Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. 4 ղեկավարների դիրքորոշումները

09.07.2021 11:03
798

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում են հայ- թուրքական հարաբերությունները, դրանց ձևավորման հավանականությունը և խոչընդոտները:

Մասնավորապես, մեծ աղմուկ են հանել իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցումներում պետք է շտկումներ լինեն, կամ հիմա լավ հնարավորություն կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի:

Այս համատեքստում «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ դիրքորոշումներ են ունեցել Հայաստանի 3 նախագահները և վարչապետը  Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:

Լևոն Տեր-Պետրոսյան (1991-1998)

1990-ականներին, երբ ընթանում էր Արցախյան առաջին պատերազմը, գործող իշխանությունը փորձում էր հարաբերություններ հաստատել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ: 

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ առանց որևէ քաղաքական զիջման և առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: 

Հատկանշական է, որ 1991-1997 թթ. Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն (1 տարի՝ փոխարտգործնախարար) էր հայտնի պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, որը նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից էր:

Այդ տարիներին թուրք պաշտոնյաները ևս հանդես էին գալիս հայ-թուրքական հարաբերություններ ստեղծելու, Հայաստանի հետ տնտեսական և մշակութային կապեր հաստատելու օգտին: Այդպես, 1991 թ. նոյեմբերին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երևանում:

1991 թ. դեկտեմբերի 16-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում: Դեկտեմբերի 24-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը նախագահ Տեր-Պետրոսյանին հղված ուղերձում ասում է, որ Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ կզարգացնի, սակայն կոչ է անում նաև ճանաչել պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Սա վերաբերում էր ոչ միայն Ղարաբաղին և Ադրբեջանի գործոնին, այլև Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ նշված էր, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Հատկանշական է, որ հռչակագրի ընդունման պահին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ Ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ:

Անգամ մինչև 1991 թվականը Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ պետության գոյությունը երաշխավորված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը բնականոն հարաբերություններ չի հաստատել առաջին հերթին իր անմիջական հարևանների հետ: 

Հայ-թուրքական հարաբերություններին Տեր-Պետրոսյանն անդրադառնում է Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսյան իր ելույթում: Նա նշում է, որ Մոսկվան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայերը մի օր կհասկանան ուրիշի վրա հույս դնելու քաղաքականության անհեռանկարայնությունը. «Վաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից: 1918 թվականին գնացին, 1942-ին պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարևանությամբ` մեր պահանջատիրությամբ բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել»:

Հունիսի 2-ին թուրքական «Ջումհյուրիեթ» թերթին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ցանկանում է Թուրքիային տեսնել որպես բարեկամ և գործընկեր պետություն. «Վերջիվերջո, մենք հարևաններ ենք, և մեր համագործակցությունը տնտեսական և քաղաքական տեսանկյունից արդյունավետ կլինի մեր երկու երկրների համար»:

1992 թ. հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ բնապահպանական համաժողովի շրջանակում, կայանում է Տեր-Պետրոսյանի և Դեմիրելի հանդիպումը: Երկու շաբաթ չանցած ղեկավարները նորից հանդիպում են Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եզրափակիչ հռչակագրի ստորագրմանը: Քննարկվում են երկու երկրների միջև հարաբերությունները և ղարաբաղյան խնդիրը: 

Օգոստոսի 23-ին Երևան է ժամանում թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, և բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի ղեկավարների հետ: 

Որոշ ժամանակ անց, տնտեսական ծանր կացության մեջ գտնվելով, Հայաստանը Թուրքիայից պարտքով 100,000 տոննա հացահատիկ է խնդրում: Վարչապետ Դեմիրելը համաձայնվում է: 

1993 թ. փետրվարին Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարում է, որ Հայաստանը և Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Սակայն բանակցությունները խաթարվում են, երբ Քելբաջարը (Քարվաճառ) անցնում է հայկական ուժերի վերահսկողության տակ: Անկարան կոշտ է արձագանքում իրավիճակին: Կառավարական որոշումով Թուրքիան անմիջապես փակում է Հայաստանի հետ սահմանը: 

Շաբաթներ անց Անկարայում Տեր-Պետրոսյանը և Լիպարիտյանը մասնակցում են  Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը:

1995 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 80-ամյակի գիտաժողովում ելույթ ունենալիս հայտարարում է, որ  Հայաստանը և Թուրքիան, որպես հարևան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առևտրա-տնտեսական կապեր և բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ և թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը:

Նույն թվականի հոկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի հիսունամյակին նվիրված հոբելյանական հավաքի ընթացքում կրկին հանդիպում է Թուրքիայի նախագահ դարձած Սուլեյման Դեմիրելի հետ:

Դեմիրելը կոչ է անում դուրս բերել զորքերը «Ադրբեջանի գրավված տարածքներից»՝ մասնավորապես Լաչինի միջանցքից: «Այնտեղից մի բուռ զորքի հեռացումը Թուրքիան կընդունի իբրև համագործակցության նշան հայկական կողմից»,- ասում է նա:

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս: Հաջորդող տարիներին նա շարունակում էր հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Նա քննադատում էր Ռոբերտ Քոչարյանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիվանագիտական օրակարգ մտցնելու համար և մյուս կողմից դրական գնահատում Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերը:

Ռոբերտ Քոչարյան (1998-2008)

1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։ Սակայն երկու երկրների հռետորաբանությունը ոչ մի լուրջ փոփոխություն չէր կրել. Հայաստանն առաջարկում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան պնդում էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

1998 թվականին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Քոչարյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ում և հարց բարձրացնում 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այդպիսով Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը:

1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Թուրքիայի պետնախարար Մեհմետ Ալի Իրտեմչելիկի գլխավորած պատվիրակությունն այցելում է Հայաստան` մասնակցելու Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի, փոխխոսնակների և պատգամավորների հուղարկավորության արարողությանը:

Մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Ստամբուլում և հանդիպում է Թուրքիայի նախագահ Դեմիրելին: Վերջինս նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Դեմիրելի խոսքով՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Հայաստանը կարող է ներգրավվել նավթային խողովակաշարերի ծրագրերում: «Ոչ ոք մոլորություն չպետք է ունենա, որ մենք կարող ենք զիջումների գնալ հանուն այդ տարածաշրջանային ծրագրերի»,- արձագանքում է Քոչարյանը:

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության քննարկումներին անդրադառնալով` նախագահ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը կորցնելու ոչինչ չունի. «Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, Թուրքիան պահպանում է Հայաստանի նկատմամբ իր շրջափակումը և Թուրքիան Հայաստանին անգամ հնարավորություն չի ընձեռել այս հարցում ընտրություն կատարելու համար»:

2005 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղում Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները:

Wikileaks կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը, որում Հայաստանի նախագահը, մասնավորապես, նշում է, որ անցյալը լուծելու Էրդողանի առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջև»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: 

Նամակի վերջում Քոչարյանը առաջարկում էր ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել:

2006 թվականին «Ալ Ջազիրա» արաբական հեռուստակայանին տված հարցազրույցում, հարցին, թե ի՞նչ է Հայաստանը պահանջում Թուրքիայից՝ Քոչարյանը նշում է. «Պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն հարևան Թուրքիայի հետ: Պետք է բնականոն բարիդրացիական հարաբերություններ լինեն, այլ ոչ թե շրջափակում, որը Թուրքիան իրականացնում է Հայաստանին կաթվածահար անելու համար»:

Ըստ Քոչարյանի՝ ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերումը՝ սահմանները բացելու դիմաց, անընդունելի պայման է Հայաստանի համար: 

Սերժ Սարգսյան (2008-2018)

Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայ-թուրքական հարաբերությունները համեմատաբար ջերմանում են: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը նամակ է ուղարկում Երևան` նշելով, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել կապերը երկու երկրների միջև: Հայաստանի և Թուրքիայի վարչապետերը նամակներ են փոխանակում միմյանց:

Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան՝ սեպտեմբերի 6-ին դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: «Մենք հարևաններ ենք և մնալու ենք հարևաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»,- հայտարարում է Սարգսյանը:

2008 թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը ժամանում է Երևան: 

Հասարակության մի խոշոր հատված դեմ էր Գյուլի այցին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թե՛ օդանավակայանում, թե՛ Երևանի փողոցներում, որտեղով պետք է անցներ Գյուլի մեքենան, հավաքվել էին հազարավոր հայեր. նրանք իրենց ձեռքերում պահում էին «Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ» գրառումներով պաստառներ: 

Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր․ հանվել էր Արարատ սարի նշանը, ինչ նույնպես մեծ քննադատության էր ենթարկվել:

2009 թ. հունվարին և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի արտգործնախարարները հայտարարում են, որ երկու երկրները շատ մոտ են հարաբերությունները կարգավորելուն։

2009 թ.  հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայանում է 20 րոպե տևողությամբ հանդիպում:

Վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան չի ստորագրի վերջնական պայմանագիր, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել Ղարաբաղի շուրջ: 

Սակայն, այնուամենայնիվ, 2009 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրում են հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարում է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի։ Նա նաև շեշտում է, որ դա չի նշանակում, որ կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Բացի այդ, ուղերձում նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։

Հետագայում, սակայն, թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ: Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը սառեցնում է  գործընթացը՝ հայտարարելով, որ ողջամիտ ժամկետները ավարտվել են:

Արդեն 2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը կոշտ ելույթով հանդես եկավ՝  «գրողի ծոցը ուղարկելով արձանագրությունները»։

2015 թվականին Սարգսյանը հետ է կանչում արձանագրությունները Ազգային ժողովից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դադարեցնում է դրանց կնքման ընթացակարգը: 

Նիկոլ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների համար կարևորագույն հարցերից մեկը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդգրկված էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 2018 թվականի ծրագրում: Մասնավորապես, նշվում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և  դատապարտման գործընթացը շարունակվելու է. «Կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ»։ 

2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան չպետք է նախապայմաններ դնեն հարաբերությունները կարգավորելու համար։

«Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետևաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ»,- ընդգծում է վարչապետը: Նա շեշտում է, որ իրենց իշխանության համար չափազանց կարևոր է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: 

Նույն տարում Թաթուլ Հակոբյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որքան պետք  է Հայաստանին, այնքան էլ Թուրքիային. «Եվ մենք, էսպես ասած, էդտեղ ոտ ու ձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք, չնայած դա մի հարց է, որ պետք է լինի մեր օրակարգում: Մեր դիրքորոշումը պետք է շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ և, առաջին հերթին, պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա»:

Նիկոլ Փաշինյանի կառավարության համար հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հետաքրքիր դրվագ էր Կարսի գյուղերից մեկի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենի ձերբակալությունը Հայաստանում:

Նշենք, որ 2018 թ. հուլիսի 24-ին Ումութ Ալին անասուններին արածեցնելու է տարել, մոլորվել և պատահաբար անցել սահմանը, ինչից հետո ձերբակալվել էր:

Դրանից հետո թուրքական «Հուրիյեթ․ թերթը գրել էր, որ օգոստոսի 14-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու խնդրել վերադարձնել երիտասարդին հայրենիք: Ըստ թերթի՝ Փաշինյանը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել: Սեպտեմբերին Ումութ Ալի ազատ էր արձակվել և վերադարձել հայրենիք, սակայն թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմերը հերքել էին Փաշինյանի և Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի փաստը:

Հայ-թուրքական հարաբերությունների համար այս փուլում վճռորոշ եղավ  2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմը, որի ընթացքում արդեն Թուրքիան չէր թաքցնում իր աջակցությունը Ադրբեջանին:

Այնուհանդերձ, իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո անում են հայտարարություններ, որոնք կարելի է հայ-թուրքական հարաբերությունները սկսելու փորձի ազդակներ անվանել: Այսպես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Դրանից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը  հայտարարեց, որ գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի:

 Վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին, մեկնաբանելով իր  գործընկերների  հայտարարությունները, նշեց«Այդ ի՞նչ թեմա է՝ թուրքը մեզ թշնամի է, թե ոչ։ Դա հայտարարությունների եղանակով չի որոշվում։ Դա պատմական իրողություն է։ Թշնամանքը պետք է կառավարելի լինի, և մենք այդ ճանապարհով ենք գնալու։ Չի կարելի թույլ տալ չկառավարվող թշնամանք»։

Այսպիսով, թեև Հայաստանի անկախությունից հետո երկու երկրներն էլ արտահայտել են հարաբերությունները կարգավորելու ցանկություն, սակայն թե՛ Արցախյան հակամարտությունը, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես եղել են կողմերի միջև անվստահության և նախապայմանների առաջադրման պատճառ: Ավելին՝ կախված Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների փոփոխությունից, փոխվել է նաև երկու պետությունների հռետորաբանությունը, ինչի հետևանքով մինչև օրս երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:

Լուսինե Ոսկանյան

fip.am

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33