Հայությունը ճակատագրական ժամանակներ կանցնի. Արամ Ա

20.03.2023 11:33
2421

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հանդիպում է ունեցել կիպրահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

«Հովուապետական այցելութեամբ Կիպրոս ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Շաբաթ, 18 Մարտ 2023-ի երեկոյեան, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Իւթիւճեան սրահին մէջ, Նորին Ս. Օծութիւնը հանդիպում ունեցաւ կիպրահայ կազմակերպութեանց ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեան, թեմական մարմնի ներկայացուցիչը, Ազգային Վարչութիւնը, Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսը, Ս.Դ.Հ.Կ.ի, Հ.Յ.Դ.ի, Ռ.Ա.Կ.ի, Հ.Մ.Ը.Մ.ի, Հ.Ե.Մ.ի, Հ.Բ.Ը.Մ.ի, Հ.Օ.Մ.ի, Կիպրոսի Համազգայինի, Լառնագայի հայկական մարմինի, Պաֆոսի հայերու վարչութեան ներկայացուցիչները, Նարեկ վարժարաններու հոգաբարձութիւնը, տնօրէնուհին եւ ուսուցչական կազմը, Ազգային Առաջնորդարանի քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը, Կիպրոսի հոգեւոր կանանց ատենապետուհին եւ կիպրահայ առցանց գործող մամուլի պատասխանատուները:

Սրբազան հայրը Հայրապետին ներկայացուց Կիպրոսի հայ համայնքը ղեկավարող մարմինները, եւ ապա ընդգծեց համերաշխօրէն կատարուած աշխատանքին արդիւնաբերութիւնը՝ յիշելով անցնող տարիներուն կատարուած աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ ըսաւ, թէ երբ գաղութի մը բոլոր կառոյցները, մտածողութիւնները, տարբերութիւնները, մէկ ամբողջութեան ծիրէն ներս, քով-քովի կու գան ու ներդաշնակ գործունէութիւն կը ծաւալեն՝ կազմակերպուած գաղութի մը խօսուն պատկերը կ՚ուրուագծուի մեր դիմաց: Միակողմանի, միատեսակ ու միապաղաղ մտածողութենէ պէտք է դուրս գանք եւ միախմբուինք հիմնական արժէքներու, մտահոգութիւններու եւ նպատակներու շուրջ, ըսաւ Նորին Սրբութիւնը: Շարունակելով իր խօսքը՝ ան շեշտեց միասնական գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութիւնը: Հայրապետը ըսաւ. «հայութիւնը ճակատագրական ժամանակներէ կ՚անցնի: Հետեւաբար, այսօր, առաւել քան երբեք, կարիքը ունինք միասնաբար աշխատելու»: Ան կարեւորութեամբ շեշտեց, թէ Սփիւռքի վերակազմակերպումը մեծապէս պիտի նպաստէ Հայաստանի ու Արցախի հզօրացման: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութիւնը սոսկ լոզունգ ըլլալէ անդին պէտք է մեր մտածողութեան ուղեցոյց դառնայ: Ան Իր խօսքը կեդրոնացնելով Սփիւռքի վերակազմակերպման վրայ՝ ըսաւ, որ Սփիւռքը իր ներկայ վիճակէն դուրս պէտք է բերել: Սփիւռքը տարտղնուած է. ան կարիքը ունի համախմբուելու. կարիքը ունի հաւաքական արժէքներու, կեցուածքներու եւ ուղղութիւններու ներդաշնակման: Մեր զանազանութիւնները պահելով հանդերձ՝ պէտք է ներդաշնակենք մեր աշխատանքները: Հետեւաբար, Սփիւռքի վերակազմակերպումը մեզի համար դարձած է անյետաձգելի հրամայական, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը:

 

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը կիպրահայ կազմակերպութեանց հետ ունեցած իր հանդիպումէն առաջ ունկնդրեց Նիկոսոիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մանկապատանեկան երգչախումբը։ Շուրջ 70 մանուկներէ եւ պատանիներէ բաղկացած երգչախումբը, Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան առիթով, հրամցուց հայ հոգեւոր եւ ազգային երգերէն փունջ մը:

Հանդիսութեան աւարտին, Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնութիւնը փոխանցեց մանկապատանեկան երգչախումբի անդամներուն։

Նոյն օրը գիշերը, տէր եւ տիկին Վարդգէս եւ Մակի Մահտեսեան, իրենց բնակարանին մէջ, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, ընթրիք մը սարքեցին, որուն ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, Կիպրոսի մօտ Լիբանանի դեսպան Գլոտ Ալ-Հաճալ, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսէրեճեան, Կիպրոսի հայոց թեմի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ տիկինը, Կիպրոսի հայոց թեմի Ազգային Վարչութեան ատենապետ Սեւակ Կիւրիւնլեան ու տիկինը եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12