Հաշմանդամ ազատամարտիկները` ուշադրության կենտրոնում

14.12.2014 12:53
2365

Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն այցելեց Արցախյան ազատամարտի 1-ին կարգի հաշմանդամներ Արմեն Համբարձումյանին եւ Մանվել Վարդանյանին:

Նմանատիպ այցելություններ կատարեցին նաեւ առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, N զորամասի, տանկային գումարտակի եւ վերանորոգման գումարտակի հրամանատարական եւ սպայական կազմերը: Այցելության նպատակն էր ծանոթանալ հաշմանդամ ազատամարտիկների խնդիրներին եւ հնարավորության սահմաններում փորձել աջակցել նրանց: Նշենք, որ Կապանի տարածաշրջանում կա առաջին կարգի 8, երկրորդ կարգի 135, երրորդ կարգի 83 հաշմանդամ ազատամարտիկ:

Արմեն Համբարձումյանի առողջական վիճակն այնքան էլ տպավորիչ չէր: 22 տարեկանում Ճակատենի մերձակայքում վիրավորվելով` նա այսքան տարի գամվել է անկողնուն եւ ապրում է եղբոր ընտանիքի հետ: Նրան շտապ անհրաժեշտ է վիրահատություն, որ արժե 2 միլիոն դրամ: "Զինվորական հոսպիտալում չեն ընդունում` պատճառաբանելով, որ տեղ չունեն, այնինչ այնտեղ բուժում ստացողների կեսից ավելին ոչ զինվորականներ են: Տարբեր ատյաններ եմ դիմել, բայց պատասխան չեմ ստացել: Պետք է նշեմ, որ չեմ կարողանում իմ խոսքը հասցնել պաշտպանության նախարարին, վերջերս էլ ականատես եղա մի հրապարակման, որտեղ նշվում էր, որ իբր ես շնորհիվ նախարարի միջամտության լիովին ապաքինվել եմ", – նշում է ազատամարտիկ Արմենը:

Արմենի եղբայրը նշեց, որ ամիսներ շարունակ Երեւանի հիվանդանոցներում շրջել են բուժման համար, բայց. "Ես նույնպես ընտանիք եմ պահում, չեմ կարող ամիսներով հիվանդանոցում մնալ, եթե պետությունը գոնե խնամակալի համար վարձատրի ինձ, կամ թեկուզ պետությունը խնամակալ տրամադրի, կկարողանանք հիվանդանոցում երկար մնալ, բուժել ոտքի վերքը, այնուհետեւ վիրահատություն կատարել": Բացի դրանից` Հայաստանի շատ հիվանդանոցներ նույնիսկ թեքահարթակներ չունեն, իսկ հիվանդանոցային պայմանները նման հիվանդների համար լուրջ խնդիրներ են ստեղծում:

Կապանի զինկոմը, լսելով Արմենի խնդիրների մասին, խոստացավ համապատասխան գրություն պատրաստել նրա վիճակի մասին եւ ուղարկել վերադաս հրամանատարությանը: Նա նշեց նաեւ, որ կարելի է այլընտրանքային աշխատանքային զինծառայողներին, ովքեր կա՛մ հոգեբուժարանում են աշխատում, կա՛մ կոմունալ տնտեսությունում, պատերազմի առաջին կարգի հաշմանդամների խնամակալությունը հանձնել:

Ցավալի է, որ Արմենը կորցրել է հույսն ու հավատը: Վերջում նա ասաց, որ եթե պատերազմ լինի, էլ ով կգնա, երբ տեսնում է նման վերաբերմունք, բայց մենք հավատացած ենք, որ հենց իր նման տղաները կրկին կմեկնեն մարտի դաշտ:

Մանվել Վարդանյանը, ով, գլխից վիրավորվելով, հավիտյան զրկվել է արեւի լույսը տեսնելու հնարավորությունից, համեստաբար լռում է: Նրան մտահոգողը միայն այն է, որ կինը` տիկին Արեւիկը, 23 տարի է աշխատանքից դուրս է եկել իրեն խնամելու համար եւ հետագայում, երբ կենսաթոշակ ստանալու տարիքը լրանա, նա աշխատանքային ստաժ չունենալու պատճառով ցածր կենսաթոշակ կստանա: Եթե կարողանային այդ անցած տարիներն աշխատանքային ստաժ համարել, նրանք գոհ կլինեին:

Հաջորդ կանգառը Կապանի զինկոմիսարիատում էր, որտեղ հավաքվել էին Արցախյան ազատամարտի երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամները: Լեոնիդ Գրիգորյանը ներկայացրեց օրվա խորհուրդը եւ առաջարկեց ազատամարտիկներին գրավոր ներկայացնել իրենց պահանջներն ու առաջարկությունները: "Եթե մենք կարողանանք դրանով ինչ-որ հարց լուծել, խնդիրներ վեր հանել, ապա մեր առաքելությունը կատարված կլինի: Ձեր առաջարկությունների հիման վրա կկարողանանք ձեւակերպել համապատասխան գրություն եւ հետամուտ լինել այդ հարցերի լուծմանը", – նշեց նա:

Զինկոմը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչությանը ներկայացրել է պատերազմի հաշմանդամների ցուցակ` առողջարանային համալիր այցելելու անվճար ուղեգրերի համար: Նա նշեց, որ հետպատերազմյան տարիներին կային մարդիկ, ովքեր զորացրվելուց հետո զրկվել են իրենց զինվորական աստիճանից: Այժմ նրանք կարող են դիմել զինկոմիսարիատ, կազմել համապատասխան փաստաթղթեր եւ ներկայացնել նախարարություն` կոչումը վերականգնելու համար:

Զինկոմը խոսեց նաեւ պատերազմի մասնակիցների վկայականներ ստանալու կարգի մասին` կոչ անելով ներկաներին, որ ուշադիր լինեն եւ արժանիների վկայագրերը ստորագրեն, այլապես պատերազմին չմասնակցած մարդիկ կհավասարվեն իրենց: Նա հույս հայտնեց, որ այդ վկայականները ստանալուց հետո շատ ազատամարտիկների հարցերն ինքնաբերաբար կլուծվեն: "Զինվորը, որ առյուծի բաժին ունի մեր կռվում, պիտի անպայման ստանա այդ վկայականը", – նշեց զինկոմը:

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Կապանի զինկոմ Լ.Գրիգորյանը գրավոր դիմել է նաեւ տարածաշրջանի համեմատաբար խոշոր ձեռնարկություններին` այդ հիմնարկներում աշխատող հաշմանդամ ազատամարտիկներին իրենց հնարավորության եւ իրավասության սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար:

Առաջինն արձագանքեց Կապանի անտառնտեսության պետ Գարիկ Միրզոյանը: Ճիշտ է, նրա ղեկավարած կառույցում հաշմանդամ ազատամարտիկ չի աշխատում, բայց նա համապատասխան միջնորդագիր է ներկայացրել վերադաս ղեկավարությանը` 1-2 հաշմանդամ ազատամարտիկի վառելափայտ տրամադրելու համար: Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանը վերադասին գրություն է ուղարկել` իր հիմնարկում աշխատող մեկ հաշմանդամ ազատամարտիկին 30 հազար դրամի աջակցության թույլտվություն ստանալու համար: Հայաստանի էլեկտրական ցանցերի "Տաթեւ" մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը 50 հազար դրամ հատկացրեց էլցանցում աշխատող հաշմանդամ ազատամարտիկին: Զինկոմը նշեց, որ վերադասին ուղարկվող գրության մեջ կնշվեն այն կազմակերպությունները, որոնք այդ հարցում թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել:

"Մենք միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք պահում զոհված ազատամարտիկների, անհայտ կորած զինվորների ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամ ազատամարտիկներին: Ես կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր հրամանատար իմանա իր գումարտակի զոհված ազատամարտիկի գերեզմանի տեղը, ուշադիր լինի նրա ծնողների հանդեպ, հնարավորության սահմաններում աջակցի նրանց, ապա մեզանում շատ հարցեր կլուծվեն", - ամփոփեց իր խոսքը Լեոնիդ Գրիգորյանը:

Վերջինս ամեն տարի այցելում է մեր հանրապետության ողջ տարածքում իր գումարտակի զոհված ազատամարտիկների գերեզմաններ, բարեկարգման աշխատանքներ կատարում այնտեղ, անհրաժեշտության դեպքում շիրմաքար դնում:

Ազատամարտիկ Մանվել Վարդանյանի թոռան` 4-ամյա Դավթի հայրենաշունչ երգերը երկիրը հայրենասերներով պահելու ու պաշտպանելու վկայությունն են:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23