ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Դպրոցներ կատարած մեր այցելություններն ունեցել են միայն ճանաչողական նպատակ»

21.05.2015 15:51
3592

    2014-15 ուստարվա ձեռքբերումների, աշակերտների քննությունների կազմակերպման, ինչպես նաեւ դպրոցում առկա խնդիրների մասին է զրույցը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի հետ:


    - Պարո՛ն Ալեքսանյան, 2014-15 ուստարին, եթե քննաշրջանը հաշվի չառնենք, ավարտվեց: Այս տարի քանի՞ շրջանավարտ կավարտի, եւ քանի՞ առաջին դասարանցի կհաճախի դպրոց:

    - 2014-15 ուստարում Սյունիքի մարզում 12-րդ դասարանը կավարտի 1328 աշակերտ՝ նախորդ տարվա 1315-ի փոխարեն, իսկ 9-րդ դասարանը` 783 աշակերտ: 2013-14 ուստարում ունեցել ենք 1521, այս ուստարում՝ 1557, 2015-16 ուստարում, նախնական տվյալներով, 1599 առաջին դասարանցի կլինի: Նշեմ նաեւ, որ ոսկե մեդալի 24 թեկնածու ունենք, որից 11-ը՝ Սիսիանի ավագ դպրոցից:

    - Ավարտական դասարանների աշակերտներին սպասվում է պատասխանատու քննաշրջան: Ներկայացրեք ավարտական, պետական ավարտական եւ միասնական քննությունների ժամանակացույցը:

    - Քննությունների ընթացակարգով ի պաշտոնե զբաղվում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Քննությունների ժամանակացույցը եւ ընթացակարգը ԿԳ նախարարությունից արդեն ուղարկել են, ըստ որի՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը կիրականացվի հունիսի 3-ին՝ մայրենիից, հունիսի 6-ին՝ մաթեմատիկայից, 9-րդ դասարանի ավարտական քննությունները՝ հունիսի 1-ին՝ հայոց լեզու եւ գրականություն, բնագիտություն՝ հունիսի 4-ին, մաթեմատիկա՝ 10-ին, օտար լեզու՝ 15-ին, հայոց պատմություն՝ 18-ին, ռուսաց լեզու՝ 22-ին: 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները՝ հայոց լեզու եւ գրականություն՝ հունիսի 3-ին, բնագիտություն՝ 8-ին, մաթեմատիկա՝ 11-ին, օտար լեզու՝ 17-ին, հայոց պատմություն՝ 22-ին:

    Միասնական քննություններին այս տարի մարզից հայտագրվել է 681 հոգի, իսկ քննությունները կկայանան հետեւյալ ժամանակացույցով՝ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն՝  հունիսի 2-ին, հայոց լեզու եւ գրականություն՝ 5-ին, ֆիզիկա՝ 9-ին, օտար լեզու՝ 12-ին, մաթեմատիկա՝ 16-ին, հայոց պատմություն եւ քիմիա՝ 19-ին, ռուսաց լեզու՝ 23-ին: Ընդհանուր առմամբ, եթե նախորդ տարիների փորձն էլ հաշվի առնենք, հիմնականում դիմում են մայր բուհ, մանկավարժական (Խ.Աբովյանի անվան, Վ.Բրյուսովի անվան), տնտեսագիտական եւ ճարտարագիտական համալսարաններ: Բավականին մեծ է դիմորդների հետաքրքրությունը օտար լեզուների հանդեպ:

    - Կրթության վարչությունն ի՞նչ դերակատարություն ունի միասնական քննությունների կազմակերպման գործում:

    - Միասնական քննություններն անց է կացնում Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, կրթության վարոչությունը հիմնականում կատարում է նախնական հայտերի, մասնակիցների եւ կազմակերպիչների ցուցակների հավաքում: Այս տարի միասնական քննությունները կանցկացվեն Գորիսի N1 միջնակարգ, որ դեռ ավագ դպրոցի կարգավիճակ չի ստացել, Գորիսի N3 հիմնական եւ Կապանի N9 ավագ դպրոցներում: Նաեւ համագործակցում ենք դպրոցներում փորձնական քննություններ անցկացնելու ուղղությամբ՝ մինչ բուն քննություններն աշակերտներին նախապատրաստելու, քննության կարգին ծանոթացնելու նպատակով: Փորձնական քննությունները գիտելիքի ստուգման նպատակ չունեն, նպատակն ընդամենը թեստերի լրացման կարգին ծանոթացնելն է: Անց ենք կացրել նաեւ քննության կազմակերպիչների վերապատրաստման դասընթացներ: Ինչ վերաբերում է ավարտական եւ պետական ավարտական քննությունների անցկացմանը, դրա համար պատասխանատու են ուսումնական հաստատությունները, կրթության բաժինը միայն հետամուտ է օրենքով սահմանված կարգով դրա անցկացմանը: Այս օրերին մենք զբաղված ենք նաեւ 120-200 եւ 200 ժամից ավելի բացակայություն ունեցող աշակերտների «ճակատագրով»:

    - Ամփոփեք, խնդրեմ, այս ուստարվա ձեռքբերումները:

    - Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլից ունենք 23 դիպլոմ, 21 գովասանագիր: Ընդհանուր առմամբ գոհ եմ արդյունքներից, պարզապես այստեղ մեկ այլ խնդիր ունենք. 12-րդ դասարանի աշակերտները մարզային փուլին ավելի ակտիվ են մասնակցում, իսկ հանրապետական փուլին երբեմն խուսափում են մասնակցել: Թեպետ սա էլ իր պատճառներն ունի, նրանք ավելի շատ մտածում են, որ առջեւում միասնական քննություններն են, այդ օլիմպիադաներն իրենց գրեթե ոչինչ չեն տալիս: Ես ուզում եմ հորդորել մանկավարժներին, դպրոցի տնօրեններին ապահովել աշակերտների առավելագույն ներգրավվածությունը հանրապետական փուլին, որովետեւ նրանք հանրապետությունում մեր մարզն են ներկայացնում:  Այդ դաշտը չպիտի լքենք, ինչպես ասում են, սուրբ տեղը երբեք թափուր չի մնում, չպիտի թողնենք, որ այդ տարածքն այլ մարզեր զբաղեցնեն: Մենք ի վիճակի ենք ամենաբարձր տեղը զբաղեցնելու: Մեծ իմաստով աշակերտը միշտ էլ հակված է սովորելու, ուսուցիչը՝ պատրաստ գիտելիք տալու, միայն պիտի ճիշտ ուղղորդել աշխատանքները:

    Քիմիա, կենսաբանություն առարկաներից բավականին շատ մրցանակային տեղ ունենք, ինչպես նաեւ օտար լեզվից, իսկ, որ ամենացավալին է, հայոց լեզվից ընդամենը երկու մրցանակային տեղ ունենք: Օլիմպիադաներում հաջողություններ գրանցելու առումով ավագ դպրոցներից մեծ սպասելիք ունեմ, քանի որ հոսքային ուսուցումն այդ հնարավորությունը տալիս է:

    - Չնայած տարակարծություններին՝ ավագ դպրոցը մեզանում շարունակում է կայացման գործընթացը. որքանո՞վ են դրանք արդարացնում մեր սպասելիքները:

    -  Ես միայն կարող եմ ասել, որ կրկնուսուցումը շարունակում է գերակայող մնալ, եւ ոչ միայն այդ ինստիտուտը չի վերանում, այլեւ զիջելու միտում էլ չունի: Ինչո՞ւ է այդ դեպքում մեր պետությունն այդքան գումար ներդնում ավագ դպրոցների համար: Ծնողը երեխային պիտի ավագ դպրոց ուղարկի այն հստակ գաղափարով, որ դպրոցական գիտելիքներով հնարավոր է ընդունվել բուհ: Հասկանում եմ, որ ծրագրային խնդիրներ էլ կան, բայց…

    - Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ նշանակվելուց հետո Դուք պարբերաբար այցելություններ եք կատարում դպրոցներ: Ո՞ր դեպքում կարող է վարչության պետը այցելել դպրոցներ եւ ինչպիսի՞ ստուգումներ կարող է անցկացնել:

    - Մինչ այժմ մարզի 120 դպրոցից այցելել ենք մոտ 80 դպրոց, որոնք միանշանակ ճանաչողական նշանակություն են ունեցել: Այսինքն՝ մենք նպատակ ենք ունեցել տեղում ծանոթանալ դպրոցի հիմնախնդիրներին, ուսուցչական կոլեկտիվին, ներկայացնել  մեր դիրքորոշումը հետագա անելիքների վերաբերյալ: Հիմնականում մեր մուտքը խանդավառությամբ են ընդունել, բայց, բնական է, որ դժգոհություններ էլ կլինեն: Հիմա ես հարց տամ. «Սխա՞լ ենք անում, որ ուսուցչից պահանջում ենք նախապես պատրաստված մտնել դասարան» կամ «Սխա՞լ է դպրոցների շրջակայքում պտղատու ծառեր եւ ծաղիկներ տնկելը»: Ճանաչողական այցերի ընթացքում ուսումնասիրել ենք նաեւ դասալսումների մատյանները՝ դպրոցում կազմակերպվող դասապրոցեսն ընդհանուր պատկերացնելու համար: Ես կարծում եմ, որ այս այցելություններն ավելի են նպաստում դպրոցում աշխատանքների որակը բարձրացնելուն: Այս պահին կարող եմ ասել, որ տիրապետում եմ մեր դպրոցների հիմնախնդիրներին, որոնց մասին պատշաճորեն տեղեկացրել եմ մարզպետին, լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են: Կրթության վարչությունը բնավ միտում չունի վարչարարական կարգեր հաստատելու:

    - Սեյսմիկ անվտանգություն ապահովելու համար ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության որոշմամբ՝ նախատեսվում է նոր շենք կառուցել Կապանի N7 հիմնական դպրոցի համար: Կապանցիներին մտահոգում է այդ դպրոցի աշակերտների՝ ժամանակավոր ուսումնական գործընթացը կազմակերպելու հարցը:

    - Ճիշտ է, որոշումը կա արդեն, բայց դեռեւս նախագծանախահաշվային աշխատանքներ չեն կատարվել, իսկ թե ժամանակավոր ուսուցումը որտեղ կկազմակերպվի, կպարզվի ավելի ուշ: Մարզում նմանատիպ դպրոցներ շատ կան, աստիճանաբար այդպիսի դպրոցների հարցը կլուծվի:

    - Մեզ մտահոգող ամենահրատապ հարցերից մեկն էլ մեր գյուղերի ամայացումն է, որի հետեւանքով փակվում են դպրոցներ: Մարզում կա՞ն անմիջապես փակման վտանգի տակ գտնվող դպրոցներ:

    - Այսօր մարզում փակվող դպրոց չունենք, բայց կան դպրոցներ, որտեղ երեք կամ չորս աշակերտ կա: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է, եւ հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցների փակումը վտանգավոր է մեզ համար: Ամենատխուր պատկերը գյուղում վազվզող երեխա չտեսնելն է. եթե դպրոց չկա, ուրեմն կյանքն այնտեղ մարել է:

    - Այս տարի նախատեսվո՞ւմ է որեւէ դպրոց վերանորոգել:

    - Մարզում վերանորոգման կարիք ունեցող շատ դպրոցներ կան, բայց այս պահին արդեն հաստատվել է Մեղրու N1 միջնակարգ դպրոցի վերանորոգման, ինչպես նաեւ Ագարակի միջնակարգ դպրոցի համար նոր մասնաշենք կառուցելու ծրագիրը: Ինչպես նաեւ հրատապ լուծում պահանջող հարցերի համար առանձին ֆինանսական միջոցներ են հատկացվելու, թե որոնք կլինեն այդ դպրոցները, դեռեւս հաստատված չէ:

    - Դպրոցներ կատարած Ձեր այցելություններից ի՞նչ եզրահանգման եկաք, որո՞նք են մեր ազգային դպրոցի ամենամեծ բացթողումները:

    - Շրջապատում ակնհայտ է այն, որ կրթության որակը զգալիորեն անկում է ապրում, բայց դա չի նշանակում, որ մենք շնորհալի աշակերտներ չունենք: Մեր ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ ե՛ւ սովորող աշակերտը, ե՛ւ չսովորողը ստանում են ավարտական վկայական եւ ատեստատ: Պետք է մեխանիզմ մշակել այս հարցի խելացի լուծման համար: Մի՞թե այսօր խնդիր չէ այն, որ ուսուցիչը շատ հաճախ անպատրաստ է մտնում դասարան: Բացի դրանից՝ դպրոցը պիտի ունենա ավանդույթներ:

    - Չե՞ք կարծում, որ ուսուցչի գործունեությանը խանգարում են նաեւ ավելորդ թղթարարությունը, զանազան կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումները, շարադրությունների մրցույթները եւ այլն:

    - Մենք այս տարի շրջաբերական ենք ուղարկել դպրոցներ՝ համաձայն որի՝ արգելվում է դասապրոցեսի հաշվին միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել: Ինչպես նաեւ քննարկել ենք նույն թեմայով տարբեր կազմակերպությունների առաջարկած շարադրությունների մրցույթների դեմն առնելու հարցը: Մեր խնդիրը նախեւառաջ պիտի լինի արդյունավետ դասապրոցեսի կազմակերպումը, քիչ, բայց հիմնավոր գիտելիքների մատուցումը: Չեմ ժխտում այն փաստը, որ կազմակերպությունների անցկացրած սեմինարներն ունեն իրենց դրական ազդեցությունը, բայց դրանք դասի հաշվին չպիտի լինեն:

    - Մարզի դպրոցներում տարակարգ ունեցող քանի՞ ուսուցիչ ունենք:

    - Սա, իհարկե, շարունակական գործընթաց է, բայց այս պահի դրությամբ ունենք 30 տարակարգ ստացած ուսուցիչ: Շարունակվում են ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացները, որոնք, բնականաբար, միտված են ուսուցիչների մեթոդական գիտելիքների հարստացմանը: Ի վերջո, պիտի հասնենք աշակերտակենտրոն ուսուցմանը:

    - Գաղտնիք չէ, որ այսօր շատ երիտասարդ մասնագետներ խուսափում են դպրոցում աշխատել: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:

    - Երիտասարդ ուսուցիչը թե ինչպես կաշխատի հետագայում, պայմանավորված է ե՛ւ տնօրենության, ե՛ւ մանկավարժական կոլեկտիվի վերաբերմունքով: Եթե երիտասարդ ուսուցչի կատարած աշխատանքն անընդհատ թերագնահատենք, չոգեւորենք, բնական է, որ նա կհիասթափվի եւ այլ աշխատանք կփնտրի: Ես առաջարկել եմ երիտասարդ ուսուցիչներին դպրոցում ունենալ սեփական անկյուն, զբաղվել դրանց ձեւավորմամբ, իսկ կոլեկտիվին՝ օգտագործել երիտասարդ ուսուցիչների նախաձեռնություններն ու ներուժը:

    - Ձեր խոսքը՝ շրջանավարտներին:

    - Նախեւառաջ, լավագույնս նախապատրաստվել պետական ավարտական եւ միասնական քննություններին: Հաճույքներն ու զվարճանքները ժամանակի խնդիր են, իսկ դրանց չափից ավելին՝ տգեղ ու լի վտանգներով: Վերջին դասը պիտի ապագայի հետ կապել, իսկ սրա խորհուրդն այն է, որ յուրաքանչյուր շրջանավարտ այդ պահին գիտակցի իր հետագա անելիքները, իր առաքելությունը հասարակության մեջ: Բոլոր շրջանավարտներին մաղթում եմ հաջողություններ ու հետաքրքիր ձեռքբերումներ:

    ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52

    Համլետ Իսախանյանի նախաձեռնությամբ պարային չորս համույթ ներկայացավ Կապանի արվեստասեր հանրությանը

    18.03.2025 12:09

    «Մեծ Հայք» պարային ստուդիան հաստատուն քայլերով առաջ է ընթանում

    18.03.2025 11:36

    3 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ

    18.03.2025 10:38

    Սյունիքի մերօրյա քանդակագործները, որ կրում են քանքարավոր նախնիների ոգու ցոլքը

    18.03.2025 10:35

    Լույս է տեսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի N 17-ը՝ նվիրված սյունեցի քանդակագործներին (մաս II)

    18.03.2025 10:23

    Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

    17.03.2025 21:41

    Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

    17.03.2025 20:55

    Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

    17.03.2025 19:42

    Ադրբեջանի ՊՆ-ն երկու օրվա ընթացքում չորրորդ ապատեղեկատվությունն է տարածել

    17.03.2025 17:46