Հարցազրույց Գետիկ Բաղդասարյանի հետ. նա Սահյանի մի շարք քանդակների և սիսիանյան հուշարձանի հեղինակն է

22.02.2024 11:04
490

Քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանը Համո Սահյանի մտերիմներից էր: Համո Սահյանի 110-ամյակի նախօրեին զրուցեցինք Գետիկ Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղդասարյան, նախ՝ Համո Սահյանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

– Համո Սահյանի հետ ծանոթ եմ 1979 թվականից, հետո՝ գնալով, ավելի մտերմացանք: Նրան՝ որպես բանաստեղծ, շատ եմ հավանում, որովհետև մեր մեծ բանաստեղծներից մեկն է՝ խորն իմաստով, լեցուն կյանքով, փիլիսոփա... Այդպիսի բանաստեղծներ Հայաստանում շատ ունենք, փառք Աստծո, նրանցից մեկն էլ Համո Սահյանն է: Այն մեծ սյուներից է, որոնց վրա ազգային մեր արժեհամակարգն է բարձրանում: Սիրում էր Հովհաննես Թումանյանին, նրան համարում ամենա-ամենան... Սահյանը թումանյանական բանաստեղծ էր ու չափազանց սիրում էր Հայաստանը, մինչդեռ երբեք չէր ասում՝ Հայաստան ջան, ես քեզ շատ եմ սիրում, ուղղակի զգալ էր տալիս միշտ: Ինքն այնքան տարբեր է, որ ինչքան կարդում՝ այնքան նոր բան ես հայտնաբերում: Սյունիք աշխարհից է ինքը. հպարտ եմ, որ ինքս էլ Սյունիքից եմ, որ մենք համերկրացի ենք: Շատ մեծ խորություն ունեն նրա բանաստեղծությունները, միշտ զարմանում ես մտածելակերպի վրա, թե ինչպես է քարից, մասրենու թփից, ջրից սիրուն կոմպոզիցիաներ հյուսում, մտքովդ անգամ չի անցնում, որ կարելի է դրանք բանաստեղծություն դարձնել: Մեծությունը հենց դրա մեջ է...

– Մեր զրույցի առարկան Ձեր հեղինակած գործերն են՝ Համո Սահյանի կերպարն արտացոլող: Բայց որպեսզի ընթերցողն ամբողջապես և նորովի ճանաչի Ձեզ, կուզենայինք իմանալ՝ ի՞նչ նշանավոր քանդակներ, հուշարձաններ եք ստեղծել Սյունիքում կամ նշանավոր սյունեցիներին առնչվող:

– Սյունիքում ստեղծել եմ նախ՝ Սիսիանի դարպասները՝ Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ, Համո Սահյանի արձանը՝ Սիսիանում, Վուրգ Ոսկանյանի հուշարձանը՝ Սիսիանում, հեքիաթների թեմայով՝ մետաղից պատրաստել եմ կտրիճ, ով խնձոր է բերում արքայադստերը՝ տեղադրված է Սիսիանի կենտրոնում՝ նախկին ռեստորանի դիմաց: Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ Սերո Խանզադյանի կիսանդրին՝ Գորիսում, Գուսան Աշոտի կիսանդրին՝ Գորիսում, Ակսել Բակունցի կիսանդրին՝ Հայաստանի ազգային գրադարանում, Սուրեն Թովմասյանի արձանը՝ Շինուհայրում: Այնուհետև՝ Բռնակոթում՝ Խորհրդային Միության երկու հերոսի կիսանդրիները, հուշատախտակներ, Նժդեհ եմ քանդակել… Գիտեք՝ ինչ էի մտածում, լավ կլիներ, որ հիմա Նժդեհի գենետիկ կոդը վերցնեին ու մի նոր Նժդեհ ստեղծեին՝ նրա մտածելակերպով, որը մեզ շատ է պետք, երկիրը կհզորանար, կբարգավաճեր, ոչ մեկը չէր էլ համարձակվի մեզ հետ այսպես վարվել...

Կասյան փողոցի վրա Սահյանի տան պատին ամրացրած հուշատախտակն էլ իմ աշխատանքն է:

– Ձեր լավագույն գործերի թվում է բանաստեղծի հուշարձանը, որ 2004 թ. ապրիլի 17-ին բացվեց Սիսիանում՝ Սիսակ Նահապետի հրապարակին կից զբոսայգում: Այդ հուշարձանի կերտման, մտահղացման և տվյալ նախաձեռնության իրականացման մասին...

– Շատ էի ուզում Համո Սահյանի կերպարը քանդակել, մտածում էի՝ ո՞նց, ինչպե՞ս: Մի օր նրա տանն էինք, Համո Սահյանը նստեց թախտին, մի ձեռքը դրեց ծնկին, մյուսով հենվեց թախտին, հեռուստացույցով հաղորդում էր դիտում: Ես մտածեցի՝ ինչ հետաքրքիր է նրա դիրքը, թախտի փոխարեն կարող են մեր ժայռերը լինել, և այդպիսի կոմպոզիցիա պատրաստեցի՝ մեկ մետրից մի քիչ փոքր:

Հետո Սիսիանի քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը հետաքրքրվեց, եկավ ու ասաց, որ Արտաշես Հովսեփյանին են պատվիրել բանաստեղծի արձանի պատրաստումը, բայց ինչ-որ չի ստացվում, խառը պատմություններ են: Ասաց՝ կքանդակե՞ս Համո Սահյանին: Դա ինձ համար մեծ պատիվ էր, բայց ասացի՝ մինչև Արտաշես Հովսեփյանը չհրաժարվի, ես Ձեզ պատասխան չեմ տա: Երկու ամիս հետո Արտաշեսը հրաժարվեց: Սկսեցի աշխատել, էսքիզից վերածեցի մեծ քարի, քարը մեծ դժվարությամբ գտանք և տեղափոխեցինք, քանի որ մոտ 40 տոննա կշիռ ուներ: Ինձ շատ օգնեց մի տղա՝ ազգությամբ օսեթ էր՝ Կոստյա Խետագորով, հոյակապ մարդ էր, միասին թեթևացրինք, և արդեն հնարավոր էր տեղափոխել Երևան, ու մի քանի տարի աշխատեցի: Վերջացրի, սակայն տեղը դեռ որոշված չէր...

– Սկզբնական շրջանում, կարծեք, Սիսիանի հուշարձանը ոչ միանշանակ ընդունվեց, հակասական կարծիքներ եղան... Տարիների ընթացքում, մինչդեռ, հուշարձանն այնքան միաձուլվեց Սիսիանի կենտրոնի համայնապատկերին, որ առանց այդ կոթողի հնարավոր չէ հիմա պատկերացնել քաղաքի կենտրոնը:

– Չափը ճիշտ էր ընտրված, տեղի առումով էին ասում, որ լավ չէ, բայց ես գոհ եմ, կողքի շենքերը օգնում են, որ ճիշտ չափն ընկալվի: Ինչ-որ մտահղացում կար՝ իրականացվեց՝ հենվել իր և բնության վրա, դա է Համո Սահյանի հուշարձանի հիմնական խորհուրդը:

Շատ էին խոսում՝ ուսերն այնպես չեն, այսինչն այնպես չէ. ես ձեր գործերին խառնվո՞ւմ եմ, կարող եմ խառնվել, բայց իրավունք չեմ վերապահի ինձ: Եթե միայն հասկացող մարդիկ լինեին, էլի ոչինչ, բայց... Ուզում էին իրենց խելքը ցույց տալ. ես այդքան տարվա մասնագետ եմ, այնքան գործեր եմ արել, ուրիշ մասնագիտության մարդկանց որևէ խորհուրդ երբեք չեմ տվել: Քանդակագործությունն իմ մասնագիտությունն է, ես ավելի լավ գիտեմ, այդպես եմ արել, որ Սահյանն ավելի ցայտուն երևա...

Բացասաբար խոսողները հետո սկսեցին գովերգել, իբր արծվի նման է նստած և այլն... Ով ինչպես զգում է՝ կարող է ասել, բայց ոչ վատաբանել: Ինչ գործ էլ որ անես, միևնույնն է, մի վատ բան պետք է ասեն...

– Որքանով հիշում ենք, մեր լեռնաշխարհի նշանավոր զավակ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը պետք է կերտեր Սահյանի հուշարձանը, Դուք էլ քիչ առաջ ասացիք, բայց...

– Մանրուքներին տեղյակ չեմ, նրան շատ հավանում եմ, նա լավ քանդակագործ է: Արտաշես Հովսեփյանն ինձ դաս է տվել, ես նրան շատ հարգում, սիրում եմ, բարեկամ ենք՝ Սառնակունք գյուղից, նրա եղբայրը մեծ նկարիչ Զաքար Խաչատրյանն է: Ի դեպ, Սիսիանը հինգ ժողովրդական նկարիչ է տվել՝ երկու Խաչատրյանները, Փարավոն Միրզոյանը, Էդիկ Ղազարյանը, Գետիկ Բաղդասարյանը:

– Սահյանի սիսիանյան հուշարձանը նույն 2004-ին արժանացավ պետական մրցանակի: Այդ մասին...

– Այո, ճիշտ է, փառք Աստծո, որ գնահատվեց, կարևոր չէ, թե ով կստանար, միևնույն է՝ կհպարտանայի: Ես շատ եմ սիրում Համո Սահյանին, նույնիսկ մի օր ասաց՝ Գետիկ ջան, շատ կուզենայի, որ իմ տղան լինեիր:

Մի դեպք էլ պատմեմ՝ գնացի նրա բնակարան, ասացի՝ բարև Համո Սահակիչ... Հետո՝ թեմա չկար խոսելու, լուռ նստեցինք, մի երկու ժամ հետո վեր կացա, հրաժեշտ տվեցի, Սահյանն ասաց՝ լավ լռեցինք. գեղեցիկ հումոր ուներ...

– Եվ մոտ երկու տարի հուշարձանը Ձեր արվեստանոցի բակում էր՝ մայրաքաղաքի Հրաչյա Քոչար 13 հասցեում, ինչո՞ւ էր ձգձգվում հուշարձանի տեղադրումը:

– Պատճառը ես չէի, չգիտեմ՝ ինչ խառը բաներ կային: Ես անդադար աշխատում էի...

– Դուք այն քչերից եք, ով Սահյանի կյանքի վերջին օրերին նրա մահճի մոտ է եղել: Կարծում ենք՝ անհնար է մոռանալ բանաստեղծի կյանքի վերջին ժամերը:

– Նրա մոտ էինք՝ հիվանդանոցում, վատ էր զգում, Հովհաննես Այվազյանն էր մեզ հետ, ծարավեց, ցանկացա դուրս գալ և ջուր բերել, Սահյանն ինձ չթողեց, ասաց՝ նստի կողքս, Հովհաննեսին խնդրեցի, որ բերի: Հետաքրքիր է, վերջին րոպեներին խոսում էր Տիգրան Մանսուրյանից, լավ մարդկանցից... Համարձակություն ունեցա հարցնել՝ ի՞նչն է ամենաշատը սիրում, ասաց՝ Գետիկ ջան, լավ մարդուն եմ սիրում... Ցավոք, երկու օր հետո էլ մայրս մահացավ, հնարավորություն չունեցա նրա թաղմանը մասնակցել:

Սահյանն այն մարդն էր, ում հանդեպ մինչև հիմա էլ մեծ հարգանք ունեմ ու փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մարդու ճանաչել եմ, գիտեմ, արձանը կարողացել եմ կերտել՝ մեծ դժվարությամբ: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր օգնեցին, որ արձանը դրվի Սիսիանի կենտրոնում՝ Սուրեն Խաչատրյան, Գառնիկ Հովակիմյան, Լավրենտ Սարգսյան: Կառավարությունը գումար հատկացրեց: Հեշտ չէր քանդակ դնելը, միանգամից քարի վրա եմ տաշել, բայց պետք է կավից, գիպսից մոդել պատրաստելուց հետո անեի, ես մենակ պորտրետն եմ մոդել արել: Աստծո օրհնությամբ կարողացա անել ու հպարտ եմ, որ լավ է ստացվել և գտնվում է Սիսիան քաղաքում:

Երբ ավարտել էի, և տեղը դեռ որոշված չէր, ինձ առաջարկում էին Էջմիածին տանել, չհամաձայնեցի, հետո առաջարկեցին Երևանում տեղադրել՝ Կոմիտաս-Կասյան խաչմերուկ: Ասացի՝ այս արձանը նախատեսված է Սիսիանի համար...

– Համո Սահյանի 100-ամյակից հետո՝ վերջին տասը տարում, ունեցա՞ք նոր մտահղացումներ Սահյանի կերպարը քանդակագործության մեջ նորովի հավերժացնելու ուղղությամբ: Թվում է՝ շատ հետաքրքիր գործ է տուն-թանգարանի բակում տեղադրված կիսանդրին...

– Այդ կիսանդրին պատրաստելու գործում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն օգնեց, լույս իջնի նրա շիրմին, իսկապես լավ գործ ստացվեց:

– Համո Սահյանի գերեզմանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում...

Նախ՝ բանաստեղծի գերեզմանաքարի տվյալ լուծման մասին: Այնուհետև՝ 2023-ի հոկտեմբերի 20-ին գերեզմանում կանգնեցվեց կիսանդրի, որի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Այդ մասին...

– Քանդակը չեմ տեսել, միայն նկարներն եմ տեսել, ուստի և կարծիք կազմել չեմ կարող: Գերեզմանի համար արել էի մետաղից գործ, մեծ քանդակ պետք է լիներ, բայց բրոնզից պիտի ձուլվեր, մետաղը կժանգոտեր, կգնար: Դա մնաց օդի մեջ, չիրագործվեց... Սահյանի գերեզմանը համեստ, սիրուն է, բայց կիսատ էր, կիսանդրին լրացրեց:

– 2015-ի հոկտեմբերի 17-ին Սահյանի բանաստեղծական գլուխգործոց «Պապի» հերոսը՝ բրոնզաձույլ արձանի տեսքով, դարձավ հայի հավերժության յուրօրինակ խորհրդանիշ, մեր հող ու ջրի տիրոջ խորհրդանիշ: Դարձյալ Դուք էիք այդ գաղափարը կյանքի կոչել՝ ճարտարապետ Նունե Պետրոսյանի հետ՝ Ստեփանյան գերդաստանի նախաձեռնությամբ: Այդ մասին...

– Դարբաս գյուղից Արամ և Արմեն Ստեփանյաններ եղբայրները պատվիրեցին: Ցանկացան եկեղեցու դիմաց կանգնեցնել արձանը, իրենց պապի նկարները բերեցին, ես նմանեցրի, կողքին փոքրիկ աղջիկ «կանգնեցրի»՝ գառը գրկին, բրոնզաձույլ քանդակ է: Եթե յուրաքանչյուր ոք՝ իր հերթին, տարբեր վայրերում նման բաներ անի, մեր երկիրը հրաշք կդառնա այդ առումով...

Հիշում եմ Չերչիլի ասած խոսքերը. պատերազմի ժամանակ երկրի բյուջեն էին հաստատում, նայեց ու տեսավ՝ արվեստին վերաբերող ոչ մի հատկացում չկա, հարցրեց՝ ո՞ւր են արվեստը, մշակույթը, պատասխանեցին՝ դրա ժամանակը չէ, պատերազմ է... Բարկանում է և ասում՝ բա ինչի՞ համար ենք պատերազմում, չէ՞ որ ազգերին ճանաչում են մշակույթով:

Ինչքան մեր եկեղեցիները, խաչքարերը քանդեն ադրբեջանցիները, միևնույն է՝ նկարները պահպանվում են. նրանց վայրագությունն է հերթական անգամ ի հայտ գալիս և մեր վերաբերմունքն արվեստի, մշակույթի նկատմամբ: Նրանք պատմության մեջ որպես ջարդարար են մնալու, իսկ մենք՝ մշակույթ ստեղծող:

– Ունե՞ք ծրագրեր կամ կիսատ գործեր Համո Սահյանին առնչվող:

– Մրցույթի եմ մասնակցել մի քանդակով՝ Սահյանը ծառին հենված, մտածմունքների մեջ, Երևանում պետք է դնեին, բայց ոչ մի բան չստացվեց...

– Եվ, իհարկե, օգտվելով առիթից, կուզենայինք իմանալ՝ ինչո՞վ է զբաղված Սյունյաց աշխարհի երևելի զավակ, մեր սիրելի Գետիկ Բաղդասարյանը:

– Շարունակում եմ աշխատել, և ոչ միայն ես, որդիս այս տարի ավարտում է մագիստրատուրան, միասին ենք աշխատում, նա էլ է քանդակագործ: Նժդեհի պորտրետն եմ արել, նա էլ քարից տաշել է մինչև վերջ: Իմ տղան է, եթե շնորհք չունենար, ես չէի թողնի, որ դրանով զբաղվի, հավեսով է դրանով զբաղվում, ու դա ինձ ուրախացնում է: Դեռ փոքր ժամանակվանից սիրում էր ինձ օգնել:

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25