Հայ բարերարի դրամատիկ անկումը․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի և հայ ռազմագերիների ճակատագրերին

08.04.2025 12:17
698

Հայ բարերարի դրամատիկ անկումը․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի և հայ ռազմագերիների ճակատագրերին
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները հիմա քիչ օգտակար են, երբ նրան սպառնում է ցմահ ազատազրկում հարևան Ադրբեջանում․ գրել է BBC-ն։

Ինչպես նշվել է, երկու հարևան կովկասյան երկրները համաձայնեցրել են պատմական խաղաղության համաձայնագրի տեքստը Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն Վարդանյանը և 15 այլ նախկին էթնիկ հայ առաջնորդներ համաձայնագրի մաս չեն կազմում:
 
Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում և մեղադրվում են տասնամյակներ առաջ տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մեջ:

56-ամյա ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, այդ թվում՝ պատերազմ պլանավորել և վարել, շահադիտական գործունեություն և ահաբեկչություն։ Դատարանից դահլիճում արված նրա նկարում երևում է, որ նրա ճակատին կապտուկներ կան, և խոշտանգումների մասին մեղադրանքներ են հնչել, որոնք հերքվել են Ադրբեջանի կողմից:

«Սա դրամատիկ անկում է մի մարդու համար, ով իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում և ժամանակին շփվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները», – գրել է գործակալությունը։ Ինչպես նշվել է, նա հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում բարեգործական ծրագրերի վրա և Դիլիջանում հիմնել դպրոց՝ նպատակ ունենալով ներգրավել ուսանողներին ամբողջ աշխարհից:

Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ լեռնային շրջան, որը պատմականորեն բնակեցված է եղել էթնիկ հայերով։ 2020 թվականին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերահսկողություն է հաստատել ԼՂ տարածքի մեծ հատվածների վրա։ Վարդանյանի ժամանումից մի քանի ամիս անց ադրբեջանական իշխանությունները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը՝ շրջանի բնակչությանը ենթարկելով սննդի խիստ պակասի։

Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և դարձել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերն անվանում են Արցախ։ Նա օգտագործել է իր անունը, կոնտակտները և սահուն անգլերեն խոսելու կարողությունը՝ բարձրացնելու Ղարաբաղի հայերի ծանր վիճակի մասին իրազեկվածությունը:

«Իմ հայրը երեք ամսում ավելի շատ հարցազրույց է տվել միջազգային լրատվամիջոցներին, քան Լեռնային Ղարաբաղի մյուս նախագահները 30 տարվա ընթացքում: Արևմտյան լրատվամիջոցների կողմից դրան արժանացած ուշադրության չափը ակնհայտորեն զայրացրել է Ադրբեջանին»,- BBC-ին հայտնել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը: Նրա հոր վաղեմի ընկեր Արման Ջիլավյանի խոսքով՝ «ոմանք կասեին, որ սա իռացիոնալ էր, ոմանք կասեին, որ սա գերհաշվարկված քաղաքական քայլ էր: Կարծում եմ՝ ոչ մեկը ճիշտ չէ»։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել և 24 ժամում վերահսկողության տակ վերցրել ողջ տարածքը։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները կապիտուլյացիայի են ենթարկվել, իսկ ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց տները:

Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, երբ նա միացել է դեպի Հայաստան զանգվածային փախչողներին։ Ըստ նրա ընտանիքի՝ Վարդանյանն իր կալանքի մեծ մասն անցկացրել է մեկուսարանում: Նա արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով, ինչպես, ինքն է անվանել դա, պատշաճ դատական գործընթացի բացակայության դեմ՝ խոշտանգումների ֆոնին:

Ղարաբաղի 15 այլ նախկին ղեկավարներ նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում 1980-ականների վերջից ի վեր կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:

Հայաստանում շատերը բոլոր գործերը համարում են ցուցադրական դատավարություններ։ Դատավարությունները նկարահանելու թույլտվություն է ստացել միայն Ադրբեջանի գլխավոր պետական հեռուստաալիքը։ Անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հրամայել է փակել Միջազգային Կարմիր Խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպությունը, որը հասանելի է հայ բանտարկյալներին: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել հայ պատանդների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների մասին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց:

Վարդանյանը երեքշաբթի վերադառնում է դատարան, սակայն նրա համախոհները վախենում են, որ գործը կմնա Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված պատմական խաղաղության համաձայնագրի ստվերում: Մանրամասները դեռ պետք է հրապարակվեն, սակայն պաշտոնյաների խոսքով՝ տեքստի նախագիծը չի ներառում դատավարության մեջ գտնվող բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի` իրենց տները վերադառնալու իրավունքը:

Բանտարկյալների մասին չհիշատակելը հարուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ քննադատություն՝ երկրի ներսում և արտերկրում: Վարդանյանը զգուշացրել է, որ դա սխալմունք է։ «Սա միայն իմ և ևս 15 հոգու դատը չէ, սա ողջ հայության դատն է», – նշել է նա ձայնային ուղերձում։ Վարդանյանն ընդգծել է․ «Եթե դուք սա չեք հասկանում, դա մեծ ողբերգություն է, քանի որ սա պատմության ավարտը չէ, հակամարտության ավարտը չէ, դա միայն հակամարտության հաջորդ փուլն է բոլոր կողմերի համար»:
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40