Հայացք 2025/26 ուստարվա ընդունելությանը, նվազող թվեր․․․

19.09.2025 15:26
447

Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 20 օր է, ինչ մեկնարկել է նոր ուսումնական տարին։

2025-ին Սյունիքի մարզից 751 հոգի դիմել էր ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Նրանցից 566-ին հաջողվել է դառնալ ուսանող։

Այս անգամ որոշեցինք ներկայացնել մարզի ուսումնական հաստատություններում ընդունելության պատկերը (Կապանի ուսումնական հաստատություններին արդեն անդրադարձել ենք)։ Հրապարակումը հագեցած է թվերով, ինչն ավելորդ «ծանրաբեռնվածություն» է հաղորդում տեքստին, բայց այս դեպքում առանց թվեր վկայակոչելու՝ հնարավոր չէ տալ քննարկվող թեմայի իրական պատկերը։

Ինչպես տեղեկացրեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, համալսարան դիմած 69 դիմորդից 44 հոգի հաղթահարել է ընդունելության շեմը և դարձել ուսանող։ Այժմ ընթանում են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելությունը, փաստաթղթերի ընդունումը, որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։ Ընդունելությունը կազմակերպում է գնահատման և թեստավորման կենտրոնը նույն մեխանիզմով, ինչ բակալավրի առկա ուսուցման ընդունելության դեպքում։ Դրան զուգահեռ սեպտեմբերի 5-ից համալսարանում մեկնարկել է 2025-26 ուստարվա մագիստրատուրայի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելությունը «Ձեռնարկությունների տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Անգլերեն և գրականություն» մասնագիտությունների գծով։

Գործընթացը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։

Գորիսի համալսարանի այս տարվա ընդունելության արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ հայթայթեցինք Գնահատման և թեստավորման կենտրոնից, որի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, թե առավել շատ դիմորդներ հայտագրվել են «Տնտեսագիտություն» (25-ից ընդունվել է 14-ը) և «Անգլերեն և գրականություն» (19 հայտագրվածից ընդունվել է 14-ը) մասնագիտությունների գծով։ Ինչպես երևում է՝ նվազ հետաքրքրություն կա հումանիտար մասնագիտությունների հանդեպ, այսպես՝ «Պատմություն» մասնագիտությամբ հայտագրվել է մեկ հոգի, ով հաղթահարել է ընդունելության շեմը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ վեց հայտագրվածից ընդունվել է չորսը, «Կերպարվեստ» մասնագիտությամբ (չորսից չորսը)։ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ չորս հայտագրվածից ընդունվել է մեկ հոգի։ «Կենսաբանություն» (երկու հայտագրված) և «Էլեկտրաէներգետիկա» (մեկ հայտագրված) մասնագիտություններով ոչ ոք չի հաղթահարել ընդունելության շեմը։

Գորիսի պետական քոլեջն այս տարում ընդունվողների աճ է գրանցել կրթօջախ է ընդունվել 161 սովորող, նախորդ տարվա 152-ի փոխարեն։ 2025 թվականի ընդունելությունը հետևյալ թվական պատկերն է ներկայացնում ըստ մասնագիտությունների՝ «Քույրական գործ» (իննամյա կրթության բազայով)՝ 13 սովորող, «Քույրական գործ» (տասներկուամյա կրթության բազայով)՝ 18 հոգի, «Դեղագործություն» (տասներկուամյա կրթության բազայով)՝ 16 հոգի, «Նախադպրոցական կրթություն»՝ 10 սովորող, «Լուսանկարչություն»՝ 14 հոգի, «Ատաղձագործական գործ»՝ 19 սովորող, «Հաշվողական տեխնիկա»՝ 19 սովորող, «Վարսավիրական գործ»՝ 11 հոգի, «Համակարգիչների շահագործում»՝ 19 հոգի, «Խոհարարական գործ»՝ 19 հոգի։ Այս կրթօջախում կառավարության կողմից գերակա է ճանաչվել «Ատաղձագործական գործ» մասնագիտությունը։ Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի փոխանցմամբ՝ կրթօջախում ուսանում է 344 սովորող։

Մեղրու պետական քոլեջ այս տարի ընդունվել է 61 ուսանող՝ 56-ը՝ անվճար, հինգը վճարովի համակարգում: Ըստ մասնագիտությունների տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 20 հոգի քոլեջ է ընդունվել «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտացմամբ, 14-ական՝ «Հաշվապահական հաշվառում» ու «Տրանսպորտում փոխադրումների կազմակերպում և կառավարում» մասնագիտություններով, «Սպասարկման կազմակերպում» մասնագիտությամբ՝ 13 հոգի: Քոլեջում «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ ընդունելությունը կրթությունը կազմակերպվում է միջնակարգ կրթության (12-ի բազա) հիմքով: Անհրաժեշտ թվով դիմորդներ չեն լինում խումբ  ձևավորելու համար, իսկ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսուցումն իրականացվում է հեռակա կարգով: Ինչպես տեղեկացրեց քոլեջի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը, քոլեջում 190 սովորողից 156-ը կրթություն է ստանում պետպատվերի շրջանակում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ իրենց կրթօջախ միջին մասնագիտական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 125 հոգի: Բակալավրիատի կրթական ծրագրով՝ «բուհ-բուհ» համակարգով երկրորդ կուրս է ընդունվել 22 հոգի, իսկ առաջին կուրսի համար արդեն դիմել են 40-ից ավելի մարդ, ընդունելության արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի առաջին օրերին: Բակալավրի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է հեռակա: Գ. Խաչատրյանը նաև հայտնեց, որ իրենք հանրապետությունում առաջիններից են,  որ անցել են «դուալ» կրթական ծրագրի: Դրա էությունն այն է, որ սովորողն ուսումնառության 65-70 տոկոսը անցկացնում է արտադրությունում, 30 տոկոսը՝ լսարանում:

Ինչ վերաբերում է մասնաճյուղի համակազմին, Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ երբ ստանձնեց կրթօջախի ղեկավարությունը, 60 ուսանող կար։  Հիմա միջին-մասնագիտական կրթական ծրագրով 350 ուսանող ունեն:

Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հրանուշ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ կրթօջախում միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրեր են իրականացվում «Նախադպրոցական կրթություն», «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Մեղվաբուծություն» մասնագիտացումներով: Այս տարի ընդունելություն չի կայացել «Դիզայն», «Քույրական գործ» մասնագիտություններով: Արհեստագործական կրթական ծրագրով քոլեջում գործում է «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Համակարգիչների շահագործում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունները: Ի դեպ, այս վերջինը կառավարության որոշմամբ գերակա է հռչակված և այդ խմբում սովորողները ստանում են բարձր կրթաթոշակ՝ 50 հազար դրամ:

Քոլեջի տնօրենի փոխանցմամբ՝ այս տարում քոլեջ է ընդունվել 94 դիմորդ: Վերջին երեք տարում դիմորդների աճ է գրանցվել, և այժմ քոլեջում ուսանում են 216 սովորող: Որոշակի դժվարություններ կան դասավանդողների խնդրում, ասենք, տուրիզմի  մասնագետի կարիք ունեն: Իսկ, արդյո՞ք քոլեջի շրջանավարտները կարողանում են նախընտրած մասնագիտությամբ աշխատել: «Աշխատանք գտնում են, բայց ոչ բոլորը, աշխատանք գտնելու խնդիրներ ամեն տեղ կան», - պատասխանեց զրուցակիցս:

Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանն այս ուստարում 60-ից ավելի նոր սովորող է ունեցել՝ «Համակարգիչների շահագործում» բաժին՝ 14 սովորող, «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա»՝ 13 սովորող, «Կարի արտադրության տեխնոլոգիա»՝ 12 սովորող, «Խոհարարական գործ»՝ 12 սովորող, «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»՝ 11 հոգի։

«Արդյո՞ք ուսումնարանի շրջանավարտները նախընտրած մասնագիտությամբ կարողանում են աշխատանք գտնել»,– հարցին ուսումնարանի կարիերիայի պատասխանատու Ալինա Պողոսյանի տեղեկացմամբ՝ մանավանդ եռակցողները և կարի վարպետները պահանջարկ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Ստեղծված իրավիճակը, ինչ խոսք, տխուր է, եթե չասենք հուսահատեցնող։ Պատճառները մի քանիսն են՝ արտագաղթ, ցածր ծնելիություն՝ դրանով պայմանավորված ժողովրդագրական տխուր պատկեր, կրթական ցածր մակարդակ, որ ստեղծվել է հանրակրթական դպրոցներում ուսման հանդեպ անտարբերությունից։ Այս ամենը խորհրդածության առատ նյութ պիտի լինի երկրի տերերի և պատկան մարմինների համար։

Խնդիրը համահասարակական է, եթե չասենք համազգային։ Նման վիճակը ուղղակի թե միջնորդավորված սպառնում է մեր ազգային անվտանգությանը․․․

Վահրամ Օրբելյան

 

Հ.Գ. Հրապարակման մեջ պիտի ընդգրկված լիներ նաև Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, բայց նրա տնօրենի պաշտոնակատար Աննա Տոռոզյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ նախկին տնօրեն Նունե Ավետիսյանը մեզ խոստացավ տվյալներ տրամադրել կրթօջախի՝ այս տարվա ընդունելության վերաբերյալ, բայց այդպես էլ մնացինք խոստմանը սպասող:

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35