Սյունիքը՝ հայկական միասնական պետության անքակտելի մաս՝ Հայասայի և Ուրարտուի ժամանակներից. այդ են հավաստում նաև թանգարանային ցուցանմուշները

04.07.2024 10:53
3493

Ներկայացնում ենք Սյունիքի մարզի մշակութային կյանքի կարևոր օղակներից մեկը՝ թանգարանները:

Թեմայի շրջանակն ուրվագծելու համար նախևառաջ փաստենք՝ թանգարանն արվեստի ստեղծագործություններ, պատմական, գիտատեխնիկական և բնագիտական իրեր ու ցուցանմուշներ հավաքող, պահպանող և ցուցադրող հիմնարկություն է:

Հիմնականում այդ տրամաբանությամբ էլ կառուցել ենք հանդեսի սույն համարը:

Սյունիքի թանգարանային տնտեսությունն իր մեջ ներառում է արգելոց-թանգարան (Զորաց քարեր), երկրագիտական կամ պատմության թանգարաններ, տուն-թանգարաններ կամ հուշային թանգարաններ, պատկերասրահներ կամ գեղարվեստական թանգարաններ, մասնավոր թանգարաններ կամ մասնավոր հավաքածուներ (այդ թվում՝ տոհմական թանգարաններ), նախաթանգարաններ, քաղաքացիական նախաձեռնություններ:

***

Մեր ազգային ինքնության մասին վկայող բազմաթիվ ցուցանմուշներ՝ սյունիքյան ծագումով, պահպանվում են ոչ միայն մարզի թանգարաններում: Դրանց մի մասը մայրաքաղաքի թանգարաններում է:

Մեկ ուրիշ առիթով գուցե և հանգամանալից անդրադարձ կատարենք մայրաքաղաքի թանգարաններում պահվող՝ սյունիքյան ծագումով ցուցանմուշներին:

Սակայն, սույն համարում կամեցանք շատ համառոտ անդրադարձ կատարել մի քանի ցուցանմուշի կամ հնագիտական առարկայի, որոնք թույլ են տալիս հավելյալ անգամ փաստել՝ Սյունիքը՝ Ուրարտական (Ք. ա. 6-րդ դարից) միասնական հայկական պետության մաս է կազմել՝ իր 12 գավառով: Այդ առումով չափազանց կարևոր է Արգիշտի Բ-ի սեպագիր արձանագրությունը՝ գտնված 1976-ին՝ Թանահատի վանքում (Արգիշտի 2-րդը գահակալել է մ.թ.ա. 713-685 թթ.):

Ուշագրավ է նաև Ուրարտուի Արգիշտի թագավորի՝ ենթադրյալ ձիու ճակատակալը՝ հայտնաբերված Կապանի մերձակայքի դամբարաններից մեկում (հայտնի չէ՝ Մենուայի որդի՞ Արգիշտի, թե՞ Ռուսայի որդի Արգիշտի):

Վանի թագավորության մեջ Սյունիքի ներառված լինելու մասին է վկայում առյուծի բրոնզե արձանիկը (թվագրված Ք.ա. 7-րդ դարով, պահպանվում է Գորիսի երկրագիտական թանգարանում, գտնվել է Կապանի Սզնակ գյուղում):

Ոչ պակաս ուշագրավ է Երվանդունի Արտաշես արքայի անունով արամերեն արձանագրությամբ սահմանաքարը՝ գտնված Գորիս-Երևան մայրուղու Հարժիս-Ուրուտ հատվածում (ընդ որում՝ Զարեհ Երվանդունու որդի Արտաշես արքայի անունով միակ սահմանաքարը չէ դա՝ Սյունիքում գտնված):

***

Հնագիտական այդ և նման նյութերն էին նաև պատմական հենք ծառայել մեր մեծ հայրենակից Սերո Խանզադյանի համար, երբ ստեղծում էր իր գլուխգործոցներից մեկը՝ «Թագուհին հայոց» վեպը:

Սիսական աշխարհի չքնաղ դուստր Մարի-Լույսը դարձել էր իր երկրի՝ Հայասայի թագուհի (պետական այդ կազմավորումը գոյություն է ունեցել մ.թ.ա. 15-13-րդ դարերում):

Հուզիչ դրվագներ կան վեպում՝ Սյունիքին առնչվող: Դրանցից մեկը Հայասայի թագաժառանգ Կարանիի այցն է մեր երկրամաս:

Սիսականի գլխավոր ցեղապետն էր դիմավորում Հայասայի թագաժառանգին. Մարի-Լույսի հայրն էր նա՝ Շատալոյսը:

Թագաժառանգն այնուհետև մեկնում է հայոց պետության մեկ այլ երկրամաս՝ Արցախ, որ Հայասա երկրի արևելյան վահանն էր: Արցախի գլխավոր ցեղապետ Բագարատ Դոլան ռազմաճակատում էր, ուստի և նրա որդիներն էին եկել դիմավորելու հայոց թագաժառանգին:

– Աստվածների աջը կպավ մեր տանը, ո՜վ աստվածների սիրելի տեր մեր: Քեզանով պանծացան մեր աստվածները և մենք: Ողջո՜ւյն և խոնարհություն անձիդ: – Այդպես դիմավորեցին Արցախի գլխավոր ցեղապետի որդիները Հայասայի թագաժառանգին:

Անպայման ընթերցեք Սերո Խանզադյանի «Թագուհին հայոց» վեպը և նորովի կտեսնեք, թե միասնական հայկական պետության կազմում որքան կարևոր դեր են ունեցել Սյունիքն ու Արցախը:

***

Համարում պատշաճ անդրադարձ ենք կատարում Զորաց քարեր արգելոց- թանգարանին:

Թեմայի մեջ խորացել էինք դեռևս 1996 թ. մայիս-հունիսին, երբ հնավայրում աշխատում էին ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախումբը, ինչպես և հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի արշավախումբը՝ ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգի Բադալյանի ղեկավարությամբ:

Ակադեմիայի կազմակերպած այդ գիտարշավը երրորդն էր. նախորդները կազմակերպվել էին 94-95 թվականներին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանի հանձնարարությամբ երկու օր այնտեղ էինք՝ Պարիս Հերունուն աջակցելու առաքելությամբ:

Մասնակցեցինք նաև ռադիոարշավախմբի գործունեության հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ հունիսի 22-ին՝ Սիսիանի քաղխորհրդի նախագահ Նորայր Հակոբյանի բացման խոսքով:

Հնավայրի վերաբերյալ ներկայացնում ենք գիտության մեջ շրջանառվող և միմյանց հերքող երկու տեսակետ՝ ա) Զորաց քարերն աստղադիտարան է եղել, բ) Զորաց քարերը դամբարանադաշտ է և բնակատեղի:

Աստղադիտարանի վարկածը ներկայացվում է ակադեմիկոս Պարիս Հերունու հոդվածով, որը հրապարակել ենք 1996-ին՝ «Սյունիք» թերթում:

Տեսակետը հիմնավորում և խորացնում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտության գիտահետազոտական բաժնի վարիչ Հայկ Մալխասյանը:

Տեսակետի շուրջ զրուցում ենք Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանի հետ:

Վերջին երկուսը հիմնավորում են, որ Քարահունջի աստղադիտարանը մեր ազգի ծննդյան վկայաքարն է և այն ոչ թե 7 հազար տարեկան է (ինչպես կարծում էր Պարիս Հերունին), այլ 32 հազար տարեկան:

Նաև մեր օրերում ակտիվորեն շրջանառվող այդ վարկածին հակադրվում են հնագետները՝ առաջ քաշելով միանգամայն այլ տեսակետ՝ հնավայրը բրոնզեդարյան-երկաթեդարյան մեգալիթյան հուշարձան է, իսկ ավելի կոնկրետ՝ Զորաց քարերը դամբարանադաշտ է ու բնակատեղի, որը կապ չունի «աստղադիտարանին» առնչվող երևակայական-ըղձական ենթադրությունների հետ:

Այդ տեսակետին ընթեցողը կարող է ծանոթանալ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի և արվեստագետ Աշոտ Ավագյանի՝ համատեղ գրված հոդվածում՝ «Զորաց քարեր»:

Աշոտ Փիլիպոսյանն իր տեսակետը հիմնավորել է նաև 2017 թ. սեպտեմբերի 2-ին մեզ հետ ունեցած հարցազրույցում, երբ ավարտվել էին հուշարձանի տարածքում այդ տարվա օգոստոսի 23-ից կատարվող պեղումները: Հարցազրույցը նորից չենք ներկայացնում, քանզի դրա հիմնադրույթներն արտացոլված են նաև վերոհիշյալ հոդվածում:

Ասվածին ավելացնենք, որ հուշարձանի ուսումնասիրությամբ ավելի վաղ զբաղվել են Երվանդ Լալայանը (20-րդ դարասկիզբ), Ստեփան Լիսիցյանը (1920-30-ական թվականներ), 1950-60-ականներին՝ Մորուս Հասրաթյանը և շատ այլ հնագետներ:

***

Թանգարանի յուրօրինակ տեսակ են Սիսիանի և Հարժիսի քարադարանները, որոնց մասին նույնպես տեղեկություններ են ներկայացվում համարում:

Սիսիանի քարադարանը հիմնադրվել է Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ, Սիսիանի պատմության թանգարանի բակում՝ 1982-84 թվականներին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի նախագծով կառուցված մուտք-կամարով: Զբաղեցնում է շուրջ 4600 քմ տարածք:

Թանգարանի ուշարժան կոթողներից է Սյունյաց թագավորության նախավերջին արքա Գրիգոր Բ-ի սարկոֆագը (արքան վախճանվել է 1166 թ.):

Քարադարանի մոտ 60 արձանագիր կոթողը ներկայացնում է պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը:

Հարժիսի քարադարանը նոր-նոր է ստեղծվում: Գյուղի մշակույթի տան բակում քարադարանը կազմակերպվում է գյուղի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի նախաձեռնությամբ և «ՍՈՍ արևելքի քրիստոնյաներին» կազմակերպության հովանավորությամբ:

Մոտ ապագայում այնտեղ կունենանք տասը և ավելի կոթող, որոնցից յուրաքանչյուրն ունի գիտական մեծ նշանակություն: Դրանց մասին պատմող համառոտ տեղեկանքին կծանոթանաք համարում:

Հարժիսի քարադարանը կունենա գիտական մեծ նշանակություն, եթե հաջողվի հավաքել և գյուղ տեղափոխել գյուղի տարածքում երբևէ հայտնաբերված, բայց այլ վայրեր տեղափոխված կոթողները:

Հարժիսի տարածքը ներկայումս հնագետների ու ազգագրագետների ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք՝ առաջիկա տարիներին այնտեղ նորանոր կոթողներ տեսնելու հնարավորություն կունենանք:

***

Սյունիքի թանգարաններում կենտրոնացված են նաև արվեստի ստեղծագործություններ. դրանք գեղարվեստական թանգարաններն են կամ պատկերասրահները:

Սյունիքում գործում է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղը, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը (ներկայումս՝ Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանի բաժին), Գորիսի քաղաքային պատկերասրահը:

Այդ թանգարաններում հավաքվում, ուսումնասիրվում, վերականգնվում, ցուցադրվում են գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Սյունիքի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ են պատմության կամ երկրագիտական թանգարանները՝ Գորիսի երկարգիտական թանգարանը, Կապանի երկրագիտական թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանի Սիսիանի մասնաճյուղը (Նիկողայոս Ադոնցի անվան), Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը:

Սյունիքի թանգարանային ցանցի ուշագրավ մաս են կազմում տուն-թանգարանները կամ հուշային թանգարանները՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանը և Սերո Խանզադյանի տուն-թանգարանը՝ երկուսն էլ նրանց ծննդավայր Գորիսում:

Լորում Համո Սահյանի տուն-թանգարանն է:

Սիսիանում գեղանկարիչ Զախար Խաչատրյանի և քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանն է:

***

Մարզի բնակչության շրջանում հնագիտական և ազգագրական բնույթի մեծածավալ և բազմազան նյութեր կան:

Խելամիտ քաղաքականության, հնագիտական իրերի գնման հստակ համակարգ ներդնելու դեպքում հնարավորություն կունենանք մեր թանգարանային հավաքածուները հարստացնել նորանոր և արժեքավոր առարկաներով, կկարողանանք շատ թե քիչ համակարգել և ընդհանուր գործին ծառայեցնել մասնավոր թանգարանների, նախաթանգարանների գործունեությունը:

Մասնավոր հավաքածուների շարքում հետաքրքիր ուղղություն են տոհմական թանգարանները: Ընդամենը մեկ օրինակով ցույց ենք տալիս, թե հնագիտական-ազգագրական ինչ հարստություն կա ընտանեկան թանգարաններում: Խոսքը Գորիս քաղաքի Խորենացի փողոցի 36 տանը՝ Գագիկ Գրիգորյանի կողմից ստեղծված տոհմական թանգարանի մասին է: Ներկայացվող երկու հրապարակմամբ ընթերցողն ամբողջական պատկերացում կկազմի յուրօրինակ այդ թանգարանի մասին:

Տոհմական մի թանգարան էլ տեսանք Մեղրիում՝ գեղանկարիչ Պապ Օհանյանի բնակարանում: 1997 թվականից ի վեր այդ տանը հավաքել են 200-ից ավելի հնագիտական և ազգագրական իրեր: Բայց քանի որ տանը հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում՝ չկարողացանք այդ հավաքածուն ներկայացնել:

Մասնավոր հավաքածուի յուրօրինակ պահեստարան է Գորիսի «Միրհավ» հյուրանոցը: Հյուրանոցի սեփականատերը՝ Շահեն Զեյթունցյանը, 2006 թվականից հավքում-ձեռք է բերում հնագիտական ու ազգագրական նյութեր (այդ մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համարում): Այսօր արդեն կարող ենք փաստել՝ Շահեն Զեյթունցյանը մեծ գործ է կատարել Գորիսի տարածաշրջանի (և ոչ միայն) մասին հնագիտական ու ազգագրական նյութերի եղած պաշարները հարստացնելու ուղղությամբ:

Չափազանց ուշագրավ է Աշոտ Մինասյանի (Սիսիան) մասնավոր հավաքածուն: Միայն 400-ի հասնող գեղանկար, շուրջ 4 տասնյակ գորգ և կապերտագործության նմուշներ... Ու եթե դրանք ցուցադրելու հնարավորություն ստեղծվեր Սիսիանում, ապա տարածաշրջանի մշակութային կյանքն էականորեն կշահեր: Ի դեպ, Աշոտ Մինասյանի հավաքածուն քանիցս կողոպտվել է, ինչի հետևանքով անհետացել են հազարի հասնող մետաղադրամներ, ինքնաեռներ, կտավներ:

Գորիսի Մաշտոցի 98 տան առաջին հարկում տեսանք կարպետների մի բացառիկ հավաքածու. կոլեկցիոներն է Ռոման Առուշանյանը:

Առնվազն երկու խոշոր մասնավոր հավաքածու ունենք Սյունիքում՝ դրամագիտության ոլորտում (Սուրեն Սահակյանի և Աշոտ Հայրումյանի հավաքածուները): Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երկու հավաքածուն էլ գիտական առումով չափազանց հարուստ և ուշագրավ են: Մեզ չհաջողվեց դրանք ներկայացնել համարում: Այդուհանդերձ կարևորում ենք պետության կողմից դրանց ձեռքբերումը, այլապես՝ տարիների ընթացքում կարող ենք բախվել դրանց կորստյան հետ:

***

Սյունիքում թանգարանային գործի զարգացումն ու արդիականացումը պետական մակարդակով քննարկման կարոտ հարց է: Մի քանի տեղում շենքային պայմանների բարելավման, ցուցադրության մակերեսների ընդլայնման, հավաքածուների պահոցների բարելավման, տեխնիկական վերազինման ու արդիականացման, օդափոխության համակարգի ներդրման և, իհարկե, ֆոնդերի հանրահռչակման խնդիր ունենք: Ավելին՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ մենք հնարավորություն ունենանք շրջագայել մեր մարզային թանգարաններում՝ նաև վիրտուալ տիրույթում: Կամ՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ թանգարանային ոլորտում կատարվող ներդրումները մայրաքաղաքից որոշակիորեն տեղափոխվեն մարզեր:

Մարզի թանգարաններից և ոչ մեկը միջազգային լուրջ ծրագրերում ընդգրկված չէ:

Թանգարանային հաստատությունների և հանրության միջև կապի սերտացման լավագույն միջոց կարող էին լինել շրջիկ թանգարանները:

Այդ ամենի հետ կապված սյունիքյան հանրությունը լուծումներ է ակնկալում:

Նաև այլ ակնկալիքներ ունենք:

Նախ՝ ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը Տաթևի վանքում ունենա իր թանգարանը. այնքա՜ն նյութեր կան այնտեղ հավաքված (դրանց մի մասին կարող եք ծանոթանալ համարում):

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանն էլ, որքան տեղյակ ենք, մտադիր է՝ լուծելու վաղուց հասունացած այդ խնդիրը:

Ի դեպ, Տաթևի վանքին կից արդեն ունենք մեկ ուրիշ թանգարան՝ Ձիթհան-թանգարանը, որը ոչ միայն եկեղեցական, այլև մեր միջնադարյան տնտեսության մի ճյուղը ներկայացնող հետաքրքիր միջավայր է (հիմնական ցուցանմուշները՝ համարում):

Հաջորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատն ունեցել է երկրաբանական նմուշների թանգարան (բնագիտական թանգարան), որի բոլոր ցուցանմուշները մի քանի տարի առաջ փաստագրվել, փաթեթավորվել ու պահեստավորվել են: Դրանք հետաքրքիր և սյունիքյան ընդերքի մասին համակողմանի տեղեկություններ պարունակող նմուշներ են: «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի տեղեկացմամբ՝ «...Առաջիկա մեր պլանների մեջ է՝ կազմակերպել նոր ցուցադրություն: Թանգարանում ներառված էր հանքավայրի ամբողջ երկրաբանական պատմությունը: Բացի ցուցանմուշներից՝ կան նաև տարբեր քարտեզներ, սխեմաներ: ԳԱԱ կառուցվածքում կա երկրաբանական թանգարան: Նպատակ ունենք համագործակցել այդ թանգարանի հետ՝ մեր թանգարանը վերաբացելու համար»:

Հաջորդ հարցն առնչվում է Մեղրուն. երեսուն տարի շարունակ քննարկվում է Մեղրիում երկրագիտական թանգարան հիմնելու հարցը: Նաիրա Հայրապետյանի հետ զրույցում վերստին հիմնավորվում է Մեղրիում թանգարան ունենալու անհրաժեշտությունը: Հարցի լուծումը ձգձգելու դեպքում կարող ենք կորցնել հնագիտական ու ազգագրական բնույթի շատ նյութեր, որոնք կարևոր բաղադրիչ են տարածաշրջանի անցյալն իմանալու և հանրահռչակելու գործում:

Համարը նախապատրաստելիս վերստին տեսանք՝ մարզի մի շարք բնակավայրերում և բազմաթիվ ուսումնական հաստատություններում (սեփական ջանքերով ստեղծված և տեղական ուժերի պատկերացումներին համահունչ) կազմակերպվել են թանգարաններ, իսկ ավելի ճիշտ՝ նախաթանգարաններ. դրանցում նույնպես հարուստ նյութեր են հավաքվել: Ու եթե կարողանանք միասնական մոտեցում ցուցաբերել ու փոքր-ինչ ջանք գործադրել, ապա (հավատացեք) կունենանք թանգարանների նոր ոլորտն ամբողջացնող մի նոր ու հետաքրքիր միջավայր ևս:

Չափազանց կարևոր  մեկ հարց ևս. մեր պատմության նորագույն շրջանի ամենանշանավոր էջն Արցախյան հերոսամարտերն են: Նաև Սյունիքի քաջ զավակների կյանքի գնով են այդ հաղթանակները կերտվել, արժանապատիվ դիմադրություն կազմակերպվել. 1-ին պատերազմում ունեցանք 391 զոհ, 22 անհետ կորած: 2016-ի քառօրյա պատերազմում կորցրինք 13 քաջերի: Քառասունչորսօրյա պատերազմում ունեցանք 228 զոհ, 11 անհետ կորած: Եվս մի քանի զոհ՝ 2020-ի աղետից հետո Սյունիքի սահմանամերձում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում:

Նրանցից շատերի մասին նյութեր են հավաքված և՛ իրենց օջախներում ու երկրագիտական կամ պատմության թանգարաններում, և՛ կրթական հաստատություններում ու մշակույթի հիմնարկներում, և՛ տարբեր բնակավայրերի թանգարաններում (նախաթանգարաններում) ու ամենատարբեր լրատվամիջոցների էջերում:

Արցախյան գոյակռվի բոլոր նահատակների գործերն ու անուններն արժեքային նույն տիրույթում են, որտեղ Ավարայրի ու Սարդարապատի նահատակների անուններն են: Ուստի և՝ Արցախյան գոյակռվի նահատակների մասին պատմող նյութերի հանդեպ պարտավոր ենք ուշադիր լինել: Իհարկե, կգա ժամանակ (համոզված ենք), որ Սյունիքի մարզի մասշտաբով կստեղծվի Փառքի թանգարան, որտեղ կներկայացվեն Սյունյաց աշխարհի նորօրյա նահատակների անուններն ու գործերը: Իսկ մինչ այդ, կարծում ենք, երկրագիտական թանգարանները կստանձնեն հույժ կարևոր այդ նյութերը հավաքելու, մշակելու, պահպանելու և ցուցադրելու գործը:

***

Համարը նախապատրաստելիս չէինք կարող շրջանցել Արցախի Հանրապետության թանգարանների ճակատագիրը՝ 2023-ի սեպտեմբերյան աղետից հետո: Արցախում եղած քսան պետական և մի շարք մասնավոր թանգարանների ճակատագրին անդրադառնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ զրույցում:

Այդ հարցազրույցի միջոցով ծանոթանում ենք նաև ոլորտի ընդհանուր պատկերին (հանրապետության մասշտաբով), իրականացվող պետական քաղաքականությանը, բնագավառի հիմնախնդիրներին ու զարգացման ուղիներին, ոլորտին առնչվող օրենսդրական դաշտին:

Փոխնախարարն անդրադառնում է նաև սյունիքյան թանգարաններին առնչվող մի քանի կոնկրետ հարցի:

Սյունիքում թանգարանների վիճակին անդրադառնում ենք նաև Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանի հարցազրույցում:

***

Հանդեսի սույն համարն առաջին փորձն է՝ ներկայացնելու Սյունիքի մարզի թանգարանները, գույքագրելու այն, ինչ ունենք երկրամասում, վեր հանելու խնդիրները, որ առկա են ոլորտում:

Եվ թանգարաններից յուրաքանչյուրի մասին խոսք բացելով՝ ձգտել ենք ի ցույց դնել նրանց բովանդակությունն ու այն ամենը, որ կարևոր են դարձնում մշակույթի այդ ոլորտը:

Թանգարանների պահեստարաններում կամ ցուցասրահներում գտնվող ամեն մի նմուշ սոսկ հնագիտական կամ ազգագրական նշանակության առարկա չէ: Դրանցից յուրաքանչյուրը մեր ինքնության մի նրբագիծն է, իսկ այդ ամենի արդյունքում մենք ենք՝ հազարամյակների մեր պատմությամբ, մեր կենցաղով:

Այդ ամենը պատասխան է բոլոր այն մտավարժանքներին, ովքեր փորձում են աղավաղել մեր պատմությունը, ազգային մեր դիմագիծը, մեր ինքնությունը, ովքեր փորձում են իրենց կեղծիքն իբրև ճշմարտություն ներկայացնել, ովքեր ժխտում կամ մերժում են մեր արժեհամակարգը:

Մեկ ուրիշ խնդիր էլ ունի համարը՝ օգնել ձևավորելու հոգատարության, պատասխանատվության մթնոլորտ թանգարան ասված երևույթի հանդեպ, փոխել շատերի մեջ դեռևս իշխող այն թյուր կարծիքը, թե թանգարանները մեր մշակույթի ոչ կարևոր, նույնիսկ երկրորդական օղակն են:

Ու երբ ի մի ենք բերում, ամփոփում ներկայացվող նյութերը՝ համոզվում ենք՝ հանդեսի սույն համարը հիմնականում լուծել է իր առջև դրված խնդիրները:

Սամվել Ալեքսանյան

 

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48

Շուրջ 117 մլն դրամ Սյունիքի բուժհաստատություններին

20.12.2024 15:32