Հայաստանի ճանապարհը դեպի վերականգնվող էներգետիկա եւ տնտեսական առաջընթաց

15.01.2025 11:10
451

Ներկայացնում ենք Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հոդվածը, որում նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ որպես տնտեսագետ եւ բիզնես կառավարման մասնագետ։

Վարդան Ջհանյան

Էներգետիկան նորագույն ժամանակաշրջանում մշտապես եղել է երկրների զարգացման անկյունաքարը: Դրանում կարող ենք համոզվել մի քանի պատմական եւ արդի անդրադարձների միջոցով:

19-րդ դարի Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ էներգետիկան է երկիրը դարձրել արդյունաբերական առաջատար ու աշխարհակալ գերտերություն: Ածխային էներգետիկան եւ շոգեշարժիչների զարգացումը հիմք դրեցին երկրի տնտեսական եւ ռազմական գերիշխանության համար: Որեւէ երկրում արդյունաբերական հեղափոխությունը եւ այդ երկրի գերտերություն դառնալը հնարավոր էր միայն էժան եւ մեծ քանակի սեփական էներգիայի հաշվին։ Այդպես է նաեւ ԱՄՆ-ի դեպքում, որը 20-րդ դարում առաջ անցավ Բրիտանական Կայսրությունից՝ դառնալով աշխարհի ամենահզոր գերտերությունը։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ նավթային եւ որպես դրա արդյունք՝ ներքին այրման շարժիչների հեղափոխությունը, որը երկրի ռազմական եւ տնտեսական հզորության հենասյունը դարձավ։ Թեեւ թվում է, որ այսօր ԱՄՆ-ը կարծես կորցնում է այդ դերը Չինաստանի հետ մրցակցության մեջ, ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխությունները չեն կարող լիարժեք լինել առանց էներգետիկ վերափոխման՝ այս անգամ կանաչ էներգետիկ հեղափոխության։


Արեւային եւ քամու էներգետիկայի էքսպոնենցիալ աճը ու Չինաստանի համընդհանուր էլեկտրաֆիկացումը նոր էներգետիկ հեղափոխություն է, թվով 3-րդը առաջին արդյունաբերական հեղափոխությունից ի վեր։ Չինաստանը ապացուցում է, որ ոչ միայն արդյունաբերական գերտերություն է, այլեւ նոր էներգետիկ հեղափոխության առաջամարտիկը ու վերականգնվող էներգետիկայի անգերազանցելի արդյունաբերական մենաշնորհ ստեղծողը։ Չինաստանի կառավարությունը երկիրը տանում է դեպի կանաչ էներգետիկա եւ ներմուծվող հանածո էներգակիրներից անկախացմանը։ Այդ մոտեցումը չինական «անվտանգություն եւ առատություն» (security and abundance) տնտեսական ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Չինաստանի այս ծրագրերի իրագործման արագությունը ֆանտաստիկ է։ Այնտեղ տարեկան ավելի շատ ընդհանուր հզորությամբ քամու եւ արեւային կայաններ են շահագործման հանձնվում, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցված։ Նոր ավտոմեքենաների կեսից ավելին արդեն էլեկտրական են։ Բոլոր երկրները ձգտելու են հետեւել Չինաստանի օրինակին, որովհետեւ էներգետիկ այս հերթական հեղափոխությունը վերականգնվող  էներգետիկային այլընտրանք չի թողնելու։ Իհարկե, այդ երկրները իրենց էներգետիկ անցման ճանապարհին հաջողության տարբեր աստիճաններ եւ տարբեր արագություն են գրանցելու։

Այս օրինակները ցույց են տալիս, որ էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության եւ ազդեցության գործիք լինել: Էներգետիկ ռեսուրսների ճիշտ կառավարումը կարող է դառնալ տնտեսական առաջընթացի, ազգային անվտանգության եւ գլոբալ ազդեցության երաշխիք մեծ տերությունների համար եւ էներգետիկ անկախության ու տնտեսական զարգացման հիմք՝  փոքր երկրների համար: Ի դեպ, հատկանշական է, որ Չինաստանը էներգետիկ փոխակերպման համար անհրաժեշտ մատակարարման շղթան ապահովելու համար արդեն մի քանի տասնամյակ ընդլայնում է նաեւ չինական ներկայությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Անցյալ տարի չինական ներդրումները համաշխարհային հանքարդյունաբերության մեջ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում անցել են 20 միլիարդ դոլարի շեմը, իսկ համաշխարհային հանքարդյունաբերական արտադրանքի արդեն մոտ 30%-ը պատկանում է չինական ընկերություններին։  

Հայաստանը փոքր երկիր է, որն ե՛ւ անհրաժեշտ ռեսուրսներ, ե՛ւ հարուստ արեւային եւ հիդրոէներգետիկ ներուժ ունենալով, դեռեւս բավարար չի կարողանում օգտվել դրանց հնարավորություններից: Էներգետիկ համակարգը դեռ մեծապես կախված է մեկ երկրից ներկրվող գազից եւ այլ հանածո էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք), ինչը ոչ միայն խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը, այլեւ խոչընդոտում է տնտեսական կայունությանը եւ մեծ բնապահպանական խնդիրներ առաջացնում:

Որպես ուսանելի օրինակ հետաքրքիր է նաեւ Չիլին: Այն բնական էներգետիկ ռեսուրսներով հարուստ չէ եւ օգտագործում է իր աշխարհագրական հնարավորությունները՝ վերածվելով վերականգնվող էներգիայի հաջողված մոդելի:  Այստեղ ընդհանուր էլեկտրաէներգիայի արդեն 20% արտադրվում է արեւային կայանների կողմից, 14%-ը՝ քամու եւ 22%-ը՝ հիդրոկայանների կողմից, գրանցելով զգալի աճի տեմպեր։ Հայաստանի համար Չիլիի մոդելը կարող է կիրառելի լինել՝ հաշվի առնելով երկրների նմանությունը որոշ սոցիալական, աշխարհագրական եւ հանքարդյունաբերական ներուժի հատկանիշներով: Բազային նմանություն ունենալով՝ մենք Չիլիից նույնպես դեռ շատ հետ ենք։ Օրինակ, եթե Հայաստանում հիդրոկայանների արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը համեմատելի է Չիլիի ցուցանիշների հետ, ապա արեւային էներգիայի առումով  երկու անգամ հետ ենք, իսկ քամու էներգիան մեր երկրում գրեթե չի օգտագործվում։ Ի տարբերություն Չիլիի՝ Էներգիայի կուտակիչների ծրագրեր մեզանում ընդհանրապես գոյություն չունեն։

Հատկանշական է, որ ի տարբերություն Չիլիի եւ Չինաստանի, Հայաստանը, ցավոք, այս պահին լիարժեք չի օգտվում նաեւ իր հանքարդյունաբերական ռեսուրսային պոտենցիալից, ինչն անուղղակիորեն կարող էր նաեւ հնարավորությունների բացել էներգետիկ փոխակերպման ոլորտում ներդրումների համար։

Հայաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր արեւային, քամու եւ հիդրոէներգետիկ ներուժը՝ զուգակցելով պետական, մասնավոր եւ միջազգային ջանքերը: Միայն Սեւանի նման բնական ու կատարյալ հիդրոկուտակիչ ունենալով՝ Հայաստանն արդեն ահռելի առավելություն ունի իր հարեւանների նկատմամբ, որը կարող է լիարժեք կայունություն ապահովել նոր էներգետիկ համակարգի համար։

Վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն կնվազեցնի երկրի էներգետիկ կախվածությունը, այլեւ կդառնա տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առաջատարության հիմք: Տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարումը բարձրացնելու հավակնություն ունեցող երկիրը պետք է առաջարկելու ինչ-որ բան ունենա։ Դա կարող է լինել կանաչ, մատչելի էլեկտրաէներգիան է, որի մեծ կարիք ունի Եվրոպական աշխարհամասը։ Ի՞նչ կիրառական քայլեր են արվել այս ուղղությամբ։ Արդյո՞ք ունենք նոր էներգետիկա եւ անվտանգ ու առատ տնտեսություն ստեղծելու համարձակությունն եւ հանձնառությունը։

Այսօր Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ. շարունակել կախված մնալ ներմուծվող հանածո վառելիքից, թե օգտվել իր բնական ռեսուրսներից՝ դառնալով կայուն, ինքնաբավ եւ էներգետիկ անկախ երկիր, ունենալով առատ, էժան, անվտանգ ու անկախ էներգիա ոչ միայն ներքին սպառման, այլեւ արտահանման համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էներգետիկան կարող է ոչ միայն տնտեսության շարժիչ ուժ, այլեւ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության կարեւոր բաղադրիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանը լիարժեք օգտվի այս հնարավորություններից՝ վերականգնվող էներգիան դարձնելով իր զարգացման հիմքը:

banks.am

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48