Հայրենական մեծ պատերազմում ընկած արծվանիկցիների հիշատակը հավերժացնող հոդվածը՝ տպագրված շրջանային «Պղնձի համար» թերթի 1968 թ. նոյեմբերի 12-ի համարում

06.03.2025 10:51
609

Պատմական ու հին է Արծվանիկը: Նա՝ Բարգուշատի երբեմնի գյուղաքաղաքը միշտ անմատչելի ու հպարտ է եղել թշնամիների առաջ: Սյունեցիների հետ միասին Արծվանիկի քաջերն իրենց սրերն են խաչել արաբների, թուրք սելջուկների, պարսիկների դեմ, Դավիթ-Բեկի հետ ձեռք-ձեռքի տված մարտնչել Ֆաթալի խանի ու նրա զինակիցների դեմ, իրենց մասին հավերժ անուն թողել:

Արծվանիկցի շինականը շատ ու շատ դառնություններ է կրել, բայց չի վհատվել՝ քաջ գիտակցելով, որ  գիշերին հաջորդում է լուսաբացը։

1941 թվական...

Նորից դողդողաց հողագունդը։ Նորից պղտորվեցին և ալեկոծվեցին համայն մարդկության սրտերը։ Սովետական բազմազգ ժողովրդի հետ միասին Արծվանիկի երիտասարդները մեկնեցին ռազմի դաշտ՝ կրծքով պաշտպանելու հարազատ հայրենիքը։ Կարմրավանի լեռնապարը եղավ վկան այն մայրերի, քույրերի, սիրած աղջկա արցունքներին, որոնք ձեռքի ափերը հովանի դարձրած աչքերին, նայում էին հեռավոր բլրակին, սպասում իրենց հարազատների հաղթական վերադարձին: Դեռ այսօր էլ նրանց մի մասը սպասում է...

236 արծվանիկցի է մեկնել պատերազմ, նրանցից շատերը վերադարձել են հայրենի օջախ, անթիվ շքանշաններ ու մեդալներ է մտել գյուղ:

105 երիտասարդ չվերադարձավ... Նրանք զոհվեցին հայրենի պայծառ ու շողշողուն ապագայի համար։

Արծվանիկցիները չեն մոռացել իրենց զոհված համագյուղացիներին: Անձնական միջոցներով նրանք գյուղում հոյակերտ հուշարձան են կանգնեցրել ի հավերժացումն զոհվածների հիշատակի:

1968 թ. նոյեմբերի 7-ին Արծվանիկում տեղի ունեցավ հուշարձան-կոթողի բացման արարողությունը, որին մասնակցելու էին եկել երկրի տարբեր վայրերում բնակվող հարյուրավոր համագյուղացիներ, բազմաթիվ հյուրեր։

Հուշարձանի կառուցումը նախաձեռնող և իրականացնող հանձնաժողովի նախագահ, գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար Է. Մանուչարյանի բացման խոսքից հետո ժապավենը կտրում է պատերազմում երեք որդի կորցրած մայրը՝ 70-ամյա Զ. Ստեփանյանը։ Դանդաղ վար է սահում սավանը և ներկաների դեմ հառնում է համագյուղացի Ե. Զախարյանի նախագծով կառուցված հուշարձանը՝ պատերազմում զոհված 105 արծվանիկցու հիշատակը հավերժացնող կոթողը։ Ինը մետր բարձրություն ունեցող հուշարձանի գագաթին փայլում է Կարմիր աստղը և մուրճն ու մանգաղը: Դրանց մոտ՝ երկու հակադիր կողմերին բրոնզաձույլ «1941-1945» թվերն են: Ներքևում՝ հուշարձանին կից, մարմարե հուշատախտակներին գրված են զոհվածների անուն-ազգանունները:

Հուշարձանը տեղադրված է գյուղի հին գերեզմանատանը, 18-րդ դարի առաջին կեսին Սյունիքում Դավիթ-Բեկի գլխավորած ազատագրական շարժման հուշավկա՝ դարավոր սուրբ փռշնի ծառի մոտ:

Պսակներ են դրվում հուշարձանի պատվանդանին, վառվում է հավերժական կրակը։

Զեկուցումով հանդես է գալիս համագյուղացի, պահեստի գնդապետ Ա. Հարությունյանը: Նա մանրամասն պատմում է ռազմաճակատ մեկնած արծվանիկցիների քաջագործությունների մասին, թվարկում զոհվածների անունները: Այնուհետև ելույթներ են ունենում հին բոլշևիկներ Գ. Մանուչարյանը, Մ. Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ա. Մկրտչյանը, զոհվածի որդի Ռ. Թադևոսյանը և ուրիշներ։

Հուզիչ էին պատերազմի մասնակից Ա. Եսայանի «Խոսք զոհվածներին» և Հ. Հարությունյանի «Հայրենական պատերազմում զոհված հերոսներին» բանաստեղծությունները: Ապա շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահ Ա. Սարդարյանը ներկաների բուռն ծափահարությունների ներքո շքանշաններ ու մեդալներ է հանձնում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ Ա. Եսայանին և Շ. Սարգսյանին:

Համագյուղացիները ամեն օր կանցնեն հուշարձանի մոտով, նրանց ականջին կհասնի՝ որպես նահատակված երիտասարդների երգի ձայն, հուշարձանի մոտ կառուցված աղբյուրի ջրի խոխոջը, որն ավելի վառ ու լուսավոր կպահի զոհվածների հիշատակը:

Ա. Անդրեասյան, Հ. Սահակյան


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40