Հայ գիտնականը չինացի եւ իսպանացի գործընկերների հետ հետազոտում է Հայաստանի հանքերի դեղին ջրերը

14.10.2024 11:59
215

Երբեւէ մտածե՞լ եք, թե երբ ձեր էլեկտրոնային սարքն այլեւս օգտագործման պիտանի չլինի, ինչ ճակատագիր է ունենալու հետո, ինչ վնաս կարող է հասցնել շրջակա միջավայրին: Ըստ կենսաբանական գիտությունների թեկնածու Արեւիկ Վարդանյանի՝ ենթադրվում է, որ 2025 թ. ամբողջ աշխարհում 75 մլն տոննա էլեկտրոնային թափոն է գոյանալու, որից միայն մոտ 5 տոկոսն է վերամշակվում:

Արեւիկը սեղանին է դնում ապակե անոթը, որի մեջ կտրտված պլաստիկե, մոխրագույն մասեր են: Սրանք նոթբուքի մայր պլատայի մնացորդներ են: Կարելի է ասել՝ մեր համակարգիչն է անոթի մեջ: Չնայած բնության մեջ պլաստիկը դժվար քայքայվող կամ գրեթե չքայքայվող է, Արեւիկի հիմնական խնդիրներից մեկն է վերամշակել այն, իսկ մնացորդային մասերը՝ քայքայել սնկերով: Կարճ ասած՝ այնպես անել, որ մայր պլատայից հետք չմնա:

 

Էլեկտրոնային թափոններն արդեն հասցրել են մեծ խնդիր դառնալ աշխարհում, շատ վայրերում ձեւավորվել են դրանց գերեզմանոցներ: Պղինձ, ալյումին, նիկել, նաեւ քիչ քանակությամբ ոսկի պարունակող սարքերը բնության մեջ գրեթե չեն քայքայվում: Մետաղները մտնում են հողի մեջ, տարածվում ջրերում եւ օդում:

Արեւիկը Վարդանյանը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի ավագ գիտաշխատող է։ Երկու տարի հետդոկտորական հետազոտություն է իրականացրել Բելգիայում: Թեման եղել է էլեկտրոնային թափոններից մետաղների կորզումը: Հայ գիտնականի աշխատանքը դյուրակիր համակարգիչներին՝ նոթբուքերին է վերաբերել:

Վերամշակման սկզբում նախ մայր պլատան կտրտվում է մկրատով կամ աղացվում խոշոր աղացով: Բայց քանի որ պլատան կանաչ լաքով է պատված, այն պետք է վերամշակվի, որ հետո բակտերիաների համար հասանելի դառնա: Էլեկտրոնային սարքը հնարավոր է վերամշակել նաեւ առանց բակտերիաների՝ քիմիական եղանակով, բայց այդ դեպքում առաջանալու է երկրորդային թափոն, ու պետք է մտածել, թե ինչ անել այն: Այնինչ բակտերիաներով կենսատարրալվացումը անթափոն է: Բակտերիաներով վերամշակելուց հետո գոյացած լուծույթից կարելի է մետաղներ կորզել, որոնք կրկին կարող են օգտագործվել էլեկտրոնային սարքավորումներում: Չնայած լավագույն մեթոդը հենց կենսատարրալվացումն է, Արեւիկն ասում է, որը աշխարհում այն շատ քիչ են օգտագործում:

Էլեկտրոնային թափոնների հիմնական մետաղը պղինձն է, մնացածը՝ ցինկ, ալյումին, նիկել, նաեւ՝ ոսկի, ավելի քիչ են: Քանի որ ոսկու քանակությունը քիչ է, գիտական հետազոտություններում դրա վրա չեն կենտրոնանում: Ա. Վարդանյանն ասում է, որ 1 գրամ ոսկի կորզելու համար բավականին մեծ քանակությամբ պլատաներ են անհրաժեշտ:

Հայաստանի պետական ագրարային համալսարանում ուսանելու ժամանակ Արեւիկը կես դրույքով աշխատում էր Գիտությունների ազգային ակադեմիայի Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման կենտրոնում, որը 2010-ին միացել է Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտին, ու ստեղծվել է ներկայիս «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը։

2011 թ․ Արեւիկը մասնակցել է Չինաստանում տեղի ունեցած կենսահիդրոմետալուրգիայի միջազգային գիտաժողովին։ Սա, կարծես, բեկման կետ է եղել նրա համար, ինչից հետո սկսել է հետազոտել հանքարդյունաբերության մեջ կենսատարրալվացման տեխնոլոգիայի կիրառումը։

Կաշենի հանքը միակն էր տարածաշրջանում, որտեղ կենսատարրալվացում էր արվում

Արեւիկ Վարդանյանն ասում է, որ կենսատարրալվացումը մաքուր մետաղների ստացման համար արդյունավետ տեխնոլոգիա է: Ու չնայած Հայաստանում պղնձի խոշոր հանքավայրեր կան, այն այստեղ չի կիրառվում. մեր երկրում հանքարդյունաբերողները ոչ թե մաքուր մետաղ են արտադրում, այլ մետաղական խտանյութ, որի մեջ, հիմնական մետաղից զատ, տարբեր մետաղներ կան, այդ թվում՝ թանկարժեք: Խտանյութն արտահանվում է այլ երկրներ, որտեղ էլ առանձնացվում են դրա մեջ եղած մետաղները։

Ըստ Ա. Վարդանյանի՝ աշխարհում մաքուր պղնձի արտադրության մոտ 40 տոկոսը ստանում են կենսատարրալվացման մեթոդով։ Տեխնոլոգիան գոյություն ունի դեռեւս 1950-ականներից։ Սա փակ շրջափուլով գործընթաց է։ Առավելությունն այն է, որ իրականացվում է բակտերիաներով, անվնաս է ու անթափոն։ Թերությունն այն է, որ ավելի երկարատեւ պրոցես է, քան քիմիական տարբերակը։

Մեր տարածաշրջանում, Արեւիկի փոխանցմամբ, միայն Արցախի Կաշենի հանքում էր կենսատարրալվացում իրականացվում։ Ընդ որում՝ հանքի շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունն ինքն էր դիմել գիտնականներին՝ տեխնոլոգիան կիրառելու համար, քանի որ ցանկանում էր մաքուր մետաղ ստանալ: «Իսկ Հայաստանում դժվար է, որովհետեւ իրենց (ՀՀ հանքարդյունաբերողներին - հեղ.) չի հետաքրքրում մաքուր մետաղը, խտանյութն է հետաքրքիր, հետո չեն մտածում լքված հանքավայրերի մաքրման մասին»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան

Ասում է՝ Կաշենում բավական լավ արդյունք ունեին, նույնիսկ հասցրել էին տպագրությամբ անդրադառնալ աշխատանքների մի մասին, բայց 2020 թ. պատերազմից հետո ամեն ինչ անավարտ մնաց։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե կարողանային Կաշենի կենսատարրալվացման գործընթացի վերջնարդյունքը ստանալ։

Ինչպե՞ս կարող է կենսատարրալվացման տեխնոլոգիան օգնել Հայաստանին

Չնայած Հայաստանի հանքարդյունաբերողները կենսատարրալվացման տեխնոլոգիան չեն կիրառում, «Հետքի» զրուցակցն ասում է, որ այն օգտակար կլինի Հայաստանի աղքատ հանքավայրերն ու թափոնները վերամշակելու համար, ինչը նաեւ միջավայրը ծանր մետաղներից մաքրելու լավ միջոց է։

Ըստ Արեւիկի՝ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է, մեծ եկամուտ է բերում, միեւնույն ժամանակ առաջացնում է ջրերի ու հողերի աղտոտում: Դա էլ ուղղակիորեն ազդում է գյուղատնտեսության, հետեւաբար, նաեւ մարդու առողջության վրա։

Շատերը հանդիպած կլինեն հանքավայրերից դուրս եկող ժանգագույն ջրերի։ Դրանք գրականության մեջ կոչվում են դեղին ջրեր։ Դեղին գույնը պայմանավորված է ջրի մեջ առկա երկաթով։ Այդ ջրերը պարունակում են այլ մետաղներ եւս, այդ թվում՝ թունավոր, ինչպես օրինակ, կապարը, կադմիումը, մկնդեղը, սնդիկը։ Դեղին ջրերն աղտոտում են ջրային ավազանները, իսկ հետո որպես ոռոգման ջուր օգտագործվում գյուղատնտեսության մեջ։

Այս ջրերում առկա մետաղները Արեւիկ Վարդանյանի հետազոտությունների թիրախում են։ Գիտնականը նկատում է, որ հանքերից դուրս եկող դրենաժային ջրերը բնապահպանական խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ մարդու առողջության համար ռիսկայինը ոչ թե արտադրական նշանակության մետաղներն են՝ ցինկը, մոլիբդենը, այլ ուղեկցող այն տարրերը, որոնք դուրս են գալիս շրջակա միջավայր՝ աղտոտելով հողն ու ջուրը։

Կավարտի լքված հանքում

Սակայն կենսատարրալվացման միջոցով կարելի է դրենաժային ջրերից կորզել մետաղները, ինչը մաքուր կպահի նաեւ շրջակա միջավայրը:

Այսօր Արեւիկն աշխատում է հեռավար լաբորատորիայում, որը հետազոտում է մետաղական աղտոտման ռիսկերը Հայաստանի հանքարդյունաբերական կենտրոններում:

Ի՞նչ է հեռավար լաբորատորիան

2022 թ․ Արեւիկ Վարդանյանը ՀՀ գիտության կոմիտեից դրամաշնորհային ծրագիր է շահել, որը պետք է իրականացվի 2022-2027 թթ․։ Ասում է, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի՝ սա բավականին մեծ ծրագիր է ֆինանսական առումով՝ մոտ 400 հազ. եվրո է հատկացվել 5 տարվա աշխատանքների համար։ Ծրագիրը հնարավորություն է տվել ամբողջությամբ վերանորոգել ու վերազինել այն լաբորատորիան, որտեղ աշխատում է Արեւիկը: Նաեւ բավարար գումար ունեն Հայաստանից դուրս գործուղումների համար։

Ծրագրի պայմաններից մեկն արտասամանցի գիտական ղեկավարներ ունենալն է։ Նրանցից մեկը Չինաստանից է, մյուսը՝ Իսպանիայից։ Մեր զրուցակիցն ասում է, որ նախկինում իրենք աշխատել են այս անձանց հետ. չինացի պրոֆեսորի հետ համագործակցում են արդեն 12 տարի, իսպանացու հետ՝ մոտ 5 տարի։

Լաբորատորիան կոչվում է հեռավար, քանի որ օտարերկրացի գիտնականների կողմից ղեկավարվում է հեռավար եղանակով: Ինքը՝ Արեւիկը, հայաստանցի համաղեկավարն է:

Ի՞նչ է անում լաբորատորիան

Լաբորատորիայի հիմնական աշխատանքները վերաբերում են թթուհանքային դրենաժային ջրերին։ Թիրախավորել են Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական կենտրոնները։ Այս պահին առանցքում Սյունիքն է, մասնավորապես՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, ժամանակին դրա կողմից շահագործված Կավարտի լքված հանքավայրը, ինչպես նաեւ Արծվանիկի եւ Գեղանուշի պոչամբարները, որոնցից առաջինը շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ք. Քաջարան), իսկ երկրորդը՝ Կապանի կոմբինատը։

Կավարտի լքված հանքը

Տարվա ընթացքում՝ բոլոր 4 սեզոններին, Արեւիկն ու գործընկերները կատարում են հողի եւ ջրի նմուշառումներ՝ պարզելու մետաղների տեղաշարժի եւ եղանակային պայմանների կապը։ Արեւիկը ճշգրտում է՝ քանի որ մեկ տարվա տվյալները չեն կարող տալ ամբողջական պատկեր, նմուշառումներն անելու են 5 տարվա կտրվածքով՝ մոնիտորինգի եւ վերջնական պատկեր ստանալու համար։ Դրանից հետո միայն կարող են լուծում առաջարկել՝ կոնկրետ տեղամասում թթուհանքային դրենաժը երկարաժամկետ կանխարգելելու կամ նոր սկսվող դրենաժն ի սկզբանե կանխելու համար։

«Հիմնական շեշտը մանրէաբանական մոնիտորինգն է, այսինքն՝ ոչ միայն դասական մանրէաբանական, այլեւ մոլեկուլային, ժամանակակից գենետիկական մեթոդներով փորձում ենք բացահայտել բոլոր մանրէային խմբերը, որոնք պատասխանատու են թթուհանքային դրենաժների համար»,- նշում է գիտնականը։

Տարբեր խորություններից կատարում են ջրի եւ հողի նմուշառում՝ որոշելու ֆիզիոլոգիական պարամետրերը՝ ջերմաստիճանը, թթվայնությունը, մանրէները (մոլեկուլային, գենետիկական կամ դասական մանրէաբանական մեթոդներով)։ Հետազոտությունների մի մասն իրականացնում են Չինաստանում եւ Իսպանիայում։

Նմուշառումներն անում են բնակավայրերին մոտ տարածքներում։ Օրինակ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի պարագայում նմուշառում են կատարել այնտեղից, որտեղ կոմբինատի թթուհանքային դրենաժային ջրերը լցվում են Ողջի գետը։ «Մեզ թույլ չեն տալիս մտնել կոմբինատ։ Նախարարությանն էլ ենք նամակ գրել, որպեսզի կարողանանք համագործակցել, ներս մտնենք, նմուշ վերցնենք, բայց արձագանք դեռ չենք ստացել։ Դրա համար այդ տարածքներից դուրս ենք վերցնում, երբ այդ հոսող ջուրը թափվում է Ողջի գետ, որտեղ ֆիլտրեր չկան, ուղղակի կոմբինատից ջուրն ուղիղ լցվում է Ողջի գետը»,- պատմում է գիտնականը։

Նմուշառում Կավարտի հանքում

Հետազոտությունների հաջորդ ուղղությունը մետաղներից դրենաժային ջրերի մաքրումն է։ Դա կատարում են բուսական թափոնների օգնությամբ: Օրինակ՝ որպեսզի պղինձ պարունակող դրենաժային լուծույթից մետաղն անջատվի, օգտագործում են սուրճի կամ թեյի թափոն: Սրանք համարվում են մետաղներ կլանող կենսազանգված: Կարող է կիրառվել նաեւ ձվի կեղեւ, խմորասունկ, չորացած ջրիմուռներ եւ այլն: Արեւիկն ասում է՝ իրենց խնդիրն է, որ դրենաժային ջրերից մետաղների իոնները կլանվեն, ամրանան կենսազանգվածին, օրինակ՝ սուրճի մակերեսին:

Հետազոտությունների արդյունքում պարզել են, որ պղնձի համար ամենից արդյունավետ կենսազանգվածը ճակնդեղն է, կապարի դեպքում՝ գորշ ջրիմուռները:

Նմուշառում Կապանում

Գիտնականների նպատակն է այնպես անել, որ մետաղներից մաքրված դրենաժային ջուրը հետագայում անվնաս լինի գյուղատնտեսության ոլորտում օգտագործելու համար:

Այդուհանդերձ, Արեւիկ Վարդանյանը նկատում է, որ Հայաստանի հանքարդյունաբերողները հետաքրքրված չեն ոչ միայն կենսատարրալվացմամբ մաքուր մետաղ ստանալու, այլեւ նույն տեխնոլոգիայով դրենաժային ջրերը մաքրելու հարցում: Նշում է, որ այդ ջրերը պետք է լցվեն հատուկ նախատեսված ամբարներ, որտեղ ավազ է լցվում, մաքրվեն, ապա անհրաժեշտության դեպքում վերադառնան կոմբինատ՝ հետագա կիրառման համար կամ դուրս բերվեն եւ այլ նպատակներով օգտագործվեն: Եթե մասնավոր ձեռնարկությունները չեն ցանկանում կանխել մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը, ապա պետությունը պետք է միջամտի:

hetq.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25