլիների օրենքը»… 90-ականների մեր թատերագրությանը բնորոշ են կերպարների ընդհանրացումները, այսինքն՝ շատ հաճախ պերսոնաժների անուններին փոխարինում էին նրանց կարգավիճակը, հոգեվիճակը, անգամ վարքը բնորոշող ընդհանրացումներ: Օրինակ՝ Կարգադրիչ, Մազախռիվ, Վերադարձող, Ուշացող… Հերոսին դիմադարձվում է Հակահերոսը… Կյանքի մութ ու նսեմ կողմերն անողոք լույսի տակ են բերվում… Կերպարներն ավելի շատ հարցեր են տալիս, քան պատասխան փնտրում… Ու մի խտացված հուսահատություն, շփոթվածություն և փնտրտուք… Աբսուրդի աստեղային ժամ կարող եմ համարել մեր դրամատուրգիայում:
2000-ականներից որոշակի փոփոխություններն ակնհայտ են: Ի դեպ, կատակերգությունն է «իր տեղը» հաստատում, այն ավելի շատ սարկազմ ու գրոտեսկ է՝ վեր է հանում նոր ձևավորվող հարաբերությունների ստվերոտ (մեղմ ասած) կողմերը: Շփոթվածությունը տեղը զիջում է ինչ-ինչ ելքեր գտնելու որոնումներին… Ավելի շեշտվում են մարդկային՝ հատկապես կին-տղամարդ հարաբերություններ քննող գործերը: Դրաման «նեղում» է աբսուրդին, և, իհարկե, պոստմոդեռնիստական պիեսների հոսք է սկսվում: «Նոր դրաման» ունի իր հեղինակները: Մի խոսքով՝ մեր թատերագրությունը սահուն ինտեգրվում է համընդհանուր գրական պրոցեսին:
- Հիմա՝ դրամատուրգիայի ներկա վիճակի մասին:
- Եթե ասեմ՝ ամեն ինչ հրաշալի է՝ ճիշտ չի լինի: Բայց հակառակը պնդելն էլ իրականությունից հեռու է: Ուրեմն՝ ճշգրտեմ իրականի և ցանկալիի սահմանները:
Այս դեպքում Ձեզ հարցնեմ՝ Ձեր իմացած թատրոնների խաղացանկը մտովի աչքի անցկացրեք և ասեք՝ ի՞նչ հարաբերության մեջ են ազգային և օտարագիր դրամատուրգների գործերը: Մինչ Դուք ի մի կբերեք Ձեր իմացածը, ես ասեմ, որ ունենք պետական թատրոններ, որոնց խաղացանկի գերակշիռ մասն օտար հեղինակներ են: Սա՝ այն դեպքում, երբ այդ թատրոնն ապրում է մեր պետության, մեր հարկատուների գումարներով: Իսկ ո՞ւր մնաց մշակութային քաղաքականությունը և դրանում՝ ազգայինի գերակայությունը: Այսօր աշխարհը տարատեսակ պատերազմներ է մղում, որոնցից մշակութայինը կարևորներից է: Եթե դու չես պահում, զարգացնում, աշխարհին ցույց տալիս քո՛ ունեցածը, օտա՞րը պիտի դա անի: Չէ, ինձ ճիշտ հասկացեք՝ շա՞տ ես ուզում օտարի «նվագն անել»՝ կա կոմերցիոն թատրոն՝ քո գումարը ներդնում ես և բեմադրում՝ ինչ սիրտդ է ուզում: Բայց պետական թատրոնն այլ առաքելություն ունի: Այստեղ տեղին է հիշել երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանին, նա առիթը բաց չէր թողնում հիշեցնել՝ «Չկա ազգային թատրոն առանց ազգային դրամատուրգիայի»: Միայն չէր ասում, գործով էր ապացուցում, և նրա գործը Հ. Պարոնյանի թատրոնում այսօր էլ շարունակում է Հակոբ Ղազանչյանը: Իսկ Վահե Շահվերդյա՞նը. մի անգամ նա նշեց, եթե չեմ սխալվում, որ 19 հայ հեղինակի գործ է բեմադրել, ոմանց էլ՝ մի քանի պիեսները: Այսինքն՝ մեր դասական և ժամանակակից պիեսների բեմադրությունը հիմնականում պայմանավորված է բեմադրիչի ցանկությամբ:
Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի