Հայաստանն ու Վրաստանն արձագանքում են ուկրաինական պատերազմին. Նրանք կթեթևացնեն մաքսային ռեժիմը

12.07.2022 14:15
1083

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում էր, որտեղ հետաքրքիր հայտարարություններ են հնչել: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանն ու Վրաստանը մաքսային ու հարկային ոլորտում կխորացնեն իրենց համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաև ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։

Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաև՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման և տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջև ղեկավարների մակարդակով շուրջօրյա օպերատիվ կապի ներդրման հարցերին։

Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը կարևորել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Այս առնչությամբ «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի զրույցում նշեց՝ շատ բնական է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ու Վրաստանը որոշել են սերտացնել կապերը, այդ թվում մաքսային ու հարկային ոլորտներում:

«Կարծում եմ՝ առաջին հերթին դա վերաբերելու է այն ապրանքների մաքսային ռեժիմի թեթևացմանը, որոնք չեն սահմանափակվում արդեն գոյություն ունեցող պայմանագրերով: Ես կարծում եմ, սա փորձ է լավ իմաստով օգտագործել տարբեր աշխարհատնտեսական իրողությունները, որոնց մեջ գտնվում են մեր երկու երկրները: Ես այս առումով մեծ խնդիր կամ սահմանափակումներ չեմ տեսնում: Հակառակը, այստեղ կան դեպքեր, երբ երկրները, որոնք գտնվում են տնտեսական տարբեր համակարգերում, կարող են օգնել միմյանց:

Այո, Հայաստանն ու Վրաստանը գտնվում են տարբեր աշխարհատնտեսական իրողություններում, և դրանք գնալով հեռանում են, բայց աշխարհագրությունը ոչ ոք չի չեղարկել: Լրիվ տրամաբանական ու նորմալ է և երկու երկրները վաղուց են քննարկում, թե ինչպես օգտագործեն ստեղծված իրավիճակը հօգուտ մեր երկու երկրների»,-ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Նրա խոսքով, այս համագործակցությունն առավել տրամաբանական է Ուկրաինայում պատերազմի ֆոնին. «Հիմա ճիշտ ժամանակն է կատարել այն քայլերը, որոնք նախատեսվել էին երկու երկրների կառավարությունների կողմից, որովհետև այն տարանջատումը, որը տեղի է ունենում երկու տնտեսական հարթություններում, դա կարող է մեծ անդունդ ստեղծել այն երկրների համար, որոն գտնվում են այդ բլոկներում: Դրա համար կարծում եմ՝ այստեղ պետք է իրականացնել շտապ քայլեր»:

Հարցին, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Առաջին հերթին դրանք կվերաբերվեն ապրանքների արտահանման ու ներմուծմանը: Մաքսատուրքերն առավել լոյալ կդարձնեն: Չեմ բացառում, որ առավել արագացված տեմպերով կզարգացնեն համատեղ բիզնեսները: Նաև շատ հարցեր կան, որոնք կապված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, թե որքան խիստ կլինեն պատժամիջոցները, որքանով դրանք ավելի մեծ ազդեցություն կունենան մեր երկու երկրների վրա:

Մեր երկրները ներգրավված չեն հակամարտությունում, սակայն միաժամանակ տարբեր տնտեսական դաշինքների կազմում են, այս պայմաններում ոչ ոք մեզնից չի պահանջում խզել կապերը միմյանց հետ կամ չփորձել ստեղծված իրավիճակում համագործակցությունը խորացնել: Բոլորը լավ հասկանում են, որ տարածաշրջանի երկրների տնտեսությունները շատ սերտորեն կապված են և առանց միմյանց չեն կարող լիարժեք գործել»:

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34